• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2006

Թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ

EnglishРуский

   

Սարգիս Հարությունյան

Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերություններում ի հայտ եկած իրողությունները և առկա զարգացումները (ի դեպ, նույնը կարելի է ասել նաև ամերիկա-սաուդյան հարաբերությունների մասին) սառը պատերազմից հետո եվրասիական ենթատարածաշրջաններում աշխարհառազմավարական տրամաբանությունների փոփոխության ամենացայտուն ցուցիչներից են:

Ռուսաստանի ուղղությամբ Թուրքիան ԱՄՆ-ի համար այլևս կորցրեց իր նշանակությունը (այդ ուղղությամբ անգամ մեջտեղ եկան հակառակ միտումներ` «Երկնագույն հոսք» գազատար, ռազմատեխնիկական համագործակցություն և այլն): Մերձավոր Արևելքում, Բալկաններում ու Հարավային Կովկասում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության աճն էապես կրճատեց Անկարայի նույնիսկ մարտավարական-օպերատիվ նշանակությունը Վաշինգտոնի համար: Այդ հանգամանքը կարճ ժամանակ անց ձևափոխվեց թուրք-ամերիկյան հակասությունների. տարածաշրջանային նոր ձևաչափերում Թուրքիայի ներկայության սահմանափակվածությունը կամ բացակայությունն իրականում նշանակում էր թուրքական շահերի անտեսում:

Այսպիսով, փոխվել էր տարածաշրջանի աշխարհաքաղաքական տրամաբանությունը, ինչը ենթադրում է, թե ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության էվոլյուցիան հասել էր մի կետի, որի պայմաններում Անկարայի համար պարզապես վնասաբեր էր Վաշինգտոնի մերձավորարևելյան նախաձեռնություններին աջակցություն ցույց տալը: 2003թ. ապրիլին թուրքական վերնախավի որոշումը` Իրաքի դեմ հարձակման գործում Պենտագոնին Թուրքիայի տարածքի տրամադրումը մերժելու մասին, այդ զարգացումների հետևանքն էր:

Թուրք-ամերիկյան նոր պայմանավորվածություններ

Այս տարվանից, սակայն, իրավիճակը սկսեց ցույց տալ փոփոխության նշաններ: Իրանական հարցը դարձավ այն պատճառը, որը նպաստեց թուրք-ամերիկյան նոր մերձեցմանը:

Զուտ ռազմական բնույթի խնդիրներից զատ (ցամաքային և օդային տարածքի տրամադրում, ռազմակայանների օգտագործում), իրանական հարցում Վաշինգտոնին անհրաժեշտ է Անկարայի աջակցությունը` առաջին հերթին մի շարք պատճառներից ելնելով.

  • Թուրքիան մերձավորարևելյան տերություն է,
  • Թուրքիան մահմեդական երկիր է,
  • Թուրքիան որոշակի ազդեցություն ունի ներիրանական գործընթացներում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա իրանական հարցում Վաշինգտոնի հետ փոխհամաձայնության հանգելու հիմքում ընկած են խոշոր հաշվով երկու պատճառներ.

  • Անկարայում եկել են այն համոզման, որ առկա իրավիճակը 2003թ. թուրք-ամերիկյան ճգնաժամից հնարավորինս շահած դուրս գալու լավագույն պահն է, ինչը ենթադրում է նախ` Թուրքիայի համար կենսական կարևորություն ներկայացնող մի շարք հարցերում (քրդեր, Իրաք, Քիրքուկ) Վաշինգտոնից զիջումների կորզում, և երկրորդ` նման քայլով Անկարան փորձում է ապահովել իր ազդեցությունը «հետկոնֆլիկտային Իրանի» գոյության պարագայում:
  • Մյուս կողմից` Թուրքիային մտահոգում է Իրանի ռազմական աճող ներուժը, ինչն էլ ուղղակի ներկայացված է թուրքական ազգային անվտանգության նոր հայեցակարգում (միջուկային տերություն դարձած Իրանը կարող է ոչ միայն խախտել թուրք-իրանական ռազմաքաղաքական հավասարակշռությունը, այլև մերձավորարևելյան հարթությունում թուրքական ազդեցությունը մեխանիկորեն դարձնել երկրորդական). թուրքական քաղաքականությունը փորձում է օգտագործել իրավիճակը տարածաշրջանային իր մրցակցին էապես թուլացնելու համար:

Գերազանցապես ամերիկյան նախաձեռնությամբ 2005թ. աշնանից կողմերը ձեռնամուխ եղան նոր երկխոսության: Անցած ամիսների ընթացքում Անկարայում էին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթեֆըն Հեդլին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԿՀՎ տնօրեններ Ռոբերտ Մյուլլերն ու Փորթեր Գոսը, ԱՄՆ Գլխավոր սպայակույտի (ԳՍ) պետ Փիթեր Փեյսը և պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Թուրքական կողմից Վաշինգտոն այցելեցին թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Յաշար Բույուքանիթը, ով պետք է այս տարվա օգոստոսին Թուրքիայի ԳՍ պետի պաշտոնում փոխարինի Հիլմի Օզքյոքին, և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յիգիթ Ալփողանը:

Մարտին հայտնի դարձավ, որ ամերիկյան «Lockheed Martin» ընկերության առաջնորդությամբ գործող միջազգային կոնսորցիումի (որը զբաղված է նորագույն` հինգերորդ սերնդի «F-35 JSF» ռազմական ինքնաթիռի մշակմամբ ու արտադրությամբ) շրջանակներում Թուրքիայի ռազմարդյունաբերությանն են հատկացվելու $3.5 մլրդ-ի պատվերներ, ինչն աննախադեպ է տասնամյակներ տևող թուրք-ամերիկյան ռազմա-տեխնիկական համագործակցության պատմության մեջ:

Ապրիլին հրապարակ իջավ մի տեղեկություն, ըստ որի` Պենտագոնը թուրքական ԳՍ-ի հետ քննարկում է այդ երկրի տարածքում ռազմածովային երեք բազաների հիմնման հարցը` Իսկենդերունի մոտ (Միջերկրական ծով, ամերիկյան օդուժի համար նախատեսված «Ինջիրլիք» ռազմակայանի հարևանությամբ) ու ևս երկուսը Էգեյան ծովի ափերին` Ուրլա և Իզմիր քաղաքների մոտ:

Եվ վերջապես, ապրիլի վերջ–մայիսի սկիզբ ժամանակահատվածում Հյուսիսային Իրաքում քրդական կազմավորումների դեմ թուրքական զինված ուժերի ռազմական, ըստ էության, աննախադեպ գործողությունները միայն եկան փաստելու Վաշինգտոն–Անկարա հարաբերություններում նոր պայմանավորվածությունների կայացման մասին:

Թուրք-ամերիկյան հակասություններ

Այդքանով հանդերձ, թուրք-ամերիկյան հարաբերությունների մի շարք հարցերի կապակցությամբ շարունակում են պահպանվել բավական լուրջ հակասություններ:

Երկար տարիներ Վաշինգտոն–Անկարա փոխգործակցության մեջ էական նշանակություն է ունեցել ռազմատեխնիկական ոլորտը: Սակայն 2003-ից այս կողմ ամերիկյան ընկերություններից ոչ մեկը թուրքական պետությունից չի ստացել որևիցե խոշոր պատվեր:

Անցած տարի դեկտեմբերին ամերիկյան «Boeing» և «Bell Helicopter Textron» ընկերությունները դուրս մնացին թուրքական բանակի համար անցկացվող հարվածային հիսուն ուղղաթիռների արտադրության մրցույթից: Հավանական է, որ նույն ճակատագիրն է սպասվում ամերիկյան մեկ այլ` «Sikorsky Aircraft» ընկերությանը, որը մասնակցում է թուրքական բանակի համար տրանսպորտային ուղղաթիռների պատրաստման համար անցկացվող մրցույթին, քանի որ թուրքական նոր պահանջների համաձայն` մրցույթին մասնակցող ընկերությունը պետք է ապահովի իր երկրի կառավարության գրավոր համաձայնությունը տվյալ գործարքը թույլատրելու մասին: Ամերիկյան օրենքները պահանջում են, որպեսզի նախ կնքվի գործարքը, իսկ հետո հարցը քննարկվի Կոնգրեսում:

Ավելի վաղ Անկարան մերժել էր առանց օդաչուի թռչող հետախուզական ինքնաթիռների արտադրության $183 միլիոնանոց պատվերն իջեցնել ամերիկյան ձեռնարկությանը` այն հանձնելով իսրայելական «Israel Aircraft Industries»-ին:

Անգամ «F-35 JSF» ինքնաթիռի հարցում թուրքական կողմը պատրաստվում է որպես այլընտրանք գնել նաև եվրոպական «Eurofighter-2000 Typhoon» ռազմական ինքնաթիռները:

Թուրքիան շարունակում է Էրդողանի կառավարության օրոք մեկնարկած նոր քաղաքականության վարումը Սիրիայի և Պաղեստինի ինքնավարության նկատմամբ: Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Թուրքիան դարձավ առաջին ոչ արաբական երկիրը, ուր այցելեց (փետրվարի 17-ին) Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Համաս» խմբավորման առաջնորդներից Խալեդ Մաշալը` հանդիպում ունենալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի հետ:

Եվ վերջապես, Պենտագոնի համար միգուցե անսպասելի թուրքական ԳՍ-ն առարկություն հայտնեց Միջերկրական ծովում ԱՄՆ առաջնորդությամբ 2001թ. գործող «Operative Active Endeavour» ծրագրի դեպի Սև ծով ընդլայնման վերաբերյալ: Իրականում այդ ծրագրի ընդլայնումը նշանակում է Սև ծովում ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայության որոշակի հիմնավորում: Ուշագրավ է, որ սևծովյան ավազանի երկրներից Պենտագոնի այդ նախաձեռնության դեմ են դուրս եկել միայն Թուրքիան ու Ռուսաստանը` համարելով, որ ոչսևծովյան պետության ռազմածովային ուժերի ներկայությունը վնաս է իրենց ազգային անվտանգությանը:

Հետևություններ

2003թ. իրաքյան կամպանիայի առնչությամբ թուրք-ամերիկյան հարաբերություններում սկիզբ առած ճգնաժամն իրականում կրում է խորքային` ռազմավարական բնույթ: Անգամ իրանական հարցում Վաշինգտոն–Անկարա պայմանավորվածությունները, ըստ էության, ունեն կարճաժամկետ նշանակություն և մի մեծ մասով կարող են արժեզրկվել «հետկոնֆլիկտային Իրանի» պայմաններում, քանի որ իրանական հարցն իր խորությամբ չունի ռազմավարական այն նշանակությունը, ինչ, օրինակ` պայքարն էր ԽՍՀՄ-ի դեմ:

Ըստ ամենայնի, ԱՄՆ-ի կողմից Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծվող տարածաշրջանային նոր ձևաչափերը չեն ենթադրում թուրքական գերիշխող դերակատարություն` այդտեղից էլ հիմնական հակասությունը:

Նման իրողության հիմնական պատճառը տարածաշրջանում ԱՄՆ-ին մրցակից այնպիսի ուժի բացակայությունն է, որը կիմաստավորի թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը (ինչպես տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի կտրվածքով): Դեռ ավելին` ամերիկյան ռազմական-քաղաքական ներկայության անմիջական հաստատումը Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջանում` Բալկաններ, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, զուտ ռազմական տեսանկյունից նվազեցնում է թուրքական գործոնի նշանակությունը, և այդ միտումը պետք է որ շարունակվի:

Ի հակակշիռ դրան, Անկարան ձգտում է ամեն գնով դուրս չմնալ ընթացող այլընտրանքային զարգացումներից. Եվրամիության, Ռուսաստանի, Իրանի ու արաբական աշխարհի հետ թուրքական փոխգործակցության վերիմաստավորման հիմքում ընկած է նաև այդ գործոնը:

Այդ առումով հատկանշական են թուրքական ռազմատեխնիկական կարողությունների զարգացման գործում վերջին տարիներին երևան եկած նոր միտումները. Անկարան փորձում է առնվազն հավասարակշռել ամերիկյան «ներկայությունը» սեփական բանակում` ի հաշիվ ռուսական ու եվրոպական տեխնիկայի:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր