Ամերիկա-իրանական պայմանավորվածության նշանները

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ի երեկոյան, Երևանի ժամանակով ժ.19:00-ի սահմաններում, ամերիկյան «F-16» ինքնաթիռը մոտ 225 կգ-ոց երկու հրթիռ արձակեց ալ-Զարքավիի՝ Բաղդադից հյուսիս-արևելք ընկած Բաաքուբա քաղաքի մոտ գտնվող թաքստոցի ուղղությամբ: Թեև կարճ ժամանակ անց ամերիկյան և իրաքյան հատուկ նշանակության ուժերը դեպքի վայրում էին և վերջին տեղեկությունների համաձայն, անգամ հաջողացրել են կենդանի տեսնել Աբու Մուսաբ ալ-Զարքավիին, սակայն Իրաքում «Ալ-Կաիդայի» առաջնորդը կնքեց մահկանացուն:
Չանցած 18 ժամ՝ Իրաքի խորհրդարանն ի վերջո հաստատեց բավական երկար ժամանակ անպտուղ քննարկումների առարկա հանդիսացող՝ այդ երկրի ներքին գործերի, ազգային անվտանգության և պաշտպանության նախարարների թեկնածությունները:
Եվս մի քանի ժամ անց Գազայի շրջանի հարավային մասում գտնվող նախկին հրեական բնակավայր Ռաֆիահ Յամին կից տեղակայված ուսումնավարժական ճամբարում արդեն իսրայելական «F-16»-ի արձակած հրթիռից զոհվեց պաղեստինյան իշխող «Համաս» խմբավորման հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ջամալ Աբու Սամհադանան, որը վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին:
Երկու սպանություններին էլ նախորդել էր ամերիկյան ու իսրայելական հատուկ ծառայությունների բավական քրտնաջան աշխատանքը: Այս ամենի մեջ առանձնանում է այն տեղեկությունը, որ երկու դեպքում էլ գործ ունենք դավաճանության հետ: Օրինակ, ալ-Զարքավիի թաքստոց ամերիկացիներին «ուղեկցել» էր Իրաքում «Ալ-Կաիդայի» այլևս նախկին առաջնորդի հոգևոր հայրը համարվող շեյխ Աբդ ալ-Ռահմանը: Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ձեռքն ընկած ալ-Զարքավիի ցանցի անդամի մատուցած տեղեկության հիման վրա Պենտագոնի հետախուզությունը մի քանի շաբաթ է, ինչ հետևում էր Աբդ ալ-Ռահմանին, որն էլ ի վերջո նրանց «տարել» է ալ-Զարքավիի թաքստոց:
Մինչ այդ, սակայն, տեղի էին ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնք, առաջին հայացքից մարտավարական թվացող նշանակությամբ հանդերձ, իրականում կրում էին ավելի լայն` տարածաշրջանային ռազմավարության տարրեր:
Դեռևս մայիսի 14-ին Իրաքի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հետաձգվում է հաջորդ օրը` մայիսի 15-ին նախատեսված Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի այցը Բաղդադ: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ այցելությունը կկայանա միայն Իրաքի կառավարության ձևավորումից հետո: Եվ ահա, արդեն մայիսի 26-ին Մոթաքին Իրաքում էր, ուր հանդիպումներ ունեցավ ոչ միայն այդ երկրի նախագահ ու վարչապետ Ջալալ Թալաբանիի և Նուրի ալ-Մալյաքիի, այլև Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սիստանիի հետ:
Գաղտնիք չէ, որ իրավիճակն Իրաքում Թեհրանի այն ճնշամիջոցն է, որը վերջինս շատ հաճախ և բավական արդյունավետորեն օգտագործում է Միացյալ Նահանգների դեմ: Անցած տարվա դեկտեմբերի 15-ին Իրաքում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը կարողացավ իր առաջին նիստը գումարել միայն 2006թ. մարտի 16-ին, երկրորդը` ապրիլի 20-ին: Պետք է խոստովանել, որ նման իրավիճակը բավարար հիմք էր Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների համար, և մայիսի վերջին Մոթաքիի այցը Բաղդադ կարող էր վկայել միայն նախնական փոխհամաձայնության ձեռքբերման մասին:
Մոթաքիի այցից երկու շաբաթ անց` հունիսի 6-ին, Խավիեր Սոլանան Թեհրան բերեց ավելի վաղ` հունիսի 1-ին Վիեննայում «վեցնյակի» կողմից մշակված պայմանների հանրահայտ փաթեթը, որը պետք է օգնի հաղթահարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրավիճակը և որի (ինչպես պարզվեց հետագայում) հիմնական տարրը Վաշինգտոնի առաջարկությունն է Թեհրանին` շարունակել ուրանի հարստացման աշխատանքներն Իրանում:
Հատկանշական է, որ Սոլանայի Թեհրան ժամանման օրը` հունիսի 6-ին, Իրանը վերսկսեց ուրանի հարստացման աշխատանքները, որոնք դադարեցվել էին ս.թ. ապրիլի վերջերին։
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. ալ-Զարքավիի սպանության մասին տեղեկության ի հայտ գալուց անմիջապես հետո նավթի միջազգային գները Նյու Յորքի և Լոնդոնի բորսաներում սկսեցին իջնել` հատելով մեկ բարելի դիմաց $70 սահմանագիծը: Պետք է ենթադրել, որ բորսաներում իշխող հիմնական հետևությունը ոչ թե այն էր, որ ալ-Զարքավիի սպանությամբ Իրաքը կհանդարտվի, այլ որ նրա սպանությունն իրականում կարող է նշանակել ամերիկա-իրանական հավանական պայմանավորվածության լուրջ ցուցիչ: Ուշագրավ է, որ մինչ այդ նավթի միջազգային գներն արդեն իսկ սկսել էին իջնել, երբ երևան էին եկել Սոլանայի բերած փաթեթին պաշտոնական Թեհրանի առաջին դրական պատասխանները։
Հունիսի 12, 2006թ.դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]