• am
  • ru
  • en
Версия для печати
06.07.2006

Մերձավոր Արևելքը Արևմուտքի աչքերով. կերպարի ստեղծում

Руский

   

Սուրեն Մանուկյան

Հաշվի առնելով այսօրվա աշխարհում հանրային կարծիքի հսկայական դերը, ժամանակակից ցանկացած պետություն կարիք է զգում ձևավորել գործընկեր կամ հակառակորդ երկրների յուրատեսակ կերպարներ` հիմնավորելու համար իր կողմից իրականացվող գործողությունները:

Այս իմաստով, այն կերպարը, որը ձևավորվել է արևմտյան հասարակություններում Մերձավոր Արևելքի և մասնավորապես մահմեդական Արևելքի նկատմամբ հիմնականում չի համապատասխանում գոյություն ունեցող առարկայական իրողություններին: Սակայն հենց այս արհեստական պատկերացումն է հաճախ ձևավորում հասարակական կարծիք և համապատասխան քաղաքականության իրականացման հիմնավորում դառնում:

Գիտության ոլորտում գոյություն ունեցող ենթակայական այս մոտեցումը փայլուն կերպով ներկայացրել է պաղեստինյան ծագումով ամերիկյան նշանավոր հասարակագետ Էդվարդ Սաիդն իր «Օրիենտալիզմ» գրքում: Սակայն կա մեկ այլ ոլորտ, որտեղ այս իրավիճակն ավելի ցայտուն է արտահայտված և որն ավելի մեծ ազդեցություն ունի հասարակության վրա:

Ֆրանսիացի քաղաքագետ Իվ Լաքոստը հստակ ընդգծում է այն նշանակությունը, որ ժամանակակից տեղեկատվական հասարակությունում ձեռք են բերել լրատվամիջոցները և հատկապես հեռուստատեսությունը, որը հանրային կարծիք ձևավորող հիմնական գործիքն է: Պատճառն այն է, որ ժամանակակից աշխարհում, ըստ Լաքոստի, հիմնականում գերիշխում է երևույթների գնահատման ոչ թե ռացիոնալ մոտեցումը, այլ «կերպարի» (իմիջի) գունեղության չափանիշները: Որքան ավելի պայծառ և գրավիչ է պատկերը, այդքան ավելի արժանահավատ և կարևոր է այն համարվում: Սա բավականին լավ հասկացել են արևմտյան ԶԼՄ-ները և արդյունավետ կերպով կիրառության մեջ դրել:

Քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական հայացքները հասարակության գերակշիռ մասի մոտ ձևավորվում են հիմնականում հեռուստատեսության միջոցով: Որևէ թեժ կետից հեռարձակվող ռեպորտաժի նպատակն է ոչ միայն նվազագույն ժամանակահատվածում ներկայացնել նյութի հետ կապված համալիր պատկերը, այլ նաև քաղաքական անհրաժեշտ շեշտադրումներ անել: Այսպիսով, լրագրողի (հատկապես հեռուստալրագրողի) մասնագիտությունը ոչ միայն նկարագրական այլ նաև կողմորոշող բնույթ է ստանում:

Այս պարագայում ամենևին էլ զարմանալի չէ այն հսկայական դերը, որ խաղում են ամերիկյան և եվրոպական վերլուծաբանները և լրատվամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող շատ իրադարձությունների նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման գործում: Սա պայմանավորված է արևմտյան ԶԼՄ-ների ուժով և արհեստավարժությամբ, որոնք կարողնում են ձևավորել իրենց համար ձեռնտու, իսկ հանրության համար գրավիչ պատկերներ և հասարակությանը համոզել դրանց ճշմարտացիության մեջ: Արհեստականորեն ստեղծված իրականությունը բազմաթիվ կրկնություններից հետո սկսում է ընկալվել իբրև միակ ճշմարտություն:

Իրականում աշխարհը Մերձավոր Արևելքին «նայում է Արևմուտքի աչքերով»: Դա վերաբերվում է ե՛ւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, ե՛ւ արաբ-իսրայելական հակամարտությանը, ե՛ւ իսլամական պետություններում տեղի ունեցող ներքին գործընթացներին: Շատ տեղեկություններ կամ վերլուծականներ կարող են բոլորովին չհամապատասխանել իրականությանը, սակայն դառնում են ակտիվ քննարկման առարկա և մտնում շրջանառության մեջ` ձևավորելով և համալրելով Մերձավոր Արևելքի վերաբերյալ կարծրատիպերը և առասպելները:

Կան մի քանի տարածված մոտեցումներ, որոնցով արևմտյան լրատվամիջոցները ներկայացնում են մահմեդական Արևելքը:

1. ԶԼՄ-ները չեն մատուցում համապարփակ տեղեկատվություն այս տարածաշրջանի վերաբերյալ: Տեղեկությունները շատ աղճատված են և ամբողջական պատրկերացում չեն տալիս Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների վերաբերյալ: Տեղեկատվության մեծ մասը կրում է ընդգծված բացասական երանգ (ահաբեկչական գործողություններ, սպանություններ, բռնություններ): Վատ լուրերը գերակշռում են այս տարածաշրջանից ստացվող լրահոսում, և տեղեկատվության այս բնույթն ունկնդրի մոտ ձևավորվում է մահմեդական Արևելքի` հիմնականում անկայունության և հակամարտությունների տարածաշրջան լինելու կարծիքը: Հետաքրքիր է, որ քաղաքական բացասական այս պատկերի կողքին կա բավականին դրական մշակութային-սպառողական պատկեր. արևելյան էքզոտիկան, ի տարբերություն արևելյան քաղաքականության, նորաձև է և գրավիչ:

Հիմնական ուղերձը, փաստորեն հետևյալն է. Արևելքը գրավիչ է և էքզոտիկ, սակայն նրա քաղաքական կարգերն անընդունելի են, հետևաբար վարչակարգերը պետք է փոխվեն:

2. Լրագրողներն իրադարձությունները մատուցելու և գնահատելու ընթացքում հստակորեն հենվում են արևմտյան չափանիշների և արժեքային համակարգի վրա: Ընդ որում, արևմտյան արժեքների դերը և նշանակությունը հստակ գերագնահատված է: Արհեստականորեն արևմտյան չափորոշիչների մեջ դնելով իրադարձությունները և վերլուծության համար օգտագործելով տեղի պայմաններին լիովին չհամապատաստխանող կատեգորիաներ, լրագրողները ի սկզբանե խեղաթյուրում են իրականությունը: Օրինակ, խոսելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ընտրությունների մասին, շեշտը դրվում է դրանց արևմտյան ժողովրդավարությանը համապատասխանության վրա, չնայած տեղի բնակչությունը հիմնականում ղեկավարվում է այլ չափանիշներով` ուժեղ իշխանություն, կայունություն, ուժային բալանսի պահպանում ևն:

3. ԶԼՄ-ները կեղծ կարծրատիպերի ստեղծման և ամրապնդման հիմնական աղբյուր են դառնում: Հեռուստաալիքները հիմնականում փորձում են դուրս չգալ «պաշտոնական» կարծրատիպերի և պատկերների շրջանակից, քանի որ դրանք ավելի են հեշտացնում նյութի ընկալումը:

Օրինակ, կան Մերձավոր Արևելքի հետ կապված մի քանի «առասպելներ», որոնք ամենահաճախ օգտագործվողներից են, սակայն չեն դիմանում անգամ ամենապարզ քննադատությանը:

ա) «Մերձավոր Արևելքի բնակիչները իսլամի մոլեռանդ հետևորդներ են»: Իրականում, արդի մերձավորարևելյան հասարակություններում մոլեռանդ մահմեդականները կազմում են բնակչության փոքր մասը միայն:

բ) «Մահմեդական երկրներում կինը իրավազուրկ է և ճնշված»: Սակայն, մահմեդական շատ երկրներում կանանց ազդեցությունը և նշանակությունը քաղաքականության ու տնտեսության մեջ անշեղորեն մեծանում է, ի հավելումն արևելյան ընտանիքներում նրանց մշտապես բավականին բարձր դիրքի:

գ) «Արևելյան քաղաքի կյանքը խորհրդավոր և անհասկանալի է»: Այսօր մերձավորարևելյան քաղաքների պատկերն այդքան էլ չի տարբերվում, օրինակ, հարավեվրոպական քաղաքների պատկերից:

դ) «Իսլամը դաժան է և անողոք»: Իսլամը դեռ միջին դարերում աչքի է ընկել նույնիսկ եվրոպացիների համար անսովոր հանդուրժողականությամբ: Պատահական չէ, որ Եվրոպայում հետապնդումների ենթարկվող հրեաները և քրիստոնյաները մշտապես ապաստան էին գտնում հենց իսլամական երկրներում, որտեղ ստանում էին դավանանքի ազատություն:

4. Նյութի մատուցումը հիմնվում է ոչ թե վերլուծության, այլ, որպես կանոն, պատկերի գունեղության առաջնայնության սկզբունքի վրա: Իսլամական աշխարհին վերաբերվող թեմաները բավականին բարձր վարկանիշ ունեն և հեռուստաընկերությունները օգտվում են դրանից: 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ԶԼՄ-ները սկսեցին ուղղակի դիվականացնել իսլամը: Այն սկսեց որակվել իբրև «ագրեսիվ» կրոն, իսկ իսլամ դավանողները` «մոլեռանդ հավատացյալներ»: Հեռուստալրագրողների և վերլուծաբանների կողմից ավելի հաճախ սկսեց գործածվել «Իսլամական ահաբեկչություն» տերմինը, և այս արտահայտությունը սկսեց հետևողականորեն քարոզվել. այսօր շատերի համար «իսլամ» և «ահաբեկչություն» բառերը ենթագիտակցական կապ են ստացել:

Այսպիսով, արևմտյան վերլուծաբանների և լրատվամիջոցների ներկայացրած Մերձավոր Արևելքը խիստ գաղափարաբանված է և շատ է տարբերվում իրականում գոյություն ունեցողից:

Այս վիրտուալ պատկերը շատ հաճախ որդեգրվում և տարածվում է նաև մեր լրատվամիջոցների կողմից: Արևմուտքի պարագայում նման մոտեցումը հասկանալի է, քանի որ գործում է հստակ ծրագիր` ստեղծել թշնամու կերպար, սպառնալիքի զգացում, որից պետք է պաշտպանվել և որի դեմ պետք է գործել: Սակայն հայկական լրատվամիջոցների կողմից այս կերպարի վերարտադրությունը ոչ միայն զարմանալի է, այլև խիստ վտանգավոր: Պատմականորեն լինելով մերձավորարևելյան քաղաքակրթության մաս, մենք ընդունակ ենք յուրովի հասկանալ Արևելքը և նրա կերպարը համապատասխանեցնել մեր խնդիրներին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր