• am
  • ru
  • en
Версия для печати
13.07.2006

«Տաեպոդոնգ-2»-ի էֆեկտը. ո՞րն է կարևոր` Իրա՞նը, Ուկրաինա՞ն, թե՞ Թայվանը

Руский

   

Սարգիս Հարությունյան

Հուլիսի 5-ին, Երևանի ժամանակով 1:50-ի սահմաններում ամերիկյան և ճապոնական լրատվական գործակալությունները տեղեկություն տարածեցին այն մասին, թե Հյուսիսային Կորեան իրականացրել է «Տաեպոդոնգ-2» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում: Ավելի ուշ պարզվեց, որ Փհենյանը Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է միջին հեռահարության հինգ հրթիռ և փորձարկել «Տաեպոդոնգ-2»-ը: Չանցած 12 ժամ՝ Հյուսիսային Կորեան արձակեց նաև յոթերորդ հրթիռը։

 

Բոլոր հրթիռները վայր են ընկել Ճապոնական ծովում։ «Տաեպոդոնգ-2»-ի փորձարկումը, փաստորեն, մատնվել է անհաջողության. արձակումից մոտ 40 վայրկյան անց հրթիռն օդում պայթել է։

Ռազմատեխնիկական հատկանիշներ

Դեռևս 2006թ. հունիսի 18-ին Փհենյանը երկրի հյուսիսարևելյան մասում` Ճապոնական ծովին մոտ գտնվող «Մուսուդան-Ռի» ռազմակայանում ավարտին էր հասցրել «Տաեպոդոնգ-2»-ի արձակման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: «Տաեպոդոնգ-2» երկաստիճան հրթիռը1 ներկայումս Հյուսիսային Կորեայի ամենահզոր հրթիռն է: Ըստ որոշ գնահատականների, նրա հեռահարությունը կազմում է 3.5-6 հազար կմ։ Այսինքն՝ այն արդեն կարող է հասնել ԱՄՆ Ալյասկա նահանգին:

Ամերիկյան հետախուզության հրապարակած տեղեկությունների համաձայն, Հյուսիսային Կորեայի տրամադրության տակ եղած պլուտոնիումի քանակը հնարավորություն է տալիս նրան ստեղծել մոտ վեց միջուկային ռումբ2: Փհենյանը ներկայումս ակտիվորեն աշխատում է միջմայրցամաքային հրթիռների վրա միջուկային մարտագլխիկներ տեղակայելու ուղղությամբ:

Հյուսիսային Կորեայի հրթիռային զինանոցը
հրթիռ հեռահարություն
«Սքադ Բ» («Scud B») 280 - 300 կմ
«Հվասոնգ-5» («Hwasong-5») 300 - 340 կմ
«Հվասոնգ-6» («Hwasong-6») 500 - 700 կմ
«Նոդոնգ» («Nodong») 1 000 - 1 500 կմ
«Տաեպոդոնգ-1» («Taepodong-1») 2 000 - 4 000 կմ
«Տաեպոդոնգ-2» («Taepodong-2») 3 500 - 6 000 կմ
«Տաեպոդոնգ-3» («Taepodong-3») առավելագույնը` 15 000 կմ
Տվյալները ներկայացված են գերազանցապես ամերիկյան բաց աղբյուրների հիման վրա:

2001թ. մասամբ հրապարակված ԱՄՆ «Ազգային հետախուզական գնահատականը» (National Intelligence Estimate) զեկույցի համաձայն, հյուսիսկորեական եռաստիճան հրթիռը («Տաեպոդոնգ-3») գործնականում կարող է հարվածել Միացյալ Նահանգների ցանկացած կետի3:

Ներկայացնենք նաև ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՊՀ) ներկա վիճակը: ԱՄՆ Ալյասկա նահանգում գտնվող «Ֆորթ Գրիլի» (Fort Greely) ու «Քոդիաք Այլենդ» (Kodiak Island) հենակետերում, ինչպես նաև Կալի‎ֆորնիա նահանգում առկա ռազմաօդային ուժերի «Վանդենբերգ» (Vandenberg) ռազմակայանում տեղակայված ՀՊՀ ցամաքային համալիրների, ռազմածովային ուժերի (գերազանցապես «Ticonderoga» տեսակի հածանավերի և «Arleigh Burke» տեսակի ականակիրների վրա գտնվող) «SM-2 Block IV» և «SM-3 Block IA» հրթիռների ու «Aegis» ռադարային համակարգի, ինչպես նաև ՀՊՀ վերջին` երրորդ փուլի պաշտպանության համար նախատեսված «Patriot Advanced Capability-3» համալիրի վրա 1999 թվականից Պենտագոնը ծախսել է մոտ $97 մլրդ: Մինչ օրս անցկացվել է ՀՊՀ ցամաքային համալիրների տասը փորձարկում, որոնցից հինգն են արդյունավետ եղել4: Ավելի հաջող է ՀՊՀ ծովային բաղկացուցչի փորձարկումը: «SM-3 Block IA» հրթիռի ութ փորձարկումներից յոթը հաջող են անցել (արդյունավետությունը` ավելի քան 87%)5:

Աշխարհաքաղաքական հետևություններ

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումը նախևառաջ պետք է դիտարկել որպես ուղղակի ճնշում Վաշինգտոնի նկատմամբ։ Սակայն այդ ճնշման հեղինակը Փհենյանը չէ։ Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ նման քայլ Պեկինը միայնակ ձեռնարկեր` հատկապես հուլիսի 15-17-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովից առաջ։ Մեծ կլիներ մեկուսացման մեջ հայտնվելու հավանականությունը։

Այդ առումով աչքի է զարնում այն հանգամանքը, որ «Տաեպոդոնգ-2»-ի շուրջ սկիզբ առած ճգնաժամը մեկնարկեց հունիսի 15-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովից անմիջապես հետո (թեև, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, «Մուսուդան-Ռի»-ում նախապատրաստական աշխատանքները ծավալվել էին առնվազն մայիսի կեսերից)։

Ըստ ամենայնի, այստեղ առկա է ռուս-չինական փոխհամաձայնություն։ Հատկանշական է, որ հյուսիսկորեական հրթիռների հուլիսի 5-ի արձակումները տեղի ունեցան հունիսի 28-29-ին, Ճապոնիայի վարչապետ Ջունիչիրո Կոյզումիի Վաշինգտոն կատարած այցելությունից անմիջապես հետո, որի ժամանակ չէին կարող չքննարկվել «Մեծ ութնյակի» առաջիկա գագաթաժողովին առնչվող հարցեր։ Հետևաբար, «Տաեպոդոնգ-2»-ի փորձարկումը հարկ է ընդունել որպես Պեկինի ու Մոսկվայի ուղերձն առաջին հերթին Վաշինգտոնին. «Կան հարցեր, որ առանց Չինաստանի ու Ռուսաստանի հնարավոր չէ լուծել»։

Մյուս կողմից՝ հյուսիսկորեական հրթիռների արձակումն ընդհանուր շղթայի մի մասն է։ Այսինքն՝ «Տաեպոդոնգ-2»-ի փորձարկումը ցուցիչն է այն բանի, որ «Մեծ ութնյակի» պետերբուրգյան գագաթաժողովից առաջ պահպանվում են հակասությունները մի կողմից՝ Ռուսաստանի, Չինաստանի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և, ամենայն հավանականությամբ, եվրոպական երկրների միջև։ Պետերբուրգյան գագաթաժողովից առաջ Փհենյանի հրթիռային նման ակտիվությունը հարկ է ընկալել առաջին հերթին այդ իմաստով (թեև այստեղ կա նաև զուտ հյուսիսկորեական քաղաքականության տարր` Վաշինգտոնի հետ բանակցություններում ուժեղացնել սեփական դիրքերը)։

Ընդհանուր հետևությունն է, որ հուլիսի 15-ին մեկնարկող «Մեծ ութնյակի» պետերբուրգյան հանդիպումից առաջ երկու ճամբարների կողմից սեփական դիրքերի բարելավմանն ուղղված նախաձեռնություններ են`

  • հունիսի 15-ին Շանհայում տեղի ունեցած ՇՀԿ և հունիսի 21-ին Վիեննայում կայացած ԱՄՆ-Եվրամիություն գագաթաժողովները,
  • Վիեննայի գագաթաժողովին գրեթե զուգահեռ և ամենակարևորը` մինչև պետերբուրգյան հանդիպում տեղի ունեցած «նարնջագույների» համաձայնությունը Կիևում,
  • Սահակաշվիլու դիվանագիտական ակտիվությունն ու հուլիսի 5-ին Սպիտակ տանը նրա հանդիպումը Բուշ-կրտսերի հետ,
  • Ղարաբաղյան հարցում ամերիկյան դիվանագիտության ակտիվությունը (կրկին մինչև պետերբուրգյան հանդիպում որևիցե պայմանավորվածություն ձեռք բերելու պահանջը),
  • իրանական հարցի շուրջ ընթացող զարգացումները,
  • և, վերջապես, հյուսիսկորեական հրթիռային այս ճգնաժամը։

Կարճաժամկետ կանխատեսումներ

«Տաեպոդոնգ-2»-ի փորձարկումը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև պետերբուրգյան գագաթաժողով իրանական կողմը, ըստ ամենայնի, ոչ մի պատասխան չի տա հունիսի 6-ին Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության գծով հանձնակատար Խավիեր Սոլանայի առաջարկությունների փաթեթին։ Հատկանշական է, որ նույն հուլիսի 5-ի ցերեկը հայտնի դարձավ, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին անորոշ ժամանակով հետաձգել է այդ օրը Բրյուսելում նախատեսված հանդիպումը Սոլանայի հետ6:

Այդ առումով «Տաեպոդոնգ-2»-ի փորձարկումը Թեհրանը դիտարկում է որպես Մոսկվայի ու Պեկինի կողմից իրեն ուղղված անուղղակի աջակցություն։ Մյուս կողմից՝ գաղտնիք չէ, որ իրանական «Շահաբ-3» հրթիռների (հեռահարությունը՝ մոտ 2000 կմ) հիմքում ընկած է եղել հյուսիսկորեական «Նոդոնգը»։

«Տաեպոդոնգ-2»-ի փորձարկումը կարող է վկայել, որ չնայած նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ձեռնարկած քայլերին, մինչև պետերբուրգյան գագաթաժողով հակասությունները «նարնջագույնների» և Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցների միջև միայն սրվելու են։ Այդ իմաստով հյուսիսկորեական հրթիռների արձակումը ցույց է տալիս ներկայումս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա առճակատման հատվածը, որը ներկայացված է նաև Ուկրաինայում։

Ղարաբաղյան զարգացումների համատեքստում այդ ամենը լրացուցիչ փաստարկ է, որ մինչև «Մեծ ութնյակի» հանդիպում Հայաստանը և Ադրբեջանը չեն հանգի որևիցե կոնկրետ պայմանավորվածության։ Երկու կողմերին էլ ձեռնտու չէ աննախադեպ պայմանավորվածությունների միջոցով որոշակիացնել իրենց դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումներում, երբ անհայտ են պետերբուրգյան հանդիպումների արդյունքները:

Միանգամայն այլ է պետերբուրգյան գագաթաժողովից հետո սպասվող զարգացումների ընթացքի և տրամաբանության հարցը. դրանք կարող են էապես տարբերվել առկա իրավիճակից։ Հետևաբար, վերջիններս արդեն այսօր դարձել են առաջնային կարևորության հարցեր7:

Հուլիսի 5, 2006թ.

1 Ամերիկյան հետախուզության հրապարակած տվյալների համաձայն, «Տաեպոդոնգ-2» երկաստիճան հրթիռը պատրաստվել է խորհրդային «Սքադ» և հյուսիսկորեական «Նոդոնգ» հրթիռների կցումից։ Այն աշխատում է պինդ վառելիքով։

2 2006թ. հունիսի 26-ին ամերիկյան «Գիտությունների և միջազգային անվտանգության ինստիտուտի» (Institute for Science and International Security) հրապարակած ուսումնասիրության համաձայն, ներկայումս Հյուսիսային Կորեան ունի այնքան պլուտոնիում, որը բավարար է 4-13 միջուկային ռումբի պատրաստման համար: Նույն աղբյուրի եզրակացությամբ, Բուշ-կրտսերի նախագահության ավարտին` 2008թ., Փհենյանն արդեն կունենա 8-17 միջուկային ռումբ:

3 Ենթադրվում է, որ «Տաեպոդոնգ-3»-ի առաջին աստիճանը պետք է բաղկացած լինի մի քանի հատ մեկ աստիճանանոց «Նոդոնգ» հրթիռներից, երկրորդ աստիճանը` մեկ «Նոդոնգից», իսկ երրորդ աստիճանի հրթիռն առանձնանալու է պինդ վառելիքով թռչելու կարողությամբ։

4 Այսինքն` արդյունավետությունը կազմել է ընդամենը 50%: Ցամաքային համալիրի վերջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2002թ. հոկտեմբերին:

5 «SM-3 Block IA»-ի վերջին հաջող փորձարկումը տեղի ունեցավ 2006թ. հունիսի 23-ին:

6 Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Մոսկվայում հավաքված «Մեծ ութնյակի» արտաքին գործերի նախարարներն իրենց համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Իրանին հուլիսի 5-ին Բրյուսելում կայանալիք Սոլանա-Լարիջանի հանդիպման ժամանակ պաշտոնական պատասխան տալ հունիսի 6-ին Թեհրանին ներկայացված «վեցնյակի» առարկությունների փաթեթին։

7 Այդ առումով ուշադրություն է գրավում ԱՄՆ Սպիտակ տան հակաահաբեկչության գծով նախկին համակարգող Ռիչարդ Կլարկի հուլիսի 4-ի հայտարարությունը, թե հնարավոր է, որ Ուսամա բեն-Լադենը թաքնված լինի նախկին ԽՍՀՄ կենտրոնաասիական հանրապետություններից մեկում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր