• am
  • ru
  • en
Версия для печати
20.09.2006

Լիբանանյան ճգնաժամ. հին իրողությունների բացահայտում

   

Սուրեն Մանուկյան

Հունիսի 25-ին Իսրայելի հարավում գտնվող Քերեմ-Շալոմ վայրում պաղեստինյան զինյալների իրականացրած ռազմական գործողության հետևանքով զոհվեց երկու հրեա զինվորական, մի քանիսը վիրավորվեցին, իսկ կապրալ Գիլադ Շալիթը առևանգվեց: «Համաս» խմբավորման թվում է թե սովորական դարձած այս քայլին Իսրայելն արձագանքեց շատ կտրուկ` սկսելով լայնամասշտաբ գործողություն, որի նպատակ հռչակվեց ոչ միայն կապրալի ազատագրումը, այլ նաև Ղազայում և Հորդանան գետի արևմտյան ափին ստեղծված «ահաբեկչական ենթակառուցվածքի» վերացումը:

Հուլիսի 12-ին ռազմական գործողությունների շրջանակն ավելի ընդլայնվեց, երբ Իսրայելը սկսեց Լիբանանի դեմ ռազմական գործողություն` ի պատասխան լիբանանյան շիական «Հիզբալլահ» կազմակերպության կողմից իրականացված հարձակման և երկու իսրայելական զինվորի առևանգման: Լիբանանը շրջափակվեց ծովից և օդից, Իսրայելը զանգվածային հարվածներ հասցրեց Լիբանանի հարավային շրջաններին: Ռազմական գործողությունները շարունակվեցին մեկ ամսից ավելի, և միայն մեծ ջանքերի գնով հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը և պատերազմող կողմերին ստիպել զինադադար հայտարարել:

Պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին քննարկել դրա «իսկական» պատճառները, ընթացքը և հետևանքները` հայտարարելով, որ այն ոչ թե տեղային, տարածաշրջանային բախում էր, այլ ուներ ավելի մեծ համատեքստ` պայքար Մերձավոր Արևելքի տիրապետության համար, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված ընթացիկ գործողություն, Մեծ Մերձավոր Արևելք նախագծի իրականացման հերթական քայլ և այլն:

Այս ամենը չժխտելով` փաստենք, սակայն, որ լիբանանյան ճգնաժամն ավելի հետաքրքրական արդյունքներ արձանագրեց տարածաշրջանային քաղաքականության տեսակետից:

34 օր շարունակված պատերազմը մերձավորարևելյան քաղաքականությունում առանձնապես նոր երևույթներ ի հայտ չբերեց: Սակայն այն վերստին բացահայտեց և վերջնականապես բյուրեղացրեց մի շարք միտումներ, որոնք արդեն տևական ժամանակ տարածաշրջանային իրողություններ են:

1. Պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, որ արաբա-իսրայելական հակամարտությունն ամենաէականն է Մերձավոր Արևելքի համար: Այն հսկայական խորություն ունի և, հետևաբար, խնդրի ինչ-որ լուծում երբևէ դժվար է ակնկալել: Դրա վկայությունն է այն, որ պատերազմից հետո երկու կողմն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին:

2. Պատերազմը ցույց տվեց, որ Իրանը հոյակապ տիրապետում է «փափուկ ուժին»: Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի հրատարակած զեկույցը նշում է այն առավելությունները, որ ունի Իրանը ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտության պարագայում: Վաշինգտոնի կոշտ ուժի (hard power) գործադրմանն Իրանը հակադարձում է փափուկ ուժը (soft power): Իրանը տիրապետում է տարածաշրջանային իրողություններին, քաջածանոթ է լեզուներին և մշակույթներին, ունի ամուր պատմական կապեր և հարևանների հետ հարաբերվելու վարչական հմտություններ:

Թեև իրանական վերնախավը կրկնեց ավանդական հռետորականությունը` մեղադրելով «սիոնիստական վարչակարգին» և «նրան սատարող Արևմուտքին» պաղեստինյան և լիբանանյան ժողովրդի իրավունքների ոտնահարման մեջ, սակայն միաժամանակ Թեհրանը դիվանագիտական նրբություն դրսևորեց` ճգնաժամի ամբողջ ընթացքում խուսափելով ուղղակի ներգրավվածությունից, հայտարարելով, որ Իրանը մտադրություն չունի խառնվել Լիբանանի ներքին գործերին: Սրանով, թվում է, Իրանը շարունակում էր մնալ իր ժամանակակից դիվանագիտության հիմնաքարերից մեկի` դրական չեզոքության շրջանակներում, որը ցուցաբերվել էր նաև իրաքյան և աֆղանական գործողությունների ժամանակ:

Միաժամանակ Իրանը կարողանում էր իրադարձություններն ուղղորդել իրեն հարմար ուղեծրով` իր ազդեցությունը մեծացնելով լիբանանյան ներքին գործերին, մահմեդական առաջնորդի դերը ստանձնելու հավակնություն ներկայացնելով և որոշակիորեն երկրորդ պլան մղելով սեփական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները:

3.Արաբական պետությունները խոր ճգնաժամի մեջ են: Նրանք չեն կարողանում երկրի ներսում ծագող սոցիալական և տնտեսական հարցերին համարժեք պատասխաններ տալ: Սա բերում է բնակչության ընդվզման աճի, որը, զգալով պետական իշխանության թուլությունը, ավելի ակտիվորեն է դրսևորում իրեն քաղաքական կյանքում: Արաբական պետությունները ցույց տվեցին իրենց թուլությունը նաև միջազգային ասպարեզում: Ճգնաժամի ընթացքում արաբական աշխարհը պառակտվեց և միասնական դիրքորոշմամբ հանդես չեկավ: Այսօր օրակարգում է արաբական աշխարհի առաջնորդի խնդիրը, այն պայմաններում, երբ տարածաշրջանի հիմնական դերակատարությունը հետզհետե անցնում է ոչ արաբական երկրներին` Թուրքիային և Իրանին:

4.Տարածաշրջանն արագացող տեմպերով իսլամականանում է: Այս պայմաններում, երբ ազգայնական արժեքների վրա հիմնված արաբական դասական աշխարհիկ պետությունը ցույց է տալիս իր անարդյունավետությունը, առաջանում է գաղափարական նոր հիմնավորման անհրաժեշտություն: Տարածաշրջանում ավելի ընդունելի են դառնում հենց իսլամական գաղափարախոսությունները: Սա ապացուցվում է Պաղեստինյան ինքնավարության ընտրություններում «Համասի» տարած հաղթանակով, Իրաքում ամերիկյան զորքերի գործողությունների հետևանքով` իսլամականների ազդեցության շեշտակի աճով և այս հակամարտության շնորհիվ` «Հիզբալլահի» քաղաքական կշռի մեծացմամբ:

5.Տարածաշրջանային ճգնաժամերի լուծման համար ընդունված բանաձևերն անարդյունավետ են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը, նմանատիպ այլ բանաձևերի և ընդունված փաստաթղթերի պես, անիրագործելի է: Ըստ այս բանաձևի` լիբանանյան բանակի 15 հազար զինվոր պետք է զինաթափեն «Հիզբալլահի» զինյալներին: Վատ զինված, առանց հակահրթիռային համակարգերի, ռեակտիվ ինքնաթիռների և ռազմական նավատորմի լիբանանյան 38 հազարանոց բանակը (որի զգալի մասը շիաներ են) նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ինչը նույնպես կասկածներ է հարուցում, ուղղակի հնարավորություն չունի զինաթափել լավ զինված և մարտունակ «Հիզբալլահին»:

6.Լիբանանը դատապարտված է մնալ տարածաշրջանի խոցելի տարրը: Ամեն անգամ, երբ այս երկիրը տևական խաղաղության ընթացքում վերականգնվում է` հզորացնելով իր տնտեսությունը և դառնալով տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, բռնկվում է նոր ճգնաժամ, և Լիբանանը նորից տասնամյակներ հետ է մղվում: Այսօր էլ երկրի ենթակառուցվածքը գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Բեյրութի միջազգային օդանավակայանը, երկրի կենտրոնական և հարավային մասերը միավորող ճանապարհների 80 տոկոսը և բոլոր կամուրջները ավերված են: Թեև հայտարարվում է, որ հարվածների նշանակետերը «Հիզբալլահի» կենտրոնակայաններն են եղել, սակայն ավերվել են նաև բնակելի շենքեր, էլեկտրամատակարարման օբյեկտներ: Հսկայական կորուստներ է կրել Լիբանանի զբոսաշրջությունը: Տասնյակ հազարավոր լիբանանցիներ լքել են երկիրը: Եվ չի կարելի ասել, թե այս իրողությունը շատ է անհանգստացնում արաբական աշխարհին: Թերևս, նոր հզոր հավակնորդ, ի դեմս Լիբանանի, նրանց ամենևին էլ պետք չէ:

7.Իսրայելական պետությունը ձևափոխվել է: Այն այլևս ռազմական դրության մեջ ապրող նախկին զինվորական պետությունը չէ: Երկիրը ղեկավարող քաղաքացիական առաջնորդներ Օլմերտը և Պերեսը ոչ միայն չցանկացան կամ չկարողացան ամրապնդվել ռազմական առաջնորդների դերում: Իսրայելական վերլուծաբան Գելլերի խոսքերով, զինվորների ազդեցությունը քաղաքականության վրա կրճատվել է, և սա թույլ է տվել խուսափել զոհերի ավելի մեծ թվից:

Իսրայելը հայտարարում է, որ հասել է նպատակին` դուրս մղել «Հիզբալլահին» քսան տարի շարունակ ամրացվող դիրքերից, ոչնչացրել նրա ռազմական ներուժի զգալի մասը, իսկ սա կարելի է հաղթանակ համարել, քանի որ պարտիզանական պատերազմում չեն լինում միանշանակ հաղթողներ: Հենց սա էլ հստակ ընդգծում է իսրայելական ներկա և նախկին պետության միջև տարբերությունը. նախկինում իսրայելական հասարակությունը չէր խուսափում զոհերից և պատրաստ էր ընդունել միայն վերջնական և միանշանակ, ոչ մեկի կողմից կասկածներ չառաջացնող հաղթանակը:

1982թ. Իսրայելը նմանատիպ գործողություններ արդեն իրականացրել էր: Սակայն այն ժամանակ իսրայելական բանակը հասել էր մինչև Բեյրութ, պաշարել այն և ռմբակոծել այնքան ժամանակ, մինչև հակառակորդը` ՊԱԿ-ը (Պաղեստինի ազատագրության կազմակերպություն) հեռանա Թունիս: Այսօր «Հիզբալլահն» ընդամենը հեռացել է երկրի խորքը և չի պատրաստվում լքել Լիբանանը կամ զենքերը վայր դնել: Թեև կա նրա գործողությունների և դրա հետևանքների նկատմամբ որոշակի դժգոհություն, սակայն լիբանանյան հասարակությունում նրա ժողովրդականությունը մնում է շատ բարձր: Եվ սա հնարավորություն է տալիս ավելացնել նրա կշիռը նաև քաղաքական դաշտում:

Այսպիսով, լիբանանյան ճգնաժամը վերստին ի հայտ բերեց արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունները, որոնք դեռ տևական ժամանակ կանխորոշելու են Մերձավոր Արևելքի զարգացումը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր