• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2006

Լիբանանյան կնճիռ

   

Դավիթ Հովհաննիսյան

Լիբանանի վրա վերահսկողություն հաստատելու համար թե՛ հարևան երկրները և թե՛ գլոբալ դերակատարում ունեցող պետությունները մշտապես պայքար են մղել: Այս երկրի կարևորությունը ներկայումս տարբեր դիրքերից յուրովի է գնահատվում: Ոմանց տեսակետից Լիբանանն ունի չափազանց կարևոր աշխարհաքաղաքական դիրք, քանի որ հանդիսանալով միջերկրական խաչմերուկային հանգույց, այն միաժամանակ մատույց է դեպի միջինարևելյան տարածաշրջանի սիրտը:

Մյուսների համար այն, շնորհիվ իր խառը կոնֆեսիոնալ կազմի, կարևորվում է որպես բնական կամուրջ տարածաշրջանի ու Եվրոպայի, մասնավորապես` կաթոլիկ աշխարհի միջև:

Երրորդ տեսակետն այն է, որ առանց Լիբանանի չի ամբողջանում այսպես կոչված «շիական գոտին», որի կենտրոնը Իրանն է:

Բացի այդ, Լիբանանը գտնվում է Իսրայելի, Պաղեստինի, Սիրիայի, Հորդանանի անմիջական հարևանությամբ, այսինքն` կամա թե ակամա մասնակից է համաշխարհային քաղաքականության վերջին տասնամյակների ամենաբարդ և բազմաբնույթ կոնֆլիկտի:

Կան և այլ մոտեցումներ, սակայն կարևորն այն է, որ այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով, ինչպես նաև լիբանանյան հասարակության ներսում գոյություն ունեցող բարդ խնդիրների առկայության պատճառով այս երկիրը ոչ մի կերպ չի կարողանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատել:

Վերջին երկարատև քաղաքացիական պատերազմը, որի հետևանքով 100 հազարից ավելի մարդ զոհվեց, իսկ երկիրը վերածվեց փլատակների, ավարտվեց 1989թ., որից հետո հաստատվեց համեմատական կայունություն, որն ապահովվում էր նաև սիրիական բանակի ներկայությամբ: Պատերազմի տարիներին ավելի ընդգծվեց Լիբանանի ներքին քաղաքական դաշտի տարբեր հատվածների կախվածությունն արտաքին ուժերից. լիբանանյան քաղաքական ու սոցիալ-տնտեսական գործընթացների վրա ազդելու վերջիններիս հնարավորությունները կտրուկ աճեցին: Այս երևույթները հատկապես շեշտվեցին սիրիական զինված ուժերը երկրից դուրս բերելուց հետո:

* * *

2006թ. հուլիսին սկսած իսրայելա-լիբանանյան պատերազմի ավարտից հետո, երբ Իսրայելը դուրս բերեց իր զինված ուժերը Լիբանանի տարածքից, ստեղծվեց բոլորովին նոր իրավիճակ, որի հիմնական բնորոշիչ գիծն այն էր, որ շիական «Հիզբալլահը» զրկվեց իր կարևոր ռազմական հենակետերից և խաղաղապահ ուժերի տեղակայման պատճառով` նաև դրանց վերականգնման հնարավորությունից:

Մինչև պատերազմի ավարտը «Հիզբալլահը», հիմնվելով իր կողմնակիցների ու համակիրների և հատկապես` իր ռազմական ներուժի վրա, որն օգտագործվում էր թե՛ արտաքին թշնամու դեմ (Իսրայել) և թե՛ ներքին քաղաքական դաշտում իր ազդեցությունը մեծացնելու համար, ձեռք էր բերել Լիբանանի կառավարության մեջ 6 նախարարական աթոռ, ինչպես նաև լուրջ ներկայացված էր երկրի խորհրդարանում: Այն վայելում է լիբանանյան մի շարք ուժերի համակրանքը` Իսրայելի դեմ վարած իր պայքարի համար, բնականաբար, վայելում է Իրանի մշտական հովանավորությունը և հանդիսանում է հատկապես սիրիամետ ուժերի առաջնորդը:

Զրկվելով հարավում իր ռազմական խարիսխներից և զինակետերից ու ստիպված լինելով լուծումներ որոնել` ՄԱԿ ԱԽ զինաթափման պահանջի կապակցությամբ, «Հիզբալլահն» այլ ելք չունի, քան` օգտագործելով պատերազմի հետևանքով աճած հեղինակությունը և ձեռք բերած դաշնակիցներին, մասնավորապես` քրիստոնեական փոքրամասնության առաջնորդ գեներալ Միշել Աունին (որը վերջին շրջանում աչքի է ընկնում հակաամերիկյան և հակաիսրայելական ռադիկալ հայտարարություններով և համեմատվում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ), փորձել տապալել վարչապետ Ֆուադ աս-Սինիորայի կառավարությունը, որին, իր հերթին, սատարում են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Սաուդյան Արաբիան և Արաբական պետությունների լիգայի անդամների մեծ մասը:

«Հիզբալլահի» գլխավոր քարտուղար Նասրալլան պատերազմի ավարտից անմիջապես հետո մեղադրեց վարչապես աս-Սինիորային այն բանում, որ վերջինս այն պահին, երբ երկրի հարավում շիա զինյալները ծանր մարտեր էին վարում իսրայելցիների դեմ, հրամայեց բռնագրավել «Հիզբալլահին» պատկանող զենքի և զինամթերքի մի մասը: Նա նաև մեղադրեց վարչապետին «երկրի թշնամիների հետ գաղտնի համաձայնության» գալու մեջ, որի նպատակն էր հեռացնել «Հիզբալլահը» լիբանանյան քաղաքական բեմից:

Իրավիճակն ավելի բարդացավ, երբ նոյեմբերին ՄԱԿ ԱԽ-ը որոշում ընդունեց միջազգային դատարան ստեղծել նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի և այլ քաղաքական ու հասարակական գործիչների սպանությունները հետաքննելու համար:

Լիբանանի հասարակության սիրիամետ և հակաամերիկյան մասը այս որոշումը (որի հետ համաձայնեց վարչապետ աս-Սինիորայի կառավարությունը` նման որոշման ընդունման համար անհրաժեշտ քվորումի բացակայության պայմաններում) առիթ դարձրեց, որպեսզի «տարօրինակ ընդդիմությունը» (այդպես են անվանել արևմտյան լրատվամիջոցները «Հիզբալլահի», «Ամալի» և քրիստոնեական փոքրամասնության միասնական հակակառավարական դիրքորոշումը)` Նասրալլայի և Աունի ղեկավարությամբ, պահանջի կառավարության հրաժարականը` կազմակերպելով զանգվածային ցույցեր և երթեր:

Ընդդիմության պահանջն այն է, որ ստեղծվի նոր կառավարություն, որի կազմում ընդդիմությունն ունենա այնպիսի ներկայություն, որ կարողանա հակազդել մեծամասնությանը, այսինքն` փակել այն որոշումների ճանապարհը, որոնց շուրջ համաձայնության գալն անհնար է, քանի որ դրանք բխում են սկզբունքորեն հակադիր դիրքորոշումներից: Միայն այդ դեպքում, ասում են ընդդիմության առաջնորդները, հնարավոր կլինի կանխել նոր քաղաքացիական պատերազմը:

Կառավարության առաջնորդները մերժում էին «միտինգային եղանակով» նման հարցեր լուծելը: Վարչապետ աս-Սինիորան պատասխանում էր հրաժարականի պահանջներին, որ կառավարությունը կազմվել է երկրի խորհրդարանի կողմից, ուստի նրա հրաժարականի կամ վերակազմավորման հարցը նույնպես պետք է այնտեղ լուծվի:

Կողմերը նաև իրար մեղադրում են երկրի շահերը դավաճանելու և արտաքին ուժերին ծառայելու մեջ:

Վերջապես Արաբական պետությունների լիգան ձևավորեց մի առաջարկություն, որը Բեյրութ բերեց այս կազմակերպության հատուկ բանագնաց` Սուդանի արտաքին գործերի նախարարը: Առաջարկության էությունն այն է, որ կողմերը դադարեցնում են իրար դեմ կատարվող գործողությունները, կազմվում է նոր կառավարություն, որի 30 աթոռներից 10-ը հատկացվում է ընդդիմությանը, մեկը` չեզոք կողմի առաջադրած թեկնածուին, մնացած 19-ը` իշխող մեծամասնությանը: Կառավարության այսպիսի կազմը հնարավորություն է տալիս «Հիզբալլահին» փակել այն որոշումների ճանապարհը, որոնց ընդունման համար անհրաժեշտ են նախարարների 2/3-ի ձայները:

Կողմերը համաձայնել են այս առաջարկության հետ, սակայն սրանով հարցերը, բնականաբար, չեն լուծվում:

Խնդիրն այն է, որ Լիբանանի ներքին հարցերի լուծումն այնքան սերտորեն է կապված այս երկրի վրա ազդեցություն ունեցող արտաքին ուժերից, որ դրանք կարող են լուծվել միայն այն դեպքում, եթե իրենց լուծումն են ստանում մրցակցող արտաքին ուժերի խնդիրները: Միացյալ Նահանգների Իրաքում խրված լինելու պատճառով` այս գերուժի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, ինչը հնարավորություն է տալիս այլ տերություններին և տարածաշրջանային պետություններին փորձել ամրապնդվել այստեղ:

Այսպես, Իրանը ձգտում է իր ազդեցությունը Լիբանանում դարձնել անհերքելի` «Հիզբալլահին» ապահովելով գործնական մասնակցություն պետության կառավարման համակարգում: Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի (յուրաքանչյուրը` իր դիրքից) համար իրանական, այսինքն` շիական ազդեցության աճը չափազանց վտանգավոր է թվում, քանի որ դրանով փաստորեն ավարտուն տեսք է ստանում Իրանի ազդեցության տակ գտնվող «գոտին», որն անջատում է Սաուդյան Արաբիան մնացած սուննիական արաբական աշխարհից և իսլամական աշխարհում առաջնորդի դերը ստանձնելու մրցակցության մեջ անբարենպաստ պայմանների մեջ դնում այս երկրները:

Մեծ տերություններից հատկապես Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան, իսկ վերջին շրջանում` նաև Իտալիան և Չինաստանը, ձգտում են օգտագործել իրավիճակը իրենց դիրքերը Միջին Արևելքում ամրապնդելու համար, և այս առումով նրանց դիրքորոշումը բավականին տարբերվում է Միացյալ Նահանգների դիրքորոշումից: Այս պետություններն ավելի հակված են հակամարտող կողմերի միջև միջնորդների դեր ստանձնելու:

Լիբանանյան խնդիրների լուծման բանալին, թերևս, գտնվում է Սիրիա–Իսրայել հարաբերությունների կարգավորման մեջ: Եթե Միացյալ Նահանգները, Սենատի և Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատական կուսակցության տարած հաղթանակից հետո, փոխեն իրենց քաղաքականությունը և փորձեն վերադարձնել այս երկու երկրները բանակցությունների սեղանի շուրջ` հիմնվելով Բարաք–Շիհաբի բանակցային գործընթացի արդյունքների և տրամաբանության վրա (այսինքն, լուծելով Գոլանի խնդիրը` վերադարձնելով այն Դամասկոսին, ինչի մասին կողմերն արդեն ձեռք էին բերել պայմանավորվածություն), ապա Սիրիան ինքնըստինքյան դուրս կմղվի Իրան–Սիրիա–«Հիզբալլահ» շղթայից, ինչը կկայունացնի Լիբանանի ներքին իրավիճակը:

Սակայն, որքանով որ կարելի է դատել Միացյալ Նահանգների նախագահի և Իսրայելի վարչապետի հայտարարություններից, նրանք այն քաղաքական դեմքերը չեն, որ նման բարդ և կամային որոշումներ կայացնեն:

Ուստի դեռ երկար ժամանակ Լիբանանում խաղաղությունը և կայունությունը կմնան «թեական» կատեգորիա:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր