• am
  • ru
  • en
Версия для печати
29.01.2007

Լիբանանյան զարգացումներ

EnglishРуский

   

Լիլիթ Հարությունյան

2006թ. նոյեմբերի 21-ին` Լիբանանում անկախության օրվա նախօրեին, սպանվեց հակասիրիական կողմնորոշման ևս մեկ քաղաքական գործիչ` արդյունաբերության նախարար Պիեր Ժմայելը1: Պատահական չէ, որ վերջինիս սպանությունը կանխորոշեց երկրում հակադիր ճամբարների և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորների միջև հակասությունների սրումը: Փորձենք ուրվագծել 2006թ. վերջին Լիբանանում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները:

Պիեր Ժմայելի հուղարկավորությունը (նոյեմբերի 23) վերաճեց սգո ցույցի, որին մասնակցեցին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու` Սաադ Հարիրիի գլխավորած հակասիրիական դաշինքում համախմբված «Մարտի 14-ի» ուժերը2: Նրանք Ժմայելի սպանության մեջ մեղադրեցին Դամասկոսին:

Սպանության հետևանքով երկրում ստեղծված լարվածությունն էլ ավելի ուժեղացավ, քանի որ հենց այդ օրերին լիբանանյան կառավարությունը` Ֆուադ Սինիորայի գլխավորությամբ, քննարկեց և հավանության արժանացրեց նոյեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդունված որոշումը: Այն նախատեսում էր Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանի կազմավորում3: Թեև լիբանանյան կառավարությունն արդեն իսկ հավանություն էր տվել միջազգային դատարան ստեղծելու որոշմանը, սակայն նախագահ Էմիլ Լահուդը, որն իր աջակցությունը հայտնեց ընդդիմադիր ճակատում համախմբված շիական Հիզբալլահ և Ամալ, ինչպես նաև նրանց հետ սերտորեն համագործակցող մարոնի գեներալ Միշել Աունի4 ղեկավարած Ազատ հայրենասիրական շարժումներին, հայտարարեց, որ կառավարության որոշումը ոչ սահմանադրական է, քանի որ ընդունվել է այն բանից հետո, երբ հրաժարական էին տվել 6 նախարարներ5: Նախագահն ու ընդդիմադիր ճակատի ղեկավարները պահանջեցին գործող կառավարության հրաժարականն ու ազգային միասնության կառավարության ձևավորումը:

2006թ. դեկտեմբերին Լիբանանում կատարված հարցումների համաձայն` շիաների 95, իսկ լիբանանյան քրիստոնյաների 50%-ը կողմնակից էր Ֆուադ Սինիորայի կառավարության հրաժարականի պահանջին: Մինչդեռ սուննիների 87%-ը, քրիստոնյաների 50%-ը և դրուզների մեծ մասն աջակցություն էր հայտնում կառավարությանը: Այս իրողությունները լավագույնս ի ցույց են դնում լիբանանյան հասարակության երկփեղկվածությունը:

ՄԱԿ ԱԽ անդամները ևս մտահոգված էին լիբանանյան կառավարության վերոնշյալ որոշման օրինականությամբ: Այս առիթով կասկածներ հայտնեցին, մասնավորապես, Կատարն ու Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն ԱԽ-ում ի հայտ եկած տարաձայնությունները հնարավոր եղավ հարթել, և լիբանանյան կառավարությանը հնարավորություն տրվեց ինքնուրույն լուծել ներքաղաքական խնդիրները:

Նշենք, որ Լիբանանում քաղաքական սպանությունների գործով միջազգային դատարան ստեղծելու ՄԱԿ ԱԽ որոշումը պետք է ստանա նաև լիբանանյան խորհրդարանի, ապա նաև երկրի նախագահի հավանությունը: Սակայն այդ հարցով խորհրդարանական նիստի գումարումը մինչև օրս հետաձգվում է տարբեր պատճառներով: Շիական Ամալ շարժման ղեկավար և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հրաժարվում է այդ հարցի քննարկման առնչությամբ գումարել խորհրդարանի նիստ:

Սաադ Հարիրիի ղեկավարած հակասիրիական իշխող դաշինքի համար դատարանի կազմավորման հարցը սկզբունքային է: Իսկ ընդդիմադիր սիրիամետ և իրանամետ դաշինքում համագործակցող շիական Ամալ և Հիզբալլահ, ինչպես նաև Ազատ հայրենասիրական շարժումների համար այն անընդունելի է: Դա է պատճառը, որ վերոնշյալ ուժերը փորձում են հնարավորինս հետաձգել երկրի խորհրդարանում (որտեղ հակասիրիական դաշինքն ունի մեծամասնություն) դատարանի կազմավորման հետ առնչվող ցանկացած հարցի քննարկումը: Հարիրիի սպանության հետաքննության հարցը երկրում 2006թ. վերջին սկսված ներքաղաքական ճգնաժամի (որը սպառնում է վերաճել զինված հակամարտության) սրման հիմնական պատճառներից է:

Լիբանանում քաղաքական ճգնաժամն էլ ավելի խորացավ, երբ ի պատասխան Ֆուադ Սինիորայի այն հայտարարության, որ կառավարությունը չի պատրաստվում հրաժարական տալ, Հիզբալլահ շարժման նախաձեռնությամբ երկրի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կազմակերպվեցին բազմահազարանոց ցույցեր և քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ:

«Մայրիների հակահեղափոխություն»

2006թ. հուլիս-օգոստոս ամիսների լիբանանա-իսրայելյան վերջին պատերազմը գլխավորապես կանխորոշեց լիբանանյան իշխանությունների շրջանում առկա հակասությունները: Իսրայելի բանակի նկատմամբ հարաբերական «հաղթանակ» տանելուց հետո Հիզբալլահ շարժման ղեկավար Հասան Նասրալլահը 2006թ. նոյեմբերից ձեռնամուխ եղավ 2005թ. «մայրիների հեղափոխության» արդյունքում երկրի ներքաղաքական կյանքում որոշակիորեն թուլացած իր դիրքերի ամրապնդմանը: Նա պահանջեց կառավարության նախարարական աթոռների 1/3-ը` հետևաբար նաև գործադիր մարմնի որոշումների վրա վետո դնելու իրավունք, ինչը, սակայն, մերժվեց: Ստեղծված իրավիճակում Հիզբալլահը փորձեց դիմել վերջին շրջանում տարբեր վարչակարգերի (այդ թվում նաև Լիբանանում) փոփոխման համար կիրառվող տարբերակին` խաղաղ հեղափոխության, որ հակված ենք անվանել «մայրիների հակահեղափոխություն»:

Ո՞ւմ է ձեռնտու իրավիճակի անկայունությունը Լիբանանում

Լիբանանում իրավիճակի սրումն, ինչպես միշտ, այդ երկրի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի նկատմամբ համաշխարհային տերությունների և նրանց տարածաշրջանային գործընկերների միջև պայքարի սրման արդյունք է: Հատկանշական է, որ հենց վերջին շրջանում ԱՄՆ-ում ավելի հաճախակի են խոսում Մերձավոր Արևելքում կայունության հաստատման նպատակով Սիրիայի և Իրանի հետ ուղղակի շփումներ հաստատելու մասին: Այդ գաղափարի հիմնական ջատագովներն ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրություններում հաղթանակ տարած դեմոկրատականներն են: Եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև մոտ ապագայում մերձեցման հեռանկարները դեռևս տեսանելի չեն, ապա Դամասկոսն այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի նշաններ է ցուցաբերում6:

Սիրիայի և ԱՄՆ դիրքորոշումների հնարավոր մերձեցումը, որպես հետևանք, կարող է հանգեցնել Իրանի դիրքերի թուլացմանը: Վերջինս կարող է զրկվել տարածաշրջանում իր հիմնական դաշնակցից: Այս տեսանկյունից Լիբանանում իրավիճակի սրումը որոշակիորեն բխում է Իրանի շահերից: Լիբանանում հնարավոր քաղաքացիական պատերազմի բռնկման պարագայում Վաշինգտոնի և Դամասկոսի միջև որևէ հնարավոր մերձեցումը կարող է անհնար դառնալ:

Միջազգային հանրության` լիբանանյան ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլերը

Լիբանանյան ճգնաժամի կարգավորման նպատակով նախ դեկտեմբերի 2-ին այդ երկիր ժամանեցին Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները: Հետաքրքրական է, որ եվրոպական դիվանագետների հետ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլեր ձեռնարկեց նաև Սաուդյան Արաբիան, ինչը նպաստեց ընդդիմադիր ուժերի ցույցերի դադարեցմանն ու քաղաքական հակասությունները փողոցից բանակցությունների մակարդակի տեղափոխելուն: Դեկտեմբերի 3-ին ճգնաժամի կարգավորման գործընթացին միացավ նաև Արաբական պետությունների լիգայի քարտուղար Ամր Մուսան:

Վերջին անգամ Արևմուտքի և Արևելքի ջանքերի նման համատեղում տեղի էր ունեցել 1990թ. հակասադամական դաշինքի ձևավորման ընթացքում: Թերևս այս անգամ համագործակցության հիմնական դրդապատճառը համեմատաբար չափավոր և ազատական Լիբանանում շիական արմատականության ակտիվացման սպառնալիքն է:

Բավական երկար ընդմիջումից հետո 2006թ. դեկտեմբերի կեսերին Ռուսաստանը ևս ստացավ Լիբանանում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում միջնորդական առաքելությամբ հանդես գալու իրական հնարավորություն: Դեկտեմբերի 14-ին Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան ժամանեց Ռուսաստան: Արևմտամետ կողմնորոշմամբ աչքի ընկնող լիբանանյան վարչապետի Մոսկվա այցելությունը խիստ հետաքրքրական էր: Լիբանանյան իշխանությունները քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով փորձեցին օգտագործել նաև Մոսկվայի և Դամասկոսի միջև վաղուց հաստատված գործընկերային հարաբերությունները, մանավանդ որ Սինիորայի այցին հաջորդելու էր դեկտեմբերի 19-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եռօրյա այցելությանը Մոսկվա:

Բեյրութում վստահ են, որ դժգոհության ալիքը կազմակերպում և ուղղորդում էին ինչպես Իրանից, այլնպես էլ Սիրիայից: Պատահական չէ, որ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հավաքված ցուցարարների շրջանում զգալի թիվ էին կազմում սիրիական հատուկ ծառայությունների աջակցությամբ կազմավորված խմբավորումները:

Մոսկվա այցելության ընթացքում Ֆուադ Սինիորան առաջարկեց հետևյալ փոխզիջումային տարբերակը. Լիբանանի հակասիրիական կառավարությունը հրաժարվում էր Դամասկոսի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, իսկ Սիրիան` Սինիորայի կառավարությունը տապալելու փորձեր հրահրելուց7:

Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ձեռնարկած վերջին միջնորդական առաքելությունները որևէ լուրջ հաջողություն չեն արձանագրել: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի համար ստեղծված ներկա իրողությունը միջազգային ասպարեզում սեփական նշանակությունը կարևորելու հարմար առիթ է: Թե ինչ հաջողություններ կկարողանա արձանագրել Մոսկվան, ցույց կտա ժամանակը:

Լիբանանահայերի ներկայացվածությունը քաղաքական հակադիր ճամբարներում

Հայերը Լիբանանի խորհրդարանում ընդհանուր առմամբ ունեն 6 պատգամավորական տեղ, որոնցից 4-ը (3-ը՝ առաքելական և 1-ը՝ կաթոլիկ) ընտրվում են Բեյրութի ընտրաշրջանից, իսկ մյուս երկուսը` Լեռնալիբանանի և Բեքաայի ընտրատարածքից:

Երկրի օրենսդիր մարմնում Բեյրութի ընտրաշրջանից խորհրդարան անցած բոլոր 4 հայ պատգամավորներն էլ ներգրավված են Սաադ Հարիրիի ղեկավարած դաշինքում: Դրանք են Հակոբ Քասարջյանը (Ռամկավար ազատական կուսակցություն), Եղիա Ճերեճյանը (Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն), անկախ պատգամավոր Ժան Օղասափյանը և հայ կաթոլիկ Սերժ Թուրսարգսյանը8:

Լեռնալիբանանի և Բեքաայի հովտի շրջաններից երկրի խորհրդարան ընտրված երկու հայ պատգամավորները ներկայացնում են ՀՅԴ-ն, որ սերտորեն համագործակցում է ընդդիմադիր ճակատում համախմբված ուժերի, հատկապես՝ Միշել Աունի ղեկավարած Ազատ հայրենասիրական շարժման հետ: Պատահական չէ, որ Լեռնալիբանանից ընտրված Հակոբ Բագրատունին ընդգրկված էր հենց Միշել Աունի ընտրացուցակում: Վերջին հայ պատգամավորը Ժորժ Քասարջին է, որը թեև կուսակցական չէ, սակայն սերտորեն համագործակցում է ՀՅԴ-ի հետ:

Թեև լիբանանահայ քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ըստ իրենց կողմնորոշման համագործակցում են երկրի տարբեր ուժերի և խմբավորումների հետ, այդ թվում նաև հակադիր, սակայն հայ համայնքն ընդհանուր առմամբ, իր շահերից ելնելով, փորձում է հավատարիմ մնալ դեռևս 1975թ. բռնկված քաղաքացիական պատերազմի ընթացքում որդեգրած «դրական չեզոքության» քաղաքականությանը:

Հետևություններ

  1. Լիբանանում 2006թ. վերջին սրված ներքաղաքական ճգնաժամը տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուժերի միջև պայքարի սրման հետևանք է:
  2. Քաղաքական ճգնաժամն ունի նաև ներքին պատճառներ. ա) Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանի կազմավորման հարցում երկրի հակադիր քաղաքական ճամբարներում առկա իրարամերժ դիրքորոշումները, բ) 2006թ. հուլիս-օգոստոս ամիսների լիբանանա-իսրայելյան պատերազմում «որոշակի հաջողություններ» ունենալուց հետո Հիզբալլահ շարժումը փորձում է օգտագործել լիբանանյան հասարակության որոշ շրջանակներում վայելած ժողովրդականությունն ու մեծացնել քաղաքական ազդեցությունը և ներգրավվածությունը երկրի կառավարման մարմիններում:
  3. Միջազգային հանրության ջանքերի համատեղմամբ 2006թ. դեկտեմբերին հնարավոր եղավ հասնել երկրում իրավիճակի ժամանակավոր հանդարտեցման: Սակայն ճգնաժամի առաջացման պատճառներն ու դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրները մնում են չլուծված: Երկրի ընդդիմադիր ուժերն այսօր էլ սպառնում են սկսել ժամանակավորապես դադարեցված քաղաքացիական անհնազանդության միջոցառումների երկրորդ փուլը, որը ներառելու է համընդհանուր գործադուլ, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի առանց այդ էլ զգալի վնասներ կրած տնտեսության համար:

1 Լիբանանի կառավարման հիմքում դրված կրոնադավանական համակարգի համատեքստում դեռևս զգալի դեր են խաղում կրոնատոհմային ընտանիքները: Նրանց շարքում ազդեցիկ դիրքեր ունի քրիստոնյա մարոնի Ժմայելների ընտանիքը: Պիեր Ժմայել ավագը (սպանվածի պապը) «Լիբանանյան փաղանգներ» («Քաթաիբ») կուսակցության հիմնադիրն էր, իսկ հորեղբայրն ու հայրը եղել են երկրի նախագահներ: 1975թ. Պիեր Ժմայել ավագի դեմ իրականացված հարձակմանը հետևած իրադարձությունները սկիզբ դրեցին Լիբանանում երկարատև քաղաքացիական պատերազմին, իսկ 1982թ. սեպտեմբերի 14-ին նորընտիր նախագահ Բաշիր Ժմայելի (սպանվածի հորեղբայրը) սպանությանը հետևեց իսրայելցիների կողմից արևմտյան Բեյրութի գրավումն ու պաղեստինյան փախստականների Սաբրա և Շաթիլա ճամբարներում հազարավոր պաղեստինցիների սպանությունը:

2 Հակասիրիական դաշինքում համագործակցում են Սաադ Հարիրիի գլխավորած «Ապագա» (արաբերեն` «Ալ-Մուսթակբալ») շարժումը, հիմնականում դրուզներից կազմված Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը, որի ղեկավարն է Վալիդ Ջումբլաթը, մարոնիական որոշ ուժեր և այլն:

3 ՄԱԿ ԱԽ-ում ներկայացված 15 երկրները միաձայն քվեարկեցին դատարանի ստեղծման օգտին: Դատարանի կազմավորման ողջ պատասխանատվությունը դրվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի և լիբանանյան կառավարության վրա: Որոշման համաձայն` դատարանի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների մի մասը տրամադրվելու է ՄԱԿ բյուջեից, իսկ մյուս մասը ներդնելու է լիբանանյան կառավարությունը: Դատարանի անաչառության պահպանման նպատակով այն կազմավորվելու է Լիբանանից դուրս` կամ Կիպրոսում, կամ Իտալիայում և կազմված է լինելու 3 դատավորից` 2-ն օտարազգի և 1-ը` լիբանանցի: Ստեղծվելու է նաև վերաքննիչ պալատ, որը կազմված կլինի 2 լիբանանցի և 3 օտարազգի դատավորներից:

4 Հետաքրքրական է, որ դեռևս 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Լիբանանում սեփական ազդեցության ուժեղացման և մարոնիների շրջանում մենիշխանության հաստատման նպատակով Միշել Աունը երկրի տարածքից սիրիական զորքերի դուրսբերման կարգախոսով «Սիրիայից ազատագրման» պատերազմ նախաձեռնեց, սակայն պարտություն կրելուց հետո ստիպված եղավ 1990թ. հոկտեմբերին լքել Լիբանանի տարածքը և հաստատվել Ֆրանսիայում: Աունը հնարավորություն ստացավ վերադառնալ Լիբանան միայն 2005թ. մայիսի 7-ին` նույն թվականի փետրվարի 14-ին Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հետևած զարգացումների արդյունքում Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերումից հետո:

5 Հրաժարական տված նախարարներից հինգը շիական Հիզբալլահ շարժման անդամներ էին, իսկ մեկը քրիստոնյա էր, որ ներկայացնում էր Միշել Աունի ղեկավարած Ազատ հայրենասիրական շարժումը:

6 Այդ տեսանկյունից հետաքրքրական էր նոյեմբերի վերջին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմի Բաղդադ այցելությունը, որի ընթացքում Դամասկոսն առաջին անգամ ճանաչեց Իրաքի հետսադամական կառավարությունը:

7 Մոսկվան խիստ շահագրգռված է իր հնարավոր միջնորդական առաքելությամբ: Ռուսաստանը վաղուց նպատակ է հետապնդում հրավիրել մերձավորարևելյան հակամարտության կարգավորման միջազգային համաժողով, որտեղ 1991թ. մադրիդյան համաժողովի օրինակով բանակցությունների սեղանի շուրջ կարող են հավաքվել հակամարտող բոլոր կողմերը` Լիբանանը, Սիրիան, հնարավոր է նաև Իրանը, Պաղեստինյան ինքնավարությունն ու Իսրայելը:

8 Հայ հեղափոխական դաշնակցությունը բոյկոտեց 2005թ. Բեյրութի ընտրությունները` բողոքելով գործող ընտրական օրենքի դեմ: Ըստ 2000թ. ընտրական օրենքի` ընտրություններում Լիբանանի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են բոլոր դավանանքներին պատկանող լիբանանցիների ձայներով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր