ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
Վերջին երկու ամիսներին Լիբանանի հյուսիսում, մասնավորապես` Տրիպոլի քաղաքի շրջակայքում գտնվող Նահր ալ-բարիդ պաղեստինյան փախստականների ճամբարի մատույցներում, լիբանանյան անվտանգության ուժերի եւ «Իսլամական ֆաթհ» (արաբերեն` «Ֆաթհ ալ-իսլամ») խմբավորման գրոհայինների միջեւ ընթացող զինված բախումները միջազգային հանրության ուշադրությունը կրկին սեւեռեցին այդ երկրում ընթացող զարգացումների վրա: 2006թ. «Իսլամական ֆաթհ» խմբավորման շուրջ 500 գրոհային հաստատվեց Նահր ալ-բարիդ պաղեստինյան փախստականների ճամբարում, որտեղ բնակվում էր շուրջ 40 հազ. պաղեստինցի:
1990թ. Լիբանանում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո վերոնշյալ ընդհարումները, թերեւս, իսլամականների հետ առաջին լուրջ բախումներն էին, որոնք երկրի իշխանություններին կրկին հիշեցրին իսլամական ծայրահեղականների ակտիվացման վտանգի մասին: Վերջիններս համախոհներ ունեն ոչ միայն հիմնականում սուննիաբնակ Տրիպոլիում, այլ նաեւ երկրի մյուս քաղաքներում ու դրանցում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարներում:
Ըստ 1969թ. Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) եւ լիբանանյան իշխանությունների միջեւ կնքված Կահիրեի համաձայնագրի` Լիբանանի տարածքում գտնվող շուրջ 15 պաղեստինյան փախստականների ճամբարները (որոնցում բնակվում է տարբեր տվյալներով 350-450 հազ. փախստական) դե-յուրե հանձնվեցին պաղեստինցիների վերահսկողությանը: 1969թ. ի վեր լիբանանյան իշխանությունները չեն միջամտել այդտեղ ընթացող գործընթացներին, երկրի անվտանգության ուժերը չեն թափանցել ճամբարների տարածք, ինչը լավագույնս օգտագործեցին «Իսլամական ֆաթհի» գրոհայինները:
«Իսլամական ֆաթհի» գործունեությունը դատապարտում են ինչպես Լիբանանի իշխող «Մարտի 14-ի ուժերի» բոլոր ղեկավարները, այնպես էլ սիրիամետ եւ իրանամետ ընդդիմադիր ճակատի հիմնական ուժերը, որոնք դեռեւս մայիսի 21-ին` ի դեմս շիական ծայրահեղական «Հիզբալլահ» շարժման, հայտարարեցին, որ լիբանանյան բանակի դեմ ցանկացած ագրեսիա հարված է` ուղղված նաեւ երկրի կայունությանն ու անվտանգությանը: Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին լիբանանյան բանակի գործողություններին:
«Իսլամական ֆաթհ» խմբավորումը սերում է սիրիամետ «Ընդվզող ֆաթհ» (արաբերեն` «Ֆաթհ ալ-ինթիֆադա») կազմակերպությունից, որից այն առանձնացավ 2006-ին: Իր հերթին, «Ընդվզող ֆաթհը», որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դամասկոսում, մտնում էր «Ֆաթհ» պաղեստինյան կազմակերպության մեջ, որից անջատվեց 1983թ.:
«Իսլամական ֆաթհ» խմբավորման կազմավորման եւ այն հովանավորող ուժերի վերաբերյալ շրջանառվում են մի քանի տեսակետներ: Առաջինի համաձայն` «Իսլամական ֆաթհը» սերտ կապեր ունի «Ալ-կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, որի կայքէջում էլ հաճախ տեղադրում է իր հայտարարությունները: Խմբավորման ղեկավարությունը, սակայն, հերքում է իր կապը «Ալ-կաիդայի» հետ:
Երկրորդ տեսակետի համաձայն, որ կիսում են նաեւ մի շարք լիբանանյան քաղաքական ուժեր, կազմակերպությունը ստեղծվել է սիրիական հատուկ ծառայությունների աջակցությամբ եւ գաղտնի կերպով ուղղորդվում է Դամասկոսից: Ըստ էության, Սիրիան դեմ չէր լինի Լիբանանում (որը Դամասկոսն ավանդաբար համարում է «Մեծ Սիրիայի» անբաժան մասը) ունենալ սիրիամետ եւս մեկ դաշնակից` հանձին սուննի ծայրահեղական «Իսլամական ֆաթհ» կազմակերպության: Սակայն տվյալ դեպքում պաշտոնական Բեյրութը ձեռնպահ է մնում Դամասկոսին Լիբանանի ներքին գործերին միջամտելու ուղղակի մեղադրանքներ առաջադրելուց: Իրենց հերթին, սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են կազմակերպության հետ առնչությունը:
Մեկ այլ տեսակետի համաձայն, որն առաջ քաշեց New Yorker-ի լրագրող Սեյմուր Հերշը, լիբանանյան կառավարությունն ինքն է աջակցել սուննիական «Ֆաթհ ալ-իսլամի» կազմավորմանը` նպատակադրվելով օգտագործել այն Լիբանանում զգալի կշիռ ունեցող ընդդիմադիր «Հիզբալլահ» շիական խմբավորման դեմ: Այս տեսակետը պաշտպանեց նաեւ Բեյրութի Ամերիկյան համալսարանի դոկտոր Ֆրանկլին Լեմբը: Վերջինիս պնդմամբ` խմբավորման կազմավորման փուլում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեւիդ Վելշը բանակցություններ էր վարում սաուդցիների եւ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու` Սաադ Հարիրիի հետ, որոնց նպատակն էր համոզել լիբանանյան կառավարությանն աջակցություն ցույց տալ «Ֆաթհ ալ-իսլամին», քանի որ այն հետագայում կարող էր հակակշիռ դառնալ «Հիզբալլահին»:
«Իսլամական ֆաթհ» խմբավորման ղեկավարը պաղեստինցի Շակիր Ալ-Աբսին է, ով սերտ կապեր ունի Սիրիայի հատուկ ծառայությունների հետ: 2004թ. հորդանանյան դատարանը հեռակա կարգով նրան դատապարտեց մահվան` ամերիկացի դիվանագետ Լորենս Ֆոլի սպանության կազմակերպման մեղադրանքով: Հորդանանյան իշխանությունները դիմեցին Դամասկոսին` Գոլանում ռազմական գործողություն ծրագրելու եւ զենքի անօրինական վաճառքով զբաղվելու մեղադրանքով Սիրիայում բանտարկված Ալ-Աբսիին հանձնելու խնդրանքով, սակայն սիրիական իշխանությունները մերժեցին: 2005թ. բանտից ազատ արձակվելուց հետո նա մեկնեց Իրաք, որտեղ պայքարում էր կոալիցիոն ուժերի դեմ: 2006թ. Ալ-Աբսին հաստատվեց Լիբանանում, որտեղ մի քանի համախոհների հետ Բեքաայի հովտում հիմնեց ռազմական պատրաստության ճամբար: Այստեղ մարտական պատրաստություն անցած մարտիկներն էլ 2006թ. համալրեցին «Ֆաթհ ալ-իսլամի» շարքերը:
Լոնդոնյան «Ալ-հայաթ» թերթը նշում է, որ «Իսլամական ֆաթհը» չի կարող համարվել բացառապես պաղեստինյան կազմակերպություն: «Այն խառը խմբավորում է, որում ներկայացված են ինչպես պաղեստինցիներ, այնպես էլ արաբական այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ լիբանանցիներ: Կազմակերպության շարքերում պաղեստինցիների քանակը չի գերազանցում 30%-ը: Նրանցից ոմանք ունեն Բաղդադում եւ Իրաքի այլ շրջաններում ամերիկացիների եւ շիաների հետ զինված պայքարի փորձ»:
Վերոնշյալ թերթի պնդմամբ` կազմակերպության իսլամական անվանումը հնարավորություն է տալիս նրա ղեկավարներին հրապարակել ֆեթվաներ, որոնք խմբավորման գրոհայիններին թույլ են տալիս հարձակումներ իրականացնել լիբանանյան բանկերի եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների վրա: Հարձակումներից ստացված միջոցներն ուղղվում են ինչպես ճամբարների փախստականներին աջակցություն ցույց տալուն, այնպես էլ «անհավատների եւ իսլամի դրույթներից շեղվածների դեմ ջիհադի իրականացմանը»: Սակայն հարձակումներից ստացված միջոցների զգալի մասն ուղղվում էր Լիբանանի հյուսիսում «Իսլամական ֆաթհի» ռազմական հենակետերի ամրապնդմանը:
«Իսլամական ֆաթհի» գրոհայինների եւ լիբանանյան բանակի միջեւ ընթացող հակամարտության ողջ ընթացքում խմբավորման ղեկավարությունը փորձում է ստանալ Լիբանանում գործող այլ պաղեստինյան խմբավորումների աջակցությունը, որոնց մեծ մասը, սակայն, օժանդակություն է հայտնել կառավարության գործողություններին: Միակ պաղեստինյան կազմակերպությունը, որն աջակցություն հայտնեց «Ֆաթհ ալ-իսլամին» ծայրահեղական «Դամասկոսի մարտիկներ» (արաբերեն` «Ջունդ ալ-շամ») խմբավորումն էր: Այն փորձեց «Իսլամական ֆաթհի» եւ լիբանանյան իշխանությունների միջեւ հակամարտության սահմաններն ընդլայնել` դրանում ներգրավելով նաեւ Սիդոնի մոտ գտնվող Այն ալ-հիլվե ճամբարը: Հունիսի 3-ին «Ջունդ ալ-շամի» մարտիկները հարձակվեցին Այն ալ-հիլվե ճամբարի մոտ տեղակայված լիբանանյան բանակի պահակակետի վրա: Արդյունքում` սպանվեց 2 զինծառայող, վիրավորվեց 5-ը: Գրոհայինների շրջանում զոհերի թիվը 2-ն էր: Լիբանանյան բանակին հաջողվեց կանխել բախումների հետագա խորացումը:
Հետաքրքրական է, որ երբ մայիսի վերջին լիբանանյան իշխանությունները հայտարարեցին, թե պատրաստվում են գրոհել Նահր ալ-բարիդ ճամբարը, «Հիզբալլահի» ղեկավար Հասան Նասրալլահը լիբանանյան իշխանություններին կոչ արեց ձեռնպահ մնալ գրոհից: Նա զգուշացրեց, որ գրոհի արդյունքում Լիբանանը կարող է ներքաշվել իսլամականների հետ պատերազմի մեջ` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Լիբանանյան «Ալ-նահար» թերթի պնդմամբ` «Ֆաթհ ալ-իսլամը» ծրագրել էր «սեպտեմբերի 11-ի սցենարով» ահաբեկչական գործողություններ իրականացնել Բեյրութում արեւմտյան դեսպանատների եւ զբոսաշրջության կենտրոնների դեմ: Այս տվյալները ստացվել էին «Ֆաթհ ալ-իսլամի» ձերբակալված գրոհայինների հարցաքննությունների արդյունքում: Թերթը նշում էր նաեւ, որ Տրիպոլիի հյուսիսում հայտնաբերվել է պայթուցիկներով լեցուն պահեստ, որոնք բերվել էին Սիրիայից` ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հունիսի սկզբին, գրոհայինների հետ բանակցությունների ձախողման պայմաններում, լիբանանյան իշխանություններն, այնուամենայնիվ, որոշեցին գրոհել Նահր ալ-բարիդ ճամբարը: Արդյունքում` սպանվեց նաեւ «Ֆաթհ ալ-իսլամի» ղեկավարներից մեկը` Նաիմ Դիբ Ղալին:
Հունիսի 20-ին լիբանանյան բանակը վերահսկողություն հաստատեց Նահր ալ-բարիդի, այսպես կոչված, նոր շրջանի նկատմամբ: «Ֆաթհ ալ-իսլամի» գրոհայինները շրջափակման մեջ հայտնվեցին ճամբարի հին շրջանում: Պարտությունից խուսափելու նպատակով իսլամականները միջնորդի դեր ստանձնած պաղեստինյան կազմակերպությունների միջոցով լիբանանյան իշխանություններին տեղեկացրին, որ պատրաստ են բանակցել վերջիններիս հետ:
Կառավարությունը, սակայն, հայտարարեց, որ այլեւս հակված չէ բանակցել գրոհայինների հետ եւ առաջարկեց զենքը վայր դնել ու հանձնվել իրավապահ մարմիններին: Հակառակ դեպքում իշխանությունները մտադիր են պարբերական գրոհների արդյունքում վերջնականապես ոչնչացնել խմբավորման գրոհայիններին:
Հուլիսի 12-ին լիբանանյան բանակը կրկին լայնածավալ գրոհի ենթարկեց Նահր ալ-բարիդի հին շրջանը` փորձելով որոշիչ հարված հասցնել գրոհայիններին: Հուլիսի կեսի տվյալներով` շուրջ երկու ամիս շարունակվող հակամարտության արդյունքում արդեն իսկ սպանվել է 200 մարդ, որից մոտ 100-ը` լիբանանյան բանակի զինվորներ: Ճամբարի ավելի քան 35 հազ. բնակիչ լքել է Նահր ալ-բարիդը:
Թեեւ լիբանանյան իշխանություններին չհաջողվեց վերջնականապես ճնշել «Ֆաթհ ալ-իսլամի» գրոհայինների գործողությունները, սակայն պաշտոնական Բեյրութը հաջողեց թույլ չտալ ռազմական գործողությունների ընդլայնում պաղեստինյան փախստականների այլ ճամբարներում եւ խուսափել երկրի պաղեստինյան համայնքի հետ հակասությունների սրումից:
Պաղեստինյան ծայրահեղականների գործողությունները նպատակ են հետապնդում վերադարձնել մինչեւ 1982թ. իսրայելյան ներխուժումը (որի արդյունքում ՊԱԿ-ն իր կառույցներով դուրս բերվեց Լիբանանից) երկրում պաղեստինցիների ունեցած զգալի կշիռը եւ կրկին դառնալ Լիբանանի ներքաղաքական կյանքի ակտիվ դերակատար` ձգտելով գտնել տարածաշրջանային որեւէ ուժի աջակցությունը:
Վերջին շրջանում թեեւ Սիրիային հաջողվել էր որոշակիորեն բարելավել հարաբերություններն ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի հետ, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տվյալ փուլում ձեռնտու չէ Լիբանանի հետ հարաբերությունների հերթական սրումը, սակայն բացառված չէ, որ սիրիական որոշ ուժեր շահագրգռված են լիբանանա–սիրիական հարաբերությունների վերստին սրմամբ եւ հովանավորում են «Իսլամական ֆաթհի» գրոհայիններին:
Պաշտոնական Դամասկոսը շարունակում է հերքել իր կապը ընդհանրապես Լիբանանում ընթացող զարգացումների հետ: Սակայն հետաքրքրական է, որ «Ֆաթհ ալ-իսլամի» գործողությունների ակտիվացումը համընկավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի` Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանի կազմավորման գործընթացին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԼԻԲԱՆԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ[26.06.2008]
- Զարգացումներ պաղեստինյան ինքնավարությունում[12.03.2007]
- Լիբանանյան զարգացումներ[29.01.2007]