Զարգացումներ պաղեստինյան ինքնավարությունում


2007թ. սկիզբը Պաղեստինյան ինքնավարությունում նշանավորվեց միջպաղեստինյան բախումների ակտիվացմամբ, որոնք ընթանում էին չափավոր «Ֆաթհ»1 և առավել ծայրահեղական «Համաս»2 կազմակերպությունների կողմնակիցների միջև: Փետրվարի 5-ի տվյալներով՝ հակամարտող կողմերի միջև դաժան բախումների արդյունքում սպանվել էր ավելի քան 27 և վիրավորվել 230-ից ավելի մարդ: Միայն հունվար ամսվա ընթացքում չեղյալ էր հայտարարվել Պաղեստինում զինադադարի հաստատման 9 համաձայնագիր, այդ թվում նաև՝ Դամասկոսի ակտիվ միջամտությամբ կնքված:
Ստորև փորձել ենք ուրվագծել 2007թ. սկզբին Պաղեստինյան ինքնավարությունում ընթացող զարգացումները, ինչպես նաև դրանց պատճառներն ու անդրադարձը` հատկապես պաղեստինա-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, որ ներկայումս ընթանում է միջազգային «քառյակի»` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպական Միություն և ՄԱԿ, հովանու ներքո:
Ռազմական բախումներ «Ֆաթհ» և «Համաս» խմբավորումների միջև
Դեռևս այս տարվա հունվար ամսին միջպաղեստինյան բախումների դադարեցման և ինքնավարությունում խաղաղության հաստատման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկեց Սիրիան: Պատահական չէ, որ հունվարի 13-ին ժամանակավորապես Դամասկոսում բնակվող «Համասի» քաղաքական ղեկավար Խալեդ Մաշալի հետ հերթական բանակցությունների համար Սիրիա ժամանեցին Պաղեստինյան ինքնավարության և «Ֆաթհի» նախագահ Մահմուդ Աբասի բանագնացները` ինքնավարության օրենսդիր ժողովի անկախ պատգամավոր Զաիդ Աբու Ամրը և Մուհամեդ Ռաշիդը, ով ՊԱԿ-ի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի խորհրդականն էր:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նախնական համաձայնություններ, որոնք արդեն հունվարի 21-ին քննարկվեցին Աբասի և Մաշալի հանդիպման ընթացքում: Կողմերը պայմանավորվեցին հետագա 2 շաբաթվա ընթացքում ավարտել ազգային միասնության կառավարության կազմավորման համար նախատեսվող բանակցությունները, ինչը միտված էր միջպաղեստինյան բախումների դադարեցմանն ու Պաղեստինում խաղաղության վերահաստատմանը:
Սակայն Դամասկոսում ընթացող բանակցություններն այդպես էլ չնպաստեցին ինքնավարությունում կրակի վերջնական դադարեցմանը: Հունվարի 27-28-ին «Համասի» և «Ֆաթհի» կողմնակիցների միջև բախումները նոր թափ ստացան: Հատկապես դաժան բախումներ էին տեղի ունենում Ղազա քաղաքում, որն աստիճանաբար նմանվում էր Բաղդադին:
Բախումների հաջորդ օրը` հունվարի 29-ի երեկոյան, Իսրայելում վերջին մի քանի ամիսների ընքացքում առաջին անգամ իրականացվեց ահաբեկչական գործողություն: Պաղեստինյան գրոհայինները պայթյուն իրականացրին իսրայելական Էյլաթ հանգստավայրում` Կարմիր ծովի ափին: Ամենայն հավանականությամբ ահաբեկչական գործողությունը նպատակ ուներ շեղել «Ֆաթհի» և «Համասի» ուշադրությունը միջպաղեստինյան հակամարտությունից և այն կրկին կենտրոնացնել արտաքին թշնամու` Իսրայելի դեմ պայքարի վրա:
Փետրվարի 4-ին Ղազայում հարձակում իրականացվեց Մահմուդ Աբասի նստավայրի վրա3: Կրակահերթի արդյունքում, որի համար «Ֆաթհը» մեղադրեց «Համասի» ղեկավարությանը, զոհեր չկային: Հակամարտության ընթացքում համասականներն իրենց վերահսկողությունը հաստատեցին Ղազայի հատվածի անցակետերի նկատմամբ, ինչը ռազմավարական տեսանկյունից ամրապնդեց նրանց դիրքերը:
Բախումների այդ շղթան սկսվեց դեռևս փետրվարի 1-ի երեկոյան, երբ համասականներն Ալ-Բուրեիջ արվարձանում հարձակում իրականացրին ինքնավարության նախագահական զորամիավորման մարտիկների ուղեկցությամբ անցնող մեքենաների վրա: «Համասի» ղեկավարությունը փաստարկեց, որ մեքենաները տեղափոխում էին զենք` նախատեսված «Ֆաթհի» ծրագրած հեղաշրջման համար4: Հարձակման արդյունքում նախագահական զորամիավորումը կորցրեց 5 մարդ:
Ի պատասխան՝ «Ֆաթհի» մարտիկները գրոհեցին Ղազայում Իսլամական համալսարանը, որը «Համասի» հենակետերից է: «Ֆաթհի» տվյալներով՝ համալսարանում հայտնաբերվեց «Կասսամ» հրթիռների արտադրության արհեստանոց, ինչպես նաև գրեթե 1.500 հրաձիգ:
«Ֆաթհը» տեղեկացրեց, որ ձերբակալվել է Իրանի 7 քաղաքացի, որոնք աշխատել էին «Համասի» մարտիկների պատրաստման ռազմական դպրոցում:
Հակամարտության ընթացքում «Համասի» մարտիկներն ակտիվորեն օգտագործում էին շարժմանը բնորոշ գերիներ վերցնելու գործելաոճը: Փետրվարի 4-ին գերի վերցվեց Ղազայում «Ֆաթհի» ամենաազդեցիկ ղեկավարներից մեկի` Մուհամեդ Դահլանի զարմիկը: «Ֆաթհի» ներկայացուցիչները պնդում են, որ համասականներն արդեն գերի են վերցրել շուրջ 40 մարդ:
Զարգացումները Պաղեստինում. Իսրայելի դիրքորոշումը
Պաղեստինում ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել Իսրայելում: Անհանգստության հիմնական պատճառն այն է, որ միջպաղեստինյան բախումները կրկին կարող են նպաստել հակաիսրայելյան ահաբեկչության բռնկմանը: Ինչպես պնդում էր իսրայելյան «Haaretz» թերթը` իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում` «Համասի» հնարավոր հաղթանակի և Ղազայում վերջինիս միանձնյա վերահսկողության հաստատման պայմաններում, Իսրայելը, նաև չափավոր «Ֆաթհին» աջակցություն ցույց տալու նպատակով, նախատեսում էր ռազմական գործողության իրականացում ինքնավարության տարածքում:
Ինչպես նշում է իսրայելյան Debka ինտերնետային կայքը, հաշվի առնելով լիբանանյան փորձը՝ զինվորականները Ղազայի հատվածում հնարավոր որևէ գործողություն իրականացնելու պարագայում առաջին անգամ նախատեսում են իսրայելական բնակչության ամբողջությամբ տեղահանում սահմանային շրջաններից: Դա առաջնահերթ վերաբերում է Սդերոտ քաղաքին, որը գտնվում է Ղազայի հետ անմիջական սահմանի մոտ և կարող է դառնալ հարմար թիրախ պաղեստինյան գրոհայինների համար:
«Համասը» դեռևս չի հրաժարվել Իսրայելի ոչնչացման գաղափարից, ուստի նրա հաղթանակը հղի է մի շարք հետևանքներով` ինչպես Իսրայելի անվտանգության, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսանկյունից: «Համասը» կարող է վիժեցնել «Ֆաթհի» և Իսրայելի միջև նախկինում հաստատված ժամանակավոր զինադադարը:
«Մեքքայի համաձայնագիրը»
Փետրվարի 8-ին Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Մեքքայում ընթացող բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց պաղեստինյան «Ֆաթհ» և «Համաս» կազմակերպությունների միջև, որ ստացավ «Մեքքայի համաձայնագիր» անվանումը: Այն միտված է միջպաղեստինյան բախումների դադարեցմանը:
Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում դրված էր չորս հարց.
- ազգային միասնության կառավարության կազմավորում,
- արյունահեղության դադարեցում և ներքին հակասությունների լուծում,
- «Ֆաթհի» և «Համասի» միջև քաղաքական համագործակցության ամրապնդում,
- «Ֆաթհի» վերակազմավորում (առանձին տեսակետների համաձայն` «Համասի» քաղաքական ղեկավար Խալեդ Մաշալը կարող է դառնալ ՊԱԿ-ում Մահմուդ Աբասի տեղակալը):
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով կազմավորվեցին առանձին հանձնաժողովներ, որոնք պետք է մշակեն գործողությունների հետագա ծրագիրը: Պաղեստինցիները հույս ունեն, որ նոր կառավարության կազմավորումը կնպաստի Իսրայելի հետ երկխոսության վերսկսմանը և հնարավորություն կտա դուրս գալ միջազգային մեկուսացումից:
Ինչպես հայտնի է, Արևմուտքն ու Իսրայելը հրաժարվել էին համագործակցել 2006թ. մարտին կազմավորված պաղեստինյան կառավարության հետ` հաշվի առնելով Իսրայելի նկատմամբ «Համասի» հայտնի դիրքորոշումը։
Ըստ ձեռք բերված համաձայնության` ազգային միասնության կառավարությունը կրկին գլխավորելու է «Համասը» ներկայացնող Իսմայիլ Հանիյան:
Իսրայելի և միջազգային «քառյակի» դիրքորոշումը «Մեքքայի համաձայնագրի» նկատմամբ
Փետրվարի 11-ին Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ հրեական պետությունը հազիվ թե հավանություն տա համաձայնագրին: Փաստաթուղթը շրջանցում է միջազգային «քառյակի» դեռևս 2006թ. «Համասին» ուղղված երեք հիմնական պահանջները` հրաժարում ահաբեկչությունից, ավելի վաղ կնքված պաղեստինա-իսրայելյան համաձայնագրերի, ինչպես նաև Իսրայելի գոյության իրավունքի ճանաչում:
Համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ անց Պաղեստինի վարչապետի քաղաքական խորհրդական Ահմադ Յուսուֆը հայտարարեց, որ Իսրայելի ճանաչման հարցը դրված չէր Մեքքայի բանակցություններում` հակառակ «քառյակի» ճնշումներին:
Այդուհանդերձ, պաղեստինյան ծայրահեղականները հույս ունեն, որ նույնիսկ նման պայմաններում կարող են հասնել պատժամիջոցների վերացմանը, որոնց կիրառման արդյունքում ինքնավարությունը հայտնվել է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամում:
Կազմավորվող ազգային միասնության կառավարությունն իր առաջնահերթ խնդիրը համարում է Արևմուտքի ֆինանսական աջակցության վերականգնումը, ինչից կախված են Պաղեստինի բյուջեի հիմնական մուտքերը: Ահմադ Յուսուֆը նշեց, որ վերանայման կարիք ունի Պաղեստինի կառավարության «Համասի» անդամներին բոյկոտելու «քառյակի» քաղաքականությունը, ինչը լարվածություն է առաջացնում` նպաստելով ինքնավարությունում նոր հակամարտության առաջացմանը:
Մեքքայում բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանը շտապեց հայտարարել, որ Պաղեստինում ազգային միասնության կառավարության կազմավորման համաձայնագիրը դրական քայլ է և կարելի է քննարկել պատժամիջոցների դադարեցման հարցը: Սակայն «քառյակի» մյուս անդամները, որ ինքնավարության հիմնական դոնորներն են, չեն կիսում այդ տեսակետը:
Եթե «Համասը» առաջիկայում զիջումների չգնա, ապա Արևմուտքը ստիպված կլինի նոր պահանջներ ներկայացնել վերջինիս: Մինչ այդ Իսմայիլ Հանիյան պետք է ստանձնի ազգային միասնության կառավարության ձևավորումը, որում ուժային և արտաքին գործերի նախարարությունները կգլխավորեն անձինք, ովքեր չեն ներկայացնում հակամարտող կուսակցությունները: Կառավարության կազմում կներգրավվեն նաև «Ֆաթհի» մի քանի ազդեցիկ անդամներ: Պայմանավորվածության համաձայն` «Ֆաթհը» կստանա 5, իսկ «Համասը»՝ 8 նախարարական աթոռներ` ներառելով էկոնոմիկայի, աշխատանքի և արդարադատության նախարարությունները: Մասնավորապես, ֆինանսների նախարարի պաշտոնը կստանձնի Սալամ Ֆայադը, որն ազդեցիկ կապեր ունի Արևմուտքում, հատկապես` ԱՄՆ-ում: Սակայն արդյո՞ք այդ կապերը միայն բավարար կլինեն վերականգնելու Պաղեստինին Արևմուտքի կողմից տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ ցույց կտա ժամանակը:
Եռյակ բանակցություններ
Փետրվարի 19-ին Երուսաղեմում տեղի ունեցան այդքան սպասվող եռակողմ բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, ՊԻ նախագահ Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի մասնակցությամբ։ Ինչպես նշում է փորձագետների մեծ մասը, հանդիպման նպատակը հենց ինքը` հանդիպումն էր։ Կողմերը վերստին նշեցին, որ հակված են արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանը։
Չնայած Ռայսն այն անվանեց արդյունավետ և դրական, սակայն բանակցությունները որևէ բեկում չմտցրին մերձավորարևելյան հակամարտության կարգավորման մեջ։ Ինքնավարությունում Ռայսի այցելությունը ձախողված են համարում։ Իսմայիլ Հանիյայի գնահատմամբ` ամերիկյան վարչակազմը պետք է փոխի պաղեստինցիների վրա ճնշում գործադրելու իր ձախողված դիրքորոշումը։
Այսպիսով`
- 2007թ. սկզբին Պաղեստինյան ինքնավարությունում չափավոր «Ֆաթհ» և առավել ծայրահեղական «Համաս» կուսակցությունների միջև բախումների ուժեղացումը իշխանության համար մղվող պայքարի արդյունք էր: Այն առավել սրվեց ինքնավարությունում առկա սոցիալ-տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքով.
- «Համասի» ծայրահեղական դիրքորոշումը, որ հրաժարվում է ճանաչել Իսրայել պետության գոյության իրավունքն ու դադարեցնել զինված պայքարը, չի նպաստում ինքնավարության միջազգային մեկուսացման և կիրառվող պատժամիջոցների վերացմանը, հետևաբար նաև Պաղեստինում սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը.
- Իսրայելն ու Արևմուտքը բավական զուսպ են «Մեքքայի համաձայնագրի» վերաբերյալ իրենց գնահատականներում: Փաստորեն, այն շրջանցում է միջազգային «քառյակի» հիմնական պահանջները` Իսրայել պետության գոյության իրավունքի ճանաչում և զինված պայքարից հրաժարում:
Թե ինչ զարգացումներ կունենան իրադարձությունները Պաղեստինում և մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, մեծապես կախված են դրանում ներգրավված ուժերի միմյանց ընդառաջ արվող քայլերից:
1 1960-ականների սկզբին պաղեստինցի ազգայնականների առաջին խմբակները, որոնք ստեղծվել էին դեռևս 1950-ականների վերջին, Իսրայելի հարևան արաբական երկրներում ձեռնամուխ եղան գաղտնի կազմակերպությունների ձևավորմանը: Հենց այդ շրջանում էլ կազմավորվեց «Ֆաթհը»` «Պաղեստինի ազգային ազատագրության շարժումը»: Ապագա կազմակերպության կորիզը կազմում էր ուսանողների խումբը, որ ղեկավարում էր Յասեր Արաֆաթը:
2 «Համասը» պաղեստինյան իսլամական շարժում է, որ կազմավորվել է 1987թ. Հորդանան գետի Արևմտյան ափին` շեյխ Ահմադ Յասինի գլխավորությամբ: 1988թ. հրապարակվեց շարժման ծրագիրը, որը ներառում էր Իսրայելի ոչնչացման և Պաղեստինի տարածքում իսլամական պետության կազմավորման դրույթներ: Որոշ տվյալների համաձայն` իսրայելյան «Մոսադ» հետախուզական ծառայությունն ակտիվ մասնակցություն է ունեցել «Համասի» կազմավորման գործընթացում: Շարժման ստեղծումը նպատակ էր հետապնդում հակակշիռ ստեղծել Պաղեստինի ազատագրության կազմակերպությանը (ՊԱԿ) և թուլացնել վերջինիս դիրքերն ու ազդեցությունը պաղեստինցիների շրջանում: Սակայն կազմավորումից կարճ ժամանակ անց այն դուրս եկավ իսրայելական վերահսկողությունից` վերջինիս դեմ պայքարում նախապատվությունը տալով առավել ծայրահեղական մեթոդներին:
3 Դեռևս հունվարի կեսին Պաղեստինի անվտանգության ուժերը Ղազայի հատվածում հայտնաբերել էին մեծ քանակությամբ պայթուցիկներ, որոնք տեղադրված էին ստորգետնյա թունելներում: Դրանք անցնում են Ղազայի հատվածի գլխավոր մայրուղիների տակով, և նրանցից հիմնականում օգտվում են Պաղեստինյան ինքնավարության ղեկավարները: Պայթուցիկների հայտնաբերումից անմիջապես հետո «Ֆաթհի» ղեկավարությունը մահափորձ իրականացնելու մեջ մեղադրեց «Համաս» շարժմանը, որը 2006թ. հունվարի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ձևավորեց կառավարություն: Համասականները ժխտում էին իրենց հասցեին ուղղված մեղադրանքները` փաստարկելով, որ թունելներում հայտնաբերված պայթուցիկները նախատեսված են Ղազայի հատված իսրայելյան զորքերի հերթական հնարավոր ներխուժման համար:
4 «Համասի» տվյալների համաձայն՝ զենքը Ծոցի արաբական երկրներից հասցվել էր եգիպտական Նուբեյդ նավահանգիստ, իսկ այնտեղից էլ` Պաղեստինյան ինքնավարություն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԼԻԲԱՆԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ[26.06.2008]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ[30.07.2007]
- Լիբանանյան զարգացումներ[29.01.2007]