• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2007

Համաշխարհային զարգացման միտումների շուրջ

   

Դավիթ Հովհաննիսյան

Վերջին տարիների եւ հատկապես 2006 թվականի մի շարք իրադարձություններ ստիպում են մեր ժամանակների քաղաքական եւ հասարակական գործիչներին, քաղաքագետներին, փիլիսոփաներին, սոցիոլոգներին վերստին փորձել գուշակել, թե ինչպիսին են լինելու առարկայական գործընթացները 2007-ին եւ ինչպես են դրանք ազդելու ազգային եւ պետական շահերի իրականացման վրա:

Հարցը, թե զարգացման ինչ ուղի պետք է ընտրել այսուհետ` կանգնած է ոչ միայն նորանկախ ու դեռեւս կայացող պետությունների, այլեւ հզոր ներուժ եւ ամուր պետական ավանդույթներ ժառանգած բազմաթիվ երկրների էլիտաների առաջ:

Այդ առումով, Միացյալ Նահանգների համար միջազգային քաղաքականության ոլորտում ամենակարեւոր գործընթացները կապված են միջուկային զենքի տարածման կանխարգելման (հիմնականում` Իրան եւ Հյուսիսային Կորեա) եւ իրաքյան պատերազմի հետ, Ռուսաստանի համար` էներգետիկ խնդիրների (Ռուսաստան–Եվրամիություն, Ռուսաստան–միջինասիական երկրներ եւ այլն) եւ խորհրդային ազդեցության գոտիներում Մոսկվայի դիրքերի ամրապնդման կամ վերականգնման (հատկապես` Վրաստան, Ուկրաինա) հետ, Գերմանիայի համար` Եվրամիության նախագահությունը ստանձնելու փաստով պայմանավորված` միջեվրոպական քաղաքականության, էներգետիկ խնդիրների, շուկաների ազատականացման հետ եւ այլն:

Երկարատեւ ազդեցության տեսակետից, հավանաբար, կարեւորագույն իրադարձությունը` Հյուսիսային Կորեայի «միջուկային ակումբ» ոչ լեգիտիմ կարգավիճակով մուտք գործելն է: Այս իրադարձությունն այլընտրանքի հնարավորություն չի թողնում տարածաշրջանի մի քանի այլ երկրների համար:

Հարավային Կորեան, որը տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսակետից շատ ավելի զարգացած երկիր է, քան իր հյուսիսային հարեւանը, որի հետ հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ, ստիպված է լինելու արագացնել իր սեփական միջուկային ծրագրերի իրականացումը:

Ճապոնիան, որը համաշխարհային գիտատեխնոլոգիական եւ արդյունաբերական առաջատարներից մեկն է, անշուշտ, շատ վաղուց արդեն կարող էր սեփական միջուկային զենք ունենալ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքները մինչեւ վերջերս լուրջ արգելք էին հանդիսանում դրա համար: Սակայն ներկայումս ազգային անվտանգության հրամայականները, ամենայն հավանականությամբ, կստիպեն, որպեսզի Տոկիոն հրաժարվի իր ավանդական քաղաքականությունից, որը հիմնված էր երկրի ռազմականացումը կանխելուն ուղղված սկզբունքների վրա: Ճապոնացիները ստացան այնպիսի փաստարկներ, որոնք կարող են համոզել միջուկային զենք ձեռք բերելու թե՛ ներքին եւ թե՛ արտաքին հակառակորդներին:

Հասկանալի է նաեւ, որ Իրանի եւ մյուս միջուկային զենք ձեռք բերելու ցանկություն ու հնարավորություն ունեցող պետությունների նկատմամբ արգելափակող քաղաքականությունն այլեւս զրկվում է իրավական եւ քաղաքական լուրջ հիմքերից: Փաստորեն ներկայումս ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ տասնամյակների ընթացքում իր էֆեկտիվությունն ապացուցած 1968թ. Միջուկային զենքի տարածումը կանխող պայմանագիրը եւ վերջինիս սկզբունքների հիման վրա ձեւավորված պայմանագրերի ամբողջ համակարգը պետք է վերանայվեն:

Նոր իրավիճակն ընտրության առջեւ է կանգնեցնում վերոնշյալ երկրների որոշումներ ընդունող շրջանակներին, քանի որ միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը բոլորովին այլ հարթություն է տեղափոխում պետական անվտանգության, ազգային նպատակների, հասարակության արժեքների ձեւակերպման եւ պաշտպանության հիմնահարցերը:

Միջուկային զենքի տարածման վտանգն ավելի շոշափելի է դարձնում էներգետիկ շուկայում տարեցտարի աճող լարվածությունը, որը հումքի մատակարարումներից կախման մեջ գտնվող երկրներին մղում է հարցի լուծումը որոնել միջուկային էներգետիկայի զարգացման մեջ, ինչը բնականորեն նպաստում է միջուկային տեխնոլոգիաների տարածմանը:

Էներգետիկ շուկայում մրցակցության աճող լարվածության հետ են կապված միջինարեւելյան կոնֆլիկտային գոտիներում գրանցված բռնկումները, Ռուսաստան–Եվրամիություն հարաբերություններում հակասությունների սրումը, Չինաստանի ակամա ակտիվացումը համաշխարհային քաղաքականության մեջ (այսինքն` այս երկրի համար միշտ անցանկալի, սակայն այլեւս անխուսափելի գլոբալացումը):

Իր մշակույթը բացառիկ եւ իրեն մնացած բոլոր «բարբարոսներից» տարբերող Չինաստանը, համաշխարհային տնտեսության մեջ ամբողջովին ինտեգրվելով, նվազեցրել է իր ինքնամեկուսացմանն ուղղված հնարավորությունները, ինչը ստիպում է առաջ քաշել գլոբալացման չինական նախագիծը, որը դեռեւս գաղափարական առումով միայն քննարկման մակարդակի վրա է, այսինքն` իրական ձեւակերպումներ չունի: Նման հայեցակարգի ձեւավորումը հակասում է չինական բացառիկության հիմք հանդիսացող կոնֆուցիականության սկզբունքներին: Անշուշտ, հզոր պետականություն եւ կայսերական ամուր ավանդույթներ ունեցող չին ազգը կգտնի իր ուրույն պատասխանը նոր մարտահրավերներին, սակայն ներկայումս խնդիրն այն է, որ այդ պատասխանները դեռ պետք է մշակվեն, ինչն իր հերթին նշանակում է, որ նոր ինքնության կամ հին ինքնության մասին պատկերացումների ճշտում պետք է տեղի ունենա, ինչը միշտ էլ վտանգավոր եւ բարդ գործընթաց է:

Համաձայն Ս.Հանտինգտոնի, ինքնության որոնումների մեջ է շարունակում մնալ Միացյալ Նահանգները: Գիտնականն այսպես է բնորոշում ամերիկյան հասարակության առջեւ կանգնած սույն խնդիրը. «Ամերիկան դառնում է աշխարհ: Աշխարհը դառնում է Ամերիկա: Ամերիկան շարունակում է մնալ Ամերիկա: Կոսմոպոլիտակա՞ն: Կայսերակա՞ն: Ազգայնակա՞ն: Ամերիկացիները պետք է կատարեն ընտրություն, որը կորոշի ե՛ւ ազգի ճակատագիրը, ե՛ւ ամբողջ աշխարհի ճակատագիրը»:

Սակայն արդյո՞ք ինքնության խնդիրն է, որ ճգնաժամային նշանակություն ունեցավ վերջին տարիների ամերիկյան քաղաքականության համար եւ ի վերջո հանգեցրեց իշխող հանրապետական կուսակցության ծանր պարտությանը անցած աշնանը կայացած ընտրություններում: Ամերիկյան ընտրողն իր քվեարկությամբ հստակորեն հայտարարեց այն մասին, որ հավանություն չի տալիս հանրապետական վարչակազմի հատկապես այն արտաքին քաղաքական մոտեցումներին, որոնք ակնհայտորեն հակասության մեջ են մտնում հասարակության մեծամասնության դավանած արժեքների հետ: Այսինքն` հարցը ոչ թե հասարակության ինքնության կորուստն է եւ նորի որոնումները (այստեղ միջին ամերիկացին խնդիրներ չունի, նա շարունակում է հպարտանալ իր երկրով եւ համարել, որ ապրում է ամենաարդար հասարակության մեջ), այլ ամերիկացիների համար արդեն ավանդական դարձած ունիվերսալիզմի եւ մեկուսացման միջեւ ընտրություն կատարելը: Ս.Հանտինգտոնի նշած տարբերակներից միայն մեկն է, որ իրական է` կայսերական լինելը, որովհետեւ ցանկացած այլ լուծում կհանգեցնի պետության քայքայմանը:

Ամերիկացիները ձգտում են պահպանել իրենց դերն աշխարհում, սակայն համաձայն չեն այն գնի հետ, որը հանրապետական վարչակազմը ստիպում է նրանց վճարել դրա համար: Իրաքյան պատերազմը, որը շատերի կողմից արդեն իսկ գնահատվում է որպես «նոր Վիետնամ», իրականում քիչ համեմատության եզրեր ունի վերջինիս հետ, հատկապես հետեւանքների տեսակետից:

Հարցը միայն այն չէ, որ Վիետնամի պատերազմը սառը պատերազմի դրսեւորումներից մեկն էր եւ տեղի էր ունենում հստակ երկբեւեռության պայմաններում, ուստի պարտվելը նշանակում էր ակնհայտ հակառակորդին` Խորհրդային Միությանը դիրքեր զիջել: Հիմնական տարբերությունն այն է, որ Միացյալ Նահանգները բոլորովին այս պատերազմի կարիքը չուներ, այն չէր կարող երկրի` որպես համաշխարհային առաջատարի, դիրքն ավելի ամրապնդել կամ տնտեսական մրցակցության մեջ ավելի առաջ մղել: Այս իրողության գիտակցումն աստիճանաբար ավելի ու ավելի է արմատանում հասարակության գիտակցության մեջ:

«Ունիվերսալի՞զմ, թե՞ մեկուսացում» ավանդական հարցն այս ենթատեքստում ստանում է նոր ձեւակերպում. հարկավո՞ր է արդյոք Ամերիկային միանձնյա պատասխանատվություն, թե՞ այն պետք է բաժանել մյուս երկրների (անշուշտ, Միացյալ Նահանգների կողմից նախընտրելի) հետ: Սա է այն ընտրությունը, որը պետք է կատարի Ամերիկան հերթական նախընտրական գործընթացների շրջանում: Հասկանալի է, որ այս անգամ ընտրությունը շատ ավելի բարդ է լինելու, քան նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ չկան ընդգծված թշնամի եւ շոշափելի նպատակ: Միջազգային ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմը չի ընկալվում որպես այդպիսին, այսինքն` որպես պատերազմ, իսկ թշնամու կերպարը հստակ եւ հասկանալի չէ:

Վերջապես, գլոբալիզացիայի գործընթացները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ 1953թ. «Ջեներալ Մոթորս» ընկերության նախագահի այն խոսքերը, թե «այն, ինչ լավ է «Ջեներալ Մոթորսի» համար, լավ է Ամերիկայի համար», ներկայումս կարող են առաջացնել ոչ թե խիստ քննադատություն, ինչպես եղավ 50 տարի առաջ, այլ` քմծիծաղ, քանի որ ժամանակակից վերազգային ընկերությունների շահերը, բնականաբար, ոչ միայն չեն համընկնում պետական շահերի հետ, այլեւ շատ հաճախ հակասում են դրանց: Եթե պատերազմը ծառայում է պետական շահերին, ապա դա մի հարց է, սակայն միջին ամերիկացին, որն այսօր մեկ գալոն բենզինի համար վճարում է գրեթե կրկնապատիկ գին` 10 տարի առաջ եղած գների համեմատ, խիստ կասկածներ ունի պատերազմի իրական նպատակների վերաբերյալ:

Ամերիկյան կայսերականությունը հիմնվում է ամերիկյան նացիոնալիզմի վրա, որն իր էությամբ հակադրվում է ցանցերին, այդ թվում` նաեւ վերազգային ընկերություններին: Այս հակասությունը վերացնելը դժվար կացության մեջ է դնում ամերիկյան հասարակությունը: Հարցը բարդանում է այն հանգամանքի պատճառով, որ համաշխարհային կայսրություններն իրենց համակարգում ունեն ցանցերին հատուկ տարրեր, ինչը խնդրի լուծումը դարձնում է կամ ժամանակավոր, կամ ընդհանրապես անհնար:

Գազանավթային «պատերազմները» մոտեցնում են Ռուսաստանը այն սկզբունքային ընտրությունը կատարելու պահին, որի մասին կարելի է ասել «Ջեներալ Մոթորսի» նախագահի` վերը բերած խոսքերը վերափոխելով` «արդյո՞ք այն, ինչ լավ է «Գազպրոմի» համար, լավ է Ռուսաստանի համար»: Այս ընտրության անխուսափելիությունը հարցականի տակ է դնում բազմիցս հրապարակված կարծիքն այն մասին, թե գաղափարական ոլորտում ռուսներն իրենց ընտրությունը կատարել են եւ դա ազգայնականությունն է: Հատկապես Բելառուսի հետ կապված վերջին իրադարձությունները բացահայտում են այն, որ մոսկովյան քաղաքականությունը դեռեւս խարխափում է եւ իր հստակ ու հաստատ ճանապարհը չի գտել:

Վերը ձեւակերպված հարցերի պատասխանները մեծապես կանխորոշում են նաեւ Հայաստանի կատարելիք ընտրությունը, որի միայն աղոտ գծագիրն է ներկայումս նշմարվում, եւ որի հստակեցումը կախված է նրանից, թե որքանով մենք կկարողանանք վերլուծել ու հասկանալ հարցերին տրվելիք հնարավոր պատասխանները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր