Միջազգային անվտանգության համակարգի կայացման խնդիրները

2007թ. սկիզբը նշանավորվեց միջազգային թատերաբեմի մի քանի աչքի ընկնող դերակատարների անհանգստացնող հայտարարություններով, որոնց ազդեցության տակ համաշխարհային մամուլը շտապեց հայտարարել նոր սառը պատերազմի հնարավոր սկզբի մասին: Ռուսաստանի նախագահ Պուտինի` Մյունխենում արտասանած ճառն անմիջապես համեմատեցին Ու.Չերչիլի ֆուլտոնյան ճառի հետ, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե Լեհաստանում եւ Չեխիայում տեղադրվելու են հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք, ինչպես շեշտվում է, ուղղված են Իրանի հնարավոր հրթիռային հարվածները կանխելու նպատակին, առիթ դարձան ռուսական ԶԼՄ-ի համար` հայտարարելու, թե Ռուսաստանը նորից գտնվում է թշնամիների շրջապատման մեջ:
Այս ամենը մեզ վերստին պարտադրում է, նախեւառաջ, փորձել հասկանալ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ներքին իմաստը, ըմբռնել դրանց միտումները: Հատկապես նորանկախ եւ մեծ ռեսուրսներ չունեցող երկրների համար շատ կարեւոր է այդ ամենն արագ անել, որպեսզի հնարավոր լինի հերթական մարտահրավերներին համարժեք պատասխաններ նախապատրաստել:
Ասվածն, առաջին հերթին, վերաբերում է ժամանակակից աշխարհում ակնհայտ կամ աննկատ գոյություն ունեցող անվտանգության համակարգերի գործողության հիմնական սկզբունքների, դրանց կառուցվածքի եւ վերջիններիս ներսում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության ճիշտ ըմբռնմանը եւ գնահատմանը:
Բոլոր պատմական ժամանակաշրջաններում համաշխարհային կայունությունն ապահովվել է որոշակի սկզբունքների հիման վրա, որոնց հիմքում ընկած է եղել այդ կայունության հիմնաքարը` իրար հակազդող ուժերի մոտավոր հավասարությունը: Դեռ նապոլեոնյան պատերազմներից հետո, հիմնականում շնորհիվ Մեծ Բրիտանիայի հեռատես քաղաքականության, Եվրոպայում ձեւավորվեց ուժերի այնպիսի հավասարություն, որը թույլ տվեց մինչեւ 1870-ականները (երբ Պրուսիայի ուժեղանալով եւ իր շուրջը գերմանական պետությունները միավորելով` այդ հավասարությունը խախտվեց) խուսափել եվրոպական մեծ բախումներից:
Ուժերի հավասարությունն ընկած էր նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված միջազգային համակարգի հիմքում, որի հեղինակները` 20-րդ դարի երեք խոշորագույն քաղաքական այրեր Ի.Ստալինը, Ու.Չերչիլը եւ Ֆ.Ռուզվելտը, կարողացան նախագծել եւ իրականացնել կայունությունն ապահովող եւ ուժերի համեմատական հավասարության վրա հիմնված նոր աշխարհակարգ:
Սառըպատերազմյան լարվածությունը երկու համաշխարհային ուժային բեւեռների միջեւ, այնուամենայնիվ, չվերաճեց լայնածավալ պատերազմի, այլ սահմանափակվեց լոկալ բնույթ ունեցող պատերազմներով եւ բախումներով միջանկյալ տարածքներում, օրինակ` Վիետնամում կամ Աֆղանստանում:
Խորհրդային Միության քայքայումն ազդարարեց ուժերի հավասարության սկզբունքի վրա հիմնված` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի վերջը:
1991թ. մինչեւ 2006թ. ընկած անցումային շրջանում Միացյալ Նահանգները մնաց միակ ուժը, որն անվերապահորեն ճանաչվեց գերիշխող, ինչը նշանակում էր, որ հենց այս երկիրը պետք է ստանձներ համաշխարհային կառավարման ղեկը եւ իր վրա վերցներ նոր աշխարհակարգի ձեւավորումը: Սակայն այս անցումային տարիներին Միացյալ Նահանգներում չհասցրեց ձեւավորվել նոր իրավիճակին համապատասխանող մտածելակերպ եւ ապագայի իրական տեսլականներ ունեցող լիդերների խումբ, որն ի զորու լիներ համաշխարհային տարողության խնդիրների լուծումներ գտնել: Ո՛չ Բիլ Քլինթոնը եւ ո՛չ էլ հատկապես Ջորջ Բուշը չդարձան այն քաղաքական ճարտարապետները, որոնց համար տեսանելի լիներ միջազգային համակարգի նոր գծագիրը:
Թվում էր, թե սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները վերջապես ձեռք բերեց հստակ խնդիր` ստեղծել այնպիսի միջազգային համակարգ, որն աննշան կդարձնի ահաբեկչական ցանցերի գործունեության էֆեկտիվությունը: Փոխարենը Ջ.Բուշի վարչակազմը պատերազմ հայտարարեց բավական աղոտ ուրվագծերով թշնամու` միջազգային ահաբեկչության դեմ եւ անմիջապես այդ պատերազմը վարելու համար իր բանակներն ուղարկեց Աֆղանստան եւ Իրաք, որից հետո պարզվեց, որ ահաբեկչության նկատմամբ վերջնական հաղթանակ տանելու համար պետք է նաեւ դաստիարակել կամ վերացնել Սիրիան եւ Իրանը:
Այս բացահայտ անհեթեթությունները հստակորեն գնահատվեցին ամերիկյան ընտրողի կողմից, որը կտրուկ կերպով դեմ արտահայտվեց իրենց հասկացած ժողովրդավարությունը տարածելու գաղափարով անկեղծորեն տարված բուշական նեոկոնսերվատորների նկատմամբ` նախընտրելով դեմոկրատական կուսակցության թեկնածուներին, որոնք նույնպես առայժմ որեւէ հստակ եւ նոր ժամանակներին համապատասխանող գաղափարներ եւ ծրագրեր չեն առաջարկել:
Այս 15 տարիների ընթացքում ամերիկյան իշխող վերնախավը կարողացավ լրջորեն վատացնել հարաբերությունները «հին Եվրոպայի» հետ, ինչպես նաեւ նպաստել Եվրամիության հին եւ նոր անդամների միջեւ լուրջ խնդիրների առաջացմանը:
Մյուս կողմից, ամերիկյան այս քաղաքականության հետեւանք դարձավ այն, որ ամբողջ աշխարհում արձանագրվեց հակաամերիկյան տրամադրությունների աննախադեպ աճ, ինչը գրեթե անընկալելի է դարձնում ամերիկյան քարոզչությունն արդեն միայն այն պատճառով, որ դա ամերիկյան է:
Հարկ է նշել, սակայն, որ Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացողների թիվը բոլորովին չի պակասում: Այս պարադոքսի մեջ կարելի է գտնել ստեղծված իրավիճակը բացատրելու բանալին` Միացյալ Նահանգներն իր ներքին կառուցվածքով, սոցիալական մեխանիզմներով, դատական համակարգով եւ այլն շարունակում է ընկալվել որպես ամենագրավիչ երկիր, սակայն դեպի աշխարհ ուղղված իր առաքելությունն առաջացնում է հիասթափություն եւ դժգոհություն, ինչը նշանակում է, որ ժամանակի մարտահրավերն ամերիկյան վերնախավի կողմից ճիշտ չի վերծանվել, ինչի հետեւանքով առաքելությունը սխալ է գիտակցվել: Դրվել են ոչ այն խնդիրները, որոնք պետք է դրվեին, օգտագործվել են ոչ այն միֆերը եւ ծեսերը, որոնք պետք է օգտագործվեին:
Կա մի պարզ բանաձեւ` աշխարհն ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգները, ուստի աշխարհի հակազդեցությունն ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների ազդեցությունը: Սակայն խնդիրն այն է, որ աշխարհի տարբեր հատվածներ տարբեր կերպ են հակազդում կամ արձագանքում Ամերիկայի ազդեցությանը. որոշ հասարակություններում համարյա պետական գաղափարախոսություն է դառնում ազգայնականությունը, մյուսներում` աճում է կրոնական գործոնը, ինչը բնական պաշտպանական ռեակցիա է դրսից եկող օտար արժեհամակարգից սեփական էական արժեքները պաշտպանելու համար:
Այս ամենին եթե գումարենք անխուսափելի պայքարն էներգակիրների պաշարների եւ ենթակառուցվածքային ցանցեր ստեղծելու ու դրանք կառավարելու համար, ապա կստանանք այն իրավիճակը, որը կարելի է բնութագրել որպես բազմաբեւեռ եւ բազմավեկտոր անկայուն համակարգ: Նման իրավիճակում չեն կարող լինել հստակեցված անվտանգության համակարգեր, ինչը նշանակում է, որ նույնիսկ այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, ներկայումս նույնպես չի կարող բնութագրվել որպես հստակ խնդիրներ ունեցող եւ լիարժեք գործող անվտանգության համակարգ:
Հավանաբար, նման իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, այնուամենայնիվ, պատասխանել մի շատ կարեւոր հարցի` որտեղի՞ց է բխում համընդհանուր անվտանգության սպառնալիքը եւ, ընդհանրապես, կա՞ արդյոք այդպիսի հասկացություն` «համընդհանուր անվտանգություն»:
Փորձը ցույց տվեց, որ միջազգային ահաբեկչությունը չի ընկալվում որպես համընդհանուր սպառնալիք, իսկ, օրինակ` Միջին Արեւելքի ժողովուրդները չեն ընկալում իրենց որպես համընդհանուր անվտանգության համակարգի սուբյեկտներ: Պատմությունը նաեւ հաստատում է, որ այն, ինչը ամերիկյան քարոզչությունն ազդարարեց որպես քաղաքակրթությունների բախում, իրականում այդպիսին չի հանդիսանում` բախվում են պետությունների, ցանցերի շահերը:
Այս պայմաններում էֆեկտիվ են միայն մեծ տերությունների շուրջ ձեւավորվող անվտանգության համակարգերը: Ժամանակին դա բրիտանական անվտանգության համակարգն էր, որի ազդեցության ոլորտն այնքան լայնարձակ էր, որ թույլ չտվեց, օրինակ` Ռուսական կայսրությանը, որն ուներ սեփական անվտանգության համակարգ, իր նպատակներին հասնել Սեւ ծովի ավազանում եւ Հեռավոր Արեւելքում:
Ներկայիս ամենագործուն անվտանգության համակարգը շարունակում է մնալ ամերիկյանը, որի ներքին մղումն այն է, որ ներառի ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլեւ մեծ ու փոքր նման այլ կառույցներ, ինչը սկզբունքորեն թեեւ անհնար է, սակայն կարող է լուրջ խթան հանդիսանալ նոր գաղափարների ձեւավորման համար:
Այս դիտարկումների սկզբում նշվեց, որ արդյունավետ անվտանգության համակարգ ստեղծվել է այն դեպքում, երբ ձեւավորվել է ուժերի համեմատական հավասարություն: Այն մոտ ապագայում տեսանելի չէ:
Միացյալ Նահանգներն այսօր էլ շարունակում է մնալ համաշխարհային թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առաջատարը: Որպես այդպիսին` ԱՄՆ-ը ձգտում է ձեռք բերել հնարավորինս ավելի շատ լծակներ, որոնք իրեն հնարավորություն կտան ավելի քիչ կորուստներով իրականացնել առաջատարի իր դերը: Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է փորձերը` ամրապնդվել այնպիսի տարածաշրջաններում, որտեղ իր դիրքերը դեռեւս թույլ են: Այն որոշակի հաջողությամբ շարունակելու է իրականացնել իր նպատակները նախկին խորհրդային հանրապետություններում, որոնք մտահոգություններ եւ վերապահումներ ունեն ռուսական քաղաքականության նկատմամբ:
Այս առումով, հատկանշական է Միացյալ Նահանգների մտադրությունը` ռազմական ներկայություն ունենալ Սեւ ծովում, ինչի դեմ է արտահայտվել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ եւ Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան:
Ամերիկյան զինված ուժերի հայտնվելը Արեւելյան Եվրոպայի երկրներում, նրա ձգտումը ամրապնդվել Սեւ ծովի ավազանում չեն կարող չմտահոգել Մոսկվային, որը վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն եւ օգտվելով ամերիկացիների գործած սխալներից` փորձելու է վերականգնել ազդեցությունը Միջին Արեւելքում, կառուցելով իր խողովակաշարերը` խուսափել մեկուսացումից: Սակայն այս գործողությունները շարունակում են կրել ռեակտիվ բնույթ, իսկ դրանց արդյունքները նվազեցվում են իր հետ համագործակցող երկրների` Ռուսաստանից գազանավթային կախվածության մեջ գտնվելու սպառնալիքից առաջացած այլընտրանքների որոնումներով:
Վերը նշվածը վկայում է, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում չի կարող հավակնել «բեւեռի» դերակատարմանը, ինչի նկրտումները վերջին շրջանում ակնհայտորեն դրսեւորում է:
Կա ավելի հավանական, բայց համեմատաբար տեւական գործընթաց, որի արդյունքում կստեղծվի ուժերի համեմատական հավասարություն: Չինաստանի եւ Հնդկաստանի բուռն զարգացումն ու Եվրոպայի միավորումը, ի վերջո, կհանգեցնի ուժերի ցանկալի բալանսի ստեղծմանը, որը եւ կապահովի միջազգային համակարգի անհրաժեշտ կայունությունը:
Դժվար է ներկայումս ենթադրել, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում համաշխարհային թատերաբեմում երեւան կգան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնք կկարողանան առաջարկել արդի գլոբալ աշխարհին համապատասխանող աշխարհակարգի մոդել: Մեր տեսակետից, այս ամենը նշանակում է, որ առաջիկա տարիներին Միացյալ Նահանգներն իրականացնելու է իր համաշխարհային առաջատարի դերը, սակայն` զգուշանալով նախկին սխալների կրկնությունից, ավելի ճկուն ձեւով օգտագործելով միջազգային կառույցները եւ ձգտելով իր գործողությունները հիմնավորել միջազգային իրավունքի նորմերով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]