• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2007

Մերձավորարեվելյան զարգացումներ. Վաշինգտոնի քաղաքական որոշումը

Руский

   

Սարգիս Հարությունյան

Թեև մարտի 29-ին Պենտագոնը հայտարարեց Պարսից ծոցի շրջան «Nimitz» ավիակրի գլխավորությամբ ռազմանավերի նոր խումբ ուղարկելու մասին1՝ տարածաշրջանում ամերիկյան ավիակիր խմբերի թիվը հասցնելով երեքի2, իսկ ապրիլի 6-ին ամերիկյան «NBC» հեռուստաալիքը հաղորդեց Իրաք լրացուցիչ 12 հազար զորք ուղարկելու Բուշ-կրտսերի վարչակազմի ծրագրերի վերաբերյալ3, սակայն հիմքեր կան պնդելու, թե Վաշինգտոնում քաղաքական որոշում է կայացվել Իրաքից ամերիկյան զորքերի մոտալուտ դուրսբերման մասին։

Հավանական է, որ այդ որոշումը կայացվել է դեռևս 2006թ. նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Ընտրությունների հաջորդ օրը Վաշինգտոնում իրաքյան կամպանիայի պատասխանատու, ԱՄՆ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դոնալդ Ռամսֆելդի պաշտոնանկությունը պետք է գնահատել ոչ այնքան ներքաղաքական տեղաշարժի արդյունք4 (մինչև նոյեմբերի 7-ը արդեն իսկ, ընդհանուր առմամբ, հայտնի էին ընտրությունների արդյունքները)5, որքան ԱՄՆ իրաքյան ռազմավարության մեջ տեղի ունեցող փոփոխության ցուցիչ։ Պատահական չէ, որ 2006թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից ի վեր ամերիկյան տեղեկատվական հոսքերում աստիճանաբար ավելի մեծ տեղ է հատկացվում Իրաքից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերման հարցին6։

Միակ կետը, որ միգուցե շարունակում է անորոշ մնալ, Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետի հարցն է։

Իրաքում տեղակայված ԱՄՆ զինուժի կորուստները շարունակվում են, և այդ առումով Պենտագոնը չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրը։ Հետևաբար, զուտ ռազմական տեսանկյունից Իրաքից ամերիկյան ռազմուժի դուրսբերումը կարող է հիմնավորված լինել եթե ոչ 2007թ., ապա 2008-ից հետո սկսած ամեն տարի։

Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության առումով իրավիճակն ավելի որոշակի է։ 2008թ. նախագահական ընտրություններին դեմոկրատների հաղթելու շանսերն անհամեմատ ավելի բարձր են, այսինքն՝ 2009 թվականը Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, ամրագրված է որպես զորքերի դուրսբերման վերջնաժամկետ։ Ինտրիգային միակ կետը կարող է լինել 2008թ. Իրաքից զորքերի դուրսբերման հավանականությունը։ Քանի որ 2008թ. կայանալու են նաև Կոնգրեսի հերթական ընտրությունները, ապա հանրապետականներն առնվազն փորձելու են 2009թ. մուտք գործել հնարավորինս քիչ կորուստներով, և չի բացառվում, որ Բուշ-կրտսերի վարչակազմն արդեն 2008թ. սկսի Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը։

Հարցը կախված է նաև մերձավորարևելյան զարգացումներից։ Ներկայումս ամերիկյան դիվանագիտության հիմնական նպատակն է 2008-2009թթ. համար ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշման վրա մերձավորարևելյան գործոններն ունենան առավալագույնս սահմանափակ ազդեցություն։

Ցուցիչները

Անցած մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ միայն թույլ են տալիս խոսել Իրաքից ամերիկյան զորքերի առաջիկա դուրսբերման մասին, այլև այդ առումով պետք է ընկալվեն որպես ցուցիչներ։

Առաջնային ցուցիչը բրիտանական քաղաքականության մեջ նկատված փոփոխությունն է։ Դեռևս Բեյքեր-Համիլթոն խմբի ծավալած գործունեության շրջանից Թոնի Բլերի կառավարությունն առանձնացավ Իրաքում ԱՄՆ ու նրա դաշնակիցների վարած քաղաքականության վերանայման հարցում։ Այդ իմաստով անսպասելի չէր 2007թ. փետրվարի 21-ին բրիտանական վարչապետի հայտարարությունը, թե Լոնդոնը ձեռնամուխ է լինում Իրաքում տեղակայված իր ռազմուժի աստիճանական դուրսբերմանը՝ արդեն 2007թ. ընթացքում Իրաքի հարավում գործող բրիտանական 7100-ոց զորախումբը կրճատելով 1600 հոգով։

Իրաքյան խնդրում բրիտանական քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունը հատկապես ակնառու դարձավ մարտի 23-ին իրանցիների կողմից ձերբակալված բրիտանացի 15 նավաստիների շուրջ ծավալված զարգացումներում։ Թեև ապրիլի 4-ին Թեհրանն ազատ արձակեց նավաստիներին, սակայն ճգնաժամից իրանական կողմը դուրս եկավ առավելապես շահած կարգավիճակով.

  • տեղեկատվական հարթությունում Թեհրանն առավելություն ձեռք բերեց, քանի որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա միջազգային լարվածության ֆոնին իրանական կողմի նախաձեռնած ակցիայի նման՝ խաղաղ ու բրիտանական կողմի համար ավելի զիջողական ավարտը մի զգալի մասով արժեզրկեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Իրանի դեմ ծավալված տեղեկատվական-հոգեբանական կամպանիան,
  • իրանական կողմն ունեցավ կոնկրետ ձեռքբերում. չնայած մարտի 31-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակը հայտարարեց, թե Վաշինգտոնը չի ծրագրում 15 բրիտանացիներին փոխանակել 2007թ. հունվարի 11-ին ու փետրվարի 4-ին հյուսիսիրաքյան Էրբիլ քաղաքում ու Բաղդադում ձերբակալված իրանցի 6 դիվանագետների հետ, սակայն ապրիլի 3-ին Իրաքում ազատ արձակվեց դեռևս փետրվարի 4-ին Բաղդադում ձերբակալված Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ջալալ Շարաֆին. չի բացառվում, որ Շարաֆիի ազատ արձակումը հնարավոր է եղել Վաշինգտոնի նկատմամբ Լոնդոնի գործադրած ճնշման արդյունքում,
  • բրիտանացի 15 նավաստիների հետ կապված ամերիկա-բրիտանական հակասությունների մասին է վկայում հատկապես ապրիլի 3-ին Լոնդոնում լույս տեսնող «The Independent» օրաթերթի հրապարակումը, ըստ որի՝ իրանցիների կողմից բրիտանացի նավաստիների ձերբակալումը պատասխանն էր 2007թ. հունվարի 11-ին հյուսիսիրաքյան Էրբիլ քաղաքում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողության, որի արդյունքում թեև ձերբակալվեցին իրանցի 5 դիվանագետներ, սակայն ամերիկյան ուժերի թիրախն էին Քուրդիստանի վարչակազմի հետ բանակցություններ վարելու նպատակով քաղաքում գտնվող Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մոհամադ Ջաֆարին և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մինոջախար Ֆրուզանդուն. ակնհայտ է, որ նշված տեղեկությունը «The Independent»-ը կարող էր ստանալ առաջին հերթին բրիտանական հետախուզությունից,
  • իսրայելական աղբյուրների համաձայն՝ բրիտանացի նավաստիների ազատության դիմաց Լոնդոնը պատրաստակամություն է հայտնել Թեհրանին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել 2007թ. փետրվարին Արևմուտք փախած գեներալ Ալի Ռեզա Ասղարիի գտնվելու վայրի վերաբերյալ, ով մինչև 2005թ. սկիզբը 8 տարի զբաղեցրել է Իրանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Ընդհանուր հետևությունն այն է, որ եթե ամերիկա-բրիտանական կողմը ներկայումս միտված է Իրանի նկատմամբ վարել կոշտ քաղաքականություն կամ առավել ևս ձեռնամուխ լինել ռազմական հարվածի, ապա բրիտանացի նավաստիների դեպքը շատ լավ առիթ էր, ինչի մասին բացեիբաց գրում էին ռուսական ռազմական վերլուծաբանները։ Մինչդեռ այդ դեպքի արդյունքներն առայժմ խոսում են ճիշտ հակառակի մասին։

Պակաս կարևոր ցուցիչ չեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները համարվող Սաուդյան Արաբիայի ու Քուրդիստանի ղեկավարություններում տեղի ունեցած փոփոխությունները՝ կապված Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության հետ։ 2007թ. մարտի 28-29-ը սաուդյան թագավորության մայրաքաղաք Էր-Ռիադում տեղի ունեցած Արաբական պետությունների լիգայի 19-րդ գագաթաժողովի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել-Ազիզը գագաթաժողովի հենց առաջին օրը Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայությունը բնութագրեց որպես «ոչ լեգիտիմ»։

Գագաթաժողովի ժամանակ նույն տրամաբանության հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրաքի նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանին, ով Իրաքում կոալիցիոն ուժերի գործողությունները որակեց որպես բռնազավթում՝ օկուպացիա։

Թե՛ սաուդյան թագավորությունը և թե՛ հատկապես Քուրդիստանի ղեկավարությունը գերազանցապես սատարել են ԱՄՆ մերձավորարևելյան նախաձեռնություններին։ Սաուդյան ինքնակալի ու Թալաբանիի նման հայտարարությունները խոսում են ոչ թե նրանց ինքնուրույնության աճի մասին, այլ պետք է որ վկայեն Իրաքից ամերիկյան ռազմուժի դուրսբերման վերաբերյալ Վաշինգտոնում կայացված որոշման առնչությամբ նրանց տեղեկացվածության մասին։

Հաջորդ ուշագրավ ցուցիչը ամերիկյան ներքին քաղաքականության մեջ երևան եկած զարգացումներն են։ 2007թ. մարտի 23-ին և 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ու Սենատը հավանության արժանացրին երկու օրինագիծ. Սպիտակ տնից, համապատասխանաբար, պահանջվում էր մինչև 2008թ. սեպտեմբերի 1-ը և մինչև 2008թ. մարտի 31-ը Իրաքից դուրս բերել ամերիկյան զորքերը7։

Նույն տրամաբանության ներքո են ընկնում ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի դիվանագիտական վերջին նախաձեռնությունները։ Ապրիլի 3-4-ը գտնվելով Դամասկոսում՝ Փելոսին իսրայելա-պաղեստինյան, իսրայելա-սիրիական ու իրաքյան խնդիրների առնչությամբ բանակցություններ վարեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Թեև Սպիտակ տունը, որը 2005թ. ի վեր սառեցրել է հարաբերությունները Դամասկոսի հետ՝ կապված Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 2005թ. փետրվարի 14-ի սպանության հետ, հրապարակավ դժգոհություն հայտնեց Փելոսիի այցի առնչությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ Փելոսիի նախաձեռնությունը կարող է աննշան ազդեցություն ունենալ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա, սակայն, իրականում, ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի այցելությունը Դամասկոս վկայում է ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականության մասին։ Այդ իմաստով Փելոսիի այցը չէր կարող նախօրոք համաձայնեցված չլինել Սպիտակ տան հետ։

Ներկայացվածի ֆոնին աչքի են զարնում նաև ապրիլի 5-ին գաղտնազերծված Պենտագոնի զեկույցը, որը պաշտոնապես ընդունում է, թե Սադամ Հուսեյնի կառավարության ու «Ալ-Քաիդա» կազմակերպության միջև կապ գոյություն չի ունեցել8, և ավելի վաղ՝ մարտի 6-ին Վաշինգտոնի դաշնային դատարանի կողմից ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի աշխատակազմի նախկին ղեկավար Լյուիս Լիբիին կեղծ վկայություն տալու համար 25 տարվա ազատազրկման դատապարտելը։

Եվ վերջապես, որպես ցուցիչ պետք է հաշվի առնել նաև սեփական միջուկային ծրագրի առնչությամբ իրանական դիրքորոշման կոշտացումը։ Բրիտանացի 15 նավաստիների հետ կապված ճգնաժամի օրերին, մասնավորապես մարտի 26-ին, Իրանը պաշտոնապես հայտարարեց, թե մասնակիորեն սառեցնում է հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ։ Ապրիլի 3-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Մոհամադ Սայիդին հայտարարեց, թե 3-4 ամսից Իրանը կհայտարարի 2 հազ. մեգավատտ հզորությամբ նոր ատոմակայանի շինարարության մրցույթ9։ Ապրիլի 9-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ իր երկիրը մուտք է գործել միջուկային վառելիքը արդյունաբերական ծավալներով արտադրող երկրների ակումբ և խնդիր է դրել գործող ցենտրիֆուգների թիվն առաջիկայում հասցնել 3000-ի10։ Հաջորդ օրը Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Գոլամռեզա Աղազադեն որպես նպատակ նշեց, թե Իրանը մտադիր է Նաթանզում տեղադրել 50.000 ցենտրիֆուգ։

Հետևություն

Ներկայացված դրույթները հիմք են տալիս ենթադրելու, որ Վաշինգտոնը Իրաքից ամերիկյան ռազմուժի դուրսբերման վերաբերյալ քաղաքական որոշում է կայացրել։

Թեև նշված հանգամանքը վերաբերում է միայն Իրաքին, ավելին, տարածաշրջանում՝ մասնավորապես Պարսից ծոցի հատվածում, ներկայումս ընթանում է ամերիկյան ռազմական կարողությունների ընդլայնում, սակայն Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալը չի կարող չազդել տարածաշրջանում ուժերի փոխդասավորվածության վրա։

Հարկ է ուշադրություն դարձնել վերջին երկու ամիսների ընթացքում սաուդյան դիվանագիտության ակտիվացմանը։ Սաուդյան թագավոր Աբդալլահի միջնորդությամբ 2007թ. փետրվարին «Ֆաթհ» ու «Համաս» կազմակերպությունների միջև ձևավորված պաղեստինյան կառավարությունը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին Աբդալլահի առաջ քաշած ծրագիրը վկայում են ԱՄՆ աջակցությամբ տարածաշրջանում Էր-Ռիադի ազդեցության ընդլայնման մասին։ Նման կերպ Վաշինգտոնում փորձում են փոխհատուցել իրանական ազդեցության աճը տարածաշրջանում։

1 «Nimitz» ավիակրի գլխավորած ռազմանավերի խումբը ԱՄՆ խաղաղօվկիանոսյան Սան Դիեգո նավահանգստից շարժվեց ապրիլի 2-ին և Պարսից ծոց է հասնելու մայիսի սկզբներին։

2 Չնայած պաշտոնական Վաշինգտոնի ներկայացմամբ՝ «Nimitz»-ի գլխավորած խումբը պետք է փոխարինի Պարսից ծոցում գտնվող «Dwight D. Eisenhower» ավիակրի առաջնորդած ռազմանավերի խմբին և միանա «John C. Stennis» ավիակրի ղեկավարությամբ գործող զորամիավորմանը, սակայն չպետք է բացառել, որ «Nimitz»-ը կարող է նաև գալ լրացնելու տարածաշրջանում արդեն իսկ առկա երկու ավիակիր խմբերին։

3 «NBC»-ի ներկայացմամբ՝ այդ 12 հազարը չեն մտնում այն 21,5 հազարանոց զորամիավորման մեջ, որն, ըստ 2007թ. հունվարի 11-ին ԱՄՆ նախագահի կողմից ներկայացված իրաքյան նոր ռազմավարության, պետք է ուղարկվի Իրաք։

4 Մինչև 2006թ. նոյեմբերի 7-ի ընտրությունները Ռամսֆելդի պաշտոնանկությունը կնշանակեր իրաքյան կամպանիայի ձախողման հրապարակային ընդունում, ինչն էլ ավելի կբարդացներ հանրապետականների վիճակն ընտրություններում։

5 Հիշեցնենք, որ այդ ընտրությունների արդյունքում դեմոկրատները մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների տանը և Սենատում։

6 Այդ առումով պետք է շրջադարձային կետ համարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի ու նախկին կոնգրեսական Լի Համիլթոնի գլխավորած «Iraq Study Group»-ի պատրաստած զեկույցի հրապարակումը 2006թ. դեկտեմբերի 6-ին։ Զեկույցն առաջարկում էր մինչև 2008թ. Իրաքից դուրս բերել ամերիկյան զորքերը և հակամարտության կարգավորման գործում ներգրավել նաև Իրանին ու Սիրիային։

7 Սենատի օրինագծի առանձնահատկությունն այն է, որ Իրաքում ու Աֆղանստանում ռազմական գործողություններ վարելու համար Պենտագոնին անհրաժեշտ լրացուցիչ $122 մլրդ-ի հատկացումը կապվել է մինչև 2008թ. մարտի 31-ը Իրաքից ամերիկյան ռազմուժի դուրսբերման պահանջի հետ։ Բուշ-կրտսերը հրաժարվել է ստորագրել օրինագիծը։ Ներկայումս հարցը բանակցությունների առարկա է։

8 Հիշեցնենք, որ 2003թ. ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելու առանցքային հիմնավորումներից մեկն էլ Սադամ Հուսեյնի կառավարության ու «Ալ-Քաիդայի» միջև գոյություն ունեցող ենթադրյալ համագործակցությունն էր։

9 Հիշեցնենք, որ մինչ այդ 2007թ. փետրվարի 26-ին իրանական խորհրդարանը հավանության էր արժանացրել կառավարության առաջարկը՝ միջուկային էներգիայի ոլորտում հետազոտությունների խթանման ու նոր ատոմակայանների շինարարության մասին։ Սյդ նպատակով իրանցի օրենսդիրները առանձնացրին $1,3 մլրդ։ Արդեն մարտի 6-ին Իրանի փոխնախագահ ու Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Գոլամռեզա Աղազադեն հայտարարեց սեփական ուժերով 360 մեգավատտ հզորության նոր ԱԷԿ-ի կառուցման մեկնարկի մասին։

10 Ըստ ամերիկյան գնահատականների՝ ներկայումս Իրանի Նաթանզ քաղաքում գործող միջուկային կենտրոնում առկա ցենտրիֆուգները մոտ հազար հատ են։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր