• am
  • ru
  • en
Версия для печати
28.06.2007

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

   

Սարգիս Հարությունյան

Baghdad (medium)2007թ. մայիսի 28-ին Բաղդադում տեղի ունեցան մոտ չորսժամյա բանակցություններ Իրաքում ԱՄՆ դեսպան Ռայան Քրոկերի և նույն երկրում Իրանի դեսպան Հոսեյն Քազեմիի միջև։ Թեև, հաղորդագրությունների համաձայն, բանակցությունների հիմնական թեման առնչվում էր միայն իրաքյան խնդրին, սակայն քիչ հավանական է, որ շուրջ 27 տարի դիվանագիտական նման կարգի շփումներ չունեցած և տարածաշրջանում ազդեցությամբ առանձնացող երկու տերությունները սահմանափակվեին սոսկ մեկ երկրին առնչվող օրակարգով։

Մյուս կողմից, հաշվի առնելով 2003-ից ի վեր Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունն ու ընթացող զարգացումները՝ ամերիկա-իրանական նման կարգի բանակցություններն արդեն իսկ պետք է ընկալել որպես տարածաշրջանային որոշակի հարցերի շուրջ նախնական պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունք։

Հիմնական հարցը, որը կարող է ի հայտ գալ նման պայմաններում, տարածաշրջանում ստեղծվող նոր իրավիճակի կառուցվածքին առչնվող հարցն է, քանզի ակնհայտ է դառնում, որ, անկախ արդյունքից, նման բանակցությունների մեկնարկն ինքնին նշանակում է նոր իրավիճակի առաջացում ողջ Մերձավոր Արևելքում։

Որպես տարածաշրջանում իրավիճակի ձևափոխման ցուցիչ է առանձնացվել նոր պայմանավորվածություններին միտված դիվանագիտական նախաձեռնությունների շարքը Մերձավոր Արևելքում։

Մերձավորարևելյան դիվանագիտություն

Իրավիճակի տեղաշարժի առաջին լուրջ նշաններն ի հայտ եկան 2006թ. վերջից-2007թ. սկզբից սաուդյան տարածաշրջանային քաղաքականության համար գուցե անսովոր դիվանագիտական բավական ակտիվ նախաձեռնություններով։

Թեև Լիբանանը համարվել է տարածաշրջանում սաուդական թագավորական տան ազդեցության ընդլայնման ավանդական գոտի և այդ առումով Էր Ռիադի ջանքերն առանձնացել էին հատկապես վերջին մեկուկես տասնամյակում1, սակայն 2006թ. իսրայելա-լիբանանյան պատերազմից հետո Բեյրութի ուղղությամբ իրականացվող սաուդյան քաղաքականությունն2 արդեն դուրս էր զուտ ներլիբանանյան տրամաբանությունից։

Տարածաշրջանում Էր Ռիադի դիվանագիտական ակտիվության երկրորդ կարևոր ուղղությունը դրսևորվեց պաղեստինյան հարցում։ 2006թ. հունվարի 25-ին Պաղեստինյան ինքնավարությունում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ եկած «Համաս» շարժման գործոնը կարճ ժամանակ անց իր արտացոլումը գտավ տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Եվ այդ առումով ողջ 2006թ. ընթացքում ու 2007թ. սկզբին շարունակվող «Ֆաթհ»-«Համաս» հակամարտությունը նախևառաջ ենթարկվում էր մերձավորարևելյան քաղաքականության տրամաբանությանը։

Այս տարվա փետրվարի 8-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի անմիջական նախաձեռնությամբ Մեքքայում պաղեստինյան միացյալ կառավարության ստեղծման մասին համաձայնագիր կնքվեց Ինքնավարության նախագահ, «Ֆաթհ» շարժման ղեկավար Մահմուդ Աբասի և «Համասի» ներկայացուցիչներ՝ Ինքնավարության վարչապետ Իսմայիլ Հանիայի ու Կազմակերպության քաղխորհրդի նախագահ Խալեդ Մաշալի միջև։ Ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ սաուդյան նշված քայլը, փաստորեն, աջակցություն էր ստացել նաև Դամասկոսում, քանզի Մաշալը, ով ապաստան է գտել Սիրիայում, համարվում է վերջինիս մարդը «Համասում»։ Նշվածը հատկապես առանձնանում էր այն պատճառով, որ համաձայնագրի անուղղակի արդյունքը պետք է լիներ պաղեստինյան գործերում Իրանի ազդեցության սահմանափակումը։

Եվ վերջապես, սաուդական նախաձեռնություններից, անշուշտ, պետք է առանձնացնել Սիրիայի արաբական մեկուսացման դեմ ուղղված քայլը և Իսրայելին, փաստորեն, ողջ արաբական աշխարհի կողմից արված հաշտության առաջարկը։ Ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունները հանդես են եկել փոխկապակցված ձևով, և այդ առումով ամենևին էլ պատահական չէ, որ երկուսն էլ ի հայտ եկան ս.թ. մարտի 28-29-ը Էր Ռիադում կայացած Արաբական պետությունների լիգայի 19-րդ գագաթաժողովի ժամանակ։ Այստեղ սաուդյան թագավորը կրկնեց դեռևս 2002թ. հրեական պետությանն իր իսկ արած հաշտության առաջարկը3, և դա արվեց սաուդա-սիրիական հարաբերություններում, փաստորեն, տեղի ունեցած «ճեղքման» ֆոնին։

Ըստ էության, սիրիական հարցն, ընդհանրապես, հանդես է գալիս որպես մերձավորարևելյան նոր զարգացումների եթե ոչ ամենաառանցքային, ապա ամենակարևոր գործոններից մեկի տեսքով։ Իրանա-սիրիական և սաուդա-սիրիական հարաբերություններում նկատվող զարգացումներից զատ, այդ հետևության օգտին են խոսում հատկապես իսրայելա-սիրիական և ամերիկա-սիրիական հարաբերություններում ի հայտ եկած նոր տարրերը։

2007թ. հունվարի 16-ին իսրայելական «Ha’aretz» պարբերականը գրեց, որ 2004թ. սեպտեմբերից ի վեր Թել Ավիվն ու Դամասկոսը գաղտնի բանակցություններ են վարում հաշտության պայմանագիր կնքելու նպատակով, իսկ արդեն մայիսի 24-ին իսրայելական մեկ այլ օրաթերթի՝ «Maariv»-ի հրապարակման համաձայն, օտարերկրյա մի քանի դիվանագետներ ներկայումս զբաղված են Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև, փաստորեն, բանակցությունների ընդհանուր օրակարգ մշակելով։

Քիչ հավանական է, որ պատահականություն լինի այն հանգամանքը, որ իսրայելա-սիրիական բանակցությունների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերն, ընդհանուր առմամբ, համընկան ամերիկա-սիրիական հարաբերություններում նկատվող ջերմացման հետ։ Դեռևս ս.թ. ապրիլի 3-4-ը ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Դամասկոս կատարած այցելության առնչությամբ կարծիք էր հայտնվել, թե այդ քայլը վկայում է Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի նոր քաղաքականության մասին։ Ենթադրությունն ապացուցվեց մայիսի 3-4-ը եգիպտական Շարմ աշ-Շեյխ հանգստավայրում տեղի ունեցած Իրաքի վերաբերյալ միջազգային համաժողովի շրջանակներում ԱՄՆ ու Սիրիայի արտգործնախարարներ Քոնդոլիզա Ռայսի ու Վալիդ Մուալեմի միջև կայացած հանդիպմամբ։ Լրատվական արտահոսքերի համաձայն, ամերիկա-սիրիական բանակցությունների օրակարգի գլխավոր թեմաներն են Արևմուտքի կողմից Բաշար Ասադի վարչակարգին տրվող ապահովության երաշխիքները, փոխարենը Դամասկոսից պահանջվում է կայունացնող մոտեցում ցուցաբերել Լիբանանի ու Իրաքի գործերում։

Կասկածից վեր է, որ իսրայելա-սիրիական բանակցություններում տեղ գտած ակտիվությունն առաջին հերթին Դամասկոսի նկատմամբ ամերիկյան նոր մոտեցման արդյունք է։

Մերձավորարևելյան նոր դիվանագիտության հաջորդ կարևոր տարրը Եվրամիության ու Իրանի միջև վերսկսված բանակցություններն են։ Այդ բանակցությունները, որոնք իրանական միջուկային զարգացումների համատեքստում Միացյալ Նահանգների ու Իրանի կողմից միշտ էլ դիտարկվել են որպես անուղղակի շփման միջոց, վերջին անգամ ընթացել էին 2007թ. փետրվարի 10-11-ը Մյունխենում կայացած անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում։

Եվրոպա-իրանական վերսկսված բանակցությունները մինչ օրս ընթացել են երկու փուլով՝ ապրիլի 25-26-ը Անկարայում և մայիսի 31-ին Մադրիդի մոտ՝ Եվրամիության արտաքին ու անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանայի ու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի միջև։

Այդ բանակցությունների վերսկսման փաստը դժվար թե լուրջ ուշադրության արժանանար, եթե այդ բանակցությունները չշարունակվեին Իրանի միջուկային ծրագրին առնչվող իրավիճակում ԱՄՆ ու եվրոպական կողմի համար ցանկալի որևէ տեղաշարժի բացակայության պայմաններում։ Այդ հանգամանքը նկատելի դարձավ հատկապես ապրիլի վերջին-մայիսի սկզբին, երբ վերջնականապես պարզվեց, որ Իրանը մտադիր չէ կատարել 2007թ. մարտի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի պահանջները։

Եվ վերջապես, մերձավորարևելյան զարգացումների համատեքստում պետք է առանձնացնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև սկսված բանակցությունները, որոնք, ինչպես նշվեց, տեղի ունեցան մայիսի 28-ին Բաղդադում։ Հատկապես 2003թ. իրաքյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին Իրանի հետ բանակցությունների գնալը Վաշինգտոնում միշտ էլ դիտարկվել է որպես Թեհրանին զիջման գնալուն հավասար մի քայլ։ Եվ այդ առումով անգամ 2006թ. դեկտեմբերի 6-ին հրապարակված Բեյքեր-Համիլթոն խմբի («Iraq Study Group») հանձնարարականները՝ բանակցությունների գնալ Իրանի ու Սիրիայի հետ, իրականացման տեսանկյունից 2007թ. սկզբին դիտվում էին որպես քիչ հավանական։ Հետևաբար, երբ ս.թ. ապրիլի 25-ին ամերիկյան հանրային PBS հեռուստաալիքով Բուշ-կրտսերը հայտարարեց, թե Քոնդոլիզա Ռայսին թույլատրվել է բանակցություններ սկսել Թեհրանի հետ, սակայն միայն իրաքյան հարցով, պարզ դարձավ, որ բացվել է ողջ Մերձավոր Արևելքի առնչությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելու ամերիկա-իրանական օրակարգը։

Հատկանշական է, որ Իրանի հետ բանակցությունների գնալու գործընթացին ամերիկացիները ձեռնամուխ եղան իրենց դիվանագիտության համար տիպիկ եղանակով։ Իրանական կողմի հետ նախ բանակցությունների մեջ մտավ Լոնդոնը. մայիսի 3-4-ը եգիպտական Շարմ աշ-Շեյխ հանգստավայրում կայացած համաժողովի ընթացքում բրիտանական արտգործնախարարության ղեկավար Մարգրեթ Բեքհեթը մոտ կեսժամանոց հանդիպում ունեցավ Իրանի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ4։

Հետևություններ

Մերձավոր Արևելքը մուտք է գործում, թերևս, կարճաժամկետ տևողությամբ մի նոր իրավիճակ, որի հիմնական բնութագրիչներն են.

  • ԱՄՆ իրաքյան կամպանիայի ձախողման հետևանքները,
  • իրանական ազդեցության աճը տարածաշրջանում,
  • Սառը պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում ձևավորված ուժերի փոխդասավորվածության ու հաշվարկների տրանսֆորմացիան։

Սկզբունքային նորությունն այն է, որ, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում որոշում է կայացվել 2007-2008թթ. ընթացքում բացառել Իրանի նկատմամբ ռազմուժի կիրառումը։ Առնվազն այդ հետևության օգտին են խոսում գլխավորապես ամերիկյան դիվանագիտության նախաձեռնած մերձավորարևելյան վերոհիշյալ զարգացումները։

Հասկանալի է, որ ներկայացվածի առանցքն են հանդիսանում ամերիկա-իրանական հավանական պայմանավորվածությունները։ Մերձավոր Արևելքում ընթացող մյուս բոլոր գործընթացները հարկ է դիտարկել որպես այդ առանցքին միտված գործոններ։

Այդքանով հանդերձ, այս իրավիճակի տևողությունն իրոք որ կարող է սահմանափակվել 2007-2008 թվականներով՝ կապված այն հանգամանքի հետ, որ ամերիկյան քաղաքական ընտրանին 2009թ. դուրս կգա նախընտրական (նախագահական ընտրություններ) իրավիճակից, և այդ դեպքում (չհաշված ընտրությունների արդյունքը) Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության մեջ կարող է գործել այլ տրամաբանություն։

1Էր Ռիադի քաղաքականության հաջողությունն է համարվում սաուդյան թագավորական տան հետ սերտ կապեր ունեցող մեծահարուստ Ռաֆիկ Հարիրիի կողմից 1992-1998թթ. և 2000-2004թթ. լիբանանյան կառավարությունը գլխավորելը։ Հիշեցնենք, որ Ռ.Հարիրին սպանվեց 2005թ. փետրվարի 14-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում։

2Այդ քաղաքականության, թերևս, ամենավառ օրինակներից էր Էր Ռիադի հովանավորությունը վայելող և արտաքին քաղաքականության մեջ գլխավորապես արևմտյան կողմնորոշում ունեցող Ֆուադ աս-Սինյորայի կառավարությանը հատկացված մոտ $1.1 մլրդ օգնությունը, որը տրամադրվեց 2007թ. հունվարի 25-ին Փարիզում կայացած և Լիբանանին նվիրված միջազգային համաժողովի արդյունքում։ Օգնության չափի առումով սաուդցիների տրամադրածը զիջում էր միայն Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի հատկացրած գումարին՝ $1.25 մլրդ։

3 Խաղաղության և Իսրայելը ճանաչելու փոխարեն առաջարկվում է Գազայի շրջանում և Հորդանան գետի ողջ արևմտյան ափում ստեղծել Պաղեստինյան պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, իսկ Իսրայելի սահմանները պետք է համապատասխանեն մինչև 1967թ. պատերազմը եղած իրավիճակին։

4 Չպետք է նաև մոռանալ, որ իրանա-բրիտանական նման կարգի բանակցություններն առաջինն էին իրանցիների կողմից ձերբակալված բրիտանացի 15 նավաստիների շուրջ ծավալված զարգացումներից (2007թ. մարտի 23-ապրիլի 4) հետո։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր