• am
  • ru
  • en
Версия для печати
01.10.2007

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

Руский

   

Սարգիս Հարությունյան

picture (medium) Ս.թ. սեպտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերը հայտարարեց Իրաքից ամերիկյան ռազմուժի դուրսբերման մեկնարկի մասին,1 եւ ըստ այդմ հանրապետականները չկարողացան խափանել 2008թ. նախագահական եւ Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ իրենց համար խիստ անբարենպաստ թեման (իրաքյան պատերազմը) նախընտրական հիմնական հարց դարձնելու դեմոկրատների ծրագիրը: Սակայն նշված հանգամանքներն, ըստ ամենայնի, էական ազդեցություն չեն ունենա Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի առաջիկա քաղաքականության վրա։ Ավելին` իր այդ որոշմամբ Սպիտակ տունը միայն ուժեղացնում է ամերիկյան դիրքերը տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ, նման որոշման կայացումը պետք է ընկալել որպես Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակի սկզբնավորման ցուցիչ։

«Մարշալի պլան» Մերձավոր Արեւելքի համար

Ամերիկյան արտաքին քաղաքականության ավանդույթներին համապատասխան, ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել այս անգամ Մերձավոր Արեւելքում «Մարշալի պլանի» իրականացմանը։ Թեեւ վերջինիս բովանդակությունն ու ծավալները տարբեր են Երկրորդ աշխարհամարտից հետո Արեւմտյան Եվրոպային ու Ճապոնիային առաջարկվածներից, սակայն տրամաբանությամբ ու հետապնդվող նպատակներով դրանք շատ մոտ են։

Ս.թ. հուլիսի 28-ի եւ 29-ի հրապարակումների համաձայն` առաջիկա 10 տարիներին ԱՄՆ-ը Իսրայելին, Եգիպտոսին տրամադրելու է, համապատասխանաբար, $30 մլրդ-ի ու $13 մլրդ-ի ռազմատեխնիկական օգնություն։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի արաբական միապետությունների /Քուվեյթ, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման/ հետ Միացյալ Նահանգները, նույն ժամանակահատվածի կտրվածքով, կնքելու է $20 մլրդ-ի ռազմատեխնիկական մատակարարումներ իրականացնելու մասին պայմանագրեր։

Ըստ նախնական տեղեկությունների, մերձավորարեւելյան նշված պետություններին առաջարկվող ամերիկյան ռազմատեխնիկական $63 մլրդ-ոց փաթեթի հիմնական մասը վերաբերում է ռազմաօդային ուժերին, հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության համակարգերին: Օրինակ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է մոտ երկու անգամ մեծացնել սաուդյան ռազմաօդային ուժերը` Էր Ռիյադին վաճառելով «F-15E», «F-16C», «F-16D» եւ անգամ նորագույն «F-22 Raptor»2 մարտական ինքնաթիռներ: Իսրայելական աղբյուրները նշում են, թե նման ծրագրի իրականացման պարագայում Սաուդյան Արաբիայի օդուժն իր հզորությամբ եւ արդիականության մակարդակով կարող է անգամ անցնել իսրայելականին` գերազանցելով նաեւ իրանական, թուրքական եւ եգիպտական օդուժերին` Մերձավոր Արեւելքում դառնալով ամենահզորը:

Պակաս տպավորիչ չեն նաեւ Իսրայելին հատկացվող միջոցները: Առաջիկա 10 տարիների համար հրեական պետությանը $30 մլրդ-ի հատկացումը ոչ միայն նշանակում է յուրաքանչյուր տարի Թել Ավիվին փոխանցվող ամերիկյան ռազմական օգնության 25%-ոց աճ, այլեւ գալիք ժամանակահատվածում լիովին նոր հարթություն է տեղափոխվելու ամերիկա-իսրայելական ռազմական փոխգործակցությունը` ձեռք բերելով ինտեգրված համակարգի բնույթ: Այսպես, նախատեսվում է մինչեւ 2013թ. ավարտին հասցնել ամերիկա-իսրայելական հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի հիմնումը, որի ուղղությամբ միայն Պենտագոնի ծախսերը կկազմեն մոտ $3.8 մլրդ: Այն պետք է հրեական պետությանը պաշտպանի իրանական, սիրիական ու պաղեստինա-լիբանանյան տարբեր տրամաչափերի հրթիռներից:

Զուտ ռազմատեխնիկական կողմից բացի, Մերձավոր Արեւելքում ամերիկյան նոր նախաձեռնությունն ուղեկցվեց նաեւ դիվանագիտական լուրջ ակտիվությամբ, որը նշանավորվեց ս.թ. հուլիսի 30-ից սեպտեմբերի 2-ը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ու պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսի մերձավորարեւելյան այցով:

Նման ձեւաչափով այցելության նախապատրաստումն ու իրականացումը /մասնավորապես, Ռայս-Գեյթսի հանդիպումները Եգիպտոսի ու Պաղեստինի Ինքնավարության նախագահների, Սաուդյան Արաբիայի թագավորի, Իսրայելի վարչապետի ու Պարսից ծոցի արաբական միապետությունների արտգործնախարարների հետ/, առաջին հերթին, պետք է վկայեն կոնկրետ պայմանավորվածությունների մասին:

Մերձավորարեւելյան մինի «Մարշալի պլանի» համատեքստում ներկայումս Իրանի նկատմամբ կիրառվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար ավանդական դարձած զսպման ռազմավարությունը` իր ռազմաքաղաքական, դիվանագիտական ու տնտեսական բաղկացուցիչներով:

Արեւմտյան աղբյուրների համաձայն` Իրանի դեմ Վաշինգտոնի ձեռնարկած զսպման ռազմավարությունն ունենալու է ռազմաքաղաքական երեք խոշոր գիծ.

  • Իրաք. այդ երկրում ամերիկյան ռազմուժի մասնակի կրճատումից հետո ընթանալու է վերադասավորում, որի արդյունքում այդ երկրի գլխավորապես կենտրոնական ու հյուսիսային մասերում` բնակավայրերից հնարավորինս հեռու, ստեղծվելու են ամերիկյան ռազմակայաններ,
  • Պարսից ծոց. ԱՄՆ-ը ոչ միայն հզորացնելու է Ծոցի արաբական միապետությունների ռազմական կարողությունները, այլեւ ընդլայնելու է իր ռազմական ներկայությունը եւ ենթակառուցվածքները,
  • Կարմիր ծով. Իսրայելի, Հորդանանի ու Եգիպտոսի ռազմական կարողությունների հզորացումը նպատակ է ունենալու ապահովել առաջին երկու գծերի թիկունքը:

Այսպիսով, թեեւ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, մերձավորարեւելյան նշված երկրներին ամերիկյան ռազմատեխնիկական $63 մլրդ-ոց փաթեթի տրամադրման հետ կապված բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, իսկ Սաուդյան Արաբիայի մասով ԱՄՆ Կոնգրեսում կա որոշակի ընդդիմություն, սակայն հիմնական հետեւությունը պետք է այն լինի, որ Մերձավոր Արեւելքում հակաիրանական դաշինքի ձեւավորման գործում Վաշինգտոնը հասել է սկզբունքային հաջողության: Որպես ցուցիչ պետք է ընկալել վերոհիշյալ ռազմատեխնիկական փաթեթի մասին Վաշինգտոնի հայտարարությունը:

Գործընթացի ցուցիչներ

Գոյություն ունեն առնվազն երեք ցուցիչներ, որոնք կարող են վկայել Մերձավոր Արեւելքում իրադրության ընդհանուր փոփոխության մասին:

Առաջին` պետք է հատուկ ուշադրություն դարձնել ներկայումս բավական ակտիվ ընթացող իսրայելա-պաղեստինյան հաշտության բանակցություններին: Իսրայելա-պաղեստինյան հաշտության ձեռքբերումը եւ պաղեստինյան պետության ստեղծումը ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանում իրանական ազդեցությունը կրճատող լուրջ քայլ, եւ այդ առումով ներկայումս ամերիկյան դիվանագիտությունը շոշափելի ճնշում է բանեցնում հատկապես Թել Ավիվի ուղղությամբ` արդեն այս նոյեմբերին Վաշինգտոնում կայանալիք հարցին նվիրված միջազգային համաժողովում կոնկրետ արդյունքներ ունենալու համար:

Ս.թ. հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը եւ Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը սկզբունքային համաձայնության են հանգել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ, իսկ արդեն օգոստոսի 28-ին արաբական հանրահայտ «Al-Jazeera» հեռուստաալիքը հրապարակեց հաշտության պայմանագրի նախագծի որոշ դրույթներ:

Թեեւ բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն եթե Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին հաջողվի արդեն նոյեմբերին «ճեղքում» գրանցել խնդրի առնչությամբ, ապա դա պետք է ընկալել որպես տարածաշրջանային իրադրության փոփոխության առաջին լուրջ նշան:

Կարեւոր երկրորդ ցուցիչը կլինի Բաղդադի կենտրոնական կառավարության անկումը: Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ մարմնի` Government Accountability Office-ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն` ալ-Մալիքիի կառավարությունը չի լուծել իր առջեւ դրված 18 առանցքային խնդիրներից 11-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ` օգոստոսի վերջին, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները ամերիկյան «Newsweek»-ին տված հարցազրույցի ժամանակ ուղղակի հայտարարել էր, թե Իրաքի կենտրոնական կառավարությունն անարդյունավետ է, ուստի պետք է հրաժարական տա:

Եթե Միացյալ Նահանգները որոշում է կայացրել հասնել ալ-Մալիքիի կառավարության լուծարմանը, ապա դա պետք է ընկալել որպես Իրանի հետ իրաքյան հարցում առկա պայմանավորվածություններից հրաժարում:

Եվ վերջապես, որպես երրորդ ցուցիչ պետք է դիտարկել նախորդ շաբաթներին նկատվող ամերիկա-ֆրանսիական բավական լուրջ մերձեցումը: Թեեւ այդ միտումը սկիզբ առավ դեռեւս անցած տարվանից` լիբանանյան հարցի կապակցությամբ, սակայն Սարկոզիի իշխանության գլուխ գալը նշանավորվեց Վաշինգտոնի հետ նոր մակարդակի եւ, ըստ ամենայնի, համալիր փոխպայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Այդ իրողությունը հատկապես նկատելի է մերձավորարեւելյան գործերում: Այս հուլիսի 27-ին Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններից հետո, որին մասնակցում էին ֆրանսիական «Charles De Gualle» եւ ամերիկյան «Enterprise» ավիակիրները, բնութագրիչ երկրորդ իրադարձությունը սեպտեմբերի 16-ին Իրանի հասցեին Բեռնար Կուշների հնչեցրած` Փարիզի համար աննախադեպ կոշտ հայտարարությունն էր, թե միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի Իրանի դեմ պատերազմին` կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ:

Իրանական հարցում ֆրանսիական քաղաքականության նման տեղաշարժը չի կարող չվկայել տարածաշրջանում սպասվող փոփոխությունների մասին:

1Սպիտակ տան ղեկավարի խոսքերով` մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը, երբ ԱՄՆ-ում կնշեն Սուրբ ծնունդը, Իրաքից դուրս են բերվելու 5700 զինվորականներ, իսկ մինչեւ 2008թ. հուլիս դուրս կբերվի եւս 21500-ը։ Նախատեսվում է արդեն սույն սեպտեմբերի վերջից սկսել դուրսբերման գործընթացը, երբ Իրաքի Անբար նահանգը կլքեն 2200 ծովային հետեւակայիններ։ Ընդհանուր առմամբ, 2008թ. օգոստոսի սկզբի դրությամբ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմուժի թվաքանակը պետք է կազմի մոտ 130000 զինվոր։

2Ամերիկյան «F-22 Raptor» մարտական ինքնաթիռները ԱՄՆ ռազմաօդային ուժերի շարքեր սկսել են մուտք գործել միայն 2005թ. դեկտեմբերից եւ մինչ օրս որեւէ այլ երկրի չեն վաճառվել` Կոնգրեսի կողմից հաստատված օրենսդրական արգելքի պատճառով: Միայն այս տարվա մարտին ԱՄՆ Կոնգրեսը հանեց նշված արգելքը: Իսրայելը բազմիցս է հայտարարել, թե իր օդուժը այդ ինքնաթիռների կարիքն ունի, որպեսզի կարողանա պահպանել ռազմավարական գերազանցությունը Մերձավոր Արեւելքում: Այդ իսկ պատճառով Թել Ավիվը դեմ է Սաուդյան Արաբիային «F-22 Raptor»-ների վաճառքին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր