• am
  • ru
  • en
Версия для печати
19.11.2007

ԱՄԵՐԻԿԱ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԾ ԱՌԵՎՏՈՒՐ. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

Bush_Putin (medium) Թեև այս տարվա հուլիսի 1-2-ը ամերիկյան Քենեբանկպորտում կայացած Բուշ-Պուտին գագաթաժողովից հետո ռուս-ամերիկյան օրակարգում գտնվող առանցքային հարցերից և ոչ մեկում նկատելի առաջընթաց չգրանցվեց և բավական հիմնավորված էր թվում այն վարկածը, ըստ որի՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում նախընտրական արշավների մեկնարկով լուրջ տեղաշարժ այլևս սպասելի է միայն Կրեմլում ու Սպիտակ տանը նոր վարչակազմերի գալուց հետո, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ի հայտ եկան նշաններ, որոնք թույլ են տալիս խոսել ամերիկա-ռուսական առաջիկա պայմանավորվածությունների մասին։

Այս պարագայում, սակայն, հարցի կարևորությունը ոչ այնքան այն է, թե ինչ կետերում է հավանական պայմանավորվածությունների ձեռքբերումը, որքան այն, որ Սառը պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնը հարկադրված է փոխզիջումային տարբերակով բանակցություններ վարել Մոսկվայի հետ առաջնային կարևորություն ունեցող միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ։

Փոփոխություններ ամերիկյան քաղաքականությունում

Տարվա սկզբից լրջորեն սրված ռուս-ամերիկյան հակասությունների առանցքային կետերից էր Լեհաստանում ու Չեխիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերի տեղակայման հարցը։ Ս.թ. փետրվարի 10-11-ը Մյունխենում կայացած անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ և հունիսի 6-8-ը գերմանական Հայլիգենդամում տեղի ունեցած Մեծ ութնյակի հերթական հանդիպման ընթացքում ռուսական դիվանագիտության գործադրած ճնշումները Վաշինգտոնի նկատմամբ, թեև համարվեցին աննախադեպ 1991-ից ի վեր, սակայն հարցի վերաբերյալ ամերիկյան քաղաքականության մեջ նկատելի փոփոխություններ չգրանցվեցին։

Բայց հոկտեմբերի 23-ին գտնվելով Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կատարեց բավական անսպասելի հայտարարություն։ Խոսելով Լեհաստանում ու Չեխիայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման հարցի շուրջ՝ Գեյթսն ասաց, թե, անշուշտ, Վաշինգտոնը շարունակելու է նշված երկրներում ՀՀՊ տարրերի տեղակայման աշխատանքները, սակայն Միացյալ Նահանգներում պատրաստ են հետաձգել վերջիններիս գործարկումը «մինչև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների առումով Իրանը սպառնալիք չներկայացնի»։

Թեև Վաշինգտոնը շարունակում է կարևորել Արևելյան Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայումը, սակայն հիմնականն այս պարագայում այն է, որ Գեյթսի նման հայտարարությունն, իրականում, նշանակում է քաղաքականության փոփոխություն1։

Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարարը որոշեց կատարել ևս մեկ՝ պակաս կարևորություն չունեցող մի հայտարարություն։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին՝ Պենտագոնի ղեկավարը նշեց, թե «այն, թերևս, չի վերաբերում հավանական լինելու ոլորտին՝ կարճաժամկետ հեռանկարում»։ Սակայն առանձնացավ հատկապես այն հանգամանքը, որ ներկայացնելով այդ դիրքորոշումը՝ Ռոբերտ Գեյթսն այն հիմնավորեց հարցի առնչությամբ Ուկրաինայում «էական ներքին ընդդիմության առկայությամբ»։ Փաստորեն, անդրադառնալով Արևմուտքի համար կարևոր համարվող ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարին՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հարկ համարեց կարևորել մի գործոն, որն, իրականում, հանդիսանում է հարցին վերաբերող ռուսական քաղաքականության տարր։

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկա-ռուսական բանակցությունների համատեքստում տեղ գտած հաջորդ կարևոր տեղաշարժը Կոսովոյի հարցում ԱՄՆ դիրքորոշման մեջ ի հայտ եկած փոփոխությունն է։

Նոյեմբերի 5-ին Վիեննայում կայացավ Կոսովոյի հարցով Բելգրադի ու Պրիշտինայի միջև ուղղակի բանակցությունների չորրորդ ռաունդը2։ Չնայած այստեղ նույնպես պահպանվեցին կողմերի սկզբունքային տարաձայնությունները, սակայն չէր կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ կողմերի քննարկմանը ներկայացված նոր առաջարկության փաթեթը հեղինակված էր Մոսկվայի կողմից3։ Նշվածն ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք հոկտեմբերի 29-ին Կոսովոյի հարցի առնչությամբ ԱՄՆ-ի կողմից արված նոր առաջարկությունը՝ ևս 12 տարով սառեցնել Կոսովոյին անկախություն շնորհելու գործընթացը4։

Սակայն Կոսովոյի հարցում ամերիկյան քաղաքականության մեջ էական տեղաշարժն արտահայտվեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հոկտեմբերի 27-ի հայտարարությամբ։ Գտնվելով Աֆղանստանում՝ Գեյթսն ասաց, թե Վաշինգտոնում քննարկվում է ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված «KFOR»-ի5 կազմից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։ Նման քայլն, իրականում, դժվար թե նշանակի, թե ԱՄՆ-ում որոշում են կայացրել դուրս գալ խաղից։ Եվ ոչ էլ այնքան նշանակում է, թե այդ կերպ Կոսովոյի հարցի պատասխանատվությունը դնելով Եվրամիության վրա՝ Վաշինգտոնը հարցի առնչությամբ ռուս-ամերիկյան լարվածությունը փոխանցում է ռուս-եվրոպական հարաբերություններին։ Ներկայացվածից զատ, Գեյթսի այդ հայտարարությունը պետք է ընկալել որպես Մոսկվային արվող զիջում։

Եվ վերջապես, ռուս-ամերիկյան օրակարգին վերաբերող չորրորդ կետը, որի շուրջ նկատելի է տեղաշարժը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին (ԵՍՍՄՊ) առնչվող բանակցություններն են6։

Հոկտեմբերի 30-ին «The International Herald Tribune»-ը, հղում կատարելով ամերիկյան անանուն դիվանագիտական աղբյուրի վրա, գրեց, թե Վաշինգտոնը պատրաստ է ԵՍՍՄՊ գծով զիջումներ կատարել Մոսկվային՝ փոխարենը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ակնկալելով վերջինիս աջակցությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում։

Նոյեմբերի 6-ին ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգությանն ու համագործակցությանն առնչվող կառավարական հատուկ հանձնաժողովի առջև՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Դևիդ Կրեմերը հայտարարեց, թե Վաշինգտոնը պատրաստ է սկսել ԵՍՍՄՊ վավերացման գործընթացի քննարկումը։

Հայտնի է, որ Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին ԵՍՍՄՊ-ն չվավերացնելու մեջ։ Պայմանագիրը հնարավորություն կտա ոչ միայն սահմանափակել Ռուսաստանի սահմանի երկայնքով առկա ՆԱՏՕ անդամ երկրների զինված ուժերի սովորական սպառազինությունների ու մարդուժի տեղակայումը, այդ ոլորտը թափանցիկ դարձնել Մոսկվայի համար, այլև ռուսական կողմին կարող է մաս դարձնել ՆԱՏՕ անդամ պետություններում սովորական սպառազինությունների ու բանակի կրճատման գործընթացի վերահսկողությանը։

Սակայն կարևոր է այն, որ հայտնի են նաև ԵՍՍՄՊ գծով ԱՄՆ-ին ուղղված ռուսական հիմնական պահանջները.

  • ՆԱՏՕ անդամ հետխորհրդային բալթյան երեք երկրներում չտեղակայել ՆԱՏՕ-ական ուժեր,
  • սահմանափակել ՆԱՏՕ-ական ուժերի տեղակայումը Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում և Ռումինիայում։

Հետևություններ

Այսպիսով, եթե փորձենք ընդհանրացնել, ապա միջազգային կարևորության մի շարք հարցերում ամերիկյան քաղաքականության մեջ ի հայտ են եկել փոփոխություններ, որոնք բոլորն էլ առնչվում են Ռուսաստանին։ Սակայն գլխավորն այստեղ պետք է լինեն հետևյալ երեք կետերը.

  • քանի որ նշված տեղաշարժերը փոխկապակցված են, ապա ռուս-ամերիկյան առաջիկա հավանական պայմանավորվածությունները կրելու են համալիր բնույթ, իսկ դա նշանակում է, որ նրանք ներառելու են նաև այսօրվա միջազգային հարաբերություններում կարևոր համարվող այլ հարցեր ևս, որոնց մեջ առաջինը, թերևս, պետք է նշել իրանականը,
  • քանի որ էական նշանակության հարցերում ամերիկյան քաղաքականության մեջ ի հայտ եկած փոփոխությունների մասին տեղեկությունները ստացել են հրապարակային բնույթ, ապա տեղին կլինի ենթադրել, որ ամերիկա-ռուսական մեծ առևտուրը կամ առնվազն նրա որոշ բաղկացուցիչներ բանակցությունների փուլից արդեն իսկ անցել են կիրառման փուլ7,
  • 1999թ. Հարավսլավիայի ու 2003թ. Իրաքի կամպանիաներից հետո առաջին անգամ Վաշինգտոնում փորձում են իրենց համար առաջնային կարևորություն ունեցող հարցերից մեկը (իրանական) լուծել միջազգային այլ ուժի կենտրոն(ներ)ի հետ փոխպայմանավորվածության ճանապարհով. այս հետևությունը ոչ այնքան կարևոր է կոնկրետ դեպքի կապակցությամբ, որքան այն պատճառով, որ եթե դա այդպես է, ապա միջազգային հարաբերություններին վերաբերող ամերիկյան ռազմավարության մեջ, թերևս, տեղ է գտել սկզբունքային փոփոխություն։

Ներկայացվածի համատեքստում բավական ինտրիգային բնույթ են ստանում ս.թ. հոկտեմբերի 15-16-ը Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի այցելությունը Թեհրան և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական ու միջուկային համագործակցության ոլորտներում նրա պայմանավորվածությունները Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Խամենեիի հետ։ Իրանը միակ կետն է, որի միջոցով Մոսկվան կարող է ճնշում բանեցնել Վաշինգտոնի նկատմամբ, և միակ կետն է, որի հետ կապված ռուսական զիջումները կհետաքրքրեն ամերիկացիներին։

Այդ իմաստով հասկանալի են դառնում նաև վերջերս ակտիվացած ամերիկա-իրանական բանակցությունները Իրաքի հարցով։ Ամերիկա-ռուսական վերը նշված բանակցությունները Թեհրանի համար պետք է հստակ ազդանշան լինեն, որ առաջիկա շաբաթները կարող են շատ էական լինել սեփական ազգային անվտանգության առումով։ Պատահական չէ, որ նոյեմբերի 2-3-ը Ստամբուլում կայացած Իրաքի հարցով միջազգային համաժողովում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ներկայացել էր, իր բառերով ասած, Իրաքում կայունություն հաստատելու նոր առաջարկներով։

Եվ վերջապես, թերևս, պետք է ներկայացվածի լույսի ներքո դիտարկել նաև այսօրվա Վրաստանում առկա ներքաղաքական լարվածությունը, և չնայած նարնջագույնների հաղթանակին, ուկրաինական կառավարության կազմավորման հետ կապված շարունակվող անորոշությունը։ Դժվար թե ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները չառնչվեն նաև հետխորհրդային արեային։

1Ի դեպ, չի կարող պատահական լինել, որ Գեյթսը նման հայտարարություն արեց կամ ստիպված եղավ նման հայտարարություն անել հոկտեմբերի 21-ին Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որի ժամանակ ամերիկամետ համարվող Կաչինսկի եղբայրների «Օրենք և արդարություն» կուսակցությունը պարտվեց ավելի եվրոպամետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը։ Հատկանշական է, որ հաղթանակից հետո՝ հոկտեմբերի 31-ին, Տուսկը հայտարարեց, թե 2008թ. Իրաքից դուրս է բերելու լեհական զորքերը։ Չի կարելի բացառել, որ Լեհաստանի խորհրդարանական ընտրությունների նման արդյունքները, հետևաբար՝ Վարշավայի արտաքին քաղաքականության մեջ ի հայտ եկած փոփոխությունները ոչ միայն գերմանական, այլև ռուսական ներգրավվածության արդյունք էին։

2Սերբիայի ու Կոսովոյի միջև ընթացող բանակցությունների այդ ձևաչափի կազմակերպիչը Կոնտակտային խումբն է, որը բաղկացած է Եվրամիության, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից։

3Ըստ այդ նոր փաթեթի՝ առաջարկվում է Սերբիայի ու Կոսովոյի միջև հաստատել այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Պեկինի ու Հոնկոնգի (Սյանգան) միջև (չինական մոդել)։ Այն բացառում է Կոսովոյի անկախացումը Սերբիայից, սակայն Պրիշտինային շնորհում է լայն իքնավարություն։

4Հարկ է նշել, որ ավելի վաղ գլխավորապես ԱՄՆ նախաձեռնությամբ այս տարվա դեկտեմբերի 10-ը սահմանվել էր որպես վերջնաժամկետ։ Եթե մինչև այդ օրը սերբերն ու ալբանացիները չկարողանան փոխհամաձայնության գալ, ապա վերջիններս, փաստորեն, կարող են հռչակել իրենց անկախությունը Բելգրադից։

5«KFOR»-ը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Կոսովոյում անվտանգության ապահովմանը միտված կոալիցիոն ռազմուժի հապավումն է։

6Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 14-ին սառեցնելով ԵՍՍՄՊ գծով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ Մոսկվան հայտարարել է, թե իր պահանջների չբավարարման դեպքում այս տարվա դեկտեմբերի 12-ին դուրս կգա պայմանագրից։

7Օրինակ, կարող է այդ մասին վկայել նաև ս.թ. հոկտեմբերի 26-ին պորտուգալական Մաֆրա քաղաքում կայացած ԵՄ-Ռուսաստան հերթական գագաթաժողովի ժամանակ Պուտինի բավական կոշտ հայտարարությունը, որով նա Լեհաստանում ու Չեխիայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայումը համեմատեց 1962թ. Կարիբյան ճգնաժամի հետ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր