ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ԻՐԱՎԻՃԱԿԸ 106-րդ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ
Նոյեմբերի 15-ին Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Իլքեր Բաշբուղը հայտարարեց, թե Հյուսիսային Իրաքում թուրքական զինված ուժերն անցել են լայնածավալ գործողությունների։ Թեև ռազմական տեսանկյունից այդ հայտարարությունը նշանակում է իրավիճակի փոփոխություն, սակայն դրա ողջ իմաստը քաղաքական է: Ուշագրավն այն է, որ Անկարան, ի վերջո, գնում է նման ակցիայի Միացյալ Նահանգների հետ մի քանի շաբաթ վարած բանակցություններից հետո: Իհարկե, նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում կայացած Բուշ-կրտսեր-Էրդողան բանակցությունների փաստն արդեն իսկ արդյունք էր, որին հասել էր թուրքական դիվանագիտությունը, և այդ առումով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող 106-րդ բանաձևին չանդրադառնալը1 նշված արդյունքի մի մասն էր: Բայց Անկարայի որոշումը` լայնածավալ ռազմական գործողություններ սկսել հյուսիսիրաքյան քրդերի դեմ, վկայում է, որ Էրդողանին չի հաջողվել լուծել ԱՄՆ-ի հետ ունեցած բոլոր առանցքային խնդիրները:
Սակայն գլխավոր հետևությունը պետք է դա էլ չլինի։ Եթե թուրքական բանակն, իրոք, ներխուժել է կամ կներխուժի Հյուսիսային Իրաք, ապա հարցը պետք է հանգեցնել ոչ այնքան ամերիկա-թուրքական հարաբերությունների արդեն իսկ անցած փուլին, այլ թե ինչ է սպասվում ապագայում։
Ցուցիչները
Ս.թ. նոյեմբերի 6-ին հյուսիսիրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (ՔՏԿ)2 հայտարարեց, թե իր վերահսկողության ներքո գտնվող նավթահանքերի շահագործման մասին պայմանագրեր է կնքել օտարերկրյա յոթ ընկերությունների հետ: Բայց եթե նոյեմբերի 6-ին ի հայտ եկած տեղեկությունն առնչվում էր այդ բիզնեսում ոչ այնքան ազդեցիկ կազմակերպություններին, ապա վեց օր անց՝ նոյեմբերի 12-ին, հայտնի դարձավ, որ ոչ միայն պայմանագրեր են կնքվել օտարերկրյա ևս հինգ ընկերությունների հետ, այլև այդ ընկերությունների շարքում է բրիտանա-ռուսական հայտնի TNK-BP նավթագազային հսկան3:
Պարզ է, որ հյուսիսիրաքյան նավթի եկամուտները կարող են որակական նոր հարթություն տեղափոխել քրդական պետության ստեղծման ընթացքը։ Սակայն գլխավոր դիտարկումը պետք է դա չլինի։ Իրաքում քրդերի ցանկացած հզորացման ու, առավել ևս, Քուրդիստանի իշխանությունների ինստիտուցիոնալ ամրապնդման վերաբերյալ Թուրքիայի հայտնի դիրքորոշման ֆոնին ՔՏԿ նման քայլը չէր կարող սոսկ քրդական նախաձեռնություն լինել՝ հատկապես ս.թ. հոկտեմբերի 7-ից4 կտրուկ սրված թուրք-քրդական հակասությունների համատեքստում։
Հաջորդ կարևոր կետը երաշխիքների հարցն է։ Հասկանալի է, որ քրդական նավթային (հետագայում հնարավոր է նաև գազային) նախագծերում ներգրավված բոլոր ընկերությունների համար կարևոր խնդիր է սեփական ներդրումների ապահովության հարցը։ Մասնավորապես, հյուսիսիրաքյան Քուրդիստանի պարագայում այդ հանգամանքն ավելի է ընդգծվում հոկտեմբերի 9-ից Անկարայի կողմից արդեն պաշտոնական մակարդակով հայտարարվող Հյուսիսային Իրաք ներխուժելու մտադրության համատեքստում։
Եթե նախաձեռնությունների առումով մենք կարող ենք բավական հիմնավոր կերպով ենթադրել, թե Էրբիլում ունեն ամերիկացիների հավանությունը, ապա արդեն օտարերկրյա ընկերություններին տրվող երաշխիքների առումով կասկածից վեր է, որ այդպիսի երաշխիքներ և այն էլ՝ ներկայացված թուրք-քրդական առճակատման պայմաններում, կարող էին տալ միայն Վաշինգտոնում, որն էլ կբավարարեր նաև սեփական իմիջի միջոցով դրամ վաստակող նավթագազային վերոհիշյալ ընկերություններին։
Սակայն գլխավորն, այնուամենայնիվ, այլ է։ Չի կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ ՔՏԿ-ի հետ կնքված պայմանագրերը կամ առնվազն դրանց մասին տեղեկությունն ի հայտ եկավ նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում կայացած Բուշ-կրտսեր-Էրդողան բանակցություններից հետո։ Թեև հանդիպման արդյունքներից ելնելով՝ ամերիկյան կողմը նախագահի մակարդակով ոչ միայն դատապարտեց Քրդական բանվորական կուսկացության (PKK) զինյալների հարձակումները թուրքական անվտանգության մարմինների վրա ու խոստացավ Անկարայի հետ կիսել հետախուզական տվյալները PKK զինյալների առնչությամբ5, սակայն փաստն այն է, որ ՔՏԿ-ի կողմից կնքված նավթային պայմանագրերն ի հայտ եկան այդ հանդիպումից հետո։
Եվ վերջապես, կարևոր մյուս հանգամանքը ՔՏԿ նավթային պայմանագրերի մեջ ներգրավված ընկերությունների կարգավիճակն է։ Ուշագրավն այն չէ, որ հունգարական, ավստրիական, հարավկորեական և ամենակարևորը՝ բրիտանական քաղաքական վերնախավերի հետ լուրջ կապեր ունեցող նավթագազային՝ ըստ էության կիսապետական, ընկերությունները որոշել են մասնակցել հյուսիսիրաքյան նավթի արդյունահանմանը, այլ այն, որ նշված պետությունների մայրաքաղաքներում որոշում է կայացվել գործընթացին ներգրավվել նման կարգավիճակ ունեցող ընկերությունների մակարդակով: Հաշվի առնելով իրավիճակը՝ նման ձեռնարկը պետք է առաջին հերթին գնահատել որպես քաղաքական ակցիա:
Հետևաբար, այդ ընկերությունների կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ անդրատլանտյան համագործակցության ձևաչափով ոչ միայն որոշում է կայացվել միջազգային ասպարեզում սկսել ՔՏԿ լեգիտիմացման գործընթաց, այլև այդ որոշումն իշխանությունից հեռացող Բուշ-կրտսերի վարչակազմի հերթական նախաձեռնությունը չէ սոսկ: Պետք է նույն տրամաբանության ներքո դիտարկել նաև նոյեմբերի 7-ին Իրաքի ռազմուժի Գլխավոր սպայակույտի պետ, ազգությամբ քուրդ Բաբաքր Զեբարիի հայտարարությունը, թե Պենտագոնը ծրագրում է մշտական ռազմակայան հիմնել իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մոտ:
Ամերիկա-թուրքական ներկայիս հակասությունների դիտարկման առումով պակաս ուշագրավ չէ նաև իրանա-թուրքական հարաբերություններում ի հայտ եկող ջերմացման առանձնացումը։ Սակայն եթե նախկինում նման ջերմացման անհրաժեշտությունից ելնելով՝ երկու երկրներն էլ սահմանափակվում էին հայտարարություններով կամ երկկողմ հարաբերություններին առնչվող ակցիաներից այն կողմ չէին անցնում, ապա այսօր Թեհրանն ու Անկարան համատեղ մոտեցումներ են մշակում ու քայլեր ձեռնարկում տարածաշրջանային մակարդակով և այն էլ այնպիսի կետերի առնչությամբ, որոնք Վաշինգտոնում համարվում են առաջնային։
Չէր կարող ուշադրություն չգրավել այն փաստը, որ Սիրիայից հետո Իրանը մերձավորարևելյան միակ երկիրն էր, որ պաշտպանեց Անկարայի Հյուսիսային Իրաք ներխուժելու մտադրությունը։ Հոկտեմբերի 27-ին Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին։
Սակայն էլ ավելի կարևոր են հոկտեմբերի սկզբին իրանա-թուրք-սիրիական գազային համագործակցության վերաբերյալ ի հայտ եկած տեղեկությունները։ Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Իրանն ու Սիրիան համաձայնության են հանգել Թուրքիայի տարածքով Դամասկոսին տարեկան ավելի քան 3.5 մլրդ մ3 իրանական գազ մատակարարելու հարցում, իսկ մեկ օր անց Անկարան հայտարարեց, թե $3.5 մլրդ-ի ներդրում է կատարելու իրանական խոշորագույն՝ «Հարավային Փարս» գազահանքում։
Հետևություններ
Չնայած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը, ի վերջո, չկայացավ Հայոց ցեղասպանությանը վերաբերող 106-րդ բանաձևի քվեարկությունը, և այդ հանգամանքն ու նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Բուշ-կրտսեր-էրդողան բանակցություններին հետևած հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնն ու Անկարան կարողացել են հանգել որոշակի պայմանավորվածությունների, սակայն հետևությունը պետք է լինի այն, որ երկու երկրներին առնչվող հակասություններն, ըստ ամենայնի, այլևս առնչվում են նրանց ռազմավարական շահերին։
Թուրքիայի պարագայում անհաջողությունները Եվրամիության ուղղությամբ և էլ ավելի վաղ գերագնահատված սեփական հնարավորությունները Կենտրոնական Ասիայում հիմք են Անկարայի համար, որպեսզի այն կենտրոնանա Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ Ինչպես Ռուսաստանի պարագայում, Թուրքիայում նույնպես փորձում են մեծացնել սեփական ազդեցությունը նախկինում իրենց՝ Օսմանյան կայսրության սահմանների մեջ գտնվող տարածքներում։ Այդ իմաստով թուրքական նոր քաղաքականությունը Իրանի, Սիրիայի, Իրաքի, իսրայելա-պաղեստինյան հարցի հետ կապված ավելի շատ նշված ռազմավարության մասն է, քան կրում է իրավիճակային բնույթ։
Հետևաբար, այսօր ոչ միայն հարկավոր է խոսել ամերիկա-թուրքական լուրջ բնույթ ունեցող հակասությունների մասին, այլև պետք է ենթադրել, որ այդ հակասությունները, թերևս, շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվի Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք սկիզբ առած ամերիկյան ակտիվ ներգրավվածությունը մերձավորարևելյան գործերում։ Եվ այդ իմաստով, նմանություններ կան ամերիկա-ռուսական այսօրվա հարաբերությունների ու հետխորհրդային արեայի հետ կապված։
1Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը 106-րդ բանաձևն առայժմ չի դրվի քվեարկության։
2ՔՏԿ իշխանության ներքո են գտնվում հյուսիսիրաքյան քրդական երեք նահանգները՝ Դոհուքը, Էրբիլը և Սուլեյմանիան։ ՔՏԿ-ն փաստացի իշխանություն ունի նաև Իրաքի Նինավա, Քիրքուկ ու Դիյալա նահանգների որոշ հատվածների նկատմամբ։ Մոտավոր հաշվարկների համաձայն՝ ներկայումս ՔՏԿ իշխանության ներքո գտնվող տարածքը կազմում է գրեթե 63 հազ. կմ2։ Ըստ արևմտյան աղբյուրների՝ այսօր Իրաքում բնակվում են շուրջ 4.5 մլն քրդեր, որոնց ավելի քան 95%-ը կենտրոնացած է հենց վերոնշյալ նահանգներում։ Հյուսիսիրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքն է համարվում Էրբիլ քաղաքը։
3Այդ մոտ մեկ շաբաթվա ընթացքում ՔՏԿ-ի հետ նավթային ոլորտին առնչվող պայմանագրեր կնքած ընկերությունների շարքում են ավստրիական ու հունգարական ամենամեծ նավթագազային ընկերությունները՝ OMV-ն ու MOL-ը, հարավկորեական պետական նավթագազային ընկերությունը՝ KNOC-ը։
4Թուրքական պաշտոնական աղբյուրների ներկայացմամբ, այդ օրը քուրդ զինյալների գրոհի արդյունքում սպանվեցին թուրք 13 զինվորականներ։
5Նման տեղեկության ի հայտ գալուն պես անվտանգության ոլորտի շատ ամերիկացի փորձագետներ շտապեցին կասկած հայտնել PKK-ի վերաբերյալ Անկարայի հետ հետախուզական տվյալներ կիսվելու Վաշինգտոնի պատրաստակամության առնչությամբ։ Բացատրությունը հետևյալն էր. նույն PKK վերաբերյալ հետախուզական տվյալների մի մեծ մասը Պենտագոնը ստանում է ՔՏԿ-ից, իսկ քրդերը քրդերի դեմ հետախուզական տվյալներ չեն փոխանցի Անկարային։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]