• am
  • ru
  • en
Версия для печати
11.02.2008

POST-KOSOVO. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

kosovo (medium)Չնայած միջազգային լրատվական դաշտն աստիճանաբար կենտրոնանում է Կոսովոյի անկախության հռչակման շուրջ, եւ անգամ շրջանառության մեջ է դրված վերջնաժամկետը` փետրվարի առաջին կես, սակայն այն պահից ի վեր, ինչ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը գործի գցեցին երկրամասի անկախության ճանաչման մեխանիզմը,1 այլեւս առաջնային դարձավ ոչ թե բուն Կոսովոյի անկախության ճանաչման հարցը (այդ հարցը, փաստորեն, լուծված է), այլ` դրան հետեւող հնարավոր զարգացումները։

Դժվար թե պատահականություն լինի այն, որ բազմաթիվ այլ մեխանիզմների շարքում Արեւմուտքում որոշեցին «Սերբիային պատժելու» ու Բալկաններում սեփական ազդեցությունը մեծացնելու միջոց ընտրել պետության քաղաքական սահմանների ուղղակի փոփոխությունը` շատ լավ հասկանալով, որ այն չի կարող ունենալ սոսկ լոկալ` տարածաշրջանային հետեւանքներ։

Հետեւաբար, հաշվարկի կենտրոնում պետք է լինի ոչ թե բալկանյան տարածաշրջանը եւ ոչ էլ Ռուսաստանի հեղինակության ու ազդեցության կրճատումը Եվրոպայում, այլ միջազգային բնույթի քաղաքական նոր գործընթացի սկզբնավորումը։

Այս պարագայում գլխավոր հետեւությունը, թերեւս, ունի հետեւյալ ձեւակերպումը. եթե ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, ապա հնարավոր է, որ առաջիկայում մենք լուրջ նորությունների սպասենք ոչ այնքան Ռուսաստան–Աբխազիա, Ռուսաստան–Հարավային Օսիա կամ Թուրքիա–Հյուսիսային Կիպրոս ուղղություններից, որքան նախ եւ առաջ Դարֆուրից եւ որն էլ ավելի հիմնավորված է թվում` իրաքյան Քուրդիստանից։

Իրաքյան Քուրդիստան. իրավիճակային վերլուծություն

Նախորդ մոտ երեք ամիսների ընթացքում իրաքյան Քուրդիստանի շուրջ առկա իրավիճակում ի հայտ եկավ բավական էական մի նորություն, որը կարծես թե առայժմ պատշաճ կերպով ներկայացված չէ միջազգային տեղեկատվական դաշտում։ Չնայած անցած տարվա հոկտեմբերի վերջերից թուրքական ռազմուժի կողմից իրականացված կանոնավոր բնույթի հարձակումներին եւ գլխավորապես Քրդական բանվորական կուսակցության զինյալների շրջանում տեղ գտած կորուստներին,2 փաստն այն է, որ`

  • Անկարայի ռազմական ակցիաներն անվտանգության, քաղաքական ու տնտեսական առումներով որեւէ լուրջ հետեւանք չունեցան իրաքյան Քուրդիստանի ազգային վարչակազմի համար,
  • մյուս կողմից, չնայած թուրքական բանակին Պենտագոնի ցուցաբերած հետախուզական ու տեխնիկական բնույթի օժանդակությանը, ինչպես նաեւ ամերիկյան դիվանագիտության պաշտոնական տարաբնույթ հայտարարություններին, Վաշինգտոնում որոշում կայացվեց արգելել Հյուսիսային Իրաք թուրքական լայնածավալ հարձակումը։

Այլ կերպ ասած, եթե 2003-ից ի վեր` սադամյան Իրաքի կազմալուծումից հետո, Թուրքիան համարվում էր իրաքյան Քուրդիստանի կայացման թիվ մեկ խոչընդոտը, ապա ողջ 2007թ. ամռանն ու աշնան սկզբին տեւած նախապատրաստական կամպանիայից հետո Թուրքիայի ընդամենը մարտավարական գրոհները Իրաքի հյուսիսի նկատմամբ թույլ են տալիս խոսել թուրքական խոչընդոտի արժեզրկման մասին` առնվազն քաղաքական հարթությունում։ Էլ ավելի կարեւոր է, որ նման արդյունք է ստացվում ԱՄՆ ներգրավվածության հետեւանքով։3

2007թ. հոկտեմբերից թուրքական մոտ 100 հազ.-ոց ռազմուժի մանեւրները իրաքյան Քուրդիստանի սահմանի մոտ չէին վերաբերում հյուսիսիրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) կողմից անկախության հռչակման հավանականությանը (այսօր Իրաքի քրդական վերնախավը նման օրակարգ չունի), այլ ուղղակի ճնշում էին Քիրքուկի հետագա կարգավիճակին վերաբերող քրդերի նախաձեռնած հանրաքվեի4 ուղղությամբ։ Սակայն այսօր նկատվող միտումը կարող է այդ հարցում անակնկալ մատուցել Անկարային։

2007թ. աշնանը օտարերկրյա մոտ 20 ընկերությունների հետ նավթի արդյունահանման վերաբերյալ ՔՏԿ կնքած պայմանագրերից հետո իրաքյան Քուրդիստանին առնչվող զարգացումներում կարեւոր տեղ է զբաղեցնում Քիրքուկի պատկանելության հարցը (տե՛ս հավելված)։

Ի սկզբանե նախատեսված էր, որ հանրաքվեն պետք է կայանա 2007թ. նոյեմբերի 15-ին, սակայն հետո այն հետաձգվեց` նշանակվելով 2007թ. դեկտեմբերի 31-ին։ Ինչպես նշվեց, 2007թ. հոկտեմբերից ակտիվ կերպով կիրառվող ռազմաքաղաքական ճնշման արդյունքում Անկարան կարողացավ հասնել հանրաքվեի հետաձգմանը, եւ դեկտեմբերի 18-ին անսպասելիորեն Քիրքուկ ժամանած Քոնդոլիզա Ռայսը, որի հետ հրաժարվեց հանդիպել իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին, բերել էր հենց այդ պահանջը։ Բայց գրեթե միաժամանակ ի հայտ եկան առնվազն երեք ցուցիչներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե Անկարայի հաջողությունները մարտավարական են.

  • 2007թ. դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ այդ շաբաթվա սկզբներին Իրաքի քրդական առաջատար երկու կուսակցությունները` Քուրդիստանի հայրենասիրական միությունը (ղեկավարն է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին) եւ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը (ղեկավարն է իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին), Քիրքուկի եւ հյուսիսիրաքյան նավթի եկամուտների վերաբերյալ քաղաքական համագործակցության համաձայնագիր են ստորագրել սուննի արաբների Իրաքի իսլամական կուսակցության հետ,
  • նույն դեկտեմբերին Իրաքի նավթի նախարար Հուսեյն ալ-Շահրիստանին հայտարարեց, թե իր գերատեսչությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում Իրաքի խոշորագույն նավթահանքերի, այդ թվում` Քիրքուկի վերաբերյալ օտարերկրյա ընկերությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու ուղղությամբ,
  • եւ վերջապես, չնայած 2007թ. վերջերին ի հայտ եկած տեղեկություններին, թե Քիրքուկի պատկանելության վերաբերյալ հանրաքվեն կարող է հետաձգվել 4-5 տարով, սակայն այս հունվարին արդեն պարզ դարձավ, որ սուննի ու շիա արաբների եւ քրդերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այն կայանալու է 2008թ. կեսերին։

Բոլոր երեք ցուցիչներն էլ թույլ են տալիս եզրակացնել, որ`

  • չնայած Անկարայի ճնշմանը, իրաքյան քրդերը կարողացել են իրենց հիմնական ընդդիմախոսների` արաբների հետ սկզբունքային համաձայնության հանգել Քիրքուկի հարցի վերաբերյալ, ինչն առնվազն ենթադրում է, որ ՔՏԿ վերահսկողության ներքո պետք է անցնի հյուսիսիրաքյան մեծ նավթի գոնե մի մասը,
  • մյուս կողմից` հատկապես ալ-Շահրիստանիի հայտարարությունը եւ 2008թ. կեսերին կայանալիք Քիրքուկի հանրաքվեի մասին տեղեկությունը վկայում են, թե Քիրքուկի հարցի շուրջ պայմանավորվածությունները համաձայնեցված են ամերիկյան կողմի հետ,
  • եւ եթե ներկայացված տրամաբանությունը ճիշտ է, ապա պետք է փաստել, որ իրաքյան Քուրդիստանի կայացման գործընթացը շարունակում է գտնվել դինամիկ փուլում

Հետեւություններ

Կոսովոյի շուրջ ընթացող գործընթացի մասշտաբայնությունը հուշում է, թե ամենեւին էլ պատահական չէ, որ վերջին շրջանում ի հայտ եկող ճգնաժամերի հետ կապված` արեւմտյան փորձագիտական միտքն ավելի շատ հղում է կատարում պետությունների մասնատման դրույթին, քան ժողովրդավարական կարգերի ամրապնդման միջոցով այդ ճգնաժամերի հաղթահարմանը։ Բալկաններից զատ կարող են ներկայացվածի օրինակներ ծառայել Իրաքին, Դարֆուրին եւ Պակիստանին առնչվող զարգացումները։

Միաժամանակ, չպետք է բացառել, որ վերոհիշյալն ունի շատ կարեւոր մի նպատակ` բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման գործընթացում հնարավորինս լավ ապահովել արեւմտյան շահերի պաշտպանությունը։

Քիրքուկի նահանգ

2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն, մինչեւ 2007թ. դեկտեմբերի 31-ը հանրաքվեով պետք է հստակեցվեր, թե արդյոք Քիրքուկ նահան•ը մաս է կազմելու իրաքյան Քուրդիստանին։

Նավթ՝

  • ԱՄՆ էներգետիկայի նախարա¬րութ¬յան համաձայն, Իրաքն ունի 93 մլրդ բարել նավթի ապացուցված պաշարներ, որից 10 մլրդ-ը գտնվում է Քիրքուկ նահանգում։
  • ՔՏԿ նավթի նախարար Աշտի Հավրամիի 2007թ. դեկտեմբերի 26-ի հայտարարության համաձայն, պաշտոնական Էրբիլի վերահսկողության ներքո գտնվող 3 նահանգներում (Սուլեյմանիա, Էրբիլ, Դահուկ) այսօր իրականացվող ծրագրերը թույլ կտան ՔՏԿ-ին առաջիկա 2 տարիներին հասնել օրական 200 հազ. բարել նավթի արդյունահանմանը, իսկ 5 տարի հետո` օրական 1 մլն բարելի, եւ սա` չհաշված Քիրքուկի նավթի պաշարները։

էթնիկ պատկեր

Քիրքուկ նահանգում ժամանակակից էթնիկ պատկերի վերաբերյալ թվերը բացակայում են։ Սակայն հայտնի են երկու թիվ.

  • մինչ օրս միջազգային տարաբնույթ ուսումնասիրություններում լուրջ են վերաբերվում միայն 1957թ. մարդահամարի տվյալներին, ըստ որի` այն ժամանակ Քիրքուկ նահանգի բնակչության 48.3%-ը քրդեր էին, 28.2%-ը` արաբներ, 21.4%-ը` թուրքմեններ, իսկ մնացած 2.1%-ը` գլխավորապես քրիստոնյաներ,
  • 2005թ. հունիսի 30-ին տեղի ունեցած Քիրքուկի նահանգային խորհրդի ընտրությունների արդյունքում 41 տեղանոց խորհրդում ձայները բաժանվեցին հետեւյալ կերպ. քրդեր` 26 տեղ, թուրքմեններ` 9 տեղ, արաբներ` 6 տեղ։

1Հունվարի 11-ին ամերիկյան Associated Press-ը հաղորդեց, թե Միացյալ Նահանգներն ու Գերմանիան քաղաքական որոշման են հանգել` ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ նպաստել, որ իրենց օրինակին հետեւեն Եվրամիության մյուս անդամները։ Պակաս ուշագրավ չէր Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա` Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հունվարի 14-ի աշխատանքային այցելության փաստը եւ վերջինիս հայտարարությունը, թե պաշտոնական Պրահան սպասում է, որ շատ շուտով Կոսովոն կդառնա անկախ։

2Թուրքական աղբյուրները նշում են մոտ 300 թիվը։

3Օրինակ, հունվարի 8-ին Վաշինգտոնում կայացած Բուշ–Գյուլ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հարկ համարեց հայտարարել, թե «քրդական ահաբեկչության դեմ պայքարը չի կարող հաջողել միայն ռազմական ակցիաներով»։

4ՔՏԿ-ի կողմից առաջարկվող հանրաքվեն վերաբերում է Իրաքի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան 3 նահանգներին` Նինավա, Քիրքուկ, Դիյալա։ Ներկայումս ՔՏԿ ենթակայության ներքո գտնվող 3 նահանգների` Սուլեյմանիա, Էրբիլ, Դահուկ, ընդհանուր տարածքը կազմում է 38004 կմ2։ Նինավայի, Քիրքուկի ու Դիյալայի միացումով այդ թիվը կհասնի 103.294 կմ2` ավելի քան 8,5 մլն բնակչությամբ, որից մոտ 53%-ը քրդեր են։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր