• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2008

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

   

Սարգիս Հարությունյան

Իրավիճակային վերլուծություն

Չնայած անցած տարվա դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհրդի (ԱՀԽ, National Intelligence Council) հրապարակած զեկույցի գլխավոր հետեւությունն էր, թե, ամենայն հավանականությամբ, Իրանը դադարեցրել է իր միջուկային զենքի ծրագիրը 2003թ. աշնանը, իսկ 2007թ. դեկտեմբերի վերջին էլ Պենտագոնը հրապարակեց ոչ պակաս կարեւոր մի տեղեկություն, թե անցած տարվա վերջին երեք ամիսների ընթացքում Իրաքում գրոհայինների հարձակումները նվազել են 62%-ով, սակայն փաստն այն է, որ ԱՀԽ հրապարակումից հետո տարածաշրջանային դինամիկան բնութագրող կարեւոր ոչ մի հարցում իրավիճակի փոփոխություն չի գրանցվել եւ, ինչն էլ ավելի կարեւոր է, այդպես էլ չեն երեւում հնարավոր փոփոխության նշանները։

  • 2007թ. նոյեմբերի վերջին ամերիկյան Անապոլիսում կայացած իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաժողովից հետո ոչ միայն չգրանցվեց որեւէ առաջընթաց, այլեւ իրադրությունն էլ ավելի սրվեց ու դարձավ բարդ կառավարելի այս հունվարի 23-ից հետո, երբ պաղեստինյան «Համաս» խմբավորման զինյալները մի քանի տեղ պայթեցրին Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող պատը` ճանապարհ բացելով «Համասի» համար անհրաժեշտ ապրանքների ու զենքի ներկրման համար, ինչպես նաեւ սկիզբ դնելով Սինայի թերակղզու ապակայունացմանը։
  • Շարունակում է լարված մնալ իրավիճակը Լիբանանում` կապված այդ երկրի նոր նախագահի ընտրության եւ ընդհանրապես ներքաղաքական կայունության հետ։ 2007թ. աշնանից Լիբանանի խորհրդարանը 14 անհաջող փորձից հետո այդպես էլ չի կարողանում ընտրել երկրի նոր ղեկավար։1
  • 2009թ. դեկտեմբերի 15-ին ավարտվելու է իրաքյան այս խորհրդարանի լիազորությունների ժամկետը, մինչդեռ անորոշ է մնում երկրի հետագա կառուցվածքի ու կառավարման համակարգի հարցը, լուծված չէ նավթի եկամուտների բաշխման խնդիրը, ամենագլխավորը` առայժմ չեն երեւում այդ հարցերի հանգուցալուծման հնարավոր տարբերակները։

Բայց ներկա իրավիճակը բնութագրող կարեւոր առանձնահատկությունն այն է, որ 2007թ. վերջի համար իրատեսական համարվող հետեւությունը, թե ԱՀԽ նման զեկույցը եւ Իրաքում իրավիճակի որոշակի հանդարտեցումը վկայում են ԱՄՆ–Իրան փոխհամաձայնության մասին, այլեւս պետք է վերագրել մինչեւ 2007թ. դեկտեմբեր ընկած ամերիկա-իրանական հարաբերություններին։ Այն, ըստ էության, 2003թ. իրաքյան պատերազմից հետո Մերձավոր Արեւելքում ի հայտ եկած իրողությունների նկատմամբ կոնսենսուսային համատեղ դիրքորոշման փորձ էր Վաշինգտոնի ու Թեհրանի կողմից։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց.

  • ԱՄՆ ԱՀԽ զեկույցը եւ դրան զուգահեռ Իրաքում զինյալների հարձակումների թվաքանակի նվազման փաստը չեն կարող եւ նպատակ էլ չունեին ամրագրել ամերիկա-իրանական տարածաշրջանային նոր status quo-ն,
  • թեեւ նշված զեկույցն ու փաստը հիմք հանդիսացան ներկայում ընթացող ամերիկա-իրանական բանակցությունների համար, բայց Վաշինգտոն–Թեհրան մերձավորարեւելյան նոր փոխհամաձայնությունը (եթե, իհարկե, կա այդպիսի նպատակ) դեռեւս բանակցությունների առարկա է, եւ թե ինչ իրավիճակ ու տրամաբանություն կունենանք տարածաշրջանում` տակավին անհայտ է։

Եվ վերջապես, պակաս կարեւոր չէ Իրանին առնչվող ամերիկյան ԱՀԽ վերջին զեկույցին իսրայելական կողմի անհամաձայնության փաստը։ Իրականությունն այն է, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ այսօր պաշտոնական Թել Ավիվը ոչ միայն ներկայացնում է ամերիկյանից էապես տարբերվող գնահատական, այլեւ հարկ է համարում Վաշինգտոնի հետ առաջացած այդ հակասություններին տալ հրապարակային բնույթ։ Սակայն դժվար թե նշվածը վկայի, որ Մերձավոր Արեւելքի հարցում Թեհրանի հետ պայմանավորվածությունների գնացող Վաշինգտոնում, օրինակ, որոշել են հաշվի չառնել տարածաշրջանում իրենց միակ ռազմավարական դաշնակցի շահերը։ Ավելի հավանական է, որ ամերիկա-իրանական ընթացող բանակցություններում հրեական կողմը դեռ չի տեսնում իր ռազմավարական անվտանգությունը երաշխավորող կետեր։ Բայց եթե դա այդպես է, ապա ամերիկա-իրանական այսօրվա բանակցությունները չեն կարող միտված լինել տարածաշրջանային նոր փոխդասավորվածության ստեղծմանը։ Հետեւաբար, ե՛ւ Վաշինգտոնի, ե՛ւ Թեհրանի համար միմյանց վրա ներազդելու բոլոր տարբերակները շարունակում են մնալ բաց։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ մենք գործ ունենք սկզբունքորեն այլ իրավիճակի հետ, քան մեզ երեւում էր 2007թ. դեկտեմբերին։

Իրանի միջուկային կարողություններ. նոր գնահատակա՞ն

2008թ. փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Մայքլ ՄըքՔոնելը, ով, հանդիսանալով ԱՄՆ հետախուզական հանրության ղեկավարը, փաստորեն, համակարգում է այդ երկրի 16 հետախուզական գործակալությունների աշխատանքը, ԱՄՆ Սենատի Հետախուզության հանձնաժողովին ներկայացրեց «Վտանգի տարեկան գնահատական» (Annual Threat Assessment) զեկույցը։ Փաստաթղթի` Իրանին վերաբերող մասում գլխավորապես առանձնացված է երկու հետեւություն.

  • Իրանը շարունակում է աշխատանքներն ուրանի հարստացման ոլորտում, եւ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ հարստացված ուրան կարող է ստանալ արդեն 2010–2015թթ. ժամանակահատվածում (ինչպես հայտնի է, միջուկային զենքի ստեղծումը համեմատաբար հեշտ է, ավելի դժվար է ստանալ այդ զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութերը),
  • Իրանն աշխատանքներ է տանում հեռահար հրթիռների պատրաստման ուղղությամբ։2

Թեեւ նշված հետեւություններն ինքնին որեւէ նորություն չեն պարունակում եւ, օրինակ, հարստացված ուրանին վերաբերող մասը նույնությամբ վերցված է 2007թ. դեկտեմբերի 3-ին հրապարակված ԱՄՆ ԱՀԽ Իրանին վերաբերող փաստաթղթից (NIC, Iran: Nuclear Intentions and Capabilities), սակայն ուշադրություն է գրավում հետեւյալը.

  • ի տարբերություն ԱՀԽ 2007թ. դեկտեմբերյան զեկույցի, ՄըքՔոնելի ներկայացրածը կրկին առաջին պլան է մղում իրանական միջուկային եւ հրթիռային ծրագրերի վտանգավորությունը ԱՄՆ-ի համար,
  • աստիճանաբար ի հայտ են գալիս նշաններ, որոնք թույլ են տալիս ենթադրել, թե հիմք ընդունելով նույն ԱՀԽ զեկույցը` ամերիկյան կողմը ձգտում է փոխել շեշտադրումները, ինչը կարող է բերել ԱՀԽ զեկույցի թողած քաղաքական հետեւանքների արժեզրկմանը,
  • եւ երրորդ, ներկայացվածն էլ ավելի իրական է թվում, եթե հաշվի առնենք վերջին մի քանի շաբաթներին Իրանի միջուկային ու հրթիռային ոլորտներում տեղ գտած իրադարձությունները։3

2007թ. դեկտեմբերի 10-ին ելույթ ունենալով Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հրավիրված անվտանգության հարցերով միջազգային համաժողովում` ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Իրանի առնչությամբ առանձնացրեց երկու կետ։ Առաջին, ԱՄՆ ԱՀԽ զեկույցը «բարձր վստահությամբ (high confidence)» նշում է, որ նախկինում Թեհրանն ունեցել է միջուկային զենքի ստեղծման ծրագիր ու շարունակում է ունենալ այդպիսի զենք ստեղծելու հնարավորություն։ Երկրորդ, Իրանն աշխատանքներ է տանում միջին հեռահարության հրթիռների ստեղծման ուղղությամբ, որոնք, սակայն, արդյունավետ են միայն այն դեպքում, եթե կրում են միջուկային մարտագլխիկ։

2008թ. հունվարի 16-ին ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ Հենրի Օբերինգը հայտարարեց, թե Իրանն արագացրել է հեռահար հրթիռների ստեղծման աշխատանքները, որոնք կարող են հասնել Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։

Եվ վերջապես, փետրվարի 13-ին հանդես գալով կոնգրեսական լսումներում` ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի տեղակալ Թոմաս Ֆինգերը կրկին առանձնացրեց այն կետը, թե Իրանն ունի տեխնիկական ու արդյունաբերական հնարավորություններ միջուկային զենք ստեղծելու համար։

Հետեւություններ

Չնայած ամերիկա-իրանական բանակցություններին եւ նախորդ տարվա երկրորդ կեսին կողմերի միջեւ տեղ գտած պայմանավորվածությանը, Վաշինգտոն–Թեհրան հակասությունների առարկա հանդիսացող էական բոլոր կետերում շարունակում են պահպանվել տարաձայնությունները։

Սակայն այլեւս հարկ է որպես մերձավորարեւելյան իրավիճակի բնութագրիչներ դիտարկել ոչ թե իրանա-ամերիկյան գծում տեղ գտնող փոփոխությունները, այլ տարածաշրջանում ի հայտ եկող նոր իրողությունները ռազմատեխնիկական ու աշխարհաքաղաքական դաշտերում։ Հավանական է, որ Մերձավոր Արեւելքում որպես որոշիչ գործոններ սկսեն հանդես գալ.

  • Զանգվածային ոչնչացման զենքերի ոլորտում նկատվող ձեռքբերումները մերձավորարեւելյան տերությունների զինանոցում: Պատահական չէ, որ վերջին երկու-երեք ամիսներին հատկապես արեւմտյան փորձագիտական շրջանակները լրջորեն քննարկում են մերձավորարեւելյան միջուկային պատերազմի սցենարները։
  • Գրեթե փլուզման եզրին հայտնված Իրաքի, Աֆղանստանի ու Պակիստանի տարածաշրջանային դերակատարման էական թուլացմամբ պայմանավորված` աշխարհաքաղաքական նոր կոնստրուկցիաների առաջացումը. օրինակ, այսօր Արեւմուտքում նպատակահարմար է դիտվում ներգրավել Իրանին` այդ երկրներում կայունության հաստատման համար։

1 Հիշեցնենք, որ նախկին նախագահ Էմիլ Լահուդի լիազորությունների ժամկետն ավարտվել է 2007թ. նոյեմբերի վերջին։

2 Փաստաթղթում (DNI, Annual Threat Assessment) նշված է հետեւյալը. «Չնայած առնվազն 2007թ. կեսի տվյալների համաձայն, դադարեցված էին Իրանի միջուկային զենքերի մշակման եւ ուրանի կոնվերսիայի ու հարստացման գաղտնի աշխատանքները, [սակայն] Իրանը շարունակում է ճեղքվող նյութերի (fissile materials) ու միջուկային [մարտագլխիկ կրելու] հնարավորություն ունեցող հրթիռների ստացման աշխատանքները»։

3 2008թ. փետրվարի 4-ին Իրանը հաջողությամբ իրականացրեց «Սաֆիր-1» անվամբ նոր հրթիռի փորձարկում, որը, հանդիսանալով 4 000 կմ հեռահարություն ունեցող «Շահաբ-3» հրթիռի մոդիֆիկացված տարբերակը, ուղեծիր դուրս բերեց իրանական արհեստական արբանյակը։ Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանում ձեռնամուխ են եղել նոր` «P-2» ցենտրիֆուգների փորձարկմանը, որոնք 2-3 անգամ ավելի արագ են հարստացնում ուրանը, քան մինչ այդ Թեհրանի տրամադրության ներքո եղած «P-1»-երը։ Եվ վերջապես, փետրվարի 13-ին ամերիկյան «Associated Press» լրատվական գործակալությունը գրեց, թե Իրանը սեփական տեխնոլոգիաներով կարողացել է ստանալ ուրանային գազ, որն անհրաժեշտ է ցենտրիֆուգների աշխատանքի համար` մի խնդիր, որը նախկինում անլուծելի էր իրանական կողմի համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր