• am
  • ru
  • en
Версия для печати
17.04.2008

ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ Իրավիճակային վերլուծություն

Руский

   

Սարգիս Հարությունյան

untitled (medium) Չնայած անցած տարվա դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհրդի (ԱՀԽ, National Intelligence Council) հրապարակած զեկույցի գլխավոր հետևությունն էր, թե, ամենայն հավանականությամբ, Իրանը դադարեցրել է միջուկային զենքի ծրագիրը 2003թ. աշնանը, իսկ 2007թ. դեկտեմբերի վերջին էլ Պենտագոնը հրապարակեց ոչ պակաս կարևոր մի տեղեկություն, թե անցած տարվա վերջին երեք ամիսների ընթացքում Իրաքում գրոհայինների հարձակումները նվազել են 62%-ով, սակայն փաստն այն է, որ ԱՀԽ հրապարակումից հետո տարածաշրջանային դինամիկան բնութագրող կարևոր ոչ մի հարցում իրավիճակի փոփոխություն չի գրանցվել և, ինչն էլ ավելի կարևոր է, այդպես էլ չեն երևում հնարավոր փոփոխության նշանները։

2007թ. նոյեմբերի վերջին ամերիկյան Անապոլիսում կայացած իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաժողովից հետո ոչ միայն չգրանցվեց որևէ առաջըթնաց, այլև իրադրությունն էլ ավելի սրվեց ու դարձավ բարդ կառավարելի հունվարի 23-ից հետո, երբ պաղեստինյան «Համաս» խմբավորման զինյալները մի քանի տեղ պայթեցրին Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող պատը` ճանապարհ բացելով «Համասի» համար անհրաժեշտ ապրանքների ու զենքի ներկրման համար, ինչպես նաև սկիզբ դնելով Սինայի թերակղզու ապակայունացմանը։

Շարունակվում է լարված մնալ իրավիճակը Լիբանանում` կապված այդ երկրի նոր նախագահի ընտրության և ընդհանրապես ներքաղաքական կայունության հետ։ 2007թ. աշնանից Լիբանանի խորհրդարանը 14 անհաջող փորձից հետո այդպես էլ չի կարողանում ընտրել երկրի նոր ղեկավար1։

2009թ. դեկտեմբերի 15-ին ավարտվելու է իրաքյան այս խորհրդարանի լիազորությունների ժամկետը, մինչդեռ անորոշ է մնում երկրի հետագա կառուցվածքի ու կառավարման համակարգի հարցը, լուծված չէ նավթի եկամուտների բաշխման խնդիրը, ամենագլխավորը` առայժմ չեն երևում այդ հարցերի հանգուցալուծման հնարավոր տարբերակները։

Բայց ներկա իրավիճակը բնութագրող կարևոր առանձնահատկությունն այն է, որ 2007թ. վերջի համար իրատեսական համարվող հետևությունը, թե ԱՀԽ նման զեկույցը և Իրաքում իրավիճակի որոշակի հանդարտեցումը վկայում են ԱՄՆ-Իրան փոխհամաձայնության մասին, այլևս պետք է վերագրել մինչև 2007թ. դեկտեմբեր ընկած ամերիկա-իրանական հարաբերություններին։ Այն, ըստ էության, 2003թ. իրաքյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքում ի հայտ եկած իրողությունների նկատմամբ կոնսենսուսային համատեղ դիրքորոշման փորձ էր Վաշինգտոնի ու Թեհրանի կողմից։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց.

  • ԱՄՆ ԱՀԽ զեկույցը և դրան զուգահեռ Իրաքում զինյալների հարձակումների թվաքանակի նվազման փաստը չեն կարող և նպատակ էլ չունեին ամրագրելու ամերիկա-իրանական տարածաշրջանային նոր փոխդասավորվածությունը` status quo-ն,
  • թեև նշված զեկույցն ու փաստը հիմք հանդիսացան ներկայումս ընթացող ամերիկա-իրանական բանակցությունների համար, բայց Վաշինգտոն-Թեհրան մերձավորարևելյան նոր փոխհամաձայնությունը (եթե, իհարկե, կա այդպիսի նպատակ) դեռևս բանակցությունների առարկա է, և թե ինչ իրավիճակ ու տրամաբանություն կունենանք տարածաշրջանում՝ դեռ անհայտ է։

Եվ վերջապես, պակաս կարևոր չէ Իրանին առնչվող ամերիկյան ԱՀԽ վերջին զեկույցի նկատմամբ իսրայելական կողմի անհամաձայնության փաստը։ Իրականությունն այն է, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ այսօր պաշտոնական Թել Ավիվը ոչ միայն ներկայացնում է ամերիկյանից էապես տարբերվող գնահատական, այլև հարկ է համարում Վաշինգտոնի հետ առաջացած այդ հակասություններին տալ հրապարակային բնույթ։ Սակայն դժվար թե նշվածը վկայի, որ Մերձավոր Արևելքի հարցում Թեհրանի հետ պայմանավորվածությունների գնացող Վաշինգտոնում, օրինակ, որոշել են հաշվի չառնել տարածաշրջանում իրենց միակ ռազմավարական դաշնակցի շահերը։ Ավելի հավանական է, որ ամերիկա-իրանական ընթացող բանակցություններում հրեական կողմը դեռ չի տեսնում իր ռազմավարական անվտանգությունը երաշխավորող կետերը։ Բայց եթե դա այդպես է, ապա ամերիկա-իրանական այսօրվա բանակցությունները չեն կարող միտված լինել տարածաշրջանային նոր փոխդասավորվածության ստեղծմանը։ Հետևաբար, և՛ Վաշինգտոնի, և՛ Թեհրանի համար միմյանց վրա ներազդելու բոլոր տարբերակները շարունակում են մնալ բաց։

Գլխավոր հետևությունն է` եթե վերոհիշյալ երեք պարբերություններում ներկայացվածը ճիշտ է, ապա հնարավոր է, որ մենք գործ ունենք սկզբունքորեն այլ իրավիճակի հետ, քան մեզ երևում էր 2007թ. դեկտեմբերին։

Իրանի միջուկային կարողություններ. նոր գնահատակա՞ն

2008թ. փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն (Director of National Intelligence) Ջոն Մայքլ ՄըքՔոնելը, ով, փաստորեն, համակարգում է այդ երկրի 16 հետախուզական գործակալությունների աշխատանքը, ԱՄՆ Սենատի Հետախուզության հանձնաժողովին ներկայացրեց «Վտանգի տարեկան գնահատական» (Annual Threat Assessment) զեկույցը։ Փաստաթղթի՝ Իրանին վերաբերող մասում գլխավորապես առանձնացված է երկու հետևություն.

  • Իրանը շարունակում է աշխատանքներն ուրանի հարստացման ոլորտում և միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ հարստացված ուրան կարող է ստանալ արդեն 2010-2015թթ. ժամանակահատվածում (ինչպես հայտնի է, միջուկային զենքի ստեղծումը համեմատաբար հեշտ է, ավելի դժվար է ստանալ այդ զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութերը),
  • Իրանն աշխատանքներ է տանում հեռահար հրթիռների պատրաստման ուղղությամբ2։

Թեև նշված հետևություններն ինքնին որևէ նորություն չեն պարունակում և, օրինակ, հարստացված ուրանին վերաբերող մասը նույնությամբ վերցված է 2007թ. դեկտեմբերի 3-ին հրապարակված ԱՄՆ ԱՀԽ Իրանին վերաբերող փաստաթղթից (NIC, Iran: Nuclear Intentions and Capabilities), սակայն ուշադրություն է գրավում հետևյալը.

  • ի տարբերություն ԱՀԽ 2007թ. դեկտեմբերյան զեկույցի, ՄըքՔոնելի ներկայացրածը կրկին առաջին պլան է մղում իրանական միջուկային և հրթիռային ծրագրերի վտանգավորությունը ԱՄՆ-ի համար,
  • աստիճանաբար ի հայտ են գալիս նշաններ, որոնք թույլ են տալիս ենթադրել, թե հիմք ընդունելով նույն ԱՀԽ զեկույցը` ամերիկյան կողմը ձգտում է փոխել շեշտադրումները, ինչը կարող է բերել ԱՀԽ զեկույցի թողած քաղաքական հետևանքների արժեզրկմանը,
  • ներկայացվածն էլ ավելի իրական է թվում, եթե հաշվի առնենք վերջին մի քանի շաբաթներին Իրանի միջուկային ու հրթիռային ոլորտներում տեղ գտած իրադարձությունները3։

2007թ. դեկտեմբերի 10-ին ելույթ ունենալով Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հրավիրված անվտանգության հարցերով միջազգային համաժողովում` ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Իրանի առնչությամբ առանձնացրեց երկու կետ։ 1. ԱՄՆ ԱՀԽ զեկույցը «բարձր վստահությամբ (high confidence)» նշում է, որ նախկինում Թեհրանն ունեցել է միջուկային զենքի ստեղծման ծրագիր ու շարունակում է ունենալ այդպիսի զենք ստեղծելու հնարավորություն, 2. Իրանն աշխատանքներ է տանում միջին հեռահարության հրթիռների ստեղծման ուղղությամբ, որոնք, սակայն, արդյունավետ են միայն այն դեպքում, եթե կրում են միջուկային մարտագլխիկ։

2008թ. հունվարի 16-ին ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ Հենրի Օբերինգը հայտարարեց, թե Իրանն արագացրել է հեռահար հրթիռների ստեղծման աշխատանքները, որոնք կարող են հասնել Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։

Եվ վերջապես, փետրվարի 13-ին հանդես գալով կոնգրեսական լսումներում` ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի տեղակալ Թոմաս Ֆինգերը կրկին առանձնացրեց այն կետը, թե Իրանն ունի տեխնիկական ու արդյունաբերական հնարավորություններ միջուկային զենք ստեղծելու համար։

Հետևություններ

Չնայած ամերիկա-իրանական բանակցություններին և նախորդ տարվա երկրորդ կեսին կողմերի միջև տեղ գտած պայմանավորվածությանը, Վաշինգտոն-Թեհրան հակասությունների առարկա հանդիսացող էական բոլոր կետերում շարունակում են պահպանվել տարաձայնությունները։

Սակայն այլևս հարկ է որպես մերձավորարևելյան իրավիճակի բնութագրիչներ դիտարկել ոչ թե իրանա-ամերիկյան գծում տեղ գտնող փոփոխությունները, այլ տարածաշրջանում ի հայտ եկող նոր իրողությունները ռազմատեխնիկական ու աշխարհաքաղաքական դաշտերում։ Հավանական է, որ Մերձավոր Արևելքում որպես որոշիչ գործոններ սկսեն հանդես գալ.

  • զանգվածային ոչնչացման զենքերի (առաջին հերթին հրթիռներ ու միջուկային զենք) ոլորտում նկատվող ձեռքբերումները մերձավորարևելյան տերությունների մոտ4,
  • գրեթե փլուզման եզրին հայտնված Իրաքի, Աֆղանստանի ու Պակիստանի տարածաշրջանային դերակատարման էական թուլացմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական նոր կոնստրուկցիաների ի հայտ գալը (օրինակ, այսօր Արևմուտքում նպատակահարմար է դիտվում ներգրավել Իրանին` Աֆղանստանում ու միջուկային զենք ունեցող Պակիստանում կայունության հաստատման համար)։

1Հիշեցնենք, որ նախկին նախագահ Էմիլ Լահուդի լիազորությունների ժամկետն ավարտվել էր 2007թ. նոյեմբերի 23-ի լույս 24-ի կեսգիշերին։

2Փաստաթղթում (DNI, Annual Threat Assessment) նշված է հետևյալը. «Չնայած առնվազն 2007թ. կեսի տվյալների համաձայն՝ դադարեցված էին Իրանի միջուկային զենքերի մշակման և ուրանի կոնվերսիայի ու հարստացման գաղտնի աշխատանքները, [սակայն] Իրանը շարունակում է ճեղքվող նյութերի (fissile materials) ու միջուկային [մարտագլխիկ կրելու] հնարավորություն ունեցող հրթիռների ստացման աշխատանքները»։

32008թ. փետրվարի 4-ին Իրանը հաջողությամբ իրականացրեց «Սաֆիր-1» անվամբ նոր հրթիռի փորձարկում, որը, հանդիսանալով 4000կմ հեռահարություն ունեցող «Շահաբ-3» հրթիռի մոդիֆիկացված տարբերակը, ուղեծիր դուրս բերեց իրանական արհեստական արբանյակը։ Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանում ձեռնամուխ են եղել նոր` «P-2» ցենտրիֆուգների փորձարկմանը, որոնք 2-3 անգամ ավելի արագ են հարստացնում ուրանը, քան մինչ այդ Թեհրանի տրամադրության ներքո եղած «P-1»-երը։ Եվ վերջապես, փետրվարի 13-ին ամերիկյան «Associated Press» լրատվական գործակալությունը գրեց, թե Իրանը սեփական տեխնոլոգիաներով կարողացել է ստանալ ուրանային գազ, որն անհրաժեշտ է ցենտրիֆուգների աշխատանքի համար` մի խնդիր, որը նախկինում անլուծելի էր իրանական կողմի համար։

4Պատահական չէ, որ վերջին երկու-երեք ամիսներին հատկապես արևմտյան փորձագիտական շրջանակները լրջորեն քննարկում են մերձավորարևելյան միջուկային պատերազմի սցենարները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր