• am
  • ru
  • en
Версия для печати
31.07.2008

ՉԻՆԱԿԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ

   

Սարգիս Հարությունյան

China (medium) Ս.թ. հունիսի 24-ին ռուսական «Коммерсант» պարբերականը գրեց, թե Մոսկվան ու Աշգաբադը պայմանագիր են կնքել, ըստ որի՝ ռուսական կողմը Թուրքմենստանին է վաճառելու վեց հատ «Смерч» տեսակի հրետանահրթիռային համակարգեր՝ $70 մլն ընդհանուր արժողությամբ։ Թեև նշված գործարքը նշանակում է, որ 2006թ. դեկտեմբերին Թուրքմենբաշու մահվանից հետո պաշտոնական Աշգաբադը շարունակում է արտաքին քաղաքական ու անվտանգության ոլորտներում իր թիվ 1 գործընկերը տեսնել Մոսկվային, սակայն վերջին շրջանում Թուրքմենստանի շուրջ ընթացող էներգետիկ զարգացումների համատեքստում գործարքի կայացումը նաև ցուցիչ է, որ առաջիկա տարիներին Աշգաբադը շարունակելու է ռուսական ուղին դիտարկել որպես սեփական բնական գազի արտահանման առաջնային տարբերակ։ Հուլիսի 4-ին Ռուսաստանի նախագահի՝ Աշգաբադ այցելության փաստը և Թուրքմենստանի նախագահի հետ նրա բանակցությունների արդյունքները նշված հետևության մեկ այլ հիմնավորումն են։

Սակայն այդքանով հանդերձ փաստն այն է, որ Թուրքմենստանում և ընդհանրապես Կենտրոնական Ասիայում տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն։ Եթե ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած առաջին տասնամյակն ավարտվեց տարածաշրջանին առնչվող տարաբնույթ էներգետիկ նախագծերի ի հայտ գալով, ապա այս տասնամյակն, ըստ ամենայնի, կավարտվի նշված նախագծերի առնվազն մի մասի իրականացումով1։ Իսկ այդ հանգամանքը չի կարող իր ներգործությունը չունենալ տարածաշրջանում ուժային փոխդասավորվածության, հետևաբար՝ էներգետիկ հոսքերի ուղղությունների վրա։ Թեև Ռուսաստանն ամենից մեծ կարողությունն ունի առաջիկայում Կենտրոնական Ասիայում որպես թիվ 1 դերակատար մնալու համար, և տարածաշրջանը միայն մեծացնելու է իր նշանակությունը ռուսական էներգետիկ ռազմավարությունում, սակայն այսօր ողջ ինտրիգն այն է, թե Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Իրանի ու անգամ Պակիստանի ու Հնդկաստանի շարքում որ մեկը ձեռք կբերի Մոսկվայի հիմնական մրցակցի կարգավիճակը, ինչն ամեն դեպքում իր ազդեցությունը կունենա նաև Կենտրոնական Ասիային հարակից տարածաշրջանների աշխարհաքաղաքականության վրա։

Իրավիճակային դիտարկում

Չնայած ընդունված է համարել, որ կենտրոնաասիական էներգետիկ ոլորտ մուտք գործելու առավել ագրեսիվ ծրագրեր ունեն արևմտյան ընկերությունները և նշվածը հանդիսանում է տարածաշրջանում սեփական ազդեցությունը հաստատելու Միացյալ Նահանգների ու Եվրամիության աշխարհաքաղաքական նախագծի կարևոր բաղկացուցիչը2, սակայն իրողությունն այն է, որ մինչ օրս Ռուսաստանից բացի, Կենտրոնական Ասիայից էներգակիրների փոխադրման գործում շոշափելի ձեռքբերումներ ունի միայն Չինաստանը և, որն էլ ավելի ուշագրավ է, կենտրոնաասիական վարչակազմերի հետ Պեկինի կոնկրետ պայմանավորվածությունների քանակը միայն աճում է՝ աստիճանաբար ներառելով նաև նավթագազային ոլորտից դուրս գտնվող ռազմավարական կարգի այլ բնագավառներ (ինչպես, օրինակ, տրանսպորտյին ոլորտը)։

Նավթամուղ
Անցած տարվա դեկտեմբերի 11-ին Ղազախստանում մեկնարկեց Կենկիյակ-Կումկոլ քաղաքներն իրար կապող նավթամուղի շինարարությունը։ Առաջին հայացքից ներղազախական այդ նավթատարը կարևոր է նրանով, որ շարք մտնելուն պես այն պետք է ավարտին հասցնի Ղազախստանը Չինաստանին կապող տպավորիչ երկարություն ունեցող նավթատարի շինարարությունը։ Մոտ երկուսուկես տարի առաջ՝ 2005թ. դեկտեմբերի 15-ին, շարք էր մտել Կենտրոնական Ասիան Չինաստանին միացնող առաջին նավթամուղը՝ այն ղազախակական Աթասու քաղաքը կապեց արևմտաչինական Ալաշանկու բնակավայրի հետ3։ Կենկիյակ-Կումկոլ նավթամուղի կառուցումից հետո Կասպիցի հատվածում գտնվող ղազախական հիմնական նավթահանքերը Աթիրայու-Կենկիյակ-Կումկոլ-Աթասու-Ալաշանկու գծով մուտք կգործեն չինական շուկա։ Նախատեսվում է, որ 2011-ից, երբ կավարտվի Կենկիյակ-Կումկոլ հատվածի շինարարությունը, այդ նավթամուղով օրական Չինաստան կառաքվի 1 մլն բարել նավթ։ Եթե հաշվի առնենք, որ 2003թ. ի վեր Պեկինը սև ոսկու թիվ 2 ներկրողն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո, և, օրինակ, մայիսին Չինաստանն օրական ներմուծում էր 3.81 մլն բարել նավթ և մինչև 2011թ. այդ թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի, ապա 2011թ. դրությամբ միայն ղազախական նավթը կարող է ապահովել ողջ Չինաստանի պահանջարկի առնվազն 25%-ը։

Գազամուղ
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, ներկայացվածից բացի, Պեկինն ու Աստանան արդեն սկզբունքային համաձայնության են հանգել Ղազախստանից դեպի Չինաստան ձգվող գազամուղի կառուցման շուրջ, որը պետք է անցնի վերոհիշյալ նավթամուղին զուգահեռ։

Սակայն Կենտրոնական Ասիայում Պեկինի գազային թիվ 1 նախագիծն առնչվում է Թուրքմենստանին։ 2007թ. օգոստոսի 31-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում մեկնարկեց Թուրքմենստան-Չինաստան գազամուղի շինարարությունը։ Մի քանի ամիս անց՝ նույն թվականի դեկտեմբերի 28-ին, չինական նավթային հսկա «China National Petroleum Corporation»-ի («CNPC») դուստր ձեռնարկություններ հանդիսացող «PetroChina» և «China National Oil and Gas Exploration and Development Corporation» ընկերությունները հայտարարեցին, թե միասին հատկացնելու են մոտ $2.2 մլրդ՝ կառուցելու Թուրքմենստան-Չինաստան գազամուղի չինական հատվածը։ Նախատեսվում է, որ ավելի քան 9 250 կմ երկարություն ունեցող գազամուղի շինարարությունը կարժենա մոտ $13.6 մլրդ և պետք է ավարտվի 2009թ. վերջին, որից հետո 30 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի Թուրքմենստանից Չինաստան կհոսի 30 մլրդ մ3 բնական գազ։ Ավելացնենք նաև, որ 2007թ. վերջին «CNPC»-ը պայմանավորվածություն ձեռք բերեց Աշգաբադի հետ, որի համաձայն՝ չինական ընկերությունը գնեց թուրքմենական խոշորագույն գազահանքերից մեկի՝ «Բագթիյառլիկի»4 շահագործման իրավունքը, որի պաշարները գնահատվում են 1.3 տրլն մ3։

Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, CIA) հրապարակած վերջին տվյալների համաձայն5, որոնք, սակայն, առնչվում են 2006թ., Չինաստանի բնական գազի տարեկան սպառումը կազմել է 55.6 մլրդ մ3։ Անշուշտ, ներկայում այդ թիվն ավելին է6, բայց ամեն դեպքում ներկայացված թվերը հուշում են, որ թուրքմենական 30 մլրդ մ3 բնական գազը ռազմավարական նշանակություն կունենա Չինաստանի էներգետիկ անվտանգության համար։

Երկաթգիծ
Ներկայում Կենտրոնական Ասիան արտերկրի հետ կապող 11 խոշոր երկաթգծերից 9-ը տանում են դեպի Ռուսաստան, մեկը՝ Թուրքմենստանից Իրան և վերջինը՝ Ղազախստանից Չինաստան։ 2007թ. ընթացքում Պեկինը ձեռնամուխ եղավ Արևմտյան Չինաստանը Կենտրոնական Ասիայի հետ կապող երկու նոր երկաթգծերի շինարարությանը։ Առաջինը չինական Կորգաս սահմանամերձ քաղաքը կապելու է ղազախական խոշորագույն քաղաքի՝ Ալմաթիի հետ, իսկ երկրորդը՝ Չինաստանի ծայր արևմուտքում գտնվող Կաշի բնակավայրից Ղրղըզստանի տարածքով հասնելու է մինչև Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ։ Նախատեսվում է, որ երկու երակթգծերն էլ պատրաստ կլինեն 2010թ.։

Թեև չին-կենտրոնաասիական այսօրվա առևտուրն իր մեծությամբ երկու կողմերի համար առաջնային չէ, սակայն Չինաստան-Կենտրոնական Ասիա երկաթուղային հաղորդակցության հզորությունների նման կտրուկ մեծացումն առնվազն ցուցիչ է, որ Պեկինում նպատակ ունեն փոխել այդ վիճակը կենտրոնաասիական երկրների համար՝ նրանց առաջարկելով Ռուսաստանի շուկայից իր արժեքով ավելի քան երեք անգամ մեծ չինական շուկան, չինական էժան ապրանքներն ու ծառայությունները և վերջապես՝ չինական ուղիները՝ համաշխարհային օվկիանոս դուրս գալու ճանապարհին7։

Հետևություններ

Վերջին երեք տասնամյակում տպավորիչ հաջողությունների հասած չինական տնտեսության համար այսօր կարևորագույն խնդիրներից է էներգետիկ անվտանգության ապահովումը։

Չինաստանի պարագայում հարցը չի վերաբերում միայն նավթի ու բնական գազի գների այսօր շարունակվող աճին։ Նկատի ունենալով չին-ամերիկյան ռազմավարական կարգի հակասությունները՝ Պեկինն իր համար լուրջ խնդիր է տեսնում էներգակիրների ներկրումն իրականացնել միայն ծովային ճանապարհով, ուր ամերիկյան ռազմածովային նավատորմը մի քանի անգամ առավել է չինականի նկատմամբ, և որը, արևմտյան ու ռուսական գնահատականների համաձայն, այդպես պետք է մնա առնվազն մի քանի տասնամյակ։

Պեկինում գրեթե նույն տիպի խնդիր են տեսնում նաև Ռուսաստանի պարագայում։ Թեև այսօրվա ռուս-չինական հարաբերությունները մոտեցել են անգամ դաշնակցային կարգավիճակի, սակայն, բնականաբար, Պեկինի համար միշտ էլ նախընտրելի կլինի սեփական էներգետիկ սնուցումն ապահովել մի տարածաշրջանից կամ երկրից, որի վրա կարողանա բանեցնել ռազմաքաղաքական կամ տնտեսական արդյունավետ ճնշում։ Ինչը, հասկանալի է, առնվազն միջնաժամկետ կտրվածքով անիրական է Ռուսաստանի պարագայում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պարզ է դառնում, որ այդ առումով՝

  • մի կողմից՝ Պեկինում Կենտրոնական Ասիան պետք է դիտարկվի որպես առկա հնարավորություններից լավագույնը,
  • մյուս կողմից՝ ներկայացվածը լուրջ հիմք է՝ կանխատեսելու, թե առաջիկայում չինական ներգրավվածությունը Կենտրոնական Ասիայում միայն աճելու է, և չպետք է զարմանալ, եթե պարզվի, որ Ռուսաստանը սխալվել էր տարածաշրջան չինական ներթափանցման սահմանները որոշելիս։

1Բրիտանական «British Petroleum» ընկերության ներկայացրած վերջին տվյալների համաձայն («BP Statistical Review of World Energy, June 2008»), 2007թ. ավարտին կենտրոնաասիական երեք պետությունների՝ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան (զեկույցում դիտարկված չեն Ղրղըզստանի ու Տաջիկստանի տվյալները՝ վերջիններիս մոտ նավթագազային պաշարների բացակայության կամ աննշան լինելու պատճառով), նավթի ու բնական գազի պաշարները կազմել են, համապատասխանաբար, 41 մլրդ բարել (կամ աշխարհի նավթի պաշարների 3.3%-ը) և 6.31 տրլն մ3 (կամ աշխարհի բնական գազի պաշարների 3.6%-ը)։ Ներկայացված թվերը, սակայն, արևմտյան այլ հեղինակավոր աղբյուրները համարում են խիստ նվազեցված։

2Տպավորիչ վերջին օրինակն առնչվում է հունիսի 6-ին հրապարակված տեղեկությանը, թե ղազախական «KazMunaiGaz National Co» և ամերիկյան «Chevron Corporation» ընկերությունները պայմանավորվածության են հանգել կառուցելու մի նավթամուղ, որը Ղազախստանի «Թենգիզ» նավթաhանքից կմիանա Ադրբեջանի մայրաքաղաքից մեկնարկող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղին, և որի թողունակությունը առավելագույնը կկազմի օրական 1.1 մլն բարել։ Նախագծի երեք փուլերից առաջին փուլի (մոտ 860կմ, այն «Թենգիզը» միացնելու է ղազախական Կարյիկ նավթային նավահանգստին, կառուցումը պետք է ավարտվի 2010թ.) շինարարությունը գնահատվել է մոտ $1.5 մլրդ։ Ըստ ներկայացված հաշվարկների, եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ապա «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի թողունակությունը, որն այսօր առավելագույնը գնահատվում է օրական մոտ 1 մլն բարել նավթ, կարող է կրկնապատկվել՝ հասնելով օրական 2 մլն բարելի։

3Աթասու-Ալաշանկու նավթամուղով այսօր օրական Չինաստան է հոսում մոտ 200 հազ. բարել նավթ։

4«Բագթիյառլիկ» գազահանքը գտնվում է Թուրքմենստանի արևելքում՝ թուրքմենա-ուզբեկական սահմանին մոտ։ Թուրքմենստան-Չինաստան կառուցվող գազամուղը չինական սպառողներին է միացնելու հենց այս և նույնպես Թուրքմենստանի արևելքում գտնվող «Մալայ» գազահանքերը։

5Ըստ այդ տվյալների՝ 2006թ. Չինաստանն արդյունահանել է 58.6 մլրդ մ3 բնական գազ, արտահանել՝ 2.87 մլրդ մ3-ը, իսկ ներմուծել, 0.97 մլրդ մ3։ Տե՛, CIA, «The 2008 World Factbook» (էլեկտրոնային տարբերակի վերջին թարմացումը՝ հունիսի 19, 2008թ.)։

6Չինական կառավարության ընդունած ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մինչև 2010թ. ավելի քան երկու անգամ մեծացնել գազիֆիկացված բնակարանների թիվը։ Այդ ցուցանիշով, սակայն, Չինաստանը շարունակում է աշխարհում գրավել ցածր տեղերից մեկը։

7Բերենք մեկ օրինակ։ 2007թ. չին-ղազախական առայժմ միակ երկաթգծով տեղափոխված ապրանքների ծավալը մոտ 60%-ով ավելի է եղել, քան 2006թ.։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր