• am
  • ru
  • en
Версия для печати
07.07.2008

ԴԻՏԱՐԿՈՒՄ «RUSSIAN ENERGY POLICY AND ITS CHALLENGE TO WESTERN POLICY MAKERS» ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Руский

   

Սարգիս Հարությունյան

csis (medium) Ռուսական էներգետիկ քաղաքականությունը դառնում է միջազգային հարաբերությունների կարևորագույն գործոններից մեկը։ Այն, որ նավթի ու բնական գազի գների շարունակվող աճի պայմաններում առաջիկայում էներգետիկ բաղկացուցիչը միայն մեծացնելու է իր նշանակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ, հարցի հանրահայտ կողմն է։ Սակայն նորությունն այն է, որ հարցն աստիճանաբար գերիշխող դիրք է գրավում Մոսկվայի հետ ԱՄՆ ու եվրոպական ազդեցիկ երկրների հարաբերությունների օրակարգում։ Թերևս, սխալված չլինենք, եթե նշենք, որ գալիք տարիներին ո՛չ հետխորհրդային երկրներում աշխարհաքաղաքական մրցակցության և ո՛չ էլ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հարցերը նման ներգործություն չեն ունենա Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ եռանկյունում, որքան ռուսական էներգետիկ քաղաքականության արդյունքները և դրանց միտված ԱՄՆ ու նրա դաշնակիցների հակաքայլերը։ Այլ կերպ ասած` այսօր ավելի տեղին է ռուս-ամերիկյան կամ ռուս-եվրոպական հարաբերություններին առնչվող ռազմավարական նորությունները սպասել հենց այս ոլորտից, քան, օրինակ, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի ենթադրվող անդամակցության շուրջ ծավալվող զարգացումներից։

Մեր նախորդ դիտարկման մեջ ներկայացրել էինք վաշինգտոնյան «The Nixon Center»-ի հրապարակած «Ռուսական էներգիան և եվրոպական անվտանգությունը. անդրատլանտյան երկխոսություն» («Russian Energy and European Security: A Transatlantic Dialogue») զեկույցը։ Այս անգամ անդրադառնանք ԱՄՆ մայրաքաղաքում գործող ավելի ազդեցիկ՝ «Center for Strategic and International Studies»-ի («CSIS») պատրաստած զեկույցին՝ «Ռուսական էներգետիկ քաղաքականությունը և նրա ներկայացրած մարտահրավերը արևմտյան քաղաքականություն կերտողների նկատմամբ» («Russian Energy Policy and its Challenge to Western Policy Makers»)1։

Դիտարկում

Զեկույցը որպես խնդիր է առանձնացնում հիմնականում հետևյալ կետերը։

Առաջին՝ 2006թ. հունվարին Ուկրաինա և Վրաստան ռուսական բնական գազի մատակարարման դադարեցումը, նույն թվականին Լիտվա ու Բելառուս ռուսական նավթի մատակարարման դադարեցումը, 2007թ. հունվարին Վրաստանի նկատմամբ դարձյալ նույն սցենարի խաղարկումը ռուսական էներգետիկ քաղաքականության միայն ակտիվացման ցուցիչներն են, քանի որ այդ քաղաքականությունը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից ի վեր (ըստ զեկույցի՝ նախորդ 17 տարիների ընթացքում Ռուսաստանը քաղաքական նպատակներով դիմել է էներգետիկ նմանատիպ ճնշման ավելի քան 40 անգամ)։ Այսինքն՝ զեկույցը խնդիր է տեսնում ոչ այնքան ռուսական էներգետիկ քաղաքականության ակտիվացման, որքան նրա արդյունավետության մեծացման մեջ։

Երկրորդ. ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը երկար ժամանակ լուրջ ուշադրություն չեն դարձրել ռուսական էներգետիկ քաղաքականությանը, որից հետո արևմտյան անդրադարձը եղել է բավական թույլ ու չհամակարգված։ Վերջինս պատճառ է հանդիսացել, որ Մոսկվայում գան այն համոզման, թե Արևմուտքն առնվազն ներկայում ի վիճակի չէ լրջորեն արձագանքել ռուսական էներգետիկ քաղաքականությանը։ Այսինքն՝ զեկույցը որպես խնդիր է ներկայացնում ոչ այնքան ԵՄ էներգետիկ միասնական ռազմավարության բացակայությունը, որքան այն փաստը, որ նաև այդ պատճառով Արևմուտքը մինչ օրս չի կարողանում հակազդել Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությանը, հետևաբար՝ այդ ուղղությամբ Մոսկվայի ձեռքբերումները շարունակվելու են։

Երրորդ. զեկույցը հատկապես առանձնացնում է Ֆրանսիայի, Իտալիայի ու Գերմանիայի դերակատարությունը Եվրոպայում ռուսական էներգետիկ քաղաքականության իրականացման գործում։ Թեև ուղղակի նշված չէ, սակայն ակնարկվում է, որ էներգետիկ ոլորտում հենց այդ երկրների հետ Ռուսաստանի պայմանավորվածություններն էլ քաղաքական ու, ըստ ամենայնի, ռազմավարական առումով ապահովում են Մոսկվայի ձեռքբերումները Եվրոպայում։ Այդ համատեքստում առանձնահատուկ տեղ է տրվում ռուս-գերմանական հարաբերություններին2։ Այլ կերպ ասած՝ Մոսկվայի համար Եվրոպայում ռուսական էներգետիկ քաղաքականության ստեղծած հնարավորությունները զեկույցը բարձրացնում է ռազմավարական մակարդակի։ Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ռուսաստանը կարողացավ Եվրոպայի առջև հանդես գալ այնպիսի առաջարկությամբ (էներգետիկ քաղաքականություն), որը ռազմավարական մանևրների հնարավորություն է տալիս Մոսկվային։ Մեր կողմից ավելացնենք, որ էներգետիկ քաղաքականությունը Ռուսաստանին Եվրոպայում գործելու համար գրեթե տվեց այն հնարավորությունը, ինչը ժամանակին ստացավ Խորհրդային Միությունը՝ փորձարկելով միջուկային զենքը։ Սա, բնականաբար, լուրջ խնդիր է դիտվում Վաշինգտոնում։

Չորրորդ. զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի վարչապետ Պուտինն արդյունավետ կերպով կարողանում է օգտագործել «անձնական դիվանագիտությունը»՝ առանձին վերցված եվրոպական երկրներում (և կրկին նշվում են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան) էներգետիկ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այդ հանգամանքն էապես խոչընդոտում է ԵՄ միասնական էներգետիկ քաղաքականության ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, ներկայացվում են ևս երկու կետեր՝

  • հատկապես Կենտրոնական Եվրոպայում3 կոռուպցիայի աճի և էներգետիկ բարձր գների պայմաններում Կրեմլն անհրաժեշտ միջոցներ է հատկացնում՝ քաղաքական ուժերին և էներգետիկ ոլորտում առանցքային դերակատարներին աջակցելու միջոցով ներազդելու Եվրոպայում քաղաքական ու տնտեսական որոշումների կայացման վրա,
  • իր էներգետիկ քաղաքականության ենթակառուցվածքային մասն ուժեղացնելու նպատակով Մոսկվան ձեռնամուխ է եղել խորհրդային հետախուզության և նախկին սոցճամբարի երկրների անվտանգության կառույցների պաշտոնաթող աշխատակիցների «տեղակայմանը» հատկապես Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում որոշումների կայացման տեսանկյունից հանգուցային կետերում։

Այլ կերպ ասած՝ զեկույցը ներկայացնում է, որ օգտագործելով էներգետիկ քաղաքականության հնարավորությունները՝ Մոսկվան եվրոպական երկրներում ստեղծում է որոշում կայացնողների ռուսամետ շերտ։ Սա նույնպես լուրջ խնդիր է դիտվում Վաշինգտոնում։

Դինամիկայի առումով զեկույցը բաց է թողնում հիմնական հարցը, թե ինչքանով կհաջողվի ԵՄ-ին, այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, ձևավորել միասնական էներգետիկ քաղաքականություն՝ հակազդելու Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությանը։ Սակայն հեղինակը հարկ է համարում հատուկ կանգ առնել երկու կետերի վրա.

  • Թեև առաջիկա տարիներին գազի ոլորտում ԵՄ պահանջները միայն աճելու են, սակայն կասկած է հայտնվում, որ Ռուսաստանը կկարողանա գալիք տարիներին բավարարել Եվրոպայի գազի պահանջները։ Զեկույցի ներկայացմամբ, վերջին 3-4 տարիներին Ռուսաստանի նավթի ու գազի արտահանման ծավալները չեն աճում, և բնական գազի ոլորտում Եվրոպայի առջև ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու համար Մոսկվան արդեն իսկ լրջորեն կախված է Թուրքմենստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից։ «Առաջիկա 7-10 տարիների ընթացքում ռուսական կախվածությունը Կենտրոնական Ասիայից կաճի, մինչև «Յամալ», «Շտոկման» գազահանքերից և Սախալինից չսկսվի գազի մեծ հոսքը»,- ասված է զեկույցում։
  • Որպես երկրորդ կարևոր դինամիկա ներկայացվում է «Газпром»-ի առաջիկա ընդլայնումը Կենտրոնական Եվրոպայում։ Զեկույցում նշվում է, որ «Газпром»-ին հաջողվեց գերմանական «Ruhrgas»-ի օգնությամբ վերահսկողություն սահմանել մերձբալթյան երեք հանրապետությունների գազային ենթակառուցվածքների ու գազամուղների նկատմամբ՝ «Ruhrgas»-ի հետ միասին տեղի շուկայում գրավելով մենաշնորհային դիրք։ Դինամիկայի առումով զեկույցը պնդում է, որ 2011-2012թթ. նույնը պետք է սպասել Կենտրոնական Եվրոպայի պարագայում։ Որպես հավելում նշվում է, որ վերջերս «Газпром»-ը նոր պայմանագրեր է կնքել Ավստրիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Հունաստանի ու Իտալիայի հետ։

Զեկույցի հիմնական եզրակացությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝

  • առաջինն այն է, որ Ռուսաստանն իր էներգետիկ քաղաքականության շնորհիվ արդեն իսկ ռազմավարական կարգի պայմանավորվածությունների է անցել եվրոպական մի շարք ազդեցիկ պետությունների հետ, ու թեև այդ իմաստով առայժմ առանձնացվում են գերազանցապես ռուս-գերմանական հարաբերությունները, սակայն զեկույցը, փաստորեն, նույն հեռանկարն է տեսնում նաև Իտալիայի ու Ֆրանսիայի պարագաներում,
  • երկրորդ՝ զեկույցն ընդունում է, որ ռուսական էներգետիկ քաղաքականության հակազդմանը միտված Արևմտյան (թեև հեղինակն իրականում նկատի ունի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին) քայլերը ոչ միայն արդյունավետ չէին, այլև ներկայում գոյություն չունի այդ քաղաքականության դեմն առնող գործուն մի մեխանիզմ ու ամենակարևորը՝ հարցի առնչությամբ անդրատլանտյան միջավայրում չկա սկզբունքային փոխհամաձայնություն։

Որպես առաջարկություններ ԱՄՆ քաղաքականության համար՝ զեկույցն առանձնացնում է հիմնականում հետևյալ կետերը.

  • նպաստել, որ Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նկատմամբ Եվրոպայում ձևավորվի համաեվրոպական կամ ավելի ճիշտ՝ Եվրամիության միասնական էներգետիկ քաղաքականությունը, և այդ նպատակով առաջարկվում է կիրառել «Եվրոպական էներգետիկ խարտիայի» («Energy Charter Treaty») դրույթները և ստեղծել համաեվրոպական փոխկապակցված էներգետիկ շուկա, ինչը պետք է վերջ տա առանձին եվրոպական երկրների կախվածությունը Մոսկվայից,
  • նպաստել, որպեսզի առաջին հերթին հետխորհրդային (Ուկրաինա, Մոլդովա) ու Արևելյան Եվրոպայի երկրների էներգետիկ շուկաներում, ենթակառուցվածքներում մուտք գործեն «Արևմտյան ներդրողները» (պարզ է, որ հեղինակն առաջին հերթին նկատի ունի ԱՄՆ ու նրա դաշնակիցների ընկերությունները)։

Հետևություններ

Հաշվի առնելով նաև «The Nixon Center»-ի հրապարակած վերոհիշյալ զեկույցը՝ կարելի է ասել, որ ԱՄՆ փորձագիտական շրջանակները կամ առնվազն դրանց մի զգալի մասն այն կարծիքին են, թե ռուս-եվրոպական էներգետիկ պայմանավորվածությունները ռազմավարական կարգի փոփոխությունների պատճառ են հանդիսանում Եվրոպայում։ Պատահական չէ, որ երկու զեկույցներն էլ էական են համարում ինստիտուցիոնալ՝ անդրատլանտյան կամ համաեվրոպակաան մակարդակի հակաքայլերի ձևավորումը Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նկատմամբ։ Վաշինգտոնում գնահատում են, որ էներգետիկ ոլորտում Մոսկվայի առանձին պայմանավորվածությունները եվրոպական ազդեցիկ պետությունների հետ ոչ այնքան լուրջ հարված են հասցնում ՆԱՏՕ կամ առավել ևս ԵՄ միասնությանը, այլ թուլացնելով այդ միասնությունը՝ Մոսկվան հասնում է Եվրոպայում ԱՄՆ ազդեցության կրճատմանը, քանի որ ՆԱՏՕ ու մասամբ ԵՄ շրջանակներում Վաշինգտոնի ու եվրոպական մայրաքաղաքների համագործակցությունը Հին աշխարհում ամերիկյան ազդեցության կարևոր գրավականներից է։

Երկրորդ, չի կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ չնայած թե՛ «The Nixon Center»-ի, թե՛ «CSIS»-ի զեկույցներն ընդունում են, որ էներգետիկ հարցերում եվրոպական ազդեցիկ երկրներն առանձին-առանձին են պայմանավորվում Մոսկվայի հետ ու այդ միտումը զգալիորեն խորացել է՝ որոշ դեպքերում հասնելով միջպետական ռազմավարական կարգի փոխհամաձայնությունների, ավելին՝ առաջիկայում դա միայն շարունակվելու է, բայց երկու կենտրոններն էլ պաշտոնական Վաշինգտոնին խորհուրդ են տալիս Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության նկատմամբ հասնել համաեվրոպական կամ առավել ևս՝ անդրատլանտյան պայմանավորվածության կայացմանը։ Այլ կերպ ասած՝ «The Nixon Center»-ն ու «CSIS»-ը առաջարկում են ԱՄՆ պետական քաղաքականությանը գործել մի ուղղությամբ, որը ոչ միայն արդեն այսօր չի աշխատում, այլև որի դինամիկան գոնե ներկայում ԱՄՆ-ի համար ունի բացասական բնույթ։ Սա կարող է վկայել, որ այսօր Վաշինգտոնում նույնպես խնդիրների են բախվում՝ ռուսական էներգետիկ քաղաքականության հակազդմանը միտված գործուն մեխանիզմների մշակման առումով։

1Զեկույցի հեղինակն է Քեյթ Սմիթը (Keith C. Smith)։

2Ըստ արևմտյան փորձագիտական գնահատականների՝ ներկայում ռուսական բնական գազի չափաբաժինը Գերմանիայի ներմուծման մեջ կազմում է 43-44% («Nord Stream»-ի գործարկումիօց հետո այն կհասնի մոտ 60%-ի), Իտալիայի պարագայում՝ 32% (հատկանշական է, որ ռուս-եվրոպական գազային մյուս խոշոր նախագիծը՝ «South Stream», «Газпром»-ը իրականացնում է իտալական «ENI»-ի հետ), Ֆրանսիայի՝ 24%։ Ֆրանսիայի պարագայում այդ թիվն առաջիկա տարիներին, ըստ ամենայնի, կմեծանա, քանի որ գազային համագործակցության ոլորտում կողմերը հանգել են ռազմավարական պայմանավորվածությունների։ Այդ է վկայում Բարենցի ծովում գտնվող ռուսական «Շտոկման» գազահանքի (բնական գազի պաշարներն այնտեղ գնահատվում են մոտ 3.66 տրլն մ3) շահագործման վերաբերյալ 2007թ. հուլիսի 13-ին «Газпром»-ի և ֆրանսիական «Total»-ի միջև կնքված պայմանագիրը («Շտոկմանի» շահագործման համար ստեղծվել է «Shtokman Development AG» ընկերությունը, որի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է «Газпром»-ին, 25%-ը՝ «Total»-ին, իսկ 24%-ը՝ նորվեգական «StatoilHydro»-ին), ինչպես նաև մայիսի 29-30-ը տեղի ունեցած Ռուսաստանի վարչապետ Պուտինի այցը Փարիզ ու նրա բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ, որից հետո՝ հունիսի 10-ին, «Газпром»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ֆրանսիական «Le Figaro» պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց, թե ընկերությունը մտադիր է կարևոր դեր խաղալ Ֆրանսիայի էներգետիկ շուկայում։

3Ուշագրավ է այն հանգամանքը, որ զեկույցը կոռուպցիայի աճի մասին խոսում է Կենտրոնական Եվրոպայի պարագայում՝ շրջանցելով, օրինակ, Արևելյան Եվրոպան։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր