ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՍՊԻՑՈՒՄ Ադրբեջանա-թուրքմենական էներգետիկ համագործակցության հեռանկարը

Հուլիսի 3-5-ը տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցելությունը Բաքու և Աշգաբադ։ Ղազախստան, Չինաստան, Գերմանիա ու Բելառուս կատարած այցելություններից հետո պաշտոնական Մոսկվայի որոշումը՝ նախագահի մակարդակով այցելություն կազմակերպել Ադրբեջան և Թուրքմենստան, ոչ միայն ի ցույց է դնում այն կարևորությունը, որը տրվում է Կրեմլում՝ կապված այդ երկու երկրների շուրջ ընթացող զարգացումների հետ, այլև վկայում է, որ Մոսկվայում հատկապես հետաքրքրված են Բաքու-Աշգաբադ գծում ի հայտ եկող զարգացումներով։
Ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունների ջերմացում
Ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունները մուտք են գործել նախորդ մեկ ու կես տասնամյակի կտրվածքով աննախադեպ ջերմացման մի ժամանակաշրջան, որի հետևանքները, սակայն, դժվար թե սահմանափակվեն միայն երկու երկրներին առնչվող զարգացումներով՝ զգալիորեն փոխելով ոչ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո Կասպիցում առաջացած աշխարհաքաղաքական փոխդասավորվածությունը, այլև նոր գործընթացների պատճառ հանդիսանալով եվրասիական էներգետիկ դաշտում։
Մայիսի 19-20-ը Բաքվում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Թեև նախագահ Ալիևի հետ կայացած բանակցությունների արդյունքում կողմերը որևէ կոնկրետ պայմանավորվածության վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեկան, բայց հաշվի առնելով նախորդ տարիների ադրբեջանա-թուրքմենական բավական բարդ փոխհարաբերությունները՝ երկու երկրների համար հակասությունների առարկա խնդրի գինը1, Բերդիմուհամեդովի այցը ցուցիչ է, որ Բաքվի ու Աշգաբադի հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել. հարցը, սակայն, այն է, որ նմանատիպ «ճեղքում» կարող էր գրանցվել միայն ավելի թանկ գին ունեցող պայմանավորվածության հետևանքով, որը կարող է գոնե առժամանակ մի կողմ դնել ադրբեջանա-թուրքմենական հայտնի հակասությունները։
Մյուս կողմից, երկրորդ կարևոր հետևությունը պետք է այն լինի, որ դժվար թե այդ պայմանավորվածությունն առնչվում է միայն երկու երկրներին. ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ Թուրքմենստանը չունեն այն քաղաքական ու տնտեսական հնարավորությունները, որ հանդես գան միմյանց համար այդչափ գրավիչ առաջարկով։
Չնայած գրեթե պարզ է, թե ով կարող է կանգնած լինել ադրբեջանա-թուրքմենական «ճեղքման» հետևում, սակայն առաջիկա ամիսներին ենթադրվող էներգետիկ, տնտեսական ու ի վերջո` աշխարհաքաղաքական զարգացումները ոչ միայն կարող են լրջորեն փոխել իրավիճակը Հարավային Կովկաս-Կասպից-Կենտրոնական Ասիա գծում, այլև պարզորոշ տալ նաև այդ հարցի պատասխանը։
Լուրջ հիմքեր են առաջանում ենթադրելու, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր անհեռանկարային, անգամ անիրատեսական համարվող «Անդրկասպյան գազամուղը» («Transcaspian pipeline»), որը Թուրքմենստանից միանալով Ադրբեջանին` պետք է առաջին հերթին թուրքմենական բնական գազը հասցնի Եվրոպա, ի վերջո կարող է իրականություն դառնալ։ Եթե Բերդիմուհամեդովի՝ 2007թ. սեպտեմբերին ու նոյեմբերին տեղի ունեցած այցերը Նյու Յորք ու Բրյուսել բնութագրվեցին որպես սովորական` ընդամենը դիվանագիտական նվազագույն օրակարգ ունեցող հանդիպումներ (ի տարբերություն ռուսական ու չինական ուղղությունների)2, ապա միանգամայն այլ կարգի նորություն էր պաշտոնական Աշգաբադի որոշումը՝ հանձնարարել բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությանը իրականացնել Թուրքմենստանի բնական գազի հանքերի առաջին անկախ աուդիտը` պարզելու թուրքմենական կապույտ վառելիքի իրական ծավալները3։ Նշենք, որ նման աուդիտ չի անցկացվել Թուրքմենստանի անկախությունից ի վեր, իսկ միջազգային պրակտիկայում գազահանքերի աուդիտը սովորաբար նախորդում է պայմանագրերի կնքմանը։
Այս ենթադրությունը հաստատվեց արդեն հաջորդ ամիս, երբ 2008թ. ապրիլի 9-10-ը Աշգաբադում էր Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորած պատվիրակությունը։ Ամերիկյան աղբյուրները նշում են, որ Թուրքմենստանի մայրաքաղաքում կայացած հենց այդ բանակցությունների ժամանակ էլ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խոստացել է եվրոպացիներին 2009-ից տարեկան ԵՄ արտահանել 10 մլրդ մ3 բնական գազ` շրջանցելով Ռուսաստանը։ Փաստն այն է, որ արդեն ս.թ. մայիսի 26-ին Եվրամիության մեկ այլ հանձնակատար` էներգետիկայի գծով պատասխանատու Անդրիս Պիեբալգսը, Աշգաբադում փոխըմբռնման հուշագիր ստորագրեց էներգետիկ համագործակցության վերաբերյալ։
Ներկայացվածի ֆոնին էր, որ մայիսի 19-20-ը տեղի ունեցավ Թուրքմենստանի նախագահի այցը Բաքու։ Ինչպես նշվեց, հաշվի առնելով Ադրբեջան Բերդիմուհամեդովի այցելության փաստը և դրան նախորդած ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունների բարելավման մասին վկայող ևս երկու իրադարձություններ`
- 2008թ. մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Թուրքմենստանի նախագահը նշանակել է Ադրբեջանում Աշգաբադի նոր դեսպան, ով արդեն ապրիլի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Իլհամ Ալիևին (Թուրքմենստանը Բաքվում դեսպան չուներ 2001թ. ի վեր),
- մայիսի 19-ին հայտարարվեց, թե Ադրբեջանն ի վերջո մարել է դեռևս 1992-ից Թուրքմենստանին ունեցած շուրջ $45 մլն-ոց պարտքը, ինչը չէր անում նախորդ 16 տարիների ընթացքում,
կարելի է, անշուշտ, բավական հիմնավորված խոսել Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերություններում տեղի ունեցած լուրջ առաջընթացի մասին, սակայն այս պարագայում կարևորն այն է, որ այդ փոփոխությունն առաջին հերթին վկայում է «Անդրկասպյան գազամուղի» կառուցման հավանականության աննախադեպ մեծացման մասին4։
Առնչություններ Հայաստանի անվտանգությանը
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի համար այս դեպքում, թերևս, ոչ այնքան կարևոր են աշխարհաքաղաքական զարգացումները, որքան այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարծես թե մուտք է գործում էներգետիկ նոր բումի մի շրջան, երբ թուրքմենա-ադրբեջանական ուղղությամբ ենթադրվող զարգացումները սպասվող նորությունների միայն մի մասն են։ Այլ կերպ ասած՝ օրինակ, այսօր Հայաստանի համար արդիական ադրբեջանական ռազմական ծախսերի մեծացման հարցը կարող է հանդես գալ էլ ավելի սուր ձևով։
Վերջին շրջանում Ադրբեջանին առնչվող գազային զարգացումները կենտրոնացած չեն միայն ադրբեջանա-թուրքմենական ուղղությամբ, և այս առումով հարկ է հատուկ կանգ առնել այն հանգամանքի վրա, որ առաջիկայում գազային ոլորտը Բաքվի համար նավթի վաճառքից հետո կարող է դառնալ եկամտի երկրորդ կարևոր աղբյուրը` միաժամանակ էլ ավելի մեծացնելով Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարևորությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում։
Ադրբեջանի գազային ոլորտում տեղի ունեցած հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է Կասպիցում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի մեկնարկի հետ։ Արևմտյան աղբյուրների գնահատմամբ, այսօր «Շահ Դենիզի» բնական գազի պաշարները կազմում են մոտ 1.2 տրլն մ3, և այն համարվում է աշխարհում խոշորագույն գազահանքերից մեկը։
Դեռևս 2007թ. հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիք Ալիևը հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է տարեկան 12 մլրդ մ3 բնական գազ արտահանել Եվրոպա` «Nabucco» գազամուղի միջոցով։ Սակայն Ադրբեջանի գազային արտահանման հնարավորությունների գրեթե երկու անգամ աճի մասին նորությունն իր վրա նման ուշադրություն չէր հրավիրի, եթե արդեն այս տարի հայտնի չդառնար, որ Ռուսաստանն ու Իրանը բանակցությունների մեջ են` ադրբեջանական բնական գազը գնելու նպատակով։ Այս տարվա մայիսի վերջին Բաքվում էր Իրանի նավթի փոխնախարար ու իրանական «National Iranian Gas Co» ընկերության նախագահ Ռեզա Քասանզադեն, ով այդ նպատակով մի շարք հանդիպումներ ունեցավ իր ադրբեջանցի գործընկերների հետ։ Իսկ արդեն հունիսի 2-ին Բաքվում «Газпром»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ու նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանին նույն առաջարկությամբ է դիմել նաև ռուսական կողմը, ընդ որում՝ 1000 մ3 ադրբեջանական գազի դիմաց առաջարկելով եվրոպական գին` $360։
Եթե Իրանը խնդիր ունի գազով ապահովել իր հյուսիսային մարզերը5, իսկ ռուսների դեպքում էլ նպատակ կա ամեն կերպ կանխել Ռուսաստանը շրջանցող գազային հոսքերի մուտքը Եվրոպա (դրա համար էլ «Газпром»-ը Բաքվին առաջարկել է նման բարձր գին), ապա մեր պարագայում գլխավոր հետևությունը պետք է այն լինի, որ 2011-ից սկսած, երբ պետք է մեկնարկի «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլը, Ադրբեջանը կունենա եկամտի նոր, լուրջ աղբյուր6։
Եվ վերջապես, Ադրբեջանի գազային ոլորտին առնչվող երրորդ ուշագրավ նորությունը Իրանի պատրաստակամությունն է՝ միանալ այսպես կոչված «White Stream» («Սպիտակ հոսք») գազամուղին, որը ենթադրաբար պետք է հանդիսանա «Անդրկասպյան գազամուղի» շարունակությունը և Ադրբեջանը Վրաստանի ու Սև ծովի հատակով միացնի Ուկրաինային։ 2008թ. փետրվարի 9-ին Բաքվում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Գամիդի Զարեն հայտարարեց, թե իր երկիրը քննարկում է նշված գազամուղի շինարարությանը միանալու հարցը։
Հետևություններ
Հիմնական հետևությունն այն է, որ նկատվող ադրբեջանա-թուրքմենական ջերմացումն ի վիճակի է լուրջ փոփոխություններ առաջացնել կասպյան աշխարհաքաղաքական փոխդասավորվածությունում՝ ամենևին էլ չսահմանափակվելով էներգետիկ ոլորտով։ Եվ այդ առումով, Մեդվեդևի այցելությունը Բաքու և Աշգաբադ պետք է դասել առաջիկայում Կասպիցի շուրջ ենթադրվող նոր ուշագրավ զարգացումների շարքին։
Մյուս կողմից, հատկապես Հայաստանի մասով հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ եթե մինչև 2007թ. Ադրբեջանն անգամ ստիպված էր իր կարիքների համար գազ ներմուծել Ռուսաստանից, սակայն այսօր արդեն առկա իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկայում Բաքուն կարող է դառնալ գազի միջազգային շուկայի առնվազն միջին կարգի դերակատար։ Գլխավոր ինտրիգը, սակայն, առնչվում է ադրբեջանա-թուրքմենական զարգացումներին, քանի որ հենց «Անդրկասպյան գազամուղի» հեռանկարից է կախված ողջ ադրբեջանական գազային ծրագրերի ապագան, և առանց թուրքմենական գազի ներդրումներն Ադրբեջանի գազային ոլորտում դժվար թե կրեն ռազմավարական բնույթ։
1Երկու պետությունները հակասություններ ունեին, որոնք մինչ օրս էլ լուծված չեն` կապված Կասպից ծովի բաժանման ու Կասպիցում գտնվող «Սարդար» (Բաքուն այն կոչում է «Քյափազ») նավթահանքի պատկանելության վերաբերյալ, ուր առկա նավթի պաշարները գնահատվում են մոտ 100 միլիոն տոննա։
22007թ. մայիսի 12-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի նավահանգստային քաղաքում կնքված ռուս-ղազախա-թուրքմենական համատեղ պայմանագրի համաձայն, կառուցվելու է Թուրքմենստանը Ղազախստանի տարածքով Ռուսաստանին կապող նոր գազամուղ` «Մերձկասպյան գազամուղը»։ Բացի այդ, 2007թ. նոյեմբերի 22-ին Բերդիմուհամեդովը հայտարարեց, թե արդիականացվելու է Թուրքմենստանը Ռուսաստանին կապող գործող գազամուղը, որպեսզի նրա թողունակության ծավալը հասնի տարեկան 83 մլրդ մ3` գրեթե երկու անգամ ավելի ներկա հնարավորությունից։ Ինչ վերաբերում է թուրքմենա-չինական գազային համագործակցությանը, ապա ներկայում ընթացքի մեջ է Ուզբեկստանի ու Ղազախստանի տարածքով Թուրքմենստանը Չինաստանին միացնող գազամուղի շինարարությունը, որը պետք է ավարտվի 2009թ. և որը տարեկան Չինաստան պետք է հասցնի 30 մլրդ մ3 թուրքմենական բնական գազ։
3Այդ մասին հայտնի դարձավ 2008թ. մարտի 28-ին։
4Միջազգային տարբեր գնահատականների համաձայն՝ Թուրքմենստանի բնական գազի պաշարները կազմում են 2.5-ից 7 տրլն մ3, և իր այդ ցուցանիշով Թուրքմենստանն աշխարհում գրավում է չորրորդ տեղը` Ռուսաստանից, Իրանից ու Կատարից հետո։
5Այս տարվա հունվարի 1-ից Թուրքմենստանը դադարեցրեց գազի վաճառքը Իրանին` պահանջելով, որ այն 1000 մ3-ի դիմաց վճարի $150` ինչպես Ռուսաստանը պետք է վճարի նույն ծավալի թուրքմենական գազի դիմաց այս հուլիսի 1-ից, այլ ոչ թե նախկինի նման շարունակի վճարել $100։ Ամեն տարի Իրանը Թուրքմենստանից ներմուծում էր 8 մլրդ մ3 բնական գազ` գլխավորապես իր հյուսիսային մարզերի համար։
6Օրինակ, 2008թ. փետրվարի 11-ին Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիք Ալիևը հայտարարեց, թե Թուրքիային ու Եվրոպային վաճառվող ադրբեջանական բնական գազի 1000 մ3-ի գինը առաջիկայում Բաքուն $120-ից հասցնելու է $300-ի։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]