ԱՇԽԱՐՀ. ՔԱՈՍԻ ԽՈՐԱՑՈՒՄ
Սերգեյ ԿարագանովՌԴ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ
Մի քանի տարի առաջ որոշ վերլուծաբաններ մատնանշում էին, թե աշխարհն այնքան խորն ու արագ է փոփոխվում, որ սկսում է հիշեցնել նախապատերազմական դրություն: Ես ընթերցողներին և ունկնդիրներին հանգստացնում էի հետևյալ փաստարկով. քանզի գոյություն ունի միստիկական սարսափ ներշնչող միջուկային զենք, ինչը խանգարում է խոշոր երկրներին` փորձելու մեծ պատերազմի միջոցով դադարեցնել կամ շտկել փոփոխությունները, դրությունն իրականում նախապատերազմական չէ:
Հիշեցնեմ որոշ փոփոխությունների մասին: Մարդկության պատմության մեջ աննախադեպ արագությամբ տնտեսությունում ուժերի հարաբերակցության տեղաշարժ` հօգուտ նոր Ասիայի: Հերթական պայքար պաշարների և, համապատասխանաբար, տարածքների համար, որոնցում նրանք տեղակայված են և կարող են արտադրվել: Միջազգային կառավարման ինստիտուտների հին համակարգի փլուզում` տնտեսական, սոցիալական և բնապահպանական գործընթացների գլոբալացման շարունակության պայմաններում: Եվ ամենագլխավորը. վերնախավերի (առաջին հերթին` արևմտյան)` կատարվածը հին տեսությունների շրջանակներում բացատրելու կամ նորերը մտածելու անընդունակության խորացում:
10-20 տարի առաջ համարվում էր, որ ազգային պետությունը հեռանում է` դանդաղորեն, սակայն հաստատապես փոխարինվելով վերազգային կառավարման մարմիններով, անդրազգային կորպորացիաներով (ԱԱԿ), միջազգային ոչ կառավարական կազմակերպություններով (ՈԿԿ):
Այժմ, ինչպես երևում է, նոր աշխարհի այս հիմնասյուներն աչքի առաջ փլվեցին: Միջազգային կազմակերպությունների մեծամասնությունն ակնհայտորեն թուլանում է (ՄԱԿ, ՆԱՏՕ, ԱՄՀ, ՀԲ), մյուսներն էլ սոսկ ձևացնում են, թե ունեն ազդեցություն («ութնյակ», «քսանյակ»): ԱԱԿ-ները հանդիսանում են տնտեսական գլոբալացման շարժիչը, բայց նրանց քաղաքական ազդեցությունը մի կարգ ցածր է, քան 20 կամ 30 տարի առաջ էր: ՈԿԿ-ների մեծամասնությունն այդպես էլ գլոբալ խաղացող չդարձավ: Իսկ նրանք, ովքեր մնացին մակերևույթին, ավելի հաճախ են հանդես գալիս որպես պետությունների կամ նրանց խմբերի գործակալներ: Համաշխարհային կառավարության, ԱԱԿ-ների կամ ՈԿԿ-ների անսահման իշխանությանը շարունակում են հավատալ սոսկ «դավադրության տեսության» կողմնակիցները, որոնց թիվը, ճիշտ է, կարծես թե, աճում է:
Վերջին տարիներին համաշխարհային քաղաքականության գրեթե փրկարար վերազգայնացման (ռենացիոնալիզացիա) հույս հայտնվեց: Վերազգայնացման տեսության համաձայն, հասարակությունները, զգալով գլոբալ աշխարհի մարտահրավերները և կառավարման վերազգային մարմինների անգործունակությունը, նետվեցին իրենց շահերի հին, սակայն հավատարիմ պաշտպանի` ազգային պետության հովանու ներքո, որն ուժեղացել է: Տեսությունն ամրապնդվեց նաև Ասիայում` ավանդական ազգային պետությունների տարածաշրջանում տնտեսության և քաղաքականության առաջընթացի ակնառու փաստով:
Նման տեսությունը հաճելի է և իմ ռուսական ականջին: Ռուսաստանը խիստ ավանդական պետություն է, որը փորձում է բավականաչափ հաջողությամբ խաղալ ուժերի հաշվեկշռի հին բարի կամ չար դիվանագիտության կանոններով: Բնականաբար` արդիական շտկումներով: Թվում է, նաև այստեղ, ինչպես հումքի և էներգապաշարների գների առայժմ երկարաժամկետ թվացող բարձրացման դեպքում, Ռուսաստանի բախտը բերում է: Քամին նրա առագաստներին է փչում: Աշխարհը վերադառնում է հին քաղաքականությանը, որից Ռուսաստանը չի հեռացել և որտեղ նա ուժեղ է:
Սակայն վերջին տարին ցույց է տալիս, որ և՛ ազգային պետությունը, և՛ ավանդական դիվանագիտության աշխարհը փրկություն չեն:
Պետությունները, առաջին հերթին` ամենազարգացած, գործում են սխալներ, որոնք ստիպում են խորհել, թե ում կարելի է վստահել կամ ում ապավինել դիվանագիտության ու քաղաքականության մեջ:
Սկսենք Եվրոպայից` մեր գլխավոր գործընկերոջից: Իրադրությունն այնտեղ գնալով ավելի տագնապալի տեսք է ստանում: Նախորդ երկու տասնամյակներին, ինտեգրման իներցիայի ազդեցության տակ, որը կոմունիզմի հանդեպ տարած հաղթանակի էյֆորիայից բազմապատկվեց, Եվրոպան, միավորվելով Եվրամիության մեջ, գործեց երեք սխալ: Սկզբում հայտարարեց միասնական արտաքին քաղաքականության ձգտելու մասին, որին, պարզվեց, եվրոպացիները պատրաստ չէին: Արդյունքը` ցածրագույն ընդհանուր հայտարարով քաղաքականություն, որը եվրոպական բոլոր մայրաքաղաքներին զրկեց ազդեցությունից, բայց այն չփոխանցեց Բրյուսելին: Ազդեցությունը ցնդեց: Երկրորդ. չափազանց արագ ընդարձակումը, որը ԵՄ-ն դարձրեց էլ ավելի փխրուն: Եվ երրորդ. ընդհանուր արժույթի ներմուծումը` առանց միասնական տնտեսական և ֆինանսական քաղաքականության ներդրման, որը թույլ տվեց Հունաստանի տիպի պետություններին տասնամյակներ շարունակ ապրել շռայլ: Դրա համար այժմ բոլորն են վճարում:
Նոր աշխարհում մեզ պետք է ուժեղ պետություն, որը կպահպանվի ուժեղ հասարակության և ուժեղ ինստիտուտների կողմից:
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ կայունության կղզին` Եվրոպան, վերածվում է գրեթե անկանխատեսելիության գործոնի: Ի՞նչ կլինի, եթե սկսի փլուզվել հենց ինքը` եվրոպական ինտեգրման համակարգը: Այդ մասին չես ուզում մտածել: Ինտեգրված խաղաղ Եվրոպայի հետ, բոլոր տարաձայնություններով հանդերձ, հեշտ ու հաճելի է ապրել:
Միայն օգոստոսին, մեկ տարի տևած անպտուղ մանևրներից հետո, հույսի նշույլ առկայծեց: Սարկոզին և Մերկելն առաջարկեցին պլան, համաձայն որի (եթե այն ընդունվի), ԵՄ-ն կունենա իր անդամներին եվրոյի գոտուց, իսկ միգուցե` նաև հենց միությունից վտարելու կամ, պարզապես, առաջին և երկրորդ մակարդակների անդամակցություն ստեղծելու տեսական հնարավորություն: Սակայն մյուս անդամ երկրների առաջին արձագանքից ելնելով և իմանալով, թե ինչպես են ԵՄ-ում ընդունվում որոշումները, հույսն առայժմ թույլ է: Եվրոպացիները մասամբ տառապում են ավելորդ վերազգայնականությունից:
Անհամեմատ մեծ տագնապ է ներշնչում իրավիճակը գոյություն ունեցող, անկասկած, ամենաինքնիշխան պետություններից մեկում: Շնորհիվ վերջին տասնամյակների ներքին և ֆինանսական, մեղմ ասած, արտասովոր քաղաքականության, ԱՄՆ-ն ընկել է համակարգային ճգնաժամի մեջ, որը վտանգի տակ է դրել ողջ աշխարհը:
Աշխարհը վստահել է ոչ միայն և ոչ այնքան ամերիկյան տնտեսությանը` թեկուզև ամենահզոր: Վստահել է նրա քաղաքական համակարգին և կառավարման որակին: Դոլարները գնել են հաճույքով` ԱՄՆ-ում ներդրումները համարելով ամենահուսալին:
Սակայն գալիս է և դրա վերջը: ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի ավելացման շուրջ վերջին գոտեմարտերը ցույց տվեցին, որ ամերիկյան քաղաքական համակարգը «լողացել» է:
Ամերիկյան պետությունը և հասարակությունն անընդունակ գտնվեցին մեծ փոփոխությունների դարաշրջանում իրականացնել արդյունավետ առաջատարություն: Մեծանում է քարանձավային մտածողության գործիչների` իշխանության գալու վտանգը:
Վերազգայնացման տեսության կողմնակիցները հույս ունեին, թե պետությունը կլրացնի կառավարելիության վակուումը: Սակայն խոշորագույն պետությունները, պարզվում է, դրան ընդունակ չեն:
ԱՄՆ-ն ավելի ու ավելի ակնհայտորեն է ազատում առաջատարի իր տեղը: Եվրոպան իր առաջատարության դիրքերն առայժմ պարզապես հանձնել է, միջազգային ինստիտուտները քանդվում են կամ գործունեություն ձևացնում: Կլիմայական փոփոխությունների միջազգային կարգավորման գործընթացը մեռած է: Բայց չէ՞ որ դրանք, այժմ բոլորին ակնհայտ է, ահավոր սպառնալիք են: Սակայն նախընտրում են այն անտեսել:
Նոր առաջատարները չեն շտապում զբաղեցնել առաջացած դատարկությունը, վերցնել պատասխանատվությունը:
Առկա է ոչ թե սոսկ ձախողում, այլ անդունդի խորացում աշխարհի կառավարելիության ոլորտում: Այն ոչ թե հենց այնպես գնում է, այլ արդեն մոտեցել է քաոսին:
Ավելի են շատացել ֆինանսական համակարգի անկառավարելիության նախանշանները: Իսկ հին Արևմուտքը ներքաշվում է երկարաժամկետ տնտեսական ճգնաժամի մեջ, որը գրեթե հաստատապես իր հետևից կքաշի նաև մնացած աշխարհը:
Բոլորը վախենում էին առևտրային պատերազմներից: Սակայն, հաշվի առնելով միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ ֆինանսական խնդիրների, կարծես թե, անլուծելիությունը, հավանաբար, շուտով կսկսեն ֆինանսական պատերազմները: Սկզբում դոլարի, իսկ հետո և մյուս արժույթների մրցակցային արժեզրկումն էլ ավելի հավանական է երևում, եթե ոչ անխուսափելի: Իսկ դա իր հետևից կբերի նաև մարդկանց զանգվածային աղքատացում, դժվար կանխատեսելի սոցիալական հետևանքներ, որոնց ավերումների տեսքով մենք այս ամառ ականատես եղանք Լոնդոնի փողոցներում, Իսպանիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Եվ, հավանաբար, աշխարհաքաղաքական պայքարի դաժանագույն սրացում:
Եվ այդ ժամանակ հարկ կլինի էլ ավելի շատ ապավինել անխոհեմությունից ապահովագրմանը` պայմանավորված միջուկային զենքի հանդեպ մեր երկյուղով: Սակայն ոչ ոք չգիտի, թե որքան հուսալի է այդ ապահովագրումն աշխարհում, ուր առաջատարները կորցրել են կողմնորոշիչները:
Շատ կցանկանայի, որ իմ մտավախությունները չարդարանային: Բայց առայժմ աշխարհը (համենայն դեպս` հին Արևմուտքը) զարգանում է ոչ լավագույն սցենարով:
02.09.2011
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԵՏԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ[01.06.2012]
- 21-րդ դար. աշխարհակարգի ուրվագծեր[01.12.2005]