Նոր տրամաբանություն իրանական զարգացումներում. իրավիճակային վերլուծություն

Թեև իրանական կողմի մերժումը՝ փետրվարի 21-ի դրությամբ դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները (ինչպես պահանջում է 2006թ. դեկտեմբերի 23-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը), ինքնըստինքյան բարդացնում է իրավիճակը, սակայն իրադրության սրացումն այս անգամ, ըստ ամենայնի, կունենա ավելի հիմնարար բնույթ։
Ի տարբերություն վերջին 4-5 տարիների, իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա զարգացումներում տեղի է ունենում տրամաբանության փոփոխություն, որի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում առանձնացնել երկու հանգամանք.
- Իրանի հաջողությունները միջուկային մշակումներում կրճատում են իրավիճակի վրա ազդելու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավորությունները,
- այդ միտումը պահպանվելու դեպքում ժամանակն աշխատում է ի վնաս վերջիններիս։
Չնայած ամերիկյան քաղաքականության անհաջողություններն Իրաքում 2006թ. վերջից թույլ տվեցին խոսել Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների մերձավորարևելյան ռազմավարության առաջիկա փոփոխության մասին, բայց ի հայտ են եկել մի շարք ցուցիչներ, որոնք, մասնավորապես՝ իրանական հարցի առնչությամբ, հիմք են տալիս ենթադրել, որ առաջիկա զարգացումներն այդ ուղղությամբ միայն սրվելու են։
Ուղղակի ցուցիչներ
Տարածված կարծիքին հակառակ, ԱՄՆ Կոնգրեսի 2006թ. նոյեմբերի 7-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներն էական որևիցե ազդեցություն չեն թողել ԱՄՆ մերձավորարևելյան ռազմավարության վրա։
Փետրվարի 5-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Միացյալ Նահանգների Կոնգրես ուղարկեց 2008թ. ֆինանսական տարվա (սկսվում է 2007թ. հոկտեմբերի 1-ից) պետական բյուջեի նախագիծը։ $2.9 տրիլիոնի հասնող բյուջեում պաշտպանության համար նախատեսված ծախսերը կազմում են $481.4 մլրդ, բացի այդ, Իրաքում ու Աֆղանստանում ռազմական գործողություններ վարելու համար առանձնացված են $93.4 մլրդ 2007թ., $141.7 մլրդ՝ 2008թ. և $50 մլրդ 2009թ. համար։ Փաստորեն, Կոնգրեսի հավանության դեպքում 2008թ. ֆինանսական տարվա բյուջեում ԱՄՆ ռազմական ծախսերն, ընդհանուր առմամբ, կկազմեն $766.5 մլրդ1։
Ոչ պակաս կարևոր էր ամերիկյան ռազմուժի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) առանցքային դեմքերի փոփոխությունը։ Միացյալ Նահանգների նախագահի 2007թ. հունվարի 5-ի հրամանագրերով CENTCOM-ի հրամանատար Ջոն Աբիզեյդը և Իրաքում գործող ԱՄՆ ռազմուժի հրամանատար Ջորջ Քեյսին փոխարինվեցին, համապատասխանաբար, ԱՄՆ ռազմուժի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության (PACOM) ղեկավար, ծովակալ Ուիլյամ Ֆելոնով ու գեներալ Դևիդ Փեթրեուսով, ով 2004թ. պատասխանատու էր իրաքյան զինուժի ու անվտանգության մարմինների վարժեցման համար։ ԱՄՆ Սենատը հունվարի 26-ին հաստատեց Դ.Փեթրեուսի, իսկ փետրվարի 7-ին՝ Ու.Ֆելոնի նշանակումները։ Նշենք, որ մինչև հաստատումը հայտնի էր, որ, օրինակ, գեներալ Դևիդ Փեթրեուսը Իրաքում պետք է իրականացնի Բուշ-կրտսերի՝ հունվարի 11-ին հրապարակված իրաքյան նոր ռազմավարությունը, որի բաղկացուցիչ մասերից մեկն էլ Իրաքում տեղակայված ամերիկյան շուրջ 140 հազարանոց ռազմուժը մոտ 20 հազարով ավելացնելն է։
Քիչ հավանական է, որ ամերիկյան օրենսդիր մարմինը ռազմական ոլորտին առնչվող ծախսումների հատվածում կատարի էական փոփոխություններ։ Այսինքն՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած բյուջեի նախագիծն իրականում ներկայացնում է այդ թվում մերձավորաևելյան զրագացումների վերաբերյալ ամերիկյան վերնախավում ձեռք բերված փոխհամաձայնությունը և այդ փոխհամաձայնության մոտավոր պատկերը, և չի կարող ընկալվել որպես միայն Սպիտակ տան հանրապետական վարչակազմի նախաձեռնություն։ Հետևաբար, Կոնգրեսի 2006թ. նոյեմբերի միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների տանն ու Սենատում մեծամասնություն նվաճած դեմոկրատների կամպանիան ընդդեմ Բուշ-կրտսերի իրաքյան ռազմավարության մի մեծ մասով ունի դեկլարատաիվ բնույթ2։
Հաջորդ կարևոր ցուցիչը Իրաքում իրավիճակի զգալի սրացումը և տարածաշրջանում ամերիկյան ռազմուժի շարունակվող համալրումն է։
2006թ. դեկտեմբերի 25-ին Բաղդադում, 2007թ. հունվարի 11-ին հյուսիսիրաքյան Էրբիլ քաղաքում ամերիկյան զինվորականների կողմից ձերբակալվեցին, ընդհանուր առմամբ, իրանցի յոթ դիվանագետներ։ Թեև նրանցից երեքը հետագայում ազատ արձակվեցին, սակայն փետրվարի 6-ին Բաղդադում անհայտ անձանց կողմից առևանգվեց Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ջալալ Շարաֆին։ Պաշտոնական Թեհրանը մեղադրեց ԱՄՆ-ին Շարաֆիի առևանգման մեջ3։
Գրեթե նույն ժամանակահատվածում՝ 2007թ. հունվարի 22 - փետրվարի 8, իրաքյան զինյալները ոչնչացրին ամերիկյան ռազմական 6 ուղղաթիռներ։ Պենտագոնի ներկայացուցիչների մեկնաբանությամբ՝ նմանատաիպ նոր գրոհներն ամերիկյան ուժերի դեմ անհնար կլինեին առանց իրանական կողմի ռազմատեխնիկական աջակցության4։
Չի կարող երկրորդական դիտարկվել այն հանգամանքը, որ ամերիկա-իրանական հարաբերությունները սրվում են (այդ թվում ամերիկացիների նախաձեռնությամբ) այն կետում, որը համարվում է ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության ամենազգայուն մասը։ Ժամանակին՝ 2006թ. մայիս-հունիսին, իրավիճակի որոշակի կայունացումն Իրաքում թույլ տվեց խոսել ամերիկա-իրանական պայմանավորվածության մասին։
Պատկերը կարելի է ամբողջական համարել` առանձնացնելով տարածաշրջանում ընթացող ամերիկյան ռազմուժի համալրումը5 և Իրանի նկատմամբ տեղեկատվական ճնշման կիրառումը6։
Երրորդ ցուցիչը. 2006թ. դեկտեմբերի 12-ին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Իրանը ցանկանում է տիրապետել միջուկային զենքին, ինչպես Իսրայելը»։ Այդ հայտարարությունից շատ չանցած հետևեց բրիտանական «The Sunday Times»-ի 2007թ. հունվարի 7-ի վերոհիշյալ հրապարակումը, իսկ արդեն հունվարի 23-ին Իսրայելի Ատոմային հանձնաժողովի փոխտնօրեն Արիել Լևիտեն պաշտոնապես հաստատեց, որ իր երկիրը տիրապետում է միջուկային տեխնոլոգիաների։ Եվ վերջապես, փետրվարի 11-ին իսրայելական «Խևրաթ խաշմալ» էլեկտրատեխնիկական ընկերության7 գլխավոր տնօրեն Ուրի Բեն-Նունը հայտարարեց ատոմակայանի կառուցման հավանականության մասին, մի բան, որը նախկինում երբեք չէր քննարկվում պաշտոնական մակարդակով։
Չպետք է բացառել, որ դեռևս 20-րդ դարի կեսերից միջուկային զենք պատրաստելու կարողություններ ունեցող հրեական պետության քաղաքական ղեկավարության որոշումը` լեգիտիմացնել սեփական միջուկային ներուժը, իրանական զարգացումների համատեքստում կարող է նշանակել իսլամական հանրապետության դեմ հավանական ռազմական ակցիային նախապատրաստվելու Թել Ավիվի պատրաստակամության ու կարողությունների հրապարակում։
Մյուս կարևոր ցուցիչն է իրանական խնդրի առնչությամբ եվրոպական ազդեցիկ երկրների դիրքորոշման փաստացի փոփոխությունը։
2006թ. դեկտեմբերի 20-ին Դուբայում ունեցած ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը հայտարարեց, թե պետք է գիտակցել այն ռազմավարական մարտահրավերը, որը ներկայացնում է Իրանի կառավարությունը, և կոչ արեց տարածաշրջանում ձևավորել չափավոր` ոչ ծայրահեղական երկրների առանցք ընդդեմ Թեհրանի։ Հայտնի է, որ իրաքյան կամպանիայի պատճառով բրիտանական լեյբորիստների կաբինետն առանց այդ էլ լուրջ դժվարությունների է բախվում տանը։ Այդ առումով հասկանալի էր 2006թ. աշնանը իրանական հարցի առնչությամբ բրիտանական դիվանագիտության որդեգրած ավելի մեղմ դիրքորոշումը ամերիկյան կողմի գծի համեմատ։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ Լոնդոնի մերձավորարևելյան քաղաքականության որոշակի մեղմացման8 ֆոնին բրիտանական կառավարությունը որոշել է բացառություն անել Իրանի հարցում9։ Այդ առումով ուշագրավ է, որ Իրանի դեմ տարվող տեղեկատվական-հոգեբանական ճնշման գործում գերիշխող դիրք են գրավում բրիտանական ռեսուրսները։
Առանձին ուշադրության է արժանի պաշտոնական Փարիզի որոշումը` հրապարակել իր նոր մոտեցումն իրանական խնդրի առնչությամբ։ Հունվարի 29-ին «The New York Times», «The International Herald Tribune» և ֆրանսիական «La Nouvel Observateur» պարբերականներին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն ուղղակի հայտարարեց. «Ո՞ւր է գցելու այն [Իրանը] ատոմային ռումբը։ Իսրայելի՞ վրա։ Այդ ռումբը չի հասցնի թռչել 200 մետր, և Թեհրանը հողին կհավասարեցվի»։ Թեև հետագայում Ելիսեյան պալատը փորձեց մեղմել Շիրակի խոսքերը, թե Ֆրանսիայի նախագահին ճիշտ չեն հասկացել, սակայն հասկանալի է, որ Փարիզը կատարեց բավական էական մի հայտարարություն։
Փոփոխության է ենթարկվել նաև Գերմանիայի դիրքորոշումը։ Գերմանիայի՝ որպես Եվրամիությունում ներկայումս նախագահող երկրի, առաջարկությամբ10 փետրվարի 6-ին ԵՄ-ը՝ ի հավելումն 2006թ. դեկտեմբերի 23-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների, Իրանի նկատմամբ հաստատեց լրացուցիչ պատժամիջոցներ11։
Ուղղակի ցուցիչների թվին պետք է դասել նաև ռուսական ու չինական կողմերի ցուցադրական ակցիաները։ 2007թ. հունվարի 17-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարեց, թե ավարտվել է ռուսական «Тор-М1» մարտավարական բնույթ ունեցող հակաօդային պաշտպանության հինգերորդ սերնդի 29 համալիրների մատակարարումը Իրանին, հունվարի 12-ին տեղի ունեցած զորավարժության ժամանակ չինական հրթիռը ոչնչացրեց երկրագնդից մոտ 800կմ հեռավորության վրա գտնվող օդերևութաբանական հին արբանյակը։
Անուղղակի ցուցիչներ
Իրանական զարգացումների համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ս.թ. փետրվարի 13-ին Պեկինում ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ հյուսիսկորեական կողմը փակելու է Յոնբենում գտնվող իր միջուկային կենտրոնը և դադարեցնելու է իր միջուկային ծրագիրը։
Տարիներ շարունակ վեցակողմ (Հյուսիսային ու Հարավային Կորեաներ, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա) անարդյունք բանակցություններից հետո նման կտրուկ առաջընթացը կարող է վկայել հեռավորարևելյան քաղաքականության մեջ ինչ-որ էական նորության մասին, որի վերաբերյալ տեղեկությունները դեռ չեն հրապարկվել։ Սակայն, դատելով ընդհանուր տրամաբանությունից, նորությունը պետք է որ առաջին հերթին առնչվի ամերիկա-չինական հարաբերություններին։ Հաշվի առնելով իրանական հարցը և ժամանակը, երբ կայացել է այդ պայմանավորվածությունը՝ չպետք է բացառել, որ հյուսիսկորեական խնդրում Վաշինգտոնի կողմից Պեկինին արված հավանական զիջումը կարող է փոխհատուցվել հենց իրանական հարցում։ Առաջին տեսանելի արդյունքը տեղեկատվական-դիվանագիտական ընդհանուր ֆոնն է՝ «Հյուսիսային Կորեան ճիշտ չէր իր միջուկային ծրագրի կապակցությամբ և հրաժարվեց այդ ծրագրից. հերթը Իրանինն է»։
Անուղղակի հաջորդ ցուցիչը ամերիկա-ռուսական հարաբերությունների կտրուկ վատացումն է։
Ամերիկյան վարչակազմի կարևոր երկու պաշտոնյաներ՝ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը և Ազգային հետախուզության տնօրեն Մայքլ ՄըքՔոնելը, իրենց գործունեությունը սկսում են Սառը պատերազմի ավարտից հետո հակառուսական աննախադեպ ձեռնարկներով։ 2007թ. փետրվարի 1-ին ՄըքՔոնելը տեղեկացրեց, որ իր գլխավորած կառույցի ներսում՝ ի շարս Իրանի, Իրաքի, Կուբայի ու Վենեսուելայի գծով համակարգողների, ստեղծվում է նաև Ռուսաստանի գծով համակարգողի պաշտոնը։ Փաստորեն, Ռուսաստանը դասվել է ԱՄՆ-ի համար առաջնային սպառնալիք ներկայացնող երկրների շարքում։ Իսկ փետրվարի 8-ին ԱՄՆ պաշտպանության նոր նախարարն ուղղակի հայտարարեց, որ ամերիկյան ռազմուժը պետք է պատրաստ լինի «պայքարելու ահաբեկչության դեմ, քանի որ մենք [ԱՄՆ] չգիտենք, թե ինչ տեղի կունենա այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան ու Իրանը»։ Ռուսաստանը պատասխանեց նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 10-ին Մյունխենում ուենցած բավական կոշտ ելույթով, որի ընթացքում վերջինս մեղադրեց ԱՄՆ-ին միաբևեռ աշխարհակարգ ստեղծելու մեջ։
Ամերիկա-ռուսական հակասությունների առաջնային կետը հայտնի է՝ հետխորհրդային արեա։ Սակայն այդ հակասությունների սրացումը կարող է նաև վկայել իրանական ուղղությամբ սպասվող լուրջ զարգացումների մասին։
Եվ վերջապես հարկ է ուշադրություն դարձնել Բուշեհրի ԱԷԿ-ի շինարարության կապակցությամբ փետրվարի 19-ին հրապարակ իջած ռուս-իրանական հակասությունների վրա։ Պարզվել է, որ իրանական կողմը դադարեցրել է վճարել շինարարությունն իրականացնող ռուսական «Атомстройэкспорт» ընկերությանը՝ դժգոհելով աշխատանքների դանդաղ ընթացքից։
Հայտնի է, որ Բուշեհրի ԱԷԿ-ի շինարարության ընթացքը և կայանին վառելիքի մատակարարումը Մոսկվան շատ հաճախ օգտագործել է որպես ճնշամիջոց Թեհրանի նկատմամբ։
Ըստ 2006թ. սեպտեմբերին կնքված ռուս-իրանական արձանագրության՝ այս տարվա մարտից Ռուսաստանը պետք է սկսի վառելիքի մատակարարումը Բուշեհրի ԱԷԿ-ին, ինչը կարող է մեկ անգամ ևս հետաձգվել ստեղծված իրավիճակի պատճառով։ Ռուս-իրանական ի հայտ եկած այդ հակասությունը, թերևս, վկայում է ոչ այնքան հերթական ակցիայի, որքան իրանական խնդրին առնչվող սպասվելիք զարգացումների վերաբերյալ կողմերից առնվազն մեկի մոտ գոյություն ունեցող մտահոգությունների մասին։
Հետևություն
Իրանական խնդրի առնչությամբ ընթացող զարգացումներում տեղի է ունեցել տրամաբանության փոփոխություն։
Եթե նախկինում խնդրի լուծման ռազմական ուղին կարճատև ու, թերևս, միջնաժամկետ հեռանկարում քիչ հավանական էր թվում նաև Վաշինգտոնում, ապա հավանական ռազմական գործողությունների մասին այսօրվա արտահոսքերը պետք է դիտել որպես ավելի փաստարկված։
Իրանական վերնախավը շարունակում է միջուկային զենք ունենալը դիտարկել որպես ազգային անվտանգության ապահովման առաջնային գործոն և, որն ավելի կարևոր է, այդ ուղղությամբ տարվող Թեհրանի քաղաքականությունն առաջիկայում դժվար թե էական փոփոխություններ կրի։ Հետևաբար, Իրանի շուրջ ծավալվող զարգացումների առումով պետք է նախ և առաջ հաշվի առնել միջուկային զենք ստեղծելու Իրանի իրական կարողությունները։
ԱՄՆ-ում ու եվրոպական ազդեցիկ երկրներում ամրագրված է այն մոտեցումը, որ միջուկային Իրանը ոչ այնքան կազդի ուժերի տարածաշրջանային փոխդասավորվածության վրա, որքան կփոխի տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության համակարգի էությունը՝ զգալիորեն սահմանափակելով Արևմուտքի ազդեցությունն էներգակիրներով հարուստ Մերձավոր Արևելքում12 և հետևաբար հանգեցնելով գլոբալ խնդիրների։
Հիմնական եզրակացություններն են.
- որքան Իրանը մոտենա միջուկային զենքի ստեղծմանը, այնքան կմեծանա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Իրանի նկատմամբ ռազմուժի կիրառման հավանականությունը,
- այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կհարվածեն Իրանին նախ և առաջ այն պարագայում, եթե իրոք Թեհրանը տիրապետի անհրաժեշտ մակարդակի ու ծավալի միջուկային զենքի,
- հետևաբար, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից իսլամական հանրապետության նկատմամբ ռազմուժ կիրառելու համար չափանիշ է ընդունվում ոչ թե Իրաքում առկա իրավիճակը, այլ միջուկային զենք ստեղծելու Թեհրանի պատրաստակամությունն ու կարողությունները։
Եթե այս հետևությունը ճիշտ է, ապա առաջիկայում իրավիճակը Հայաստանի հարավային հարևանի շուրջ պետք է որ զգալիորեն սրվի։
1 Ի դեպ, ըստ այդ բյուջեի, նախատեսվում է 2011թ. դրությամբ ԱՄՆ ծովային հետևակայինների թիվը 175 հազարից հասցնել 202 հազարի, 2012թ. դրությամբ ԱՄՆ ցամաքային զորքերի թիվը 482 հազարից հասցնել 547 հազարի և վերջապես 2013թ. դրությամբ 13 հազարով ավելացնել հատուկ նշանակության ուժերի թիվը։
2 Պետք է նույն տրամաբանության ներքո ընկալել ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից 2007թ. փետրվարի 16-ին ընդունված հայտնի բանաձևը, որն անվստահություն է հայտնում Բուշ-կրտսերի իրաքյան ռազմավարության առնչությանը։
3 Աչքի է զարնում այն հանգամանքը, որ ժամանակային առումով այդ իրադարձությունների հետ համընկավ ամերիկյան «The Washington Post»-ի 2007թ. հունվարի 26-ի հրապարակումը, թե Սպիտակ տունը թույլատրել է Իրաքում տեղակայված ամերիկյան զինվորականներին գերեվարել կամ ոչնչացնել «իրանական գործակալներին»։
4 Ամերիկյան ռազմական հետախուզության ներկայացմամբ, իրանական հատուկ ծառայությունների գծով իրաքյան զինյալներին է փոխանցվում հակաօդային ու այլ տիպի հրթիռների մեծ քանակություն։
5 Հայտնի է, որ Պենտագոնը Պարսից ծոցում արդեն իսկ կենտրոնացրել է ավիակիր երկու խումբ՝ «Dwight D. Eisenhower» և «John C. Stennis» ավիակիրների գլխավորությամբ։ Բրիտանական աղբյուրները գրում են, որ անհրաժեշտության դեպքում նրանց կարող են միանալ «Ronald Reagan», «Harry S. Truman», «Theodore Roosevelt», «Nimitz» ավիակիրները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան ռազմուժի Կենտրոնական հրամանատարությունը, որի աշխարհագրական պատասխանատվության մեջ է մտնում նաև Մերձավոր Արևելքը, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա Բեյ քաղաքի մոտ գտնվող «ՄըքԴիլ» ռազմաօդային բազայում տեղակայված իր կենտրոնակայանը տեղափոխելու է Կատարում գտնվող «Ալ-Ուդեյդ» ռազմաօդային բազա։
6 2007թ. հունվարից Իրանի դեմ տարվում է վերջին մեկ տարվա կտրվածքով աննախադեպ տեղեկատվական ճնշման քաղաքականություն։ 2007թ. հունվարի 7-ին, բրիտանական «The Sunday Times»-ը գրեց, որ Թել Ավիվը պատրաստվում է մինիմիջուկային հարվածներ հասցնել իրանական միջուկային կենտրոններին, ըստ բրիտանական մեկ այլ՝ «The Guardian» թերթի հունվարի 15-ի համարի, ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապատրաստական լուրջ աշխատանք են տանում Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, երկու օր անց՝ հունվարի 17-ին Քուվեյթում լույս տեսնող «The Arab Times»-ը գրեց, որ Պենտագոնը նպատակ ունի մինչև այս տարվա ապրիլ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, բրիտանական «New Statesmen» պարբերականի մատուցմամբ (փետրվարի 19, 2007թ.)՝ տարածաշրջանում կուտակված ամերիկյան ուժերը պատրաստ են ցանկացած պահի սկսել այդ գործողությունները (ըստ «New Statesmen»-ի, Պենտագոնում առկա հաշվարկների համաձայն՝ ամերիկյան ուժերը մեկ գրոհի ընթացքում կարող են միանգամից ոչնչացնել իրանական 10 հազար օբյեկտ), իսկ BBC-ի փետրվարի 20-ի հրապարակման համաձայն՝ Պենտագոնն արդեն հստակեցրել է ոչնչացման ենթակա իրանական միջուկային, ռազմական ու տնտեսական օբյեկտները։
7 Իսրայելում այդ ընկերությունը պատասխանատու է ողջ ատոմային ոլորտի համար։
8 2007թ. փետրվարի 21-ին Թ.Բլերը հայտարարեց Իրաքում բրիտանական զորքերի կրճատման (7.100-ից մինչև 5.500) մասին։
9 Դուբայի հայտարարությունը միակը չէր։ 2007թ. փետրվարի 7-ին, հանդես գալով բրիտանական Ներկայացուցիչների տանը, Բլերն ուղղակի մեղադրեց Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ։
10 Գերմանական դիրքորոշման մասին կարող է վկայել նաև փետրվարի 5-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում կանցլեր Անգելա Մերկելի ելույթը, որի ժամանակ նա Թեհրանին ու Դամասկոսին մեղադրեց իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու մեջ։
11 Ուշագրավ է, որ փետրվարի 16-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցրեց նաև Ճապոնիան, որի կառավարությունն իրանական խնդրում սովորաբար աշխատում էր զերծ մնալ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներից՝ առաջին հերթին հաշվի առնելով սեփական էներգետիկ շահերը։
12 Ընդ որում՝ այդ համատեքստում որպես օրինակ բավական լուրջ են ընդունվում լիբանանյան զարգացումները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]