• am
  • ru
  • en
Версия для печати
16.06.2009

ԱՇԽԱՐՀԻ ԷԹՆԻԿ ՊԱՏԿԵՐԸ. ՎՐԱՑԱԿԱՆ ՄՈԴԵԼ

   

Թամարա Վարդանյան

Tamara_Vardanyan (original)Հայտնի է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերը, մասնավորապես` «պատմություն» (ավելի նվազ չափով` նաև «աշխարհագրություն») առարկայից կարևոր և առանցքային դերակատարում ունեն տվյալ ազգի մեջ աշխարհի էթնիկ պատկերի ձևավորման գործընթացում։ Այդ դասագրքերի միջոցով է, որ դպրոցական տարիքից արդեն անհատի մեջ ձևավորվում են աշխարհընկալման երկու հիմնաքարային բնութագրիչներ. «մենք»-ի (ավտոստերեոտիպեր) և «Դուք»-ի (հետերոստերեոտիպեր) կերպարները: Այդ տարիքում ձևավորված ընկալումները հետագայում դժվարությամբ են էական փոփոխությունների ենթարկվում, թեպետ չի կարելի պնդել, որ ընդհանրապես ենթակա չեն որևէ վերափոխման։

Աշխարհի էթնիկ պատկերն առնչվում է մշակութային պատկերացումների ամբողջական համալիրի հետ, որը մասնագետներն անվանում են էթնոսի ավանդական գիտակցություն, իսկ վերջինս էլ հարմարեցված (ադապտացված) է արտաքին աշխարհի պատմական իրողություններին1։

Այսպես, արտաքին աշխարհի էթնիկ պատկերի ստեղծման գործընթացում էթնոսին շրջապատող կերպարների շուրջ ձևավորվող շեշտադրումները չափազանց կարևոր են։ Դրանց առաջնայնությունը մասնավորապես կարևորվում է նրանով, որ թե´ կերպարները և թե´ դրանց շուրջ ձևավորված շեշտադրումներն ու տվյալ էթնոսի կյանքում նրանց վերապահված դերակատարությունները միաժամանակ ենթադրում են որոշակի վերաբերմունք, էթնովարքագիծ և գործողություն, այսինքն` ունեն ֆունկցիոնալ նշանակություն։

Ներկայացնենք «Դուք»-ի (կամ «օտարների») կերպարի արտացոլումը Վրաստանի Կրթության նախարարության կողմից արտոնված «Վրաստանի պատմության» դասագրքերում, որը պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում է (պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում է նաև «Համաշխարհային պատմություն» առարկան, իսկ հումանիտար ուղղության ընտրովի առարկաներից են «Տնտեսագիտություն», «Պետություն և քաղաքացի», «Իրավունք», «Կրոնի պատմություն» առարկաները)։ Նշենք, որ «Վրաստանի պատմությունը» որպես առարկա ուսանում են՝ սկսած 5-րդ դասարանից մինչև 12-րդը ներառյալ։

2006թ. Վրաստանի կրթական համակարգում անցկացված բարեփոխումների արդյունքներից մեկը «ընտրության իրավունքի» քաղաքականության ներդրումն է։ Այն ենթադրում է մի իրավիճակ, երբ հրատարակված և շրջանառության մեջ եղած պատմության մի շարք դասագրքերից (թվով 15) ուսուցիչը կարող է ընտրել միայն մեկը՝ որպես բազային ուսումնական գործընթացը կազմակերպելու և անցկացնելու համար։ Միաժամանակ շրջանառության մեջ առկա դասագրքերը հաստատված են Կրթության և գիտության նախարարության կողմից ստեղծված Ազգային ուսումնական ծրագրերի և գնահատման կենտրոնի կողմից։

Այս դասագրքերը թարգմանվել են ազգային փոքրամասնությունների լեզուներով (ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն, նաև աբխազերեն և օսերեն)։

Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվող «Վրաստանի պատմություն» առարկայից դասագրքերի բովան-դակության քննությունը հետաքրքիր է երկու հիմնական նկատառումներով.

1) նշված դասագրքերի միջոցով կարելի է վեր հանել վրաց ժողովրդի մեջ ձևավորված և ձևավորվող աշխարհի էթնիկ պատկերը,

2) պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Վրաստանի հայկական, ռուս-հայկական դպրոցներում ուսանող հայազգի դպրոցականները նույնպես «պատմություն» առարկայից անհրաժեշտ բազային գիտելիքները ստանում են նշված դասագրքերի միջոցով։ Հետևաբար, դրանց քննությունը հնարավորություն է տալիս պատկերացնել հայազգի դպրոցականների ստացած գիտելիքների բովանդակությունն ու դրանցում առկա պատկերների շուրջ ձևավորվող շեշտադրումները։ Միաժամանակ չպետք է մոռանալ մյուս կարևոր հանգամանքը. այն, որ Վրաստանի հայկական և ռուս-հայ-կական դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան չի դասավանդվում, այսինքն` նշված դասագրքերը հանդես են գալիս որպես տվյալ առարկայի շուրջ գիտելիքների ձեռքբերման թերևս միակ աղբյուր։

Ռուսաստանը և ռուսները 19-րդ դարում. Վրաստանի պատմության դասագրքերում ուշագրավ կերպար է ձևավորված Ռուսաստանի և ռուսների մասին։ Ցարական Ռուսաստանի (1801-1918թթ.), այնուհետև Խորհրդային Ռուսաստանի (ԽՍՀՄ) կազմում (1921-1991թթ.) գտնվելու ժամանակաշրջանները վրացական դասագրքերում դիտվում են որպես չարիք և մեծ ողբերգություն վրաց ազգի համար2։ Նշվում է, որ այդ պատմական ժամանակահատվածներում վտանգված է եղել վրաց ազգի վերածնունդը։ Հիմնական լեյթմոտիվն այն է, որ ցարիզմը վարում էր ռուսիֆիկացման և վրաց ժողովրդի վերջնական ձուլման քաղաքականություն, ինչը դրսևորվում էր բոլոր ոլորտներում՝ հոգևոր-կրոնական, կրթական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և այլն։

1801թ. դեպքերը ներկայացված են հետևյալ կերպ. եթե «Հայոց պատմության» դասագրքերում նշվում է «1801թ. Արևելյան Վրաստանը խաղաղ ճանապարհով անցավ Ռուսաստանին» կամ ուղղակի «1801թ. Արևելյան Վրաստանն անցավ Ռուսաստանին», ապա Վրաստանի պատմության դասագրքում կարդում ենք. «Ռուսաստանին հաջողվեց Իրանի ու Թուրքիայի հետ 19-րդ դ. սկզբների պատերազմներում տարած հաղթանակի արդյունքում 1801թ. նվաճել Վրաստանը»3։ Այսինքն՝ շեշտադրումները բավական տարբեր են։ Միևնույն ժամանակ, այս նախադասությունը, անգամ ոչ մասնագետի հայացքով, անհեթեթ է ներկայանում, քանի որ 1801 թվականը 19-րդ դարի ամենասկիզբն է, հետևաբար 1801 թվականի իրադարձությունը չէր կարող 19-րդ դ. սկզբների պատերազմների արդյունք լինել, մանավանդ որ պատերազմներն (1804-1813թթ. - ռուս-պարսկական, 1806-1812թթ. - ռուս-թուրքական, 1826-1828թթ. - ռուս-պարսկական և 1828-1829թթ. - ռուս-թուրքական) ընթացան այդ դեպքից հետո:

Ընդհանուր գնահատականն այն փաստի, որ «19-րդ դ. սկզբներին Վրաստանի թագավորությունը և վրացական իշխանությունները նվաճվեցին Ռուսաստանի կողմից», այն է, որ «Վրաստանը կորցրեց իր պետականությունը»4։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն իրողությունը, որ Թուրքիայի և Իրանի կազմում Վրաստանն ուներ ներքին ինքնուրույնություն, քանի որ կախվածությունն արտահայտվում էր հիմնականում տարեկան արքունիք ուղարկված հարկերով, բայց փոխարենը և´ Թուրքիան, և´ Իրանը պարտավորված էին պաշտպանել Վրաստանի հյուսիսային սահմանները լեռնականների հարձակումներից։ Ավելացնենք, որ «վրացական իշխանություններ» ասելով` դասագրքի հեղինակները նկատի են առել նաև Իմերեթիայի թագավորությունը, Մեգրելիայի և Աբխազիայի իշխանությունները, որոնք վերջնականապես Ռուսաստանին անցան 1812թ. Բուխարեստի պայմանագրով, Սվանեթիայի իշխանությունը, որը Ռուսաստանին անցավ 1833-1834թթ., արդեն խաղաղ պայմաններում։

Անշուշտ, պետք է նշել, որ իմերեթները, սվանները, մեգրելները, աբխազները այդ ժամանակահատվածում՝ 19-րդ դ. սկզբներին, ունեին առանձին էթնիկ ինքնագիտակցություն, և անվանել այդ իշխանությունները վրացական, իհարկե, գիտական և օբյեկտիվ չէ։ Անգամ 20-րդ դ. սկզբին մեգրելները, իմերեթները, սվանները պահպանել էին իրենց առանձին էթնիկ ինքնագիտակցությունը, ինչի մասին են վկայում անցած դարասկզբի աղբյուրներում նրանց մասին առանձին էթնանունով հիշատակությունները. նշվում են քարթվելական ժողովուրդներ կամ «վրացիներ լայն իմաստով» և ավելացնում, որ այս հավաքականության մեջ ներառված են մեգրելները, իմերեթները, սվանները, իսկ բուն վրացիները հիշատակվում են որպես «վրացիներ նեղ իմաստով»։ Առանձին էթնիկ ինքնագիտակցության առկայության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 18-րդ. դ. վերջերից մինչև 19-րդ դ. սկզբներն, օրինակ, Իմերեթիայի թագավորությունն ու Մեգրելիայի իշխանությունն անընդհատ պատերազմում էին իրար դեմ։ Միայն 20-րդ դ. ընթացքում՝ խորհրդային տարիներին, վրացիներին հաջողվեց գրեթե ավարտին հասցնել այս ժողովուրդների «վրացացման» գործընթացը։ Իսկ ինչ վերաբերում է Աբխազիայի իշխանությանը, ապա այն նույնպես ներկայացնել որպես վրացական իշխանություն, իհարկե, անհեթեթ է նաև այսօրվա տեսանկյունից, քանի որ աբխազներին մինչև մեր օրերը հաջողվել է պահպանել աբխազական էթնիկ ինքնագիտակցությունը։

Ցարիզմի տիրապետության տարիները ներկայացված են որպես կործանարար հետևանքներով լի մի ժամանակաշրջան, երբ լուրջ վտանգ էր սպառնում վրաց ժողովրդի ապագային։ Անգամ իր վրացամետությամբ հայտնի ռուս փոխարքա Մ.Վորոնցովի կառավարման տարիները (1844-1854թթ.), երբ մեծ թվով ու զգալի արտոնություններ էին շնորհվել վրաց ազնվականներին, իշխաններին ու մտավորականությանը, թեպետ թվարկվում են այդ արտոնու-թյունները, այնուամենայնիվ, թեման ամփոփվում է հետևյալ նախադասությամբ. «Միխայիլ Վորոնցովի ճկուն գաղութային քաղաքականությունը ոչ նվազ վտանգավոր էր վրաց ժողովրդի համար, որքան կոշտ բռնատիրական քաղաքականությունը»։

Եվրոպա. Վրաստանի պատմության դասագրքերում Եվրոպան հիմնականում ներկայանում է որպես պոտենցիալ դաշնակից։ Թեպետ այն նույնպես «Դուք»-ի կամ «այլոց» կերպարի մեջ է, բայց վրացական էթնոսին ավելի մոտ կանգնած «օտար» է, քան մուսուլմանական աշխարհը։ Հետևաբար, հիմնական բովանդակությունն այն է, որ միջին դարերում մի շարք վրաց թագավորներ ձգտում էին շահել կաթոլիկ Եվրոպայի աջակցությունը մուսուլման Թուրքիայի և Իրանի դեմ պայքարում և պատրաստ էին անգամ կաթոլիկություն ընդունել այդ աջակցությունը ստանալու համար5։

Աբխազներ և օսեր. աբխազների և օսերի մասին նշվում է հետևյալը. նրանց հայրենիքը Հյուսիսային Կովկասն է։ Բայց այս ժողովուրդները ներթափանցել են Վրաստան և, փաստորեն, այստեղ եկվորներ են։ Թեպետ իրենց հայրենիքը սկզբնական շրջանում Հյուսիսային Կովկասն էր, հետագայում իրավիճակը փոխվեց, և այժմ նրանց հայրենիքը այսօրվա Վրաստանն է։

Միևնույն ժամանակ, աբխազների մասին նշվում է նաև, որ վերջիններս այժմ բնակվում են Վրաստանի հյուսիսարևմտյան հատվածում։ Աբխազներն իրենք իրենց անվանում են «ափսուա», իսկ երկիրը՝ «Ափսնի»։ Վրաստանի աբխազական բնակչությունը մոտ 94.000 է։ Աբխազների մի փոքր հատված էլ 19-րդ դ. երկրորդ կեսին տեղափոխվել է Թուրքիա` Ռուսաստանի կայսրության ժողովրդագրական քաղաքականության հետևանքով6։

Հայերը. 19-րդ դ. պատկեր. առավել բացասական է ներկայանում Ռուսաստանի ժողովրդագրական քաղաքականությունը, հատկապես Սամցխե-Ջավախք տարածքում։ Այս հատվածում նշվում է նաև հայերի` որպես օտարազգի տարրերի, ներթափանցման մասին թեզը, այսպես կոչված, «բուն վրացական տարածքներ»։

Ներկայացնենք այդ հատվածը. «Ռուսաստանի քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը գաղութային ժողովրդագրական էքս-պանսիան էր, որը նախատեսում էր օտար ցեղերի վերաբնակեցումը Վրաստանում և ի վնաս վրացիների երկրի ժողովրդագրական պատկերի փոփոխությունը… Սամցխե-Ջավախեթիում ապրող մուսուլման վրացիները ռուսական հալածանքների հետևանքով տեղափոխվեցին Թուրքիա։ Ռուսական կառավարությունը թույլ չտվեց Արևմտյան Վրաստանի վրաց բնակչությանը բնակվել Սամցխե-Ջավախեթիում և նրանց փոխարեն այստեղ բնակեցրեց 30.000 հայերի Թուրքիայից։ Հայերի բնակեցումը Վրաստանի տարբեր շրջաններում շարունակվեց նաև հետագա տարիներին»7։

Հայերի՝ որպես վրացական տարրին մրցակից, ներկայանալու հանգամանքը շեշտված է նաև սոցիալ-տնտեսական իրադրությունը լուսաբանող թեմաներում։ Այսպես, 19-րդ դ. երկրորդ կեսին կապիտալիզմի զարգացման դժվարությունները և ազգային բուրժուազիայի թույլ լինելը բացատրվում է հայերի հաջողություններով։ Նշվում է, որ «որոշակի պատճառների հետևանքով Վրաստանի սոցիալական շերտերը ակտիվ մասնակցություն չունեցան կապիտալի նախնական կուտակման գործընթացին։ Այդ պատճառով կապի-տալիզմի զարգացման առաջին փուլում երկրում կապիտալը զավթեցին օտարազգի կապիտալիստները, հիմնականում հայ ձեռնարկատերերը, որոնք էլ հետագայում բացեցին խոշոր կապիտալիստական ձեռնարկություններ (ֆաբրիկաներ և գործարաններ)»։ Փաստորեն, չի նշվում, թե որոնք էին այդ «որոշակի պատճառները», որոնց արդյունքում վրացական վերնախավը չմասնակցեց կապիտալի նախնական կուտակման գործընթացին։

Այսպիսով, «Վրաստանի պատմություն» առարկայից Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող դասագրքե-րի ընդհանուր քննությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ներկայանում է որպես «օկուպանտ» երկիր, Եվրոպան` որպես «դաշնակից», աբխազներն ու օսերը` որպես Հյուսիսային Կովկասից Վրաստան ներթափանցած եկվորներ, իսկ հայերը՝ որպես մի շարք ոլորտներում վրացական էթնոսի հիմնական մրցակիցներ։

1Աշխարհի էթնիկ պատկերի հետ կապված էթնոսի պաշտպանական - ադապտացիոն մեխանիզմներին առնչվող հարցերի մասին մանրամասն տե՛ս Лурье С.В., Историческая этнология: Учебное пособие для вузов. – М., 2004.

2Համեմատության համար նշենք, որ «Հայոց պատմության» դասագրքում անգամ մի առանձին ենթավերնագիր է կազմում «Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու նշանակությունը» հատվածը, որտեղ այն գնահատվում է որպես առաջադիմական նշանակություն ունեցող իրադարձություն, ինչի արդյունքում հայ ժողովուրդը ստացավ կյանքի ու գույքի ապահովություն, տնտեսական ու մշակութային զարգացման ավելի տանելի պայմաններ և այլն, տե´ս «Հայոց պատմություն» հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2005թ., էջ 41։

3Мераб Вачнадзе, Вахтанг Гурули, История Грузии (XIX – XX века), Учебник для IX класса. Издание второе, переработанное. Допущено Министерством образования Грузии, Тбилиси, 2004, с. 4.

4Տե´ս նույն տեղում, էջ 5։

5Nino Chikovani, Ketevan Kakitelashvili, Georgia: Representation of «others» in the South Cauvasus Secondary school history textbooks, In: Contemporary History textbooks in the South Caucasus, ed. by L.Veseley, Prague, 2008, p. 69.

6Տե´ս նույն տեղում, էջ 76։

7Мераб Вачнадзе, Вахтанг Гурули, История Грузии (XIX – XX века)… էջ 9։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր