• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2010

ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Руский

   

Թամարա Վարդանյան

00 (original)Ներածություն

Վրաստանի թե՛ խորհրդային շրջանի, թե՛ հետագա տարիների հասարակական-քաղաքական և նաև դրանցով պայմանավորված ժողովրդագրական զարգացումների տրամաբանությունը կարելի է բնորոշել որպես հանրության միաէթնիկացման գործընթաց։ Դեռևս խորհրդային տարիներից մեկնարկած այս գործընթացը հետխորհրդային շրջանում առավել արագ տեմպերով է ընթանում։

Այսպես, Վրաստանն աստիճանաբար բազմէթնիկ հանրույթից անցում է կատարում դեպի միաէթնիկ հանրույթ, որն էլ համաձայն վրացական ընտրանու պատկերացումների ազգային պետության ձևավորման կարևոր նախադրյալներից է։ Վրաստանի քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից է, թերևս, ազգային պետականակերտման գործընթացը տրամաբանական ավարտի հասցնելու նպատակը։ Այս մտայնությունը տեսանելի է դառնում ոչ միայն ժողովրդագրական միտումների քննման և բացահայտման շնորհիվ, այլև հասարակական կյանքում իշխող «խաղի կանոնների» ուսումնասիրման արդյունքում։ Բացի այդ, նշված նպատակը հաճախ բացահայտ ու անթաքույց հռչակվել է որպես օրակարգային խնդիր վրաց քաղաքական վերնախավի կողմից։

Ցանկացած երկրի միաէթնիկացումն ընթանում է հետևյալ հիմնական մեխանիզմներով.

  • Արտագաղթ, որի ծայրահեղ դրսևորումներից է երբեմն կիրառվող «էթնիկ զտման» քաղաքականությունը:
  • Ուծացում, որի ծայրահեղ դրսևորումներն են, օրինակ, բռնի կրոնափոխությունը, տիտղոսակիր ազգի լեզվի, սովորույթների, մտածողության, բարքերի պարտադրումը և այլն:
  • Տարածքների ուղղակի կորուստը, որոնք հոծ բնակեցված էին էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններով (այս գործընթացն առավելապես պատերազմների կամ կայսրությունների փլուզման արդյունք է):
  • Ցեղասպանություն։

Նշված մեխանիզմներից առաջին երկուսն առավել հաճախ են հանդիպում, և դրանք կարող են լինել հիմնականում շարունակական գործընթացների արդյունք։ Այս երկու մեխանիզմների՝ արտագաղթի և ուծացման հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք հաճախ ընթանում են նաև խաղաղ ժամանակներում և կարող են իրականացվել առանց բռնության՝ մեղմ ու «քաղաքակիրթ» մեթոդներով։

Վերոնշյալ երկու մեխանիզմների մյուս առանձնահատկությունն այն է, որ էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների արտագաղթը և ուծացումը լուրջ հակազդեցություններ, դժգոհություններ չեն առաջացնում միջազգային հանրությունում։ Այս գործընթացները հաճախ դիտվում են որպես զարգացման բնականոն ընթացք։ Այսպես. արտագաղթը հաճախ ընկալվում և մեկնաբանվում է որպես միգրացիոն գործընթացների արդյունք, իսկ ուծացումը՝ որպես գլոբալացման և ինտեգրացման անխուսափելի հետևանք։

Վրաստան. ժողովրդագրական միտումները1

Այժմ Վրաստանի պաշտոնական ժողովրդագրական տվյալների քննությամբ ներկայացնենք այդ վերափոխումները և միաէթնիկացումը։ Այս գործընթացները մեծապես պայմանավորված են հռչակված պետական գաղափարախոսությամբ, տիտղոսակիր ազգի էթնոմոբիլիզացիոն ներուժով, նաև էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների ներսում ներհամայնքային զարգացումների որոշ տրամաբանությամբ։

Գրաֆիկ 1-ը պատկերում է երկրի միաէթնիկացման դինամիկան։

Գրաֆիկ 1
Վրաստանի ժողովրդագրական կազմի դինամիկան (1926-2002թթ.)2

1 (original)

Վրաստանի հայերը

Վերը ներկայացված գրաֆիկից պարզ երևում է հանրության և երկրի վրացացումը, այսինքն՝ վրացիների շարունակական աճը մի կողմից, իսկ մյուս կողմից` էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների թվի աստիճանական անկումը։ Այսպես, եթե 1926թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով` վրացիները կազմում էին հանրապետության բնակչության 59.9%-ը, ապա 2002 թվականին վրացիների թիվն ավելացել էր մինչև 83.3%։ Փոխարենը, եթե 1926թ., օրինակ, հայերը կազմում էին Վրաստանի բնակչության 17.6%-ը, ապա 2002թ. հայերի թիվը նվազել էր մինչև 5.7%։ Այսինքն` վրացացմանը զուգահեռ կարող ենք արձանագրել նաև ակնհայտ հայաթափման գործընթացը (տե՛ս ստորև Թիֆլիսի հայաթափման գործընթացը պատկերող Գրաֆիկ 2-ը

Գրաֆիկ 2
Վրացիների և հայերի թվաքանակը Թիֆլիս քաղաքում 1803-2002թթ. (%-ով)3

2 (original)

Հայերի թիվը Վրաստանում նվազում է թե՛ ուծացման, թե՛ արտագաղթի հետևանքով։ Այսպես. 2002թ. մարդահամարի տվյալներով` Վրաստանում ապրող հայերի (որոնց ընդհանուր թվաքանակը՝ 248.929 է) մի մասը հայերենը չի համարում իր մայրենի լեզուն. 5692 մարդ իր մայրենին համարում է վրացերենը, իսկ 7525-ը՝ ռուսերենը4։ Փաստացի, այս երկու խմբերը ներկայումս բացահայտ հեռանում են Հայությունից` բռնելով ուծացման (վրացալեզուների դեպքում) կամ հիմնականում արտագաղթի (ռուսալեզուների դեպքում) ճանապարհը։ Այս խմբերը փաստացի այլևս չեն դիմադրում ուծացմանը կամ որևէ ջանք չեն գործադրում իրենց հայկական ինքնության պահպանման համար և գիտակցաբար հեռանում են իրենց ազգային արմատներից5։

Հայությունից բացահայտ հեռացող խմբերից զատ, միևնույն ժամանակ բազմաթիվ են այն հայերը, հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում, որոնք իրենց մայրենի լեզուն թեև համարում են հայերենը, բայց որպես հաղորդակցման լեզու լայնորեն կիրառում են ռուսերենն ու վրացերենը՝ անգամ ազգակիցների հետ հաղորդակցվելիս։ Այս խմբերի ուծացման գործընթացը, թեև կարող է ավելի դանդաղ ընթանալ, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ուծացումն անխուսափելի է դառնալու, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն։

Հատկանշական է, որ արտագաղթող էթնիկ փոքրամասնություններից քանակապես հայերն առաջին տեղում են։ Այսպես, 1990-1996թթ. ընթացքում Վրաստանից արտագաղթել են 230.000 հայեր, 200.000 ռուսներ, 170.000 ադրբեջանցիներ, 75.000 օսեր, 75.000 հույներ և 85.000 այլ էթնիկ խմբեր6։ Ընդհանուր առմամբ, այդ տարիներին երկրից արտագաղթել է նաև 550.000 վրացի, որը կազմում էր Վրաստանից արտագաղթողների 39.7%-ը։ Նույն տարիներին երկրից արտագաղթեց էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների 60.3%-ը։

Այսպիսով, երբ քննարկվում է 1990-ականներին տեղի ունեցած արտագաղթը, վրացական կողմը նշում է, որ վրացիները նույնպես բռնեցին արտագաղթի ճանապարհ, որի պատճառները երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն էին և պատերազմական իրավիճակը։ Բայց խնդիրն այն է, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում արձանագրված տեսակարար արտագաղթն առավել մեծ էր, և հետևաբար, պատճառները չեն կարող սահմանափակվել միայն վերը նշված գործոններով։ Էթնիկ փոքրամասնությունների արտագաղթի խթանման կարևոր և հավելյալ գործոններից էին երկրում իշխող ազգայնամոլական տրամադրություններն ու էթնոցենտրիկ միջավայրը։

Բացի այդ, պետք է նշել, որ էթնիկ փոքրամասնությունների արտագաղթի արդյունքում նշված համայնքների ներսում տեղի ունեցավ ոչ միայն քանակական, այլև զգալի որակական անկում։ Հայտնի է, որ արտագաղթի ուղին բռնեցին սոցիալական ակտիվ զանգվածները, ինչը հանգեցրեց ընդհանուր որակական անկման ամբողջ Վրաստանում (նույն գործընթացներն առկա էին նաև ՀՀ-ում և հետխորհրդային մյուս հանրապետություններում)։ Բայց, օրինակ, հայերի դեպքում երկրից արտագաղթած սոցիալական ակտիվ զանգվածի զբաղեցրած սոցիալական խորշը չհամալրվեց նոր մարդկանցով, քանի որ ստեղծված էթնոցենտրիկ միջավայրում հայազգի անհատի սոցիալական աճը հանդիպեց բազմաթիվ խոչընդոտների։ Եվ արդյունքում` համայնքը մնաց առանց ընտրանու։

Իսկ վրացիների պարագայում սոցիալական հին էլիտային փոխարինելու եկավ նորը՝ ազգությամբ վրացի։ Իրականում այս վերափոխումը գուցե որակական անկում էր նաև վրացիների համար, բայց վրացիների դեպքում ազգային դիմագիծն ու կազմը ոչ միայն պահպանվեց, այլև ուժեղացավ ի հաշիվ փոքրամասնությունների։ Հետևաբար, օբյեկտիվ չեն այն փորձագետների տեսակետները, թե Վրաստանում արտագաղթից տուժել են հավասարապես բոլոր էթնիկ և կրոնական հանրույթների ներկայացուցիչները, և որ դրանց պատճառները զուտ սոցիալ-տնտեսական էին7։

Այլ էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները

Հարկ է նշել, որ էթնիկ վրացիների թվաքանակի աճը ոչ թե ծնելիության բարձր ցուցանիշների և բնական աճի արդյունք է, այլ հիմնականում այլ էթնիկ հանրույթների ուծացման, ենթաէթնիկ խմբերի արագ վրացացման (մեգրելներ, սվաններ, իմերեթներ, գուրիացիներ և այլն)։

Օրինակ, դերևս 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրության տարածքում իրականացված մարդահամարի տվյալներում8 և այլ աղբյուրներում հանդիպում ենք այսպիսի եզր. «քարթվելական ժողովուրդներ, այդ թվում վրացիներ»։ Բ.Իշխանյանն իր արժեքավոր ուսումնասիրություններում կիրառում է երկու եզր. «վրացիներ լայն իմաստով» և «վրացիներ նեղ իմաստով»։ «Վրացիներ լայն իմաստով» հասկացությունը նշանակում էր, որ այս խմբի մեջ ներառվել են, բացի բուն վրացիներից, նաև սվանները, իմերեթները, մեգրելները։ Հետագայում արդեն վրացիների կողմից այս խմբերը համարվեցին վրացական էթնոսի ենթաէթնիկ խմբեր և ներառվեցին վրացական ազգի մեջ։ Եթե հետևենք վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ այս ենթաէթնիկ խմբերին ներառելու դեպքում, վրացիների տեսակարար կշիռն ամբողջ Կովկասի բնակչության հանդեպ ավելանում էր մոտ 50%-ով։ Օրինակ, Բ.Իշխանյանի աշխատության մեջ ներկայացված է «վրացիներ նեղ իմաստով» խմբի թվաքանակը Կովկասի համայն ազգաբնակչության հանդեպ. այն կազմում է 9.29%, իսկ «վրացիներ լայն իմաստով» խմբի քանակն արդեն՝ 14.87% է9, մոտ 50%-ով ավելի։

Երկու տարբեր եզրույթների կիրառումն ինքնին արդեն նշանակում է, որ 20-րդ դ. սկզբին դեռևս մեգրելների, սվանների, իմերեթների հանդեպ առկա էր տարբերակված մոտեցում, նրանց երբեմն ներառում էին վրացիների մեջ, երբեմն էլ առանձնացնում։ Այս փաստը խոսում է վերջիններիս մեջ վրացականից առանձնացած էթնիկ ինքնագիտակցության առկայության մասին դեռևս 20-րդ դ. սկզբներին։ Այսօր արդեն այս խմբերի շրջանում վրացական ինքնագիտակցությունը սովորական երևույթ է դարձել։

Փաստորեն, Վրաստանի բոլոր էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների պարագայում նկատվում են նույն միտումները՝ ժողովրդագրական անկում (տե՛ս Գրաֆիկ 1

Թեպետ խորհրդային տարիներին աբխազներն ու օսերը Վրաստանի կազմում ունեին ինքնավարություն, այնուամենայնիվ, այս երկու էթնիկ հանրույթներն էլ չխուսափեցին ժողովրդագրական անկումից։ Այսպես. 1926թ. աբխազների թիվը Վրաստանում կազմում էր 2.6%, 1989 թվականին, այսինքն` մինչև վրաց-աբխազական պատերազմը, 1.8%, իսկ օսերինը՝ նշված տարիներին համապատասխանաբար նվազել էր 5.3 %-ից մինչև 3.0 %։

Վրաց հետազոտող Դ.Ափրասիձեն նշում է, որ Խորհրդային Վրաստանում տարածված էթնիկ ազգայնականությունը չներառեց երկու շրջաններ միայն՝ Աբխազիան և Հարավային Օսիան10։ Զարգացնելով այս միտքը և վերաձևակերպելով խնդիրը` նշենք, որ թերևս այդ է պատճառը, որ վրացիներին չհաջողվեց այդ տարիներին վերջնական ավարտին հասցնել աբխազների և օսերի վրացացման գործընթացը։ Որպես հետևանք նման քաղաքականության, Վրաստանի տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո ծագեցին վրաց-աբխազական և վրաց-օսական միջէթնիկ հակամարտությունները։ Այսինքն` չնայած ամբողջ Վրաստանում ընթացող վրացացման գործընթացներին, աբխազներին ու օսերին, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել էթնիկ ինքնագիտակցությունը։ Դ.Ափրասիձեն իրավացիորեն նշում է, որ այս երկու էթնիկ հանրույթներին հաջողվեց առաջադրել վրացական ազգայնական նախագծին դիմակայելուն ուղղված սեփական ազգայնական հակա-նախագիծը11։ Անշուշտ, այս փաստը աբխազների և օսերի բարձր էթնիկ ինքնագիտակցության ցուցիչն է։

Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, Ադրբեջանի ազգային ակադեմիայի դոկտոր Ս.Քորնելը նշում էր, որ հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հարավային Կովկասում, էթնիկ հակամարտությունների կարևոր խթանող գործոններից էր ինքնավարությունների գոյությունը, այսինքն՝ Հարավային Օսիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը12։ Իրականում ինքնավարությունների առկայությունն ինքնին չէր կարող լինել հակամարտությունների պատճառ և խթան, այլ ընդհակառակը՝ ինքնավարությունների գոյությունը քիչ թե շատ հնարավորություն էր տալիս էթնիկ փոքրամասնություններին պահպանել իրենց ազգային դիմագիծը։ Էթնիկ հակամարտությունների պատճառը ոչ թե ինքնավարություններն էին որպես այդպիսին, այլ վերոնշյալ տարածքների բռնակցումը Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետություններին և այդ հանրապետություններին իշխանութունների ազգային քաղաքականության հիմքում ընկած իրական փիլիսոփայությունը, որն էլ շատ հեռու էր հռչակված սկզբունքներից։

Խորհրդային տարիների համար բացառություն են կազմում ռուսները, որոնց թիվը սկսեց աճել Վրաստանի խորհրդայնացումից հետո (1.2%-ից մինչև 10.1%` արդեն 1959 թվականին), և նույնքան արագ տեմպերով նվազեց հետխորհրդային շրջանում, նվազելով մինչև 1.5%` 2002թ. տվյալների համաձայն։ Այս փոփոխությունները, անկասկած, նույնպես բացատրվում են իշխող քաղաքական գաղափարախոսությամբ, ինչն էլ իր գնահատականն ստացավ վրացական ժամանակակից պատմագրության կողմից` որակվելով որպես ռուսական կայսերական քաղաքականության դրսևորում13։

Ադրբեջանցիների պարագայում ժողովրդագրական տվյալների քննության ժամանակ պետք է հաշվի առնենք հիմնականում բարձր ծնելիության ցուցանիշը։ Բայց անգամ այդ պարագայում, 1926-ից մինչև 2002 թվականն ընկած ժամանակահատվածում, ըստ էության, ադրբեջանցիների թվաքանակը մնացել էր նույնը (համապատասխանաբար՝ 6.4% և 6.5%)։ Հաշվի առնելով ծնելիության բարձր մակարդակը` այս ցուցանիշը, հավանաբար, կարող է փաստել միայն նրանց շրջանում տեղի ունեցած արտագաղթի մասին, հիմնականում դեպի Ադրբեջանական ԽՍՀ և արդեն 1991թ. սկսած՝ դեպի ներկայիս Ադրբեջանի, նաև Թուրքիայի տարածքներ։

Այսպես. 1989թ. սկսած` երկրի վրացացման կամ միաէթնիկացման տեմպերն ավելի են ուժգնանում, իսկ փոքրամասնությունների թվաքանակը նվազում է արագ տեմպերով (տե՛ս Գրաֆիկ 1

Ամփոփում

Ինչպես նշվեց վերևում, Վրաստանում միակ էթնիկ փոքրամասնությունը, որն անկման ցուցանիշ չի արձանագրել, այլ անգամ աճել է 0.1%-ով, ադրբեջանական համայնքն է։ Ընդ որում, եթե Վրաստանում տարիներ շարունակ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շարքում առաջին տեղը զբաղեցրել են հայերը, ապա այսօր առաջին տեղում են ադրբեջանցիները։

Ադրբեջանական համայնքի ուժեղացմանն այսօր մեծապես նպաստում է թուրքական կապիտալի արագ ներթափանցումը Վրաստան, ինչն ադրբեջանական համայնքին ապահովության նոր լիցքեր է հաղորդում։ Այդ է պատճառը, որ, օրինակ, առավելապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանից ադրբեջանցիների արտագաղթ առանձնապես չի նկատվում, ի տարբերություն, ասենք, Ջավախքի, որտեղից հայերի արտագաղթն այսօր մեծ չափերի է հասնում՝ նպաստելով Ջավախքի հայաթափմանը։

Այսպես, Վրաստանի էթնիկ պատկերի դինամիկան ցույց է տալիս, որ երկիրը հետևողականորեն գնում է միաէթնիկացման ճանապարհով։ Վրաստանն անհրաժեշտ ժողովրդագրական հիմք է ստեղծում մոնոէթնիկ պետության կերտման համար։ Այս նպատակին հասնելու համար որպես հիմնական խոչընդոտ կարող է հանդիսանալ միայն թուրք-ադրբեջանական ներկայության շարունակական աճը երկրի տնտեսական կյանքում և ադրբեջանական բնակչության բնական աճի բարձր ցուցանիշները։

1Մենք հիմնվում ենք պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, ինչը նույնպես բավական հետաքրքիր է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հաճախ ուծացման (վրացացման) ուղին բռնած այլ էթնիկ հանրույթին պատկանող անձը կարող է պաշտոնական հարցաթերթիկներում միտումնավոր ներկայանալ արդեն որպես ազգությամբ վրացի, չնայած իր անմիջական շրջապատին հայտնի լինի նրա իրական էթնիկ ծագումը, և դեռ երկար ժամանակ, երբեմն՝ կախված իրավիճակից, իրեն ինքնանույնականացնի ըստ իր էթնիկ ծագման պատկանելության։

2Նշենք, որ 2002թ. տվյալները ներկայացված են առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, http://www.geostat.ge/

3Տե՛ս http://www.ethno-kavkaz.narod.ru/rngeorgia.html

4 http://www.ecmi.de/emap/download/Samtskhe_Statistics.pdf

5Համեմատության համար նշենք, որ ադրբեջանցիների շրջանում իրենց մայրենին վրացերենը կամ ռուսերենը համարողների թիվը անհամեմատ քիչ է (համապատասխանաբար՝ 934 և 385 մարդ), տե՛ս նույն տեղում։

6 http://www.ecmi.de/emap/download/Samtskhe_Statistics.pdf

7Նման տեսակետներ հաճախ են հնչում քաղաքական գործիչների կողմից, նաև տարածված է փորձագետների շրջանում, տե´ս, օրինակ, M. Komakhia, Georgia’s ethnic history and the present migration processes, Central Asia and Caucasus, 2008, 1/16, http://www.ca-c.org/online/2008/journal_eng/cac-01/16.shtml

8Распределение населения Закавказского края по вероисповеданиям и родному языку по данным переписи 1897-года. Кавказский Календарь на 1907 год, Тифлис, 1906, cc. 108-124.

9Տե՛ս Բ.Իշխանյան, Կովկասյան ժողովուրդների ազգաբնակչության կազմը, պրոֆեսիոնալ խմբավորումը, Թիֆլիս, 1914, էջ 148։

10Aprasidze D., Formation of a State and a Nation in Modern Georgia: an Unfinished Project? – in “Identity Studies”, Vol.1, 2009, p.72, http://identitystudies.ac.ge/1/.

11Տե՛ս նույն տեղում։

12Տե՛ս Cornell S., Autonomy as a source of conflict: Caucasian Conflicts in Theoretical Perspective, World Politics 54 (January 2002), pp. 245-276.

13Տե´ս Освещение общей истории России и народов постсоветских стран в школьных учебниках истории новых независимых государств, Москва, 2009, с 195.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր