
ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
Թամարա Վարդանյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.
Թիֆլիսահայության խնդիրներին առնչվող ուղղություններից, թերևս, ամենակարևորը կրթականն է։ Հայեցի կրթության ապահովումն առանցքային, նույնիսկ ռազմավարական խնդիր է, որը լուծում է ստանում միմիայն հայկական դպրոցների շնորհիվ։ Առանց հայկական դպրոցների անհեռանկարային է դառնում մի շարք այլ ազգային օղակների գործունեությունը. եթե չկա դպրոց, հայկական թերթը չի ունենա ընթերցող, հայկական թատրոնը՝ հանդիսատես, հայկական հեռուստաեթերը՝ հեռուստադիտող, հայոց եկեղեցին՝ հավատացյալ։ Դրանց բացակայությունը, միանշանակ, կհանգեցնի հայության տարրալուծմանը վրացական միջավայրում, իսկ թիֆլիսահայությունը, որպես համայն հայության մասնիկ, կդադարի գոյություն ունենալ որպես այդպիսին։ Այսպիսով, Թբիլիսիի հայության ազգապահպանման խնդիրը մեծապես պայմանավորված է առաջին հերթին հայկական դպրոցների անխափան գործունեությամբ։ Ու թեև շատերն են գիտակցում այս պարզ ճշմարտությունը, այնուամենայնիվ, իրավիճակն այս ոլորտում հետզհետե վատթարանում է։
Փառավոր անցյալը
Թիֆլիսահայությունն անցյալից ժառանգություն է ստացել հզոր ազգային կրթական համակարգ։ Բավական է հիշատակել Ներսիսյան վարժարանը (1824), որտեղ ուսանել են Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփանոս Նազարյանը, Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլականավոր գործիչներ: Անցյալի փառքն այնքան հզոր է, որ նույնիսկ թույլ է տալիս մինչև այսօր հոգեպես սնվել ակունքներից և հույսով նայել դեպի ապագան։ Խոսելով ներկայիս կրթական խնդիրների մասին՝ մեր զրուցակիցներից մեկը հիշատակեց Ներսիսյան վարժարանն ու ասաց. «Երբ որ Ներսես կաթողիկոսը Ներսեսյան դպրոցը ստեղծեց, թիֆլիսահայերի 80%-ը հայերեն չէր խոսում, բայց էդ մարդը դպրոցը հզորացրեց, որ բոլորը ավտոմատ գնացին էդ դպրոց։ Եթե լավ դպրոց լինի, ծնողները կտեսնեն, որ հեռանկար կա»1։ Այսինքն՝ այս փայլուն օրինակը դեռ ոգեշնչում է թիֆլիսահայերին, որոնք քաջածանոթ են հայկական Թիֆլիսի պատմությանը։ Սակայն միայն պատմական անցյալից ներշչնվելով հնարավոր չէ երկար գոյատևել։ Այսօր այդ ժառանգությունը փոշիացվել է, և անհրաժեշտ է հաշվի նստել նոր իրողությունների հետ։
Խորհրդային անցյալը
Խորհրդային Միության տարիներին հայկական դպրոցները շարունակեցին իրենց գրեթե անխափան գործունեությունը։ Ներգրավված լինելով խորհրդային կրթական համակարգի մեջ՝ դրանք նույնիսկ թևակոխեցին զարգացման նշանակալից փուլ։ Խորհրդային Վրաստանում՝ Թբիլիսիի հայաշատ թաղամասերում, որպես կանոն, հայազգի երեխաները հաճախում էին հայկական դպրոցներ, հազվադեպ բացառություններ կարելի էր տեսնել, հիմնականում՝ խառը ընտանիքներում։ 1976թ., օրինակ, Թբիլիսիում գործում էր 32 հայկական դպրոց, որոնց շրջանավարտները լայն հնարավորություններ ունեին բարձրագույն կրթություն ստանալու լայնածավալ երկրի տարբեր բուհերում, քանի որ կրթական մակարդակն ամենուր գրեթե նույնն էր (աննշան տարբերություններով)։ Հեռանկարների շարքում էին հատկապես Թբիլիսիում գործող Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը, հայաստանյան բուհերը, ինչպես նաև, ցանկության պարագայում, այլ հաստատություններ։
Հետխորհրդային անկումը
Հետխորհրդային տարիներին իրավիճակը սկսեց շարունակական անկում ապրել։ Արդեն 2006-2007թթ. համայնքն ուներ ընդամենը 7 հայկական դպրոց, որոնցից ընդամենը երկուսն էին, որ ամբողջությամբ հայկական էին՝ 95-րդը և 104-րդը։ Իսկ մնացած դպրոցները հայ-ռուսական էին, այսինքն՝ մեկ դպրոցի ներսում գործում էին հայկական և ռուսական բաժիններ։ Այդ տարիներին յոթ դպրոցներում միասին վերցրած սովորում էր 732 աշակերտ։
Վրաստանի անկախության անցած քսան տարիների ընթացքում հայերի շրջանում ավելի տարածված երևույթ էր երեխաներին ոչ թե հայկական, ոչ էլ նույնիսկ վրացական, այլ առավելապես ռուսական դպրոց ուղարկելը։ Արդյունքում՝ Թբիլիսիի ռուսական դպրոցներում սովորողների մոտ 90%-ը և դասավանդող ուսուցիչների 75-80%-ը ազգությամբ հայեր էին։ Այսինքն՝ Վրաստանի մայրաքաղաքի ռուսական կրթական համակարգն առավելապես ձևավորվում և գոյատևում էր հայերի հաշվին։ Թեև վերջին տարիներին մի փոքր ավելացել էր հոսքը դեպի վրացական դպրոցներ և հասել մոտ 15%-ի, այնուամենայնիվ, հայերը մեծ մասամբ նախընտրում էին ռուսական կրթություն ստանալ։ Հավանաբար, այստեղ մի քանի պատճառներ կան, որոնցից առաջինը դեռ խորհրդային կարգերից մնացած իներցիան էր, երբ մարդիկ իրենց զգում էին մեծ ռուսական տարածքի քաղաքացիներ։ Մյուս պատճառն այն էր, որ ծնողների մի մասը երեխաների ապագան տեսնում էր ոչ Վրաստանում, ցավոք՝ ոչ էլ Հայաստանում, այլ արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում։ Բայց կար նաև մեկ այլ կարևոր պատճառ. այն էր, որ ռուսական դպրոցները կարծես թե ապահովում էին թիֆլիսահայի համար մի տեսակ անցումային կամ միջանկյալ կարգավիճակ։ Թաքնվելով «հզոր լեզվի» և երբեմնի «հզոր կայսրության» հեռացող ստվերի հետևում՝ հայության մի զգալի հատված, կարծես թե, այդ կերպ փորձում էր խուսափել անկախության տարիներին օրըստօրե հզորացող վրացական էթնոմշակութային միջավայրի կլանող ազդեցությունից:
Գաղտնիք չէ, որ հայկական դպրոցներում տարեցտարի նվազում էր հայ աշակերտների թվաքանակը։ Բազմաթիվ պատճառների շարքում (որոնց այս հոդվածում չենք անդրադառնա, քանի որ բազմիցս ենք տարբեր առիթներով գրել այդ մասին) հարկ է առանձնացնել կրթության որակի խնդիրը։ Վերջին տարիներին մի քանի դպրոցներում ձևավորվում էին, այսպես կոչված, կոմպլեկտ դասարաններ։ Եթե աշակերտների թվաքանակը չէր բավարարում մեկ դասարան պահելու համար (պետական ֆինանսավորմամբ), ապա միավորվում էին մի քանի դասարաններ (օրինակ՝ 1-ին և 2-րդ, 3-րդ և 4-րդ և այլն), իսկ կրթական գործընթացը վարում էր մեկ ուսուցիչ։ Արդյունքում՝ կրճատվում էր ուսուցչական կազմը, հետևաբար՝ պետության ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Անկասկած, այս կերպ մեծապես տուժում էր բուն ուսումնառության որակը, առաջանում էին դժգոհություններ ծնողների շրջանում, իսկ աշակերտների թիվը շարունակում էր նվազել։ Այսպես, կոմպլեկտավորված դասարանների ձևավորումը ոչ միայն չլուծեց, այլև խորացրեց ոլորտում առկա ճգնաժամը։
Ներկա իրավիճակը
Այսօր կարող ենք արձանագրել, որ Թբիլիսիի հայոց ազգային կրթության պատմությունը մոտենում է ավարտին։ Փլուզմանն, անշուշտ, նպաստեց կրթության ոլորտում վրացական իշխանությունների «բարեփոխիչ» քաղաքականությունը, սակայն հայկական կողմն էլ մեղքի բաժին ունի. թիֆլիսահայությունը պատրաստ չգտնվեց նոր մարտահրավերների դիմակայմանը, որոնք առաջացան անկախության տարիներին։
Վերջին տարիներին անդառնալիորեն պատմության գիրկն անցան Թբիլիսիի այնպիսի խոշոր հայկական դպրոցներ, ինչպիսիք էին 93-րդը, 110-րդը։ Այսպես. 93-րդ հայկական միջնակարգ դպրոցը գտնվում էր հայաշատ թաղամասում՝ Հավլաբարում։ Դեռ 2006թ. այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ արդեն կանխատեսելի էր դպրոցի մոտալուտ փակման վտանգը։ Այդ տարիներին հայկական բաժնում սովորում էր 60 աշակերտ, իսկ ռուսականում՝ 340։ Ընդ որում՝ ռուսական բաժնի աշակերտների ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Սակայն դպրոցի վրացացմանն ուղղված լուրջ քայլեր իրականացվեցին։ Նախ, բացվեց վրացական բաժին՝ ի հաշիվ նախկին 98-րդ վրացական դպրոցի սաների, որոնց տեղափոխեցին այս դպրոց։ Մինչ այդ 98-րդ վրացական դպրոցը հրդեհի պատճառով մասամբ այրվել էր։ Տեղի հայության շրջանում տարածված կարծիք կար, որ այն հրդեհվել է հեռահար նպատակներով։ Այդ տարիներին նաև շրջանառվող այլ կարծիք էլ կար, որի համաձայն՝ դպրոցի շենքի մասնակի հրդեհման փաստը հնարավորություն կտար այն օտարելու պետությունից և վաճառելու որպես մասնավոր սեփականություն։ Ինչևէ, այդ երկու շարժառիթները կարող էին զուգահեռաբար առկա լինել։ Վրացական դպրոցի տեղակայումը հայկականի ներսում նախ խնդիրներ առաջացրեց՝ կապված լսարանների բաշխման, նաև հերթափոխային ուսուցման հետ, այնուհետև սկսվեց վրացական բաժինների կողմից հայկականի աստիճանական կլանումը։ Այսօր արդեն 93-րդ դպրոցն ամբողջությամբ վրացական է։
110-րդ միջնակարգ հայկական դպրոցը նույնպես գտնվում էր հայաշատ «Մետրոստրոյ» կոչվող թաղամասում։ Այն բավական մեծ հայկական դպրոց էր, որի սաները հաջողությամբ մասնակցում էին օլիմպիադաներին։ Դպրոցում կազմակերպվում էին բազմաթիվ միջոցառումներ։ Անցած տարի ամռանն այն փակվեց, իսկ սաներին տեղափոխեցին հարևանությամբ գտնվող վրացական 103-րդ դպրոց։ Նախապես աշխատանքից հեռացվեց դպրոցի տնօրենը, որին նախ կարճաժամկետ փոխարինեց փոխտնօրենը, այնուհետև դպրոցը փակվեց։ Ներկայումս 110-րդ հայկական դպրոցի հայազգի տնօրենը հայտնվել է փոխտնօրենի կարգավիճակում վրացական 103-րդ դպրոցում, իսկ բազմաթիվ հայ ուսուցիչներ կրճատվել են։
Փակման եզրին են 131-րդի, 132-րդի, 81-րդի հայկական բաժինները, որոնցում այս տարի առաջին դասարաններ չեն կազմավորվել (նշենք, որ ընդամենը երեք աշակերտի առկայության դեպքում օրենքը թույլ է տալիս բացել առաջին դասարան)։ Նշված դպրոցներում մնացել են միայն բարձր դասարաններ, որոնց ավարտելուց հետո հայկական բաժիններն ինքնըստինքյան կփակվեն։ Սակայն հնարավոր է ավելի տխուր հեռանկար. երբ այդ բաժինները փակվեն մինչև աշակերտների ավարտական տարիքի հասնելը։ Բանն այն է, որ թեև առաջին դասարան կազմավորելու համար բավական է ընդամենը երեք աշակերտ ունենալ, սակայն, համաձայն գործող կրթական օրենքի, 6-րդ դասարանը պետք է համալրված լինի ամենաքիչը 18 աշակերտով, հակառակ պարագայում տնօրինությունն իրավունք ունի լուծարել այդ դասարանը և աշակերտներին ցրել (իսկ ավագ դպրոցում՝ ամենաքիչը 21 աշակերտ)։ Ներկայումս այդ դասարաններում առկա աշակերտների թիվն էական հույսեր չի ներշնչում առ այն, որ դասարանները մինչև ավագ դպրոցը ներառյալ կպահպանվեն որպես հայկական։ Եթե դասարանները փակվեն, չի բացառվում, որ աշակերտների մի մասը կնախընտրի ոչ թե տեղափոխվել իր բնակավայրից հեռու մեկ ուրիշ դպրոց, որտեղ կա հայկական բաժին, այլ կգնա նույն դպրոցի ներսում գործող վրացական բաժին։
Նշենք, որ տրանսպորտային ծախսերը կարևոր տեղ են զբաղեցնում այն պատճառների շարքում, որոնք խոչընդոտում են երեխաներին՝ հաճախել հայկական դպրոց։ Մենք անձամբ ականատես ենք եղել մի դեպքի, երբ ծնողը, ելնելով ազգային ինքնությունը պահպանելու մղումից, երեխային տարել էր հայկական դասարան, որը, սակայն, հեռու էր իր բնակավայրից։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ դեռ ուսումնական գործընթացը չէր սկսվել, նա տարակուսում էր, թե արդյոք ճիշտ ընտրություն է կատարել։ Այն փաստը, որ առաջին դասարանի երեխաներին, որպես կանոն, դպրոց ուղեկցում են ծնողները, անշուշտ, կրկնապատկում է տրանսպորտային ծախսերը։ Սակայն ոչ բոլոր ծնողները կարող են հաղթահարել այս խնդիրը։ Վերջին տեղեկությունների համաձայն, նշված պատմությունը դրական ավարտ է ունեցել երեխայի մորաքրոջ ակտիվ միջամտության շնորհիվ, որը, ինչպես մենք ականատես էինք, ջանքեր էր գործադրում, համոզում, նույնիսկ ֆինանսական օժանդակություն առաջարկում, միայն թե ապահովվի երեխայի հայեցի կրթությունը։
Այս ամռանը պարզ դարձավ, որ երկրի ղեկավարությունը որոշել է փակել ռուսական դպրոցները՝ պատճառաբանելով, թե իբր այդ դպրոցների շրջանավարտները ցածր ցուցանիշներ են ներկայացրել ավարտական քննությունների ժամանակ։ Շրջանառվող կարծիք կա, որ ռուսական բաժինների շրջանավարտների քննական գնահատականները դիտմամբ են ցածր նշանակվել (մենք շրջանառվող լուրերը ներկայացնում ենք, քանի որ իրականում այնքան էլ կարևոր չէ, թե դրանք հիմնավոր տեսակետներ են, թե ոչ։ Ավելի կարևոր է այն, որ նման լուրերի շրջանառությունն ինքնին արդեն խոսում է հայ հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ վստահության պակասի մասին)։ Ինչևէ, ռուսական դպրոցները փակվեցին։ Քանի որ դրանք համալրվում էին հիմնականում հայազգի աշակերտներով, ուստի, դրանց փակման արդյունքում երկու ելք էր մնում. կամ վերադառնալ արմատներին՝ հայկական դպրոց, կամ վերջնականապես բռնել վրացացման ճանապարհը և գնալ վրացական դպրոց։ Այս տարվա սեպտեմբերին դեռ ակնկալիքներ կային, որ ռուսական դպրոցների փակման արդյունքում դեպի հայկական դպրոց կամ հայկական բաժիններ հոսք կնկատվի։ Սակայն, ցավոք, այդպես չեղավ։ Երկընտրանքի պարագայում հայ ծնողների գերակշռող մասը որոշեց երեխային տանել վրացական դպրոց։ Այս խնդիրներին մոտ կանգնած մեր զրուցակիցներից մեկն ասաց. «Մի ժամանակ տեսակետ կար, որ եթե ռուսական դպրոցներ չլինեն, հայերը կգնան հայկական դպրոց։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա սխալ տեսակետ էր։ Ռուսական դպրոցները փակվեցին, սկսվեց հոսք, բայց ոչ դեպի հայկական, այլ դեպի վրացական բաժիններ։ Ինչ վերաբերում է առաջին դասարաններին, գուցե ինչ-որ չափով երկու-երեք տարի առաջվա համեմատ առաջին դասարանցիների քանակն ավելի շատ է, բայց դրա պատճառն այն է, որ Թիֆլիսում մնացել է մեկ հայկական դպրոց»2։ Նշենք որ անցած տարի առաջին դասարանցիների թիվը կազմել էր 21, իսկ այս տարի՝ 28 աշակերտ։
Այսպես, ներկայումս Թբիլիսիում գործում են մեկ հայկական դպրոց՝ 104-րդը, որտեղ սովորում է 207 աշակերտ (սույն թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ) և մեկ հայ-վրացական դպրոց (103-րդը), որտեղ այս տարի հնարավոր է եղել կազմավորել առաջին դասարան (ընդամենը 15 հոգի)։
Պատմության ավարտ կամ մարտավարության փոփոխություն
Իրավիճակը պահանջում է հայության կողմից մոտեցումների և իրավիճակի ընկալման կտրուկ փոփոխություն։ Անհրաժեշտ է գիտակցել, որ Վրաստանի պետական իշխանությունները որդեգրել են հայկական դպրոցական համակարգի փլուզման գործընթացը և հասել շոշափելի արդյունքների։ Այժմ պահպանվել է մեկ հայկական դպրոց, և կարծում ենք, որ այն կշարունակի գոյատևել, քանի որ նույնիսկ վրացական իշխանություններին այն անհրաժեշտ է միջազգային օղակների առջև ներկայացուցչական կողմն ապահովելու համար։
Հայտնի է, որ միայն կրթական ամբողջական համակարգը կարող է ապահովել դպրոցների գոյությունը։ Այդ համակարգը ներառում է ուսման գործընթացը նախադպրոցական տարիքից մինչև բարձրագույն ուսումնական հաստատությունը ներառյալ։
Ծնողների գերակշիռ մասը երեխաներին դպրոց ուղարկելիս մտածում է հետագայում բուհ ընդունվելու նրա հնարավորությունների մասին։ Որքան նշված դպրոցը լայն հնարավորություններ է ընձեռում հետագայում ուսումը շարունակելու համար, այնքան այն արագ է համալրվում աշակերտներով. սա պարզ ու հասկանալի պետք է լինի դպրոցական խնդրով զբաղվող ցանկացած օղակի համար։
Թիֆլիսի Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտը, որտեղ 1939 թվականից գործում էր հայկական ամբիոնը, տարիներ շարունակ հայկական դպրոցներին ապահովել է ուսուցիչներով ոչ միայն հայոց լեզու, հայ գրականություն, այլև հայերեն լեզվով ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա և այլ առարկաներ դասավանդելու համար։ Խորհրդային տարիներին ամբիոնը միջինը տարեկան ունենում էր 10 ուսանող։ Այսօր ինստիտուտն այլևս գոյություն չունի, այն միացվել է օտար լեզուների ինստիտուտին՝ վերանվանվելով Ի.Ճավճավաձեի անվան լեզուների համալսարանի, որտեղ առանձին հայկական ամբիոն այլև չկա։ Այն միավորվեց ադրբեջանական, ռուսական և այլ լեզուների բաժինների հետ, իսկ հայկական բաժինը գրեթե չի համալրվում ուսանողներով։ Պատճառն այն է, որ դպրոցներում շարունակաբար կրճատվում են հայոց լեզվի և գրականության դասաժամերը, որի արդյունքում նույնիսկ տարիների փորձ ունեցող ուսուցիչներն են հայտնվում գործազուրկի կարգավիճակում։ Պարզ է, որ դպրոցի շրջանավարտները շահագրգռված չեն լինի ընդունվելու մի բաժին, որից հետո աշխատանքի տեղավորման լուրջ, գրեթե անլուծելի խնդրի առջև են կանգնելու։ Այս խնդրի լուծումը պետք է ապահովեր հայ-վրացական համալսարանը, որի ստեղծման համար բավական ջանքեր էր գործադրվել լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, սակայն վերջին տարիներին այս գաղափարը վերջնականապես տապալվեց։
Ամփոփում
Այդուհանդերձ, ի՞նչ լուծումներ կարելի է առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Անհրաժեշտ է հովանավորության տակ վերցնել միակ հայկական դպրոցը և հնարավորինս աջակցել այնտեղ սովորող աշակերտներին ու դասավանդող ուսուցիչներին։ Կարելի է դպրոց-դպրոց կապեր ստեղծել և ձևավորել քույր դպրոցների համակարգ, ընդ որում՝ պարտադիր չէ միայն երևանյան դպրոցների հետ, այլ նաև Վանաձորի, Ստեփանակերտի և այլն։
Սակայն նույնիսկ նշված քայլերը խնդիրը չեն լուծի։ Անհրաժեշտ ու արդյունավետ քայլը մասնավոր դպրոցի (դպրոցների) և գոնե մեկ համալսարանի (կլինի հայ-վրացական պետական, թե ուղղակի մասնավոր հայկական՝ այս պահին առաջնային չէ) հիմնումն է։ Նշենք, որ հանրային (պետական) դպրոցի պարագայում լուրջ խոչընդոտներ են հարուցվում այն օղակների նկատմամբ, որոնք ցանկանում են, ասենք, հայոց լեզվի կամ պատմության շաբաթօրյա կամ կիրակնօրյա ֆակուլտատիվ պարապմունքներ կազմակերպել այն դպրոցների ներսում, որտեղ աշակերտների ճնշող մեծամասնությունը հայեր են։ Սակայն մասնավոր հիմունքներով գործող կրթական հաստատություններում օրենսդրությունը չի կարող այդչափ միջամտել։ Ի դեպ, Թբիլիսիում Ադրբեջանի պետության ֆինանսավորմամբ հաջողությամբ գործում է երկու խոշոր մասնավոր դպրոց, որտեղ նույնիսկ վրացիներն են ցանկություն հայտնում ուսանելու։
Անհրաժեշտ է երկարաժամկետ գործողությունների ծրագիր մշակել՝ Թբիլիսիի հայկական կրթական համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար: Անշուշտ, ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ այն իրագործելու նպատակով, սակայն համոզված ենք, որ հայության խնդիրների գերակշիռ մասը ոչ թե միջոցների, այլ կամքի բացակայության արդյունք է։
1 Հարցազրույց թիվ 2, ք. Թբիլիսի, 11.09.2011: Թ.Վարդանյանի անձնական արխիվ։
2 Հարցազրույց թիվ 7, ք. Թբիլիսի, 14.09.2011։ Թ.Վարդանյանի անձնական արխիվ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]
- ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[23.06.2009]