«Պատմության ավա՞րտ», թե՞ «ժանրի ճգնաժամ»
Արդյո՞ք այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս աշխարհում, կապված է տարբեր քաղաքակրթությունների (արժեհամակարգերի) գենետիկական անհամատեղելիության հետ: Թե՞ հարցը վերաբերում է սեփական ինքնության (էության) պաշտպանությանը, որն այն կրողների տեսակետից վտանգված է:
Կամ էլ, միգուցե հիմնախնդիրն այն է, որ արժեքների մրցակցության տեսքով մեզ են ներկայացվում միայն մաքուր շահերը, և հենց դրանք են բախվում, այլ ոչ թե մարդկային էությունները:
Հասկանալի է, որ անհամատեղելի լինելը (եթե նման բան իրոք գոյություն ունի) երբեք չի արտահայտվում ուղղակիորեն, այլ հանդես է գալիս տարբեր քողերի տակ:
«Սադամ Հուսեյնի Իրաքում զանգվածային ոչնչացման զենք է թաքցվում». այս մեղադրանքով սկսվեց մի հսկայական քարոզչական գործողություն, որի նպատակն էր պատրաստել համաշխարհային և, հատկապես, ամերիկյան հասարակական կարծիքը ամերիկյան բանակի Իրաք ներխուժելուն: Ի տարբերություն սառը պատերազմի ժամանակների, համաշխարհային կարծիքն առանձնապես ձգտում չցուցաբերեց՝ գործողությունների նման զարգացմանը հավանություն տալու:
Ավելին, Միացյալ Նահանգներից, որն անվարան կատարում էր համաշխարհային միակ առաջնորդի իր ստանձնած դերը, նրա դաշնակիցները պահանջեցին, որպեսզի Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ իր ունեցած բոլոր գաղտնի նյութերը տրամադրի միջազգային կարգավիճակ ունեցող մասնագետներին, որից հետո միայն ՄԱԿ-ը պետք է քննարկեր հարցը և որոշում կայացներ:
Թվում է, թե նախկինում բոլորի համար ընդունելի այս գործելակերպը, որը հիմնավորվում է միջազգային օրենքների և նորմերի դրույթներով, իմաստ ուներ պահպանել նաև սառը պատերազմից հետո: Սակայն Միացյալ Նահանգներն այլ որոշում կայացրեց՝ ձգտելով ավելի հստակ կերպով հայտարարել և ամրագրել իր՝ որպես համաշխարհային միակ և բացարձակ առաջնորդի, կարգավիճակը: Չկարողանալով հաղթահարել մի շարք մեծ տերությունների դիմադրությունը ՄԱԿ-ում՝ ԱՄՆ-ը միանձնյա որոշում ընդունեց իր զորքերը Իրաք մտցնելու վերաբերյալ և այդ քայլին միջազգային դիմադրության առկայությունը քողարկելու նպատակով նախաձեռնեց կոալիցիայի ստեղծումը՝ այն հաջողեցնելու համար դիմելով այլ պետությունների նկատմամբ ուղղակի ճնշումների՝ մի կողմից, և գայթակղելով նրանց տարբեր տիպի քաղաքական և տնտեսական դիվիդենտներով՝ մյուս կողմից:
Միաժամանակ, Միացյալ Նահանգները նպատակասլացորեն սկսեց խորացնել ներկայիս ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների ոլորտում ՄԱԿ կատարած աշխատանքների անբավարար և ոչ համարժեք լինելու մասին արդեն իսկ գոյություն ունեցող կասկածները:
Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդպիսի գործելակերպը ոչ միայն չհանգեցրեց հաջողության, այլ նաև բազմաթիվ խնդիրների առջև կանգնեցրեց նախագահ Ջորջ Բուշի վարչակազմին. խորացան ԱՄՆ հակասությունները ՆԱՏՕ եվրոպական դաշնակիցների հետ, ավելի ընդգծվեցին գոյություն ունեցող բաժանարար գծերը մուսուլմանական աշխարհի, Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ, վարչակազմը Ամերիկայի ներսում զրկվեց հասարակական աջակցությունից:
Այդ իսկ պատճառով Սիրիայի և Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների գործողությունների բնույթը ներկայումս բոլորովին այլ է:
Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության համար ստեղծված միջազգային փորձագետների հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 17 պետությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Գերմանիան, այսինքն՝ մի երկիր, որը Ֆրանսիայի հետ միասին ղեկավարեց Իրաքի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ընդդիմությունը: Սիրիայի վերաբերյալ միջազգային քաղաքականության ձևավորման խնդիրը (հիշեցնենք, որ հենց այս երկրի գաղտնի ծառայություններն են մեղադրվում Ռաֆիկ Հարիրիի սպանությունը կազմակերպելու մեջ) դրվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, և Միացյալ Նահանգները համաձայնել է մյուս երկրների առաջարկի հետ, որ պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ կարող են ընդունվել միայն հանձնաժողովի վերջնական եզրակացության հրապարակումից հետո:
Իրանի միջուկային ծրագրերի հարցում Վաշինգտոնը, կամա թե ակամա, վերջին շրջանում նույնպես ձգտում է բարդ բանակցային գործընթացները վարել արևմտաեվրոպական երկրների միջոցով կամ մասնակցությամբ, ինչը հատկապես կարևոր է դարձել ԱԷՄԳ բավական հստակ և կոշտ դիրքորոշում զբաղեցնելուց հետո:
Այս բոլոր ակներև կամ հազիվ նկատելի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը լրջորեն անհանգստացած է իր գործողությունների նկատմամբ երկրի ներսում և աշխարհում աճող դիմադրությամբ, ինչը հաճախ ընդգծված հակաամերիկյան ցույցերի և ակցիաների միջոցով է արտահայտվում: Այդ տեսակետից չափազանց հատկանշական էին «Երկու Ամերիկաների հանդիպման» ընթացքում թե՛ հակագլոբալիստների ցույցերը՝ Վենեսուելայի նախագահ Չավեսի և Մարադոնայի հակաբուշական ու հակաամերիկյան ելույթներով, թե՛ այն փաստը, որ Միացյալ Նահանգները չկարողացավ իր ուզած համաձայնագիրը ստորագրել տալ:
Արդյոք այս ամենը նշանակում է, որ Միացյալ Նահանգները վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը, որպեսզի նոր, ավելի ընդունելի լուծումներ գտնի միանձնյա պատասխանատվությունից խուսափելու և կոլեկտիվ պատասխանատվության՝ ժամանակի պահանջներին համահունչ բանաձև գտնելու համար:
Համենայնդեպս, ներկա վարչակազմի իշխանության օրոք քաղաքական գծի նման հիմնարար փոփոխությունը թվում է անհավանական, քանի որ այն իր առջև դրել է իր տեսակետից կարևորագույն մի խնդիր՝ ապահովել ԱՄՆ բացարձակ գերիշխանությունն աշխարհում, որը պետք է ապահովվի «նոր աշխարհակարգի» օրենքներով: Իսկ այդ նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները պետք է բացարձակ վերահսկողություն ապահովի ածխաջրածնային հումքի բաշխման համակարգի վրա, քանի որ ժամանակակից տնտեսությունը չի կարող վստահ և դինամիկ զարգացում ունենալ, եթե ապահովված չէ էներգիայի բավարար քանակներով՝ գոնե միջնաժամկետ պլանավորման կտրվածքով: Այդ հիմնահարցի լուծման պատասխանատվությունն ստանձնելով՝ վաշինգտոնյան քաղաքականությունը պարտավոր է դառնում ապահովել ամերիկյան ներկայությունը բոլոր գազանավթային պաշարներով հարուստ երկրներում, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն ձգտելու է հաստատվել թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում, թե՛ Իրանում, թե՛ Վենեսուելայում՝ իր նպատակներին հասնելու համար օգտագործելով սեփական հսկայական զինանոցում եղած բոլոր միջոցները: Խոսքը վերաբերում է ոչ այնքան ռազմաքաղաքական միջոցներին, որքան, նախևառաջ, էքսպանսիայի քաղաքակրթական բաղադրիչին:
Ներկայիս վաշինգտոնյան վարչակազմի՝ քաղաքակրթական հիմնարար արժեքների տարածման սկզբունքից նահանջելը, մեր կարծիքով, ազդարարում է, այսպես կոչված, «ժանրի ճգնաժամ»: «Ժանրի ճգնաժամը» նշանակում է, որ ամերիկյան քաղաքակրթական ազդեցության ծավալման միջոցներն այլևս չեն բավարարում գլոբալ աշխարհի առջև կանգնած խնդիրների լուծման համար, ինչը, բնականաբար, պահանջում է նոր միջոցների հայթայթում. այլապես կստեղծվի նոր «ժանր», որը կտա նոր՝ ավելի խորքային արժեհամակարգ և նոր ձևավորված իրավիճակին համապատասխան գործելու սկզբունքներ:
Բնականաբար, նման խնդիրներ ունեն նաև աշխարհի մյուս հզորները, որոնց հզորության աճին զուգահեռ աճում է նաև նրանց մտահոգությունը՝ հետագա զարգացումն ապահովելու համար ունենալ դարաշրջանի ոգուն համահունչ արժեհամակարգ, ինչպես նաև, վերոնշյալի համանմանությամբ, էներգիայի մատակարարման անկախ աղբյուրներ:
Անշուշտ, սխալ կլինի իրավիճակը ներկայացնել այնպես, թե հիմնականում տնտեսական շահերն ու դրանց բախումն են ձևավորել ներկայիս անկայուն, վտանգավոր հետևանքներ խոստացող իրավիճակը:
Հարցի հիմքում էական այլ պատճառներ էլ կան, որոնցից, հավանաբար, առաջնահերթն այն հիմնախնդիրն է, որի մասին դեռ անցած դարի քառասունական թվականներին նախազգուշացնում էր Ա.Թոյնբին: Խոսելով արևմտյան քաղաքակրթության ազդեցությանը սպասող անխուսափելի հակազդեցության մասին՝ նա գրում էր. «...հավանական է, որ մենք դեռևս գտնվում ենք Մեքսիկայի և Պերուի, կամ ուղղափառ քրիստոնեության և իսլամի, կամ էլ Հինդուիստական աշխարհի և Հեռավոր Արևելքի քաղաքակրթությունների հետ մեր քաղաքակրթության բախման պատմության առաջին գլուխներից մեկում: Մենք դեռ նոր ենք սկսել նկատել այս քաղաքակրթությունների վրա մեր ազդեցության առաջին արդյունքները, սակայն գործնականում մենք դեռ չենք տեսել մեր վրա նրանց աճող հակազդեցության հետևանքները, որոնք, անկասկած, հսկայական են լինելու»:
Արևմտյան քաղաքակրթության գլոբալ ազդեցության բացարձակացման արձանագրումը Ֆրենսիս Ֆուկույաման անվանել է «պատմության ավարտ»: Անշուշտ, դա պատմության ավարտ չէ, այլ «ժանրի ճգնաժամ», ինչը ենթադրում է նոր «ժանրի» ծնունդ, որը հիմնված չի լինի թոյնբիական (ավելի նեղ իմաստով՝ հանտինգտոնյան) «մարտահրավերների» և «բախումների» տերմինաբանությամբ արտահայտվող աշխարհընկալման վրա:
Հասկանալի է, որ քանի դեռ նման կատեգորիաներով է նկարագրվելու հասարակությունների համակեցության խնդիրը, այդքան ժամանակ սույն հիմնահարցի լուծումը տեսնվելու է «հաղթելու», «ենթարկելու», «ազդելու» մեջ, քանի որ հենց դա է պահանջում շահերի բախումը: Իսկ մշակույթների ադապտացումը ժամանակակից քաղաքակրթական համակարգին պահանջում է զգուշավոր և խնամքով վերաբերմունք այն առանցքային, էական հասկացություններին, որոնք սկզբունքային են անհատական, հասարակական կամ մշակութային «ես»-ի համար:
Միացյալ Նահանգները, մի կողմ դնելով հիմնադիր հայրերի իդեալիզմը և մոռանալով իր իսկ ստեղծման պատմության մասին, վերածվում է պատմությունից մեզ լավ ծանոթ՝ իր հզորությունից ու հարստությունից թուլացող կայսրության: Անշուշտ, ամերիկյան հասարակությունն ինքնապահպանման բնազդով անմիջապես զգում է նման վտանգները, և, ամենայն հավանականությամբ, այս փուլում այն կլինի բավականաչափ վճռական, որպեսզի ստիպի կառավարման կենտրոններին հաշվի առնել իր կամքը:
Սակայն, արդյոք այն կլինի՞ այնքան հզոր, որպեսզի ստիպի այդ կենտրոններին՝ քաղաքականության մեջ առաջնորդվել իդեալներով, որոնց ճիշտ ընկալումը դարձնում է դրանք շահ, այլ ոչ թե շահերով, որոնք սխալաբար զբաղեցնում են իդեալների տեղը՝ հենց որպես այդպիսիք գիտակցվելով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ[03.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]