• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2006

Պետության փոխակերպման խնդիրը

   

Դավիթ Հովհաննիսյան

Վերջին տարիներին հասարակական և քաղաքական տարաբնույթ շրջանակների քննարկման նյութ է դարձել մի շատ կարևոր հարց` արդի ժամանակաշրջանում պետության փոխակերպման խնդիրը:

Գաղափարական պայքարի ոլորտում գոյացած և հետզհետե իմացաբանական բնույթ ստացած՝ պետության ձևի զարգացման հեռանկարների վերաբերյալ բանավեճը սառը պատերազմի ավարտից հետո, բախվելով մի իրավիճակի, որի նմանը պատմությունը դեռևս չգիտեր (մի գերտերության, այսպես կոչված, «միաբևեռ» կառավարում), նոր հարցեր առաջացրեց քաղաքակրթական այդ արդյունքի հնարավոր փոխակերպումների վերաբերյալ:

Պետության բնորոշումները բազմաթիվ և տարբեր են, սակայն նրա հիմնական էությունը բոլոր փիլիսոփայական և սոցիոլոգիական դպրոցների կողմից գրեթե նույն կերպ է տրվում. պետությունը քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտն է, որն ունի մենատիրական իրավունք` ամբողջ բնակչության համար պարտադիր օրենքներ ստեղծելու, այդ օրենքների կատարումը պաշտպանելու, երկրի արտաքին և ներքին քաղաքականությունն իրականացնելու, մաքսեր և հարկեր հավաքելու և այլն, ինչի համար ունի հատուկ մարմիններ, որոնց միջոցով էլ իրականացնում է իր պարտականությունները: Բնորոշում, որը գրեթե ոչինչ չի կարող տալ խնդրո առարկայի առումով:

Ադապտացիոն բարդ խնդիրներ լուծելու համար հազարամյակներ առաջ ստեղծված պետությունը, որպես քաղաքակրթական կառույց, մարդկության մշակույթի զարգացման հետ ինքն էլ ստիպված զարգացել է, փոփոխվել, նույնիսկ` իմաստափոխվել:

Անշուշտ, բոլոր ժամանակաշրջաններում էլ գոյություն ունեին նախորդ փուլերից պահպանված պետական կառույցներ, որոնք, սակայն, պետությունների հավերժ պայքարում դատապարտված էին դիրքերի աստիճանական զիջման և լավագույն դեպքում՝ խղճուկ գոյության:

Ընդունված է ասել, որ պետությունն ի հայտ եկավ պատմական այն ժամանակահատվածում, երբ տոհմացեղային կարգավորիչներն այլևս ի վիճակի չէին ապահովելու հասարակականորեն ընդունված արգելքների կամ պատվիրանների պահպանումը համայնքի բոլոր անդամների կողմից: Միաժամանակ, շնորհիվ նոր հայտնագործությունների՝ հնարավոր դարձավ ավելի մեծ կոլեկտիվներ ապահովել սննդով, հասարակության վերարտադրման համար անհրաժեշտ ինֆորմացիայի քանակով և դրա հաղորդման համապատասխան միջոցներով: Այս նոր իրողությունը հնարավորություն տվեց ընդհանուր տնտեսական համակարգի հիման վրա միավորել թվով ավելի մեծաքանակ և արդեն ոչ միայն արյունակցական կապի վրա ստեղծված համայնքներ, որոնց կառավարման և վերահսկման համար անհրաժեշտ էին շատ ավելի կատարյալ միջոցներ, քան նրանք, որոնք կանոնակարգում էին տոհմացեղային համայնքների կյանքը:

Արյունակցական կապը փոխարինվում է ընդհանուր աստվածներով, տեղային լեզուները ձևավորում են ընդհանուր լեզու, ցեղային սովորութային իրավունքը հիմք է դառնում ավելի բարդ իրավական համակարգի ստեղծման համար, որն արդեն կարելի է անվանել պետական:

Նավագնացության, ցամաքային տրանսպորտի և կապի միջոցների զարգացման հետևանքով ավելի ու ավելի ընդլայնվում են մարդկանց և հասարակությունների` իրարից փոխազդվելու, իրար հետ համագործակցելու հնարավորությունները, ինչն առավելապես իրականացվում էր նվաճողական պատերազմների և առևտրի միջոցով: Այս երկուսն էլ պահանջում են ավելի կատարյալ կառավարման միջոցներ, ինչը նոր խնդիրներ է դնում պետական կառուցվածքի առջև: Պետության համակարգն աստիճանաբար բարդանում է, իսկ պետական կարգավորման ենթակա խնդիրները` ավելանում և ավելի բազմատեսակ են դառնում:

Պետության հզորացման և նրա վարչական համակարգի բարդանալու գործընթացները զուգահեռ են ընթանում, սակայն տարբեր արագությամբ: Հզորացումը մղում է էքսպանսիայի, որի արտահայտման ձևերի տարբերությունը չի փոխում նպատակի բովանդակությունը` հսկել տվյալ դարաշրջանի համար էական ավելի շատ նյութական պաշարներ: Սակայն «իմ աստվածն է ճշմարիտը» կարգախոսը, որ արժեքային համակարգի էքսպանսիայի մասին է վկայում, գուցե և ավելի է կարևորվում, քան նյութական պաշարներին տիրանալու գաղափարը:

Կառավարման համակարգը սովորաբար չի հասցնում էքսպանսիայի արագության հետևից, ինչի հիմքում տարբեր պատճառներ կարող են ընկած լինել, սակայն հիմնականը` մարդու իներցիոն մտածողության անհաղթահարելի ուժն է, որը ստիպում է նրան դիմադրել նոր իրողությանը և փոփոխված արժեքներին: Այդ պահից սկսվում է պետության թուլացումը, իսկ կայսրությունների դեպքում` քայքայումը և անկումը:

Դրա վառ օրինակն են քաղաք-պետությունները. ուժեղանալով և ընդլայնվելով՝ դրանք դուրս են եկել իրենց իրական հնարավորությունների սահմաններից, սակայն կուտակել են հսկայական հարստություն, որի համար պայքարն արդեն վարել են, Ֆ.Բրոդելի արտահայտությամբ, «տարածքային պետությունները»1, իսկ հիմնականում` կայսրությունները:

Քաղաք-պետությունների հերթական նահանջը, այս անգամ` Ապենինյան թերակղզում, ստիպում է դարաշրջանի մտածողներին` Մաքիավելուն, Գվիչարդինիին և այլոց, հիմնավորել պետության՝ որպես կուռ միասնության, որի ճակատագիրն անբաժան է իր բնակիչների ճակատագրից2, զարգացման հիմնադրույթը, ինչը հատուկ պատասխանատվություն է դնում կառավարողի վրա, և վերջինս պետք է ձգտի բոլոր միջոցներով հասնել դրան: Եվ այստեղ ծնվում է մի ձևակերպում, որը, սկսած այդ ժամանակաշրջանից, հիմնավորում է պետական այրերի բոլոր գործողությունները` ragione di stato (իտալ.` պետական շահ): Ձևակերպման հեղինակի` կարդինալ Ջովանի Դելա Կազայի անունը վաղուց մոռացվել է, այն ավելի շատ կապվում է մեկ այլ կարդինալի` Ֆրանսիայի մեծ ճարտարապետ Ռիշելիեի անվան հետ, որը raison d’ռtat (ragione di stato-ի ֆրանս. հոմանիշը) սկզբունքը դարձնելով բացարձակ՝ հրաժարվեց քաղաքականության կրոնական սկզբունքից և դաշինքի մեջ մտավ բողոքական գերմանական իշխանների հետ` ընդդեմ կաթոլիկ Հաբսբուրգների կայսրության:

Ֆրանսիական հեղափոխությունը, անվանելով նախկին հպատակներին քաղաքացի, փոխեց պետության հիմքում ընկած հիմնարար արժեքը՝ դրանով իսկ սկիզբ դնելով ազգ-պետությանը:

Ազգ-պետությունների ստեղծման հետ միասին առաջանում է ներկայիս իմաստով միջպետական հարաբերությունների համակարգը: Այդ պահից, որը եվրոպակենտրոն պատմության մեջ ավանդաբար կապում են Վեստֆալյան համակարգի ստեղծման հետ, ստեղծվում է մի իրավիճակ, որն, ըստ Հենրի Քիսինջերի, բնորոշվում է հետևյալ կերպ. «Անմիջապես, երբ միջազգային համակարգի բաղադրյալները փոխում են իրենց բնույթը, անխուսափելիորեն հետևում է ցնցումների ժամանակաշրջան: Երեսնամյա պատերազմը զգալի չափով վարվում էր ավանդության և ունիվերսալության հավակնությունների վրա հիմնվող ֆեոդալական հասարակություններից raison d’ռtat-ի վրա հիմնվող ժամանակակից պետական համակարգին անցում կատարելու հետևանքով: Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի պատերազմները դեպի ընդհանուր լեզվով և մշակույթով բնորոշվող ազգ-պետություններ անցման նշանաբանն էին... Այս անցումային շրջաններից յուրաքանչյուրում այն, ինչն ընկալվում էր որպես ինքնըստինքյան ենթադրվող, հանկարծ դառնում էր անաքրոնիզմ»:

Սառը պատերազմի ավարտից հետո միջազգային համակարգի բաղադրյալները կտրուկ փոխվեցին, ինչը նշանակում է, որ պետականության ձևը նույնպես պետք է փոփոխություններ կրեր: Ազգ-պետությունների դարաշրջանի ավարտի մասին խոսող գիտնականները և քաղաքական գործիչները հիմնվում են այն իրողության վրա, որ գլոբալ դեր ներկայիս համաշխարհային համակարգում կարող են կատարել միայն պետությունների դաշինքները, որոնք, միավորելով իրենց ռեսուրսները, կարող են առաջարկել մրցունակ գլոբալիզացիոն նախագծեր3:

Հարկ է նշել, որ նման ծրագրերն իրականացնողների համար Հելսինկյան պատվիրանները պարտադիր չեն, քանի որ նրանք առաջնորդվում են այլ արժեքներով, որոնք պարադոքսալ կերպով համընկնում են հին և հասկանալի raison d’ռtat-ի հետ, քանի որ այդ միավորումների մեջ մտնող ազգ-պետություններն այդ միջոցով փորձում են ընդլայնել իրենց պետական շահերի իրացման կետերի շրջանակը: Սակայն այստեղ կա մի ծուղակ, որի մեջ ժամանակին ընկնում էին քաղաք-պետությունները. նրանց առանձին և յուրահատուկ շահերն ինտեգրվում էին ընդհանուրի մեջ՝ վերջնական տեսքում ստանալով բոլորովին այլ արտահայտություն: Հավանաբար, այդ վտանգը զգաց Ֆրանսիայի և Հոլանդիայի բնակչությունը վերջին հանրաքվեների նախօրյակին: Հավանաբար, այդ զգացումը շատ ավելի սուր է դարերով «փայլուն մեկուսացման» քաղաքականություն վարած կղզիաբնակ բրիտանացիների համար:

Կոնֆուցիական Չինաստանի գլոբալիզացիոն նախագիծը` քաղաքակրթության համակարգը տարածել բարբարոսների աշխարհում, իրականացվում է հազարամյակներով ստուգված արժեքային համակարգի, մարդկային զանգվածի և մշակույթը քաղաքակրթության վերածելու ֆանտաստիկ ունակության շնորհիվ: Չայնաթաունները չեն դառնում ամերիկյան կամ եվրոպական, նրանք «չինացնում» են ամերիկյան, եվրոպական և այլ քաղաքների մի փոքր մասը, ինչը բավական է չինական գլոբալիզացիոն նախագծի հաջողության համար, որը հիմնված է սեփական էության նորովի արժևորման սկզբունքի վրա:

Այն ազգ-պետությունները, որոնք ընդգրկված չեն գլոբալիզացիոն նախագծերից և ոչ մեկում, ստիպված են սեղմել իրենց ազգային-պետական շահերի կիրառման կետերի շրջանակները, սահմանափակել նպատակները, քանի որ չունենալով անհրաժեշտ ներուժ սեփական գլոբալիզացիոն ծրագիր կազմելու համար՝ ենթարկվում են տվյալ պահին իրենց վրա ավելի մեծ ազդեցություն ունեցող նախագծի պահանջներին` ստիպված լինելով զիջել պետական ինքնիշխանության էական հատվածներ և անցնելով ինչ-որ չափով տեղական ինքնակառավարման իրականացման մակարդակի:

Նման իրավիճակից հնարավոր են հետևյալ ելքերը.

ա) սեփական նախագծի ստեղծում և վերջինիս ադապտացում արդեն գոյություն ունեցող նախագծերից մեկի հետ (այս տարբերակը կարելի է անվանել համագործակցություն),

բ) ադապտացում առանց սեփական նախագծի (այն կարելի է բնորոշել` ուրիշի կողմից օգտագործում),

գ) ադապտացումից գիտակցաբար հրաժարում, ինչը, որպես կանոն, արդյունք չի տալիս, բայց ստեղծում է վտանգավոր պատրանքներ (կղզիացում):

Յուրաքանչյուր ազգ գիտակցաբար (կամ, երբեմն, ակամա) ընդունում է այս ելքերից որևէ մեկը: Թերևս, մեզ համար ներկայումս ուրվագծվող ընդունելի ելքը` սեփական նախագծով գլոբալ նախագծերին ադապտացումն է, ինչը, սակայն, չի բացառում ժամանակի հրամայականով նոր նախագծերին գիտակցաբար ադապտացվելու հնարավորությունը:


1Ֆ.Բրոդելն օգտագործում է այս եզրը «ազգային» եզրից խուսափելու համար, քանի որ 15-16-րդ դարերում դեռ ազգ-պետություններ չկային:

2 Մինչ այդ թագավորի կամ իշխանի պարտությունը նշանակում էր միայն այդ հարստության (դինաստիայի) թուլացում կամ կործանում, իսկ հպատակների խնդիրն էական չէր:

3 Այս կապակցությամբ տեղին է մեջ բերել Ֆ.Բրոդելի 15-րդ դ. մասին գրած տողերը. «Միայն քաղաք-պետության հետ մրցակցող տարածքային պետությունը, օգտագործելով իր տարածությունը և մարդկային ռեսուրսները, ի վիճակի է դիմանալ նոր եվրոպական պատերազմի վարման համար պահանջվող ծախսերին. այն գնում է վարձկանների բանակներ, ապահովում է իրեն հրետանիով և նույնիսկ կարող է իրեն թույլ տալ ծովային լայնածավալ ռազմական գործողությունների շքեղություն»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր