• am
  • ru
  • en
Версия для печати
13.04.2006

Կրթահամակարգ և ադապտացում

   

Դավիթ Հովհաննիսյան

Ժամանակակից քաղաքակրթությունն իր նախորդներից հատկապես առանձնանում է ադապտացման խնդիրների աննախադեպ բարդացմամբ: Այսօրվա աշխարհի մասին ամբողջական պատկերացում ունենալու, տեղի ունեցող գործընթացներն ընկալելու և հետագան կանխատեսելու, մարդկային հանրության մեջ կողմնորոշվելու, ընդհանրական աշխարհայացք ձևավորելու համար ներկայումս անհրաժեշտ է զգալիորեն ավելի շատ ինֆորմացիա, քան նախկինում:

Միաժամանակ, ինֆորմացիայի ընդհանուր քանակը ներկայումս աճել է (և շարունակում է աճել ավելի արագացող տեմպերով) այն աստիճան, որ առանձին մարդու գիտակցությունն ի վիճակի չէ այն ընկալել: Ավելին, առանձին մարդու գիտակցությունը չի կարող ընկալել նաև իր նեղ մասնագիտական ոլորտում կուտակված և օրեցօր ավելացող ինֆորմացիայի ամբողջ գումարը, ինչը բոլորովին նոր երևույթ է` համեմատած նույնիսկ 30-40 տարի առաջ գոյություն ունեցող իրավիճակի հետ:

Այս իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հետմոդեռնիստական մշակութային դաշտը ենթադրում է այդ դաշտում հայտնվող բոլոր տարրերի բացարձակ հավասարություն, ինչը նշանակում է, որ արդեն գոյություն չունեն բացարձակ հեղինակություններ, որոնք խանգարում են մյուս տարրերին ինչ-որ կերպ կամ լիարժեք դրսևորվելու: Ինտերնետում բոլորը հավասար են և հասանելի: Համաշխարհային սարդոստայնը, չկրկնելով աշխարհի պատկերը և չվերածվելով իր մեջ պարունակվող անվանումների յուրատեսակ աշխարհագրական քարտեզի, ստեղծում է «աշխարհապատկեր», որը ստեղծում է նոր տարածություն նոր` վիրտուալ տիպի կյանքի համար:

Այս նոր իրավիճակն առաջ է բերում բազմաթիվ հիմնահարցեր, որոնք բնութագրվում են որպես «անձի` հետմոդեռնիզմի ժամանակաշրջանի ինֆորմացիոն ցնցում»:

Ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը, ի՞նչ միջոցներ պետք է օգտագործվեն աշխարհընկալման միասնականությունն ապահովելու, անձին ինֆորմացիոն ցնցումների ազդեցությունից զերծ պահելու համար:

Մարդկության պատմության ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել ինֆորմացիոն հեղափոխություններ:

Դրանցից առաջինը, անշուշտ, կապված է լեզվահամակարգի ստեղծման հետ, սակայն հասկանալի է, որ այդ դարաշրջանի մասին մենք բավարար չափով տեղեկություններ չունենք:

Երկրորդ ինֆորմացիոն հեղափոխությունը տեղի է ունեցել գրահամակարգի ստեղծման արդյունքում, երբ մարդկային խմբերն ինֆորմացիայի բանավոր հաղորդման համակարգից անցել են գրավոր համակարգին: Այս հեղաշրջումն անմիջապես հանգեցրեց նաև կրթական ոլորտի որակական փոփոխմանը:

Նախագրային շրջանում կրթության նպատակն էր կազմակերպել նախնյաց իմաստության, փորձի հաղորդումը մի սերնդից մյուսին, ինչը հնարավորություն էր տալիս վերարտադրել հանրույթը նույն հիմքի վրա` պահպանելով անհրաժեշտ գիտելիքը, որը թույլ էր տալիս կանոնակարգել համայնքի կյանքը և միջհամայնքային հարաբերությունները: Դեռ չկար գիտություն, կար միայն գիտելիք, որը պարունակվում էր երկու տիպի տեքստերում` դիցաբանական, որը համակարգված ձևով ներկայացնում էր աշխարհի, բնության և հասարակության կյանքի հիմնական նորմերն ու կրկնվող, ցիկլիկ իրադարձությունների հիմնավորումը, և ավանդապատումային, որի միջոցով տվյալ մարդկային հանրույթը «տեղադրվում» էր այդ նորմերի մեջ: Համայնքի նոր սերունդը սովորում էր նայելով, հիշելով, կրկնելով և կրկնօրինակելով: Ընկալելով կոլեկտիվ հիշողության մեջ պահպանվող գիտելիքի անհրաժեշտ մասը, այսինքն` այն մասը, որը թույլ էր տալիս նոր սերնդին անվտանգ ձևով ադապտացվել շրջապատող աշխարհին, նրանք ծիսական փորձություններ էին անցնում և ճանաչվում համայնքի լիարժեք անդամներ:

Կար նաև գիտելիք, որն ուներ գաղտնի բնույթ և որը խստորեն պահվում էր քրմերի, շամանների, գուշակների, «իմաստունների» չափազանց նեղ շրջանակում: Այս գիտելիքից հետագայում սկսում է ձևավորվել գիտությունը:

Եթե փորձենք համակարգել վերը ներկայացվածը, ապա կստացվի հետևյալ կաղապարը. հանրույթի հիմնական կրթական խնդիրն է ձևավորել իր աճող սերնդի գիտակցությունն այնպես, որ այն ի վիճակի լինի լուծել երկու հիմնական խնդիր` ա) հեշտ ադապտացվի միջավայրին, բ) պահպանի և հաղորդի իրենից հետո եկող սերնդին իրեն հանձնված գիտելիքը: Առկա է կուտակված փորձը, որը պետք է այնպես հաղորդվի, որ այն հնարավոր լինի ճիշտ հիշել և օգտագործել: Պետք չէ խնդիրներ լուծել, անհրաժեշտ է միայն ճիշտ կրկնել այն, ինչ արդեն արել են նախնիները:

Հասկանալի է, որ այս կրթական համակարգի հիմքում ընկած է սովորեցնողի, ավելի ճիշտ` վարժեցնողի անձնական օրինակը:

Ինֆորմացիայի գրավոր հաղորդման համակարգը հիմնովին փոխում է կրթական համակարգի էությունն ու բովանդակությունը, քանի որ փոխվում է կրթության նպատակը: Առաջ է գալիս կրթական գործընթացի մի նոր կարևոր տարր` գիրքը, որը թույլ է տալիս հաղթահարել մարդկային հիշողության սահմանները և կտրուկ կերպով մեծացնել պահվող և մշակվող ինֆորմացիայի ծավալը: Այս շրջանը համընկնում է պետությունների ձևավորման հետ, ինչն ինքնըստինքյան հանգեցնում է գիտությունների առաջացման, ինչպես նաև ինֆորմացիոն զանգվածի` ըստ գիտական ոլորտների դասակարգման:

Այս ժամանակաշրջանում գիտությունների թիվը դեռևս խիստ սահմանափակ է, նրանք դուրս չեն գալիս գիտելիքի կրողների նեղ շրջանակից, իսկ որոշ դեպքերում` նաև պահպանվում է նրանց գաղտնիությունը, ինչին նպաստում է տարբեր տիպի փակ կազմակերպությունների ստեղծումը` սկսած համքարություններից և վերջացրած սուֆիական, ասպետական միաբանություններով:

Սակայն հասարակությունն իր անդամների ադապտացման խնդիրը լուծելու համար առաջ է քաշում մի շարք պահանջներ, որոնց բավարարման խնդիրը լուծում է նոր տեսք ընդունած կրթական համակարգը: Այն դառնում է երկաստիճան:

Առաջին աստիճանը տալիս է այն նվազագույն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են տվյալ հասարակության անդամ դառնալու համար: Եկեղեցական դպրոցներում, մուսուլմանական քութթաբներում երեխաները ստանում են աշխարհի և Աստծո մասին այն գիտելիքները, որոնք թույլ են տալիս նրանց մասնակցել հասարակական ծեսերին և գիտակցել պետության մեջ գործող օրենքը:

Ստեղծվում է «կիրթ մարդ» հասկացությունը (արաբամուսուլմանական միջնադարյան մշակույթում` ադիբ), որը պետք է իմանար այն ամենը, ինչն իրեն թույլ կտար լինել հասարակության օրինակելի անդամ: Միջնադարյան Եվրոպայում մշակվում էին հատուկ կրթական համալիրներ. յոթ գիտություններից բաղկացած սեպտենարիումը, իր հերթին, կազմված էր տրիվիումից և կվադրիվիումից, որոնց իմացությունն անհրաժեշտ էր կիրթ մարդ լինելու համար: Գիտությունների նման համալիրներ կային նաև մուսուլմանական աշխարհում, որոնց իմացությունը բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն էր տալիս: Այս գիտությունների դասավանդումը հանդիսանում էր կրթական երկրորդ աստիճանի բովանդակությունը:

Հիերարխիկ հասարակությունը ստեղծում է հիերարխիկ կրթական համակարգ, որն իր ներքին էությամբ համապատասխանում է իր կողմից ուսուցանվող աշխարհայեցողության էությանը` այն ունիվերսալ է, հիերարխիկ և խորհրդանշական:

Ուսուցչի դերը թեև մնում է կարևոր, սակայն զիջում է իր դիրքերը գրքին, որից ուղղակիորեն հնարավոր է քաղել անհրաժեշտ գիտելիքը, իսկ դա այն գիտելիքն է, որը թույլ է տալիս համատեղել Աստծո հավերժական էությունը մարդու և աշխարհի անցողիկ, ժամանակավոր բնույթի հետ: Հասկանալի է, որ ադապտացիոն խնդիրն այս պայմաններում փոփոխվում է, ուստի, եթե փորձենք առաջարկել այն կաղապարը, որի հիման վրա գործում էր այդ ժամանակաշրջանի կրթական համակարգը, ապա կստանանք հետևյալը. հանրույթը ձգտում է լուծել իր նոր սերնդի ադապտացման խնդիրները` ձևավորելով վերջինիս գիտակցությունն այնպես, որ այն ընդունի ոչ միայն շրջապատող միջավայրի կայուն, մնայուն դրսևորումները, այլ նաև պայմանների հնարավոր փոփոխությունները, որոնք այն պետք է իր մտածողության միջոցով մշակի և ադապտացնի արդեն գոյություն ունեցող աշխարհայեցողության համակարգին: Ուսուցիչը և գիրքը հաղորդում են արդեն ոչ միայն փորձը և գիտելիքը հնի մասին, այլ նաև տալիս են նորը և այդ նորի իմաստավորումը: Կրթական համակարգն անվանում է օբյեկտները և հնարավորություն է տալիս սուբյեկտին` դրանք ուսումնասիրել: Այն խիստ հիերարխիկ է, սակայն գիտելիք կրողների շրջանակն ընդլայնվել է. դրանք միայն քրմերն ու շամանները չեն այլևս. գիտելիք է համարվում արդեն ոչ միայն էզոթերիկան (օրինակ` եգիպտական քրմերը որպես աստվածային գիտելիք պահպանում էին իրիգացիոն խողովակների կառուցման հաշվարկները, Նեղոսի տիղմից օգտվելու գաղտնիքը և այլն):

Կրթության կաղապարն այս ժամանակաշրջանում ընդունում է հետևյալ տեսքը.

Գիտակցություն + մտածողություն = ադապտացիա գոյություն ունեցող պայմաններին + ադապտացիա միջավայրի փոփոխություններին:

Հասկանալի է, որ մտածողությանն ուղղված կրթահամակարգն ինքն է ստեղծում այդ նոր փոփոխությունները, քանի որ այս համակարգն արդեն պարունակում է մեթոդի հասկացությունը, որը թույլ է տալիս մտածողությանը բացահայտել իրեն շրջապատող աշխարհում նոր երևույթներ, օրենքներ և օրինաչափություններ: Այդ իսկ պատճառով երկաստիճան համակարգի երկրորդ աստիճանը ձեռք է բերում երկու ենթաստիճան. առաջինը, նախկինի նման, ուղղված է «կիրթ մարդ» ձևավորելուն, իսկ երկրորդը տալիս է հետազոտական մեթոդ գործածող գիտնական:

Ինֆորմացիայի գրավոր հաղորդման համակարգը գոյատևեց մինչև անցած դարի վերջը և դեռ այսօր էլ հիմնականում պահպանում է իր նշանակությունը, չնայած որ 1980-ականներից սկսած նոր ինֆորմացիոն հեղափոխություն է տեղի ունենում:

Ինֆորմացիայի գրավոր հաղորդման համակարգին համապատասխանում է ներկայումս դեռևս առաջատար դեր խաղացող կրթական համակարգը, որի հիմնական կառույցներն են դեռ միջնադարում ստեղծված դպրոցը և համալսարանը, իսկ սուբյեկտները, ինչպես նշվեց, ուսուցիչը և գիրքը:

Ներկայիս աշխարհը բնութագրվում է որպես գլոբալ և պլյուրալիստական, ընդ որում` պլյուրալիզմը վերաբերում է գոյի բոլոր հնարավոր և ներկայումս ընկալելի դրսևորումներին: Ուստի բազմազան և բազմաթիվ են այդ դրսևորումների ուսումնասիրությանը և ուսումնասիրությունների կիրառությանը ծառայող մասնագիտությունները: Յուրաքանչյուրն այդ մասնագիտություններից մշակել է իր հատուկ գիտական լեզուն, որը չնայած բաղկացած է գրական լեզվի բառերից և ենթարկվում է վերջինիս օրենքներին, սակայն իր հաղորդած իմաստները և նշանակությունները կարող են զգալիորեն տարբերվել բառարանայինից: Այս ամենը ստեղծում է լրջագույն պրոբլեմներ կոմունիկացիայի ոլորտում, ինչի արդյունքն է «միտք-կոմունիկացիա» համակարգի աշխատանքի խափանումը:

Ինչպիսի՞ն պետք է լինի նոր կրթական համակարգը, որպեսզի կարողանա լուծել նոր ինֆորմացիոն համակարգի ծնած խնդիրները և շարունակի կատարել իր ադապտացնելու առաքելությունը: Փորձենք պատասխանել այս հարցին` ձևավորելով վերը բերված կաղապարներից բխող նոր մոդել:

Այս դարաշրջանը տարբերվում է նախորդներից նրանով, որ փոխվում են ոչ միայն գոյության պայմանները, փոփոխվում է ինքը` միջավայրը, քանի որ ձևավորվել է գոյության բոլորովին նոր` վիրտուալ հարթություն:

Համակարգիչը և Ինտերնետը հնարավորություն են տալիս անձին առանձին ապրել և գործել ամբողջովին ավտոնոմ կարգով. աշխատել համակարգչի միջոցով և համաշխարհային սարդոստայնի մեջ, շփվել, կատարել վճարումներ, ընտրել, կրթություն ստանալ, գնումներ կատարել և բազմաթիվ այլ բաներ անել, այսինքն` ապրել, մտածել և գործել: Եվ ամենակարևորը` գտնել ցանկացած տիպի և քանակի ինֆորմացիա անհրաժեշտ հարցերի վերաբերյալ: Ինֆորմացիոն օվկիանոսի մեջ չխորտակվելու, չապակողմնորոշվելու և եղածի լավագույնն ընտրելու համար անհրաժեշտ է արդեն ոչ թե մեթոդ, այլ մեթոդաբանություն, շնորհիվ որի հնարավոր է ձևավորել գոյաբանական սխեմաների և պատկերների համակարգեր:

Մեթոդաբանությունը թույլ է տալիս դուրս գալ մտագործունեության դաշտ, ինչն անհրաժեշտ է կոմունիկատիվ խնդիրների լուծման համար:

Ներկայումս համընդհանուր տարածում են ստացել բազմաթիվ թրեյնինգներ, որոնց նպատակն է` կարճ ժամկետում տալ այնպիսի ունակություններ և գիտելիքներ, որոնք պետք է թույլ տան մարդուն ավելի հեշտ ադապտացվել միջավայրին: Այդ գիտելիքներն այն նվազագույն անհրաժեշտն են, ինչը կարող է թույլ տալ անձին պատկերացում կազմել այս կամ այն հարցի մասին (պարզ է, որ խոսքը չի վերաբերում տարբեր ինքնակոչ «մասնագետների» կազմակերպած դասընթացներին): Նման թրեյնինգները, ամառային դպրոցները և այլն` առաջին պատասխաններն են ստեղծված ճգնաժամային իրավիճակին, որոնք չեն կարող թերի չլինել:

Հավանաբար, ապագայի կրթահամակարգը պետք է հիմնվի հետևյալ կաղապարի վրա.

Գիտակցություն + մտածողություն + մտագործունեություն = ադապտացիա գոյություն ունեցող պայմաններին + ադապտացիա միջավայրի փոփոխություններին + ադապտացիա նոր միջավայրին:

Այս կաղապարի կիրառումը նախ պահանջում է վերանայել առաջին երկու բաղադրիչների (գիտակցություն և մտածողություն) բովանդակությունը` հաշվի առնելով աշխարհում և մարդու կյանքում տեղի ունեցած հսկայական փոփոխությունները: Միաժամանակ, երրորդ բաղադրիչը (մտագործունեություն) պետք է ձևավորվի ըստ այն պահանջների, որոնց բովանդակությունը բխում է նոր ստեղծված միջավայրի տրամաբանությունից:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր