Կրոնների ժամանակը
Արդեն տևական ժամանակ, շնորհիվ արևմտյան քարոզչության, հասարակական գիտակցության մեջ արմատավորվում է այն կարծրատիպը, թե իսլամական կրոնը նույնական է ահաբեկչության և ծայրահեղականության հետ: Մամուլում և հեռուստատեսությամբ հաճախ են հնչում «մոլեռանդ մահմեդականներ», «իսլամական ահաբեկչություն», «մուսուլմանական սպառնալիք» և նման այլ որակումներ, որոնք կարծես դարձել են սովորական արտահայտություններ և թույլ չեն տալիս խորապես վերլուծել իրողությունը: Փոխարենը, գայթակղություն է առաջանում երևույթը բացատրել իսլամի «երիտասարդ կրոն» կամ Ղուրանի «արյունարբու և ռազմատենչ» լինելու պարզունակ հանգամանքներով:
Իրականում ամեն ինչ ավելի բարդ է: XXI դարի սկզբին մարդկությունը բախվում է երկու փոխլրացնող միտումների` գրեթե բոլոր մեծ կրոնների ներսում արմատական հոսանքների ակտիվացման և համաշխարհային քաղաքականությունում կրոնի դերի կտրուկ աճի հետ:
Կրոնների արմատականացում
Այսօր ավանդական կրոնների արմատականացումն ակնառու է: Այն արտահայտվում է երկու հիմնական գործոններով` ա) վերականգնվում են արմատներին, հավատքի նախնական սկզբունքներին վերադառնալու` կրոնների հիմքում ընկած ձգտումները, բ) կրոնները ցանկանում են ավելի մեծ դերակատարում ունենալ հասարակության կյանքում և պետության գործերում:
Թեև իսլամում այս երևույթն առավել վառ է արտահայտված` այդ կրոնին բնորոշ մի շարք հատկանիշների պատճառով, սակայն իրականում դա համակրոնական երևույթ է:
Բողոքական արմատականություն: «Ֆունդամենտալիզմ» եզրը և կրոնական արմատականության ժամանակակից դրսևորումը հենց քրիստոնեական բողոքականության ծնունդ է, և պատահական չէ, որ այսօր էլ այն չափազանց ուժեղ հիմքեր ունի բողոքական երկրներում, առաջին հերթին` ԱՄՆ-ում: Այն ընկած է ամերիկյան ինքնության հիմքում և ամփոփված է WASP (White Anglo-Saxon Protestant` սպիտակ-անգլոսաքսոնական-բողոքական) հապավման մեջ: Ըստ հանրային հարցումների` ԱՄՆ-ում մոտ 30 միլիոն մարդ, կամ երկրի բնակչության մոտ տասը տոկոսն իրեն համարում է ֆունդամենտալիստ: Նրանք ակտիվորեն մասնակցում են համասեռամոլների կամ աբորտների թույլատրման դեմ կազմակերպված գործողություններին և անհաշտ պայքար են մղում այն քրիստոնյաների դեմ, որոնք համագործակցում են այլ կրոնների ներկայացուցիչների հետ:
Խոսելով ամերիկյան քաղաքականության վրա բողոքականության ազդեցության մասին` անհրաժեշտ է հիշել բողոքական հեռուստաքարոզիչներին, որոնք հսկայական ազդեցություն ունեն հանրային գիտակցության ձևավորման և նույնիսկ բարձրաստիճան քաղաքական գործիչների վրա: Այսպես, հեռուստաավետարանիչ Խալ Լինդսլը, որն իր «Մեծ հանգուցյալ մոլորակ» գրքում կանխագուշակում էր ռուս-արաբական աշխարհի պատերազմն ԱՄՆ-ի դեմ, նախագահ Ռեյգանի կողմից հրավիրվում էր Պենտագոն` դասախոսություններ կարդալու: Նրանցից ոմանք, օրինակ` Աստվածային ասամբլեայի ներկայացուցիչ Փիթըր Ռոբինսոնը կամ Բապտիստական եկեղեցիների խորհրդի անդամ Ջերսի Ֆոլվելը, սեպտեմբերի 11-ից հետո նույնիսկ հայտարարեցին, որ կատարվածը Աստծո պատիժն էր` ուղարկված Ամերիկայի քրիստոնյաներին, չափից ավելի ազատականության և այլ կրոններին արված փոխզիջումների համար:
Բողոքականության մեծ ազդեցության վկայությունն է նաև ժամանակակից ամերիկյան քաղաքական վերնախավի և, առաջին հերթին, նախագահ Ջ.Բուշի ճառերում պարունակվող հստակ կրոնական հռետորությունը: Երբ նախագահ Բուշն ազդարարում է իր հերթական գործողության մասին, նա չի բավարարվում ԱՄՆ կենսական շահերը պաշտպանելու բացատրություններով, այլ շտապում է դա արդարացնել` հայտարարելով այն աստվածահաճո ձեռնարկ:
ԱՄՆ-ում ակտիվորեն գործում են նաև ծայրահեղ արմատական կազմակերպություններ, օրինակ` «Արիական ազգի քրիստոնեական եկեղեցին», որն ունի իր զինյալ խմբերն ամբողջ երկրով մեկ և ամենասերտ կապերն է հաստատել կու-կլուս-կլանականների հետ: «Արիական ազգի» քաղաքական նպատակն է ԱՄՆ հինգ հյուսիսարևմտյան նահանգների տարածքում սպիտակ արիացի քրիստոնյաների պետության ստեղծումը: Այս շարժման առաջնորդներից մեկը` Մարկ Թոմասը, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը «օկուպացիոն է և կառավարվում է Իսրայելից»: Այս շարժումների հանրային վտանգավորության մասին է վկայում նաև նրանց ահաբեկչական գործունեությունը. օրինակ` 1995թ. Օքլահոմա քաղաքում կամ 1996թ. Ատլանտայում Օլիմպիական խաղերի ժամանակ իրականացված պայթյունները: Առաջինի հեղինակը «Դավթի ճյուղ» բողոքական աղանդի անդամ էր, իսկ երկրորդինը` այսպես կոչված «Ինքնության եկեղեցուն» էր պատկանում:
Կաթոլիկ արմատականություն: Կաթոլիկական ֆունդամենտալիզմն այդքան ծայրահեղական չէ, սակայն նույնպես շատ ազդեցիկ է: Ճիշտ է, Հռոմի պապերն այլևս համաշխարհային գերիշխանության չեն ձգտում կամ խաչակրաց արշավանքների կոչերով հանդես չեն գալիս, սակայն Վատիկանի դերն ամբողջ աշխարհում զուտ այդ ինստիտուտի հանդեպ հարգանքի արգասիքը չէ միայն: Կարելի է մատնանշել, օրինակ, կաթոլիկ եկեղեցու հսկայական դերը Լեհաստանում կոմունիզմի տապալման գործում: Այսօր էլ, լինելով ամենահարուստ ինստիտուտներից մեկն աշխարհում` այն շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ընթացող քաղաքական գործընթացներում:
Կաթոլիկ արմատական կազմակերպություններից աչքի են ընկնում, օրինակ, Մարսել Լեֆևրի կողմից 1970թ. հիմնադրված «Սուրբ Պիոս X-ի միությունը», որը կատաղի պայքար է մղում եկեղեցական մոդեռնիզմի և էքումենիզմի դեմ, կամ Էսկրիվա դե Բալագերի կողմից ստեղծված Opus Dei-ն (Աստծո գործը), որը գաղափարական մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանկոյի, Սալազարի, Պերոնի և Պինոչետի վրա: Ազգային մակարդակում մեծ ազդեցություն ունեն կաթոլիկական այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Militas Dei (Աստծո զինվորները) Գերմանիայում և Կաթոլիկական հակառեֆորմացիայի լիգան Ֆրանսիայում: Այս կամ այն չափով կաթոլիկական արմատականության ազդեցության տակ են նաև Արևմտյան Եվրոպայի մի շարք աջ ծայրահեղական կուսակցություններ` ֆրանսիական «Ազգային ճակատը», «Անկախ իսպանական փաղանգը» ևն:
Ուղղափառ արմատականություն: Նմանօրինակ գործընթացներ են ընթանում նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում: Ուղղափառ հոգևորական Արդովը նշում է, որ եթե արմատականություն նշանակում է չշեղվել արմատներից, ապա ուղղափառությունը հենց արմատականություն է: Այս ոգին թույլ է տալիս եկեղեցու կողմնակիցներին անհաշտ պայքար մղել ցանկացած նորամուծության և բարեփոխման դեմ ու այդ պայքարի համար օգտագործել մինչև իսկ ծայրահեղ մեթոդներ: Հիշենք, օրինակ, «Զգուշացե՛ք, կրոն է» ցուցահանդեսի ջախջախումը 2003թ. հունվարին` ռուսական ուղղափառ արմատական կազմակերպություններից մեկի անդամների կողմից:
Այսօր նմանատիպ կազմակերպությունների թվի շեշտակի աճը թույլ է տալիս խոսել ռուսական հասարակական տրամադրությունների արմատականացման մասին: Ռուսական էթնոազգայնականության անքակտելի մասը կազմող ուղղափառության կարևոր բաղկացուցիչներից են հակաարևմտյան ուղղվածությունը և ռուս ազգի թշնամիների դեմ մշտական պայքարի գաղափարը, ինչը քարոզում են մի շարք ուղղափառ արմատական կազմակերպություններ (օրինակ` Քրիստոնեական հայրենասիրական միությունը և Ռուսական ազգային սոբորը): Շատ փորձագետներ գտնում են, որ այսօր Ռուս ուղղափառ եկեղեցին արմատականացման ամենաբարձր աստիճանն ունի ոչ միայն հանրային, այլ նաև պաշտոնական մակարդակում. հոգևորական վերնախավը մեծ դերակատարում ունի ռուսական պետության որոշումների ընդունման գործընթացում:
Հուդայական արմատականություն: Կրոնական արմատականությունը չափազանց ուժեղ է Իսրայելում: Նոր խորհրդարանի պատգամավորների զգալի մասը հովանավորվում է արմատական կրոնական գործիչների կողմից: Որոշ կուսակցություններ ուղղակիորեն ղեկավարվում են հրեական հոգևորականության կողմից: Օրինակ` ՇԱՍ (Թորայի սեֆարդ պահապանները) շարժման նախընտրական ցուցակը կազմվում է Թորայի իմաստունների խորհրդի կողմից, որի կազմում են արևելյան հրեական համայնքների ամենահարգված ռաբբիները: Կան նաև մի շարք ծայրահեղական հուդայական կազմակերպություններ. օրինակ` «Կախ» կազմակերպությունը, որի հիմնադիր Մեհեր Կահանեն ժամանակին բանտարկվել էր իսլամի կարևորագույն սրբավայրերից մեկը` Ալ-Աքսա մզկիթը պայթեցնելու անհաջող փորձի համար: ևս մեկ փաստ. 1995թ. նոյեմբերին երկրի վարչապետ Իցհակ Ռաբինին սպանած հրեական ծայրահեղական Յոհել Լեռները դատավարության ժամանակ հպարտությամբ հայտարարեց, որ գործել է համաձայն հուդայական օրենքների համակարգի` Գալահայի, որը հրամայում է «սպանել իր երկիրը թշնամիներին հանձնած յուրաքանչյուր հրեայի»:
Հինդուիստական արմատականություն: Կրոնական արմատականացումն ամենասուր սոցիալ-քաղաքական հարցերից է Հնդկաստանում: Ջ.Ներուի ստեղծած աշխարհիկ պետությունը ցնցում են հինդուիստ, սիքհ և մահմեդական մոլեռանդների ամենօրյա հարձակումները:
Երկրի ներսում բավական ակտիվ գործում է «Ազգի կամավոր ծառաների միություն» կազմակերպությունը, որն իր շարքերում միավորում է մոտ չորս միլիոն մարդ և ունի սեփական ռազմականացված խմբեր: Ավելի նշանավոր է «Շիվսենա» կազմակերպությունը (Շիվայի բանակ), որն աչքի է ընկնում «հինդուիզմի պղծման» դեմ ուղղված ուժային գործողություններով: 1992թ., օրինակ, հինդուիստական արմատականները ոչնչացրին Բաբրի-մասջիդ հայտնի մզկիթը, որը ժամանակին իսլամական նվաճողները կառուցել էին Ռամա աստծո տաճարի տեղում:
Շատ ամուր դիրքեր ունի նաև սիքհական արմատականությունը: «Խալիստանի ուժեր» և «Խալիստանի ազատագրական ճակատ» կազմակերպությունները փորձում են ահաբեկչության միջոցով հասնել սեփական սիքհական կրոնը դավանողների պետության ստեղծման: Հենց նրանց զոհը դարձավ 1984թ. Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին: Օրինակ` միայն 1990թ. սիքհերը սպանեցին մոտ չորս հազար մարդ, իսկ 1993թ. մարտին միաժամանակյա 15 պայթյունները խլեցին մոտ 200 մարդու կյանք:
Կրոնների «վերադարձը» համաշխարհային թատերաբեմ
Ռացիոնալիզմի դարաշրջանում սեկուլյարիզմի (աշխարհիկության) ազդեցության աճը և եկեղեցու բաժանումը պետությունից, թվում է թե` մեկընդմիշտ բացառեցին կրոնի կենտրոնական դերը հասարակական կյանքում:
Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսին կրոնների ներսում սկսեցին ընթանալ գործընթացներ, որոնք թեև տարբեր պատճառներ ունեին, սակայն իրենց հիմքում մեկ ընդհանուր երևույթի` հավատքի արմատականացման արտահայտություն էին: Այսօր կրոնը «վերադառնում» է համաշխարհային քաղաքականություն: Դա ունի հիմնականում մի քանի պատճառ: Նախ` երկբևեռ աշխարհի փլուզման պայմաններում մարդկանց հսկայական զանգվածներ, որոնք սովորել էին իրենց պատկերացումները, արժեքային դաշտը հիմնավորել տարիների ընթացքում մշակված գաղափարախոսություններով, հանկարծ կորցրին ուղենիշները և այս մոլորությունից դուրս գալու համար փորձեցին գտնել կամ վերագտնել Կատարյալ ճշմարտություն, որը հանդես էր գալիս կրոնի տեսքով: Եվ այսօր ամբողջ աշխարհում նկատվում է կրոնի դերի անընդհատ մեծացում: Հայտնի տեսաբան Մ.Յուրգենսմեյերն իր «Ահաբեկչություն հանուն Աստծո. կրոնական բռնության համաշխարհային վերելքը» գրքում հայտարարում է, որ աշխարհիկությունը, անկախ նրանից, թե դա ժողովրդավարական է կամ կոմունիստական-սոցիալիստական, հասարակական կազմակերպման դատարկ և ոչ բավարար ձև դուրս եկավ: «Զարմանալի է, թե ինչպիսի միաձայն կերպով կրոնական քաղաքական գործիչները` քրիստոնյաները Արևմտյան Եվրոպայում կամ նախկին Խորհրդային Միությունում, մահմեդականները կամ հրեաները Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում, սիքհերը, հնդիկները կամ բուդդայականները Հարավային և Հարավարևելյան Ասիայում մերժում են արևմտյան ծագում ունեցող քաղաքական գաղափարախոսությունները...»:
Մյուս կարևոր պատճառը միաբևեռ աշխարհում արևմտյան, մեծ մասամբ բողոքական արժեքների տարածումն է և դրա դեմ «ոչ արևմտյան» ազգերի ընդվզումը: Վերադարձը դեպի արմատներ, այդ թվում նաև կրոնական ակունքներ, բնորոշ է ճգնաժամի մեջ գտնվող և ելքեր փնտրող հասարակություններին: Շատ հաճախ դա հակադրությունն է այն արժեքների հանդեպ, որոնք չեն համապատասխանում տվյալ հասարակության պատմական և մշակութային զարգացմանը:
Այսօր աշխարհում հակամարտությունների մեծ մասի, եթե ոչ հիմնական պատճառը, ապա գոնե ուղեկցող հատկությունն է կրոնական հակասությունը կամ անհանդուրժողությունը: Կրոնների ժամանակը վերստին եկել է:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]