• am
  • ru
  • en
Версия для печати
29.08.2006

Արևմուտքը մահմեդականների աչքերով. կերպարի ստեղծում

   

Սուրեն Մանուկյան

Իսլամական հասարակությունների զանգվածային գիտակցության մեջ, Արեւմուտքի հետ կապված, գոյություն ունեն հստակ պատկերացումներ եւ կողմնորոշումներ:

Արեւմուտքի կերպարը ստեղծվում է կրոնական քարոզի, դասավանդվող պատմության եւ լրատվամիջոցների` հիմնականում հեռուստատեսության միջոցով:

Պատմության մեկնաբանությունը, կրոնական պատկերացումները, ավանդապատումներն ու նույնիսկ հեքիաթները հսկայական դեր են խաղում արեւելյան հասարակություններում` այլ քաղաքակրթությունների նկատմամբ վերաբերմունք ձեւավորելու գործում:

Ըստ հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Ֆերոյի, եթե կան հասարակություններ, որտեղ գերակա դիրք է զբաղեցնում պատմությունը, ապա դրանք իսլամական պետություններն են: Սա համեմատաբար նոր երեւույթ է, որն ի հայտ է եկել մոտ մեկ դար առաջ` Եվրոպայի գաղութային էքսպանսիայի դեմ պայքարի ժամանակաշրջանում, երբ տեղի ունեցավ կրոնի կողմից նախկինում երկրորդ պլան մղված պատմության վերածնունդը: Պատմության դերն ավելի կարեւորվեց, երբ անկախություն ձեռք բերած մահմեդական երկրներում ազգային ինքնագիտակցության շեշտակի վերելք արձանագրվեց:

Պատմությունը դարձավ ռազմավարական գիտություն, որը պետք է օրինականացներ նորաստեղծ մահմեդական պետությունների ձգտումները եւ նկրտումները: Այն ստացավ քարոզչական նշանակություն եւ կատարում է պետության համար անհրաժեշտ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակության գործառույթ:

Արեւմտյան դասագրքերը եվրոպակենտրոն են: Հիմնական պատմական իրադարձություններն այնտեղ մեկնաբանվում են հենց Եվրոպայի եւ եվրոպացու տեսակետից, իսկ այն, ինչ դրանից դուրս է, միգուցե հետաքրքիր է, խորհրդավոր, սակայն «եվրոպական պատմության» համար ոչ այդքան էական: Մահմեդական երկրներում ամեն ինչ այլ կերպ է: Այստեղ կա հստակ դիրքորոշում «եվրոպական աշխարհի նկատմամբ»: Այս դիրքորոշումը չեզոք չէ, այն բացասական է կամ մրցակցային: Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում պատմությունը շարադրվում է հիմնականում «մենք»-ի տեսանկյունից, ապա մահմեդական աշխարհում «մենք-նրանք» հակասությունն ակներեւ է:

Այս պարագայում կան մի շարք թեզեր, որոնք ընդհանուր են, օրինակ, արաբական երկրների դասագրքերում, եւ առանցքային են մահմեդական երկրներում պատմության մատուցման համար:

ա) Արեւելքը պատմականորեն զարգացման ավելի բարձր աստիճանի վրա է գտնվել:

Եվրոպական քաղաքակրթությունը համարվում է երիտասարդ եւ նույնիսկ այսօր նրա` շատ դեպքերում սխալ քայլերը հենց պատանեկան անփորձությանն են վերագրվում: Միջնադարյան Եվրոպան գնահատվում է Արեւելքի հետ համեմատությամբ, եւ ընդգծվում է Արաբական խալիֆայության ծաղկման փայլը Եվրոպայի «խավարի» դարերի ֆոնին: Իսկ աշխարհագրական Մեծ հայտնագործությունների պատմությունն արաբական դասագրքերում սկսվում է ոչ թե Կոլումբոսի կամ Մագելանի ճանապարհորդություններից, այլ Հնդկական օվկիանոսում փյունիկցիների եւ արաբների նավարկություններից:

բ) Խաչակրաց արշավանքները Եվրոպայի առաջին ագրեսիան են Արեւելքի նկատմամբ:

Խաչակրաց արշավանքները, որոնք այսօր ամենասիրված թեմաներից են Արեւմուտք–Արեւելք հակասության պարագայում, իրականում միայն 19-րդ դարից են կարեւորվել իսլամական երկրների պատմության մեջ: Մինչ այդ, այս իրադարձությունների մատուցումը ոչ մի բանով չէր տարբերվում այն շարունակական պատերազմների ներկայացումից, որ արաբները վարում էին իրենց կայսրության սահմաններում: Այժմ խաչակրաց արշավանքներն արդեն «կանոնականացված» են եւ հարմար կերպով տեղավորվում են արաբական ազգի ճակատագրի ու ջիհադի հայեցակարգի մեջ: Մասնավոր դեպքերը մոռացության են մատնվում. օրինակ, այն, որ Երուսաղեմի ազատարար Սալահ էդ-դինն ազգությամբ քուրդ էր, իսկ արաբական էմիրները բավական հաճախ նույնիսկ դաշնակցում էին քրիստոնյա ասպետների առաջնորդների հետ, որոնցից մեկի արդյունքում` 1229թ., Երուսաղեմն անցավ գերմանական կայսր Ֆրիդրիխ Երկրորդի ձեռքը: Հիմնական շեշտը դրվում է քաղաքակրթական բախման վրա. «Արեւմուտքը մարտահրավեր էր նետել Արեւելքին եւ ի վերջո պարտվեց»:

գ) Գաղութատիրությունն է իսլամական երկրների տնտեսական հետամնացության պատճառը:

Այսօրվա հետամնացությունը մահմեդական աշխարհում ընդունված է բացատրել գաղութարար պետությունների կողմից իրականացված` այդ երկրների անխնա կողոպուտով:

Արեւելյան պատմաբանները պնդում են, որ գաղութատիրությունը, որն Արեւմուտքին տվեց հսկայական տնտեսական հարստություն, հաղորդակից դարձրեց զարգացած մուսուլմանական մշակույթին ու քաղաքաշինությանը, Արեւելքին միայն վնաս պատճառեց: Այն կորցրեց իր երբեմնի փառքը եւ ընկավ եվրոպացիների լծի տակ: Ֆրանսիական եւ բրիտանական գերիշխանության շրջանում եվրոպացիների քաղաքական ներթափանցումը, ինչպես նաեւ երկարաժամկետ, խոր եւ նենգ մշակութային ազդեցությունը փոխեցին տարածաշրջանի դեմքը եւ նրա ժողովուրդների զարգացման բնական ուղին:

դ) Եվրոպական իմպերիալիզմի դեմ պայքարը սեփական ինքնության պահպանման կարեւոր պայմաններից է:

Սա միգուցե ամենակարեւոր հետեւությունն է, որ պետք է անեն աշակերտները դպրոցներում պատմության ուսումնասիրության ժամանակ: Գաղութարարների դեմ պայքարն իրոք առանցքային է մերձավորարեւելյան ժողովուրդների պատմության մեջ: Դրանով մահմեդականների գիտակցության մեջ եվրոպացիների կերպարն ամրագրվում է` իբրեւ հակառակորդի, որին պետք է հաղթել` սեփական արժանապատվությունը վերականգնելու համար:

* * *

Վերոհիշյալ կարծրատիպերը, որոնք գերիշխում են հանրային գիտակցության մեջ, օգտագործվում են լրատվամիջոցների կողմից եւ ամրապնդվում հետեւողական քարոզչությամբ:

Մահմեդական երկրների մեծ մասում նույնիսկ մասնավոր լրատվամիջոցները, հիմնականում, աշխատում են դուրս չգալ պետական պատվերի շրջանակներից: Հեռուստատեսության համընդհանուր վերահսկողությունը թույլ է տալիս բավական հեշտությամբ կառավարել հասարակական տրամադրությունները` ուղղակիորեն ներարկելով հեռուստալսարանին անհրաժեշտ պատկերները:

Վերոնշյալ կարծրատիպերին, որոնք աշխատում էին հիմնականում պատմական հիշողության դաշտում, ավելանում են նորերը, որոնք փորձում են ստեղծել տրամաբանական մեկնաբանության պատկեր եւ կապված են ժամանակակից զարգացումների հետ:

ա) Գոյություն ունի հրեական դավադրություն, եւ իսլամական աշխարհը դրա զոհն է:

Հրեաներին բոլոր մեղքերում մեղադրելն ամենասիրված թեմաներից է իսլամական ԶԼՄ-ում: Սա նույնպես համեմատաբար նոր երեւույթ է: Հրեաները դարեր շարունակ ապրել են իսլամական հասարակություններում եւ ավելի պաշտպանված են եղել, քան, օրինակ, քրիստոնեական երկրներում: Նրանց նկատմամբ կար ավելի շուտ արհամարհական, քան թշնամական վերաբերմունք, եւ հետեւաբար ավելի մեծ էր 1948թ. «մի խումբ քամահրելի հրեաներից» կրած պարտության հոգեբանական հարվածը: Դավեր նյութող հրեայի դիվականացված կերպարը որոշակիորեն մեղմեց պարտության ամոթի զգացումը: Ի հայտ եկավ մի իրավիճակ, երբ բոլոր չարիքները սկսեցին վերագրվել հրեաների գաղտնի դավադրություններին: Նման մեկնաբանությունները գերիշխում են իսլամական աշխարհում` հրապարակային հայտարարություններում, կրթական հաստատություններում, մամուլում:

բ) Արեւմուտքն աջակցում է հրեական դավադրությանը, ինչպես նաեւ Իսրայելին` արաբ-իսրայելական հակամարտության հարցում:

Համարվում է, որ Արեւմուտքը դարձել է հրեական դավադրության հիմնական գործիքը: Արեւմտյան կառավարությունները վերահսկվում են հրեաների կողմից, որոնք ուղղորդում են ԱՄՆ-ի եւ եվրոպական շատ պետությունների քաղաքականությունը: Եվրոպան ու ԱՄՆ-ը հրեական պետությանը հսկայական տնտեսական, ռազմական եւ քաղաքական օգնություն են ցույց տալիս եւ արաբա-իսրայելական հակամարտության հարցում կողմնակալ են: Սա մահմեդական աշխարհի զայրույթի հիմնական պատճառներից է:

գ) Արեւմտյան սպառողական հասարակությունը վտանգավոր է, քանի որ ծաղրում է եւ անարգում մահմեդական ավանդույթները:

Արժեքային համակարգին սպառնացող վտանգն ամենասուր կերպով է ընկալվում մահմեդական հասարակություններում: Այն սերտորեն կապված է սեփական մշակութային եւ քաղաքակրթական ինքնատիպության կորստի վախի հետ. Արեւմուտքն այս պարագայում ընկալվում է իբրեւ մշակութային էքսպանսիայի սուբյեկտ, որի զանգվածային մշակույթը նվաճում է ամբողջ աշխարհը: Այս իրավիճակը վերաճում է իսկական «խորհրդանիշների պատերազմի». փորձ է կատարվում հրապարակային հակազդեցություն ցուցադրել իսլամական խորհրդանիշների դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեմ: Այս առումով, պատահական չէին եվրոպական մամուլում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ ծավալված բուռն իրադարձությունները, հիջաբի` մահմեդական կնոջ գլխաշորի տարածման նոր թափը նույնիսկ աշխարհիկ պետություններում: Ավելին, մի շարք երկրներում (օրինակ, Թուրքիայում) իսլամիստական կուսակցությունների հաղթանակներն ընտրություններում շատերը համարում են հենց այդ հակազդեցության արտահայտություն:

դ) Արեւմուտքը փորձում է տարածել սեփական արժեքները, որոնք չեն համապատասխանում իսլամական պետությունների շահերին:

Խոսքն, առաջին հերթին, արեւմտյան դեմոկրատիայի մասին է, որը հստակ արեւմտականացման բաղադրիչ է պարունակում: Իսլամական հասարակությունները չեն թերագնահատում ժողովրդավարության նվաճումները, սակայն դեմ են դրա մեխանիկական ներդրմանն` առանց հաշվի առնելու տարբեր հասարակությունների ավանդույթները:

Բացի այդ, այսօր ժողովրդավարական գաղափարախոսությունն ամենամեծ չափով վարկաբեկվում է այն տարածողների «շնորհիվ»: Այն վերածվել է մարտավարական զենքի, որի միջոցով արեւմտյան տերությունները եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ը փորձում են սեփական ազդեցությունը տարածել:

ե) Արեւմուտքը փորձում է նորից գաղութացնել իսլամական աշխարհը:

Ամերիկյան հայտնի Pew Global Attitudes Project ընկերության կողմից ամբողջ աշխարհում իրականացված հարցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կերպարը մահմեդական երկրներում գնալով ավելի բացասական է դառնում: 2006թ. սկզբին Եգիպտոսի եւ Ինդոնեզիայի բնակչության ընդամենը 30%, Պակիստանի 27, Հորդանանի 15 եւ Թուրքիայի 12%-ն է դրական վերաբերմունք արտահայտել Միացյալ Նահանգների նկատմամբ:

Այս ամենն ապացուցում է, որ, օրինակ, արաբական աշխարհում սեփական իմիջի բարելավման համար Վաշինգտոնի կողմից ծախսված հսկայական միջոցներն արդյունավետ չեն: Ամերիկյան վարչակարգի կողմից ստեղծված «ալ Սավա» ռադիոկայանը եւ «ալ Հուրրա» հեռուստակայանը, որոնց վրա էր դրված այս խնդրի իրականացումը, այդքան էլ արդյունավետ չեն գործում: Բացի այդ, շատ դժվար է ձեւավորել ԱՄՆ-ի դրական կերպարը` Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության պարագայում:

Brookings Institution-ի ավագ գիտաշխատող Շիբլի Թելհամիի` Մերձավոր Արեւելքում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ արաբների ճնշող մեծամասնությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն է համարում «պայքարը նավթի համար», «Իսրայելին աջակցությունը» եւ «իսլամական քաղաքակրթության թուլացումը»: Իսկ ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակներ հռչակված «Ժողովրդավարության տարածումը» կամ «ազատության աջակցությունը» մահմեդականների կողմից համարվում են ուղղակի քարոզչական հնարքներ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր