• am
  • ru
  • en
Версия для печати
25.01.2007

Մշակութային պատերազմներ

   

Սուրեն Մանուկյան

Քաղաքակրթական տարբերությունները, որոնք պարբերաբար Արեւմուտքի եւ իսլամի միջեւ սուր հակասությունների պատճառ են դառնում, ամենաշատ քննարկվող թեմաներից են վերլուծաբանների եւ գիտնականների շրջանում:

Սակայն հետազոտողները, հիմնականում հետեւելով Հանտինգտոնի առաջարկած ուղեգծին, կենտրոնանում են այդ երեւույթի փիլիսոփայական եւ աշխարհաքաղաքական կողմերի վրա` հաճախ անտեսելով այդ պայքարի առօրեական, փաստական դրսեւորումները: Հիմնական ուշադրության առարկա են դառնում մի քանի աղմկահարույց դեպքեր (Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրությունը դանիական թերթերից մեկում եւ դրա շուրջ ծագած անկարգությունները, Ֆրանսիայի մայրաքաղաքի ծայրամասերում բռնկված երիտասարդական հուզումները կամ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ճառը), որոնք, իհարկե, կարեւոր են եւ տպավորիչ, սակայն այսբերգի միայն երեւացող կողմն են:

Իրականում սեփական արժեքների տարածման եւ պարտադրման ուղղությամբ տարվող աշխատանքն ընթանում է գրեթե ամեն օր եւ ամենուրեք: Մշտապես կարելի է հանդիպել այդ հակամարտության առօրեական, կենցաղային դրսեւորումների, որոնք ի ցույց են դնում «չերեւացող» պայքարը:

Հենց այս ամենօրյա պայքարն է, որ հստակ ցույց է տալիս հակամարտության թեժությունը եւ թույլ է տալիս խոսել «մշակութային պատերազմի» մասին, երբ Արեւմուտքն ու իսլամական աշխարհը կարծես շարունակում են փոխադարձաբար ստուգել հակառակորդի ամրությունը եւ հավատարմությունը սեփական արժեքային համակարգին:

Քողը` որպես օտարման նշան

2006թ. Մեծ Բրիտանիայում հասարակական լայն քննարկում ընթացավ` կապված Դյուսբերի քաղաքի տարրական դպրոցի աշխատակցուհի Այշա Ազմայի հետ: Ազման հեռացվել էր աշխատանքից աշխատավայրում իսլամական կանանց համար ավանդական քող կրելու պատճառով: Դպրոցի ղեկավարության բացատրությունն այն էր, որ քողով դեմքը ծածկելն աշակերտների համար դժվարընկալելի է դարձնում անգլերենի ուսուցչուհու արտասանությունը:

2006թ. հոկտեմբերի 19-ին դատարանն Ազմայի նախկին գործատուներին պարտադրեց դրամական փոխհատուցում տրամադրել, սակայն միաժամանակ հրաժարվեց նրան «խտրականության զոհ» ճանաչել:

Այսպիսով, այս աշխատանքային վեճը քաղաքակրթական հարթություն տեղափոխվեց: Ու թեեւ եվրոպական դատարանը հայցը բավարարեց, սակայն փորձեց դա սեփական քաղաքակրթական մոտեցումների շրջանակում անել: Հարցին անդրադարձավ նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը` անվանելով գլխաշորը եւ քողը «օտարման նշան»: Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի կարծիքով` խնդիրը ոչ թե հագուստն է, այլ եվրոպական մշակույթի համար անընդունելի «փակ» լինելու գաղափարը:

Օլիմպիական խաղեր եւ Ռամադան

Մեկ այլ հետաքրքրական քննարկում տեղի ունեցավ «քողի դեպքի» հետ զուգահեռ: Մի շարք մահմեդական պետություններ պաշտոնապես դիմել էին 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին` առաջարկելով տեղափոխել արդեն իսկ ամրագրված ժամկետները, որոնք համընկնելու են մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսի հետ, ինչն ի սկզբանե անհավասար պայմանների մեջ կարող է դնել իսլամադավան մարզիկներին: Նախաձեռնությունն անմիջապես ողջունեցին ոչ միայն Մարդու իրավունքների Լոնդոնի իսլամական հանձնաժողովը եւ Միավորված թագավորության մահմեդականների միությունը, այլ նաեւ Ռուսաստանի Մուֆտիների խորհուրդը:

Կազմկոմիտեն զիջումների չգնաց, սակայն մահմեդականների նախաձեռնությունն անգամ խոսուն է: Այն լրիվ համահունչ է ժամանակի ոգուն եւ տրամաբանությանը: Ռամադանի տոները համընկել էին Օլիմպիական խաղերին նաեւ 1980թ., սակայն այդ ժամանակ ոչ մի իսլամական պետության մտքով չանցավ հայտարարել դրանք բոյկոտելու մասին, քանի որ այն ժամանակների համար ավելի ընկալելի էին քաղաքական բոյկոտները:

Ամերիկան պաշարման մեջ

Հետաքրքիր է դիտարկել իրավիճակն ԱՄՆ-ում, որը ղեկավարելով հակաահաբեկչական պայքարը եւ պատերազմներ վարելով իսլամական երկրներում` ինքն է ենթարկվում որոշակի մարտահրավերների սեփական երկրի ներսում։ Օրինակ, մի քանի իսլամիստական կայքեր (www.soundvision.com, www.dawanet.com, www.islamicidefoundation.com) բացահայտ կերպով աշխատանք են տանում ԱՄՆ-ի հանրային դպրոցներում վերահսկողություն հաստատելու ուղղությամբ: Կոչ է արվում, օրինակ, դպրոցներում կազմակերպել մահմեդական ցուցահանդեսներ, մահմեդական տեղեկագրեր հրատարակել, մահմեդական գրականություն վաճառող կրպակներ ստեղծել, դպրոցական թերթերում հայտարարություններ զետեղել հեռախոսով իսլամի մասին անվճար տեղեկություններ ստանալ ցանկացողների համար, մահմեդական խմբակներ ստեղծել իսլամադավանների մասին դրական կարծիք ձեւավորելու համար, իսլամի վերաբերյալ գրքեր մատակարարել դպրոցական գրադարաններին, ազատ թեմաներով զեկույցների համար ընտրել իսլամի վերաբերյալ թեմաներ եւ այլն։ Այս կայքերում կան նաեւ խորհուրդներ` ուղղված դպրոցական ուսուցիչներին եւ մանկապարտեզի դաստիարակներին` այն մասին, թե ինչպես աշխատել աշակերտների հետ։

2006թ. ԱՄՆ-ում բուռն կերպով քննարկվեց նաեւ Մինեապոլիսի օդանավակայանի որոշ մահմեդական վարորդների կեցվածքը, որոնք հրաժարվում էին սպասարկել այն ուղեւորներին, որոնք բացահայտ կերպով ոգելից խմիչք էին տեղափոխում: Օդակայանում տեղափոխումներ իրականացնող ընկերությունն առաջարկեց հատուկ նշաններ տեղադրել այն մեքենաների վրա, որոնք այս քաղաքականությունն են որդեգրել, սակայն ամերիկյան հանրությունը տագնապում է, որ այս օրինակը կարող է վարակիչ լինել եւ տարածվել ամբողջ երկրով մեկ:

Այս պայքարը 2006թ. ունեցավ նաեւ որոշ ծայրահեղ դրսեւորումներ: ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում (Հյուսիսային Կարոլինայի նահանգային համալսարանում մարտի 3-ին, Սիեթլի Հրեական ֆեդերացիայի շենքում հուլիսի 28-ին եւ այլն) մահմեդական երիտասարդները մի շարք սպանություններ իրականացրին, ինչն ամերիկյան հետազոտող Դենիել Փայփսը անվանեց «հանկարծակի ջիհադի սինդրոմ», երբ հանգիստ կյանք վարող մահմեդականը հանկարծակի ահաբեկչություն է իրականացնում: Այսպես, Հյուսիսային Կարոլինայի ահաբեկիչ Տախերի-ազարը միայն դրական գծերով էր բնորոշվում իր ծանոթների կողմից, սակայն ձերբակալությունից հետո հայտարարեց, որ եկել է Միացյալ Նահանգների բնակիչներին սպանելու ժամանակը, իսկ դատարանում գոհունակություն հայտնեց, որ դատվում է, քանի որ դատավարության ընթացքում հնարավորություն կունենա հաղորդել Աստծո կամքը:

Ավստրալական դեպքը

Հետաքրքիր է, որ այս հակասությունները չեն շրջանցել նույնիսկ արեւմտյան քաղաքակրթության այնպիսի հեռավոր մի պետություն, ինչպիսին է Ավստրալիան: Երկրի վարչապետ Ջոն Հովարդը վերջերս հայտարարել է, որ այն մահմեդականները, որոնք ցանկանում են ապրել Ավստրալիայում շարիաթի օրենքներով, պետք է լքեն երկիրը: Դրան ի պատասխան, Իսլամական համայնքների ավստրալական ընկերակցության ղեկավար Ամիր Ալին 2006թ. հոկտեմբերի 9-ին հանդես եկավ զարմանալի մի հայտարարությամբ այն մասին, որ «Ավստրալիան մահմեդական երկիր է: Ավստրալացիների մեծամասնությունը կիսում է իսլամական արժեքները, թեեւ մահմեդական չէ»:

Հակասությունները նույնիսկ բախումների են տանում: Այսպես, 2005թ. դեկտեմբերին Սիդնեյ քաղաքի արվարձաններից մեկում մի քանի օր շարունակ տեղի էին ունենում քրիստոնյա տեղաբնիկների բախումներ իսլամադավան վերաբնակների հետ: Երկրում կառավարող Ազատական կուսակցության ներկայացուցիչ Բրենդան Նելսոնը նույնիսկ դիմել էր ներգաղթողներին հետեւյալ ճառով. «Քրիստոնյաներն են հիմնել այս երկիրը: Եվ եթե մեր Աստվածը վիրավորում է ձեզ, ապա առաջարկում եմ ընտրել մեկ այլ երկիր բնակության համար, որովհետեւ այս մեկը մեր մշակույթի մասն է»:

2006թ. Ավստրալիայի իսլամական հարաբերությունների ֆորումը պահանջեց շրջանառությունից հանել «Սուրբ ծնունդ» (Christmas) բառը` պատճառաբանելով, որ այն դառնում է բազմամշակութային հասարակության մի մասի օտարման պատճառ: Կազմակերպության ղեկավար Կուրանդա Սեյիթը հայտարարել էր, թե ժամանակն է, որ իր երկիրը նույնպես հետեւի Մեծ Բրիտանիայի օրինակին, որտեղ այդ տոները պաշտոնապես անվանվում են Winterval բառով, winter–ձմեռ եւ festival–տոն բառերից ստեղծված հապավումով:

Խորհրդանիշների պատերազմ

Վերջին դեպքը շատ հետաքրքիր է, քանի որ առնչվում է հավատքի խորհրդանիշների հետ, որոնց նշանակությունը ցանկացած կրոնում առանցքային է: Նախկինում նման փորձեր նույնպես եղել են:

 

Այսպես, 2002թ. օգոստոսին Մուհամեդ Ազաուին հեռացավ Լոնդոնի մայրաքաղաքային երթեւեկության տեսչի աշխատանքից` քայլը պատճառաբանելով ռասայական խտրականության զոհ լինելու հանգամանքով: Նա հայտարարեց, որ իբրեւ մահմեդական չի կարող այլ կրոնի խորհրդանիշ կրել: Տվյալ դեպքում խոսքը ոստիկանի կրծքանշանի վրա պատկերված սուրբ Էդուարդի փոքրիկ խաչի մասին էր, որը 18-րդ դարից թագավորական իշխանության եւ ոստիկանության խորհրդանիշն է: Երբ ոստիկանության պետի տեղակալ Յան Բլեյրն առաջարկեց ստեղծել մահմեդական եւ այլ կրոններին պատկանող սպաների համար կրծքանշանի այլ ձեւ, ոստիկանապետ Ջոն Ստեւենսը, հանդիպելով բազմաթիվ բողոքների, մերժեց այդ ծրագիրը:

2003թ. հոկտեմբերին իտալական Օֆենա քաղաքի բնակիչ, իսլամադավան Ադել Սմիթը դատական հայց ներկայացրեց` պահանջելով հանել խաչն այն դպրոցի լսարանից, ուր հաճախում էր իր որդին: Շրջանային դատավորը բավարարեց հայցը` պատճառաբանելով, որ հանրային դպրոցները պետք է կրոնական խորհրդանիշներից ազատ լինեն: Իտալացիները շատ մեծ դժգոհությամբ ընդունեցին այդ որոշումը: Երկրի նախագահ Աձզելիո Չիամպին խաչն անվանեց այն արժեքների խորհրդանիշ, որոնց վրա հիմնվում է իտալացիների ինքնությունը:

2005թ աշնանը Մեծ Բրիտանիայի բանտերի գլխավոր վերստուգիչ Աննե Օուերսն արգելեց բարձրացնել սուրբ Գեւորգի խաչով Անգլիայի ազգային դրոշը` պատճառաբանելով դրա կապը խաչակիրների հետ, ինչը կարող էր վիրավորել մահմեդականներին: Արաբա-բրիտանական փոխըմբռնման խորհրդի տնօրեն Քրիս Դոյլը ողջունեց այս քայլը` նշելով, որ եկել է երկրի համար նոր դրոշ եւ նոր հովանավորող սուրբ գտնելու ժամանակը, որոնք չեն ասոցացվելու արյունալի անցյալի եւ խաչակիրների հետ եւ որի հետ բոլոր բրիտանացիները կկարողանան իրենց նույնականացնել:

Հետաքրքիր է, որ 2006թ. ամռանն Անգլիկան եկեղեցին նույնիսկ սկսեց ամենայն լրջությամբ քննարկել սուրբ Գեւորգին Մեծ Բրիտանիայի խորհրդանիշի կարգավիճակում սուրբ Ալբանով փոխարինելու հավանականությունը:

Գրեթե նույն պահանջով հանդես եկան Ռուսաստանի մահմեդականների միանգամից մի քանի միությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նիժնի Նովգորոդի մարզի մահմեդականների հոգեւոր խորհրդի փոխնախագահ Դամիր Մուխետդինովը պահանջեց հանել խաչը եւ ուղղափառության այլ նշանները ռուսական պետական զինանշանից, քանի որ այն վիրավորում է մահմեդականներին` հակասելով երկրի աշխարհիկ բնույթին եւ չնպաստելով Ռուսաստանի ժողովուրդների միասնությանը։ Նրան ձայնակցում են շատերը, իսկ Ասիական Ռուսաստանի մահմեդականների հոգեւոր խորհրդի նախագահ Նաֆիգուլլա Աշիրովը ավելի հեռուն է գնում` պահանջելով բոլոր պետական հիմնարկներն ազատել քրիստոնեական խորհրդանիշներից։

Արեւմուտքի պատասխանը

Իսլամական այս ակտիվացումը, բնականաբար, իր համարժեք պատասխանն է ստանում Եվրոպայում: Ավելի հստակ եւ պատճառաբանված սկսեցին ընկալվել այն մարդկանց ձայները, որոնք քննադատում էին արեւմտյան հասարակությանը մահմեդականների «ոչ բավարար ինտեգրումը» եւ եվրոպական հանդուրժողականության ծայրահեղ դրսեւորումները, որոնք հստակորեն օգտագործվում են իսլամիստական բազմաթիվ կազմակերպությունների կողմից:

Հետաքրքիր է, որ իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի հակամարտության առաջին գծում ամենաակտիվ դիրքերը գրավել են հենց քրիստոնեական եկեղեցիների սպասավորները: Այն ժամանակ, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը փորձում էր մեղմել իսլամական աշխարհի վրդովմունքը, որն առաջացել էր իր «ռեգենսբուրգյան ճառից» հետո, Իտալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի առաջնորդ Կամիլլո Ռուինին, ելույթ ունենալով Վերոնայում Ազգային եկեղեցական կոնգրեսի փակման արարողությանը, անհանգստություն հայտնեց «իսլամի կրոնական, սոցիալական եւ քաղաքական վերածնունդի տեմպերով» եւ «համաշխարհային ասպարեզում գլխավոր հերոսներ դառնալու մահմեդականների ձգտմամբ»: Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները շատ կոշտ ձեւով քննադատեցին սեփական կառավարությանը, որը «չպատճառաբանված սոցիալական եւ ֆինանսական առավելություններ է տրամադրում մահմեդականներին»: Իր հերթին Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Մարգոթ Կեսմանը կոչ արեց իսլամադավաններին ինտեգրվել եւ հանդուրժողական լինել արեւմտյան արժեքների նկատմամբ:

Երբ Ստրասբուրգի հանրային սննդի վայրերում քաղաքապետարանի կողմից արգելվեց մատուցել խոզի ապուր, ցույցերի ալիք բարձրացավ. ցուցարարներն այդ որոշումն անվանում էին քաղաքակրթական նահանջ իսլամի առջեւ: Իտալիայում օրենք ընդունվեց, որն արգելում է կանանց քող կրել, գերմանական դպրոցներում պարտադիր հայտարարվեցին տղաների եւ աղջիկների համատեղ լողի դասերը, Իռլանդիայում տեղական քաղաքացիություն ստանալ ցանկացողներին պարտավորեցրին հրաժարվել բազմակնությունից, իսկ Ավստրալիայում մտցվեցին անգլերենի, Ավստրալիայի պատմության եւ մշակույթի իմացության քննություններ։ Մի բարձրաստիճան բելգիական քաղաքական գործիչ չեղյալ հայտարարեց հանդիպումն իրանական պատվիրակության հետ, երբ նրա անդամները, որպես պայման առաջադրեցին սեղանին ոգելից խմիչքներ չդնել:

Որ այս ընդգծված դիրքորոշումը վերաբերում է առաջին հերթին մահմեդականներին, ցույց տվեց այն վրդովմունքը, որով Արեւմուտքն ընդունեց քրիստոնեություն ընդունած աֆղանցու նկատմամբ մահապատժի որոշումը կամ երկու նորզելանդացի լրագրողներին բռնի կերպով իսլամափոխ անելու դեպքը Պաղեստինում, եւ այն անտարբերությունը, որով Արեւմուտքն արձագանքեց մի շարք հնդկական նահանգներում հնդիկների կրոնափոխությունն արգելող օրենքներին:

Հեռանկարներ

Այսպիսով, քաղաքակրթական պայքարն իսլամի եւ Արեւմուտքի միջեւ արդեն իրողություն է: Պարզ է նաեւ, որ «մշակութային պատերազմներն» ընթանում են հիմնականում Արեւմուտքում: Այլ հարց է, թե որ միտումը կգերիշխի ապագայում:

Հետազոտողներից ոմանք, օրինակ, ամերիկացի Մարկ Սթեյնը, իր «Միայնակ Ամերիկա» գրքում կանխագուշակում է, որ Եվրոպան վախճանվելու է, իսկ ԱՄՆ-ը միայնակ է մնալու այս «քաղաքացիական պատերազմում, որի առաջին կրակոցները Մադրիդի եւ Լոնդոնի ահաբեկչական գործողություններն են եւ Թեո վան Գոգի սպանությունն Ամստերդամում»:

Իսկ ըստ տեսաբանների մեկ այլ խմբի, որոնց ներկայացուցիչն է Դենիել Փայփսը, Արեւմուտքի բնակիչների կեցվածքը նմանվում է «աստիճանաբար տաքացվող ջրի մեջ գտնվող գորտի կեցվածքին», երբ նրա մարմնի ջերմաստիճանը հարմարվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանին. գորտը հարմարվում է ջրի տաքացմանը, իսկ երբ այն անտանելի եւ մահացու է դառնում, արդեն ուշ է լինում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր