Թիֆլիսահայությունը Ջավախքի մասին

Հայտնի է այն տեսակետը, որ թիֆլիսահայերը բավական պասիվ, թույլ կազմակերպված և անտարբեր են ջավախահայերի ճակատագրի նկատմամբ։ Դա բացատրվում է նրանով, որ թիֆլիսահայերը, ապրելով բուն մայրաքաղաքում, առավել ինտեգրված են վրացական հասարակության մեջ և հետևողական չեն հայապահպանության խնդիրներում։ Ըստ մեր հետազոտությունների, առկա է շեշտադրված տարբերակում թիֆլիսահայերի և ջավախահայերի միջև՝ հոգեկերտվածքի, մտածելակերպի և վարքագծի առումներով։ Հասարակական ընկալումներում արմատացած են երկու տարբեր կարծրատիպեր. լեռնցու խիզախությամբ օժտված, անզիջում, առավել քաղաքականացված ջավախահայի և զուսպ, հարմարվողական, փոքր-ինչ անտարբեր, ոչ այնքան քաղաքականացված թիֆլիսահայի կերպարները։ Այս տարբերությունները բացատրվում են թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոններով՝ սկսած Ջավախքի լեռնային կլիմայով, Հայաստանին մոտ լինելու պարագայով (ինչով թիֆլիսահայերի կողմից հիմնավորվում է ջավախահայերի խիզախությունը), Ջավախքում առկա խոր սոցիալ-տնտեսական խնդիրներով և այլն։ Համարյա թե չի հնչում այն միտքը, որ ջավախահայերը, վերջին հաշվով, բնակվում են իրենց պատմական Հայրենիքում։ Կարելի է ասել, որ այս գաղափարը չկա թիֆլիսահայերի գիտակցության մեջ։
Ուրվագծենք թիֆլիսահայության կողմից Ջավախքի խնդրի ընկալման մի քանի ընդհանուր և տարածված պատկերացումներ.
- Հաճախ, երբ հարց էր հնչեցվում Ջավախքի մասին, թիֆլիսահայերի պատասխանը հետևյալն էր. «Չէ, ես ապաքաղաքական մարդ եմ, չեմ ուզում խոսել Ջավախքի մասին»։ Այսինքն՝ Ջավախքի հիմնախնդիրն ընկալվում է որպես առավելապես քաղաքական (կամ անհարկի քաղաքականացված) խնդիր, ինչի մասին խոսելը, հատկապես ձայնագրելու պարագայում, ցանկալի չէ, նույնիսկ վտանգավոր է։
- Շատերը ջավախահայերի կողմից խնդիրների բարձրացումը օբյեկտիվ են համարում, այն դիտում են որպես Վրաստանի պետական անհեռատես քաղաքականության արդյունք.
- «Ես կոնֆերենցիային ասացի, «դուք արհեստականորեն կտրեցիք Ջավախեթին ձեզանից, հիմա էլ ասում եք՝ «Ջավախեթին մերը չի»։ Մեր ալիքը ամբողջ Վրաստանով անցնում էր հասնում մինչև Կամչատկա, 1992թ. փոխեցին ալիքը՝ դարձանք Թբիլիսի և 60 կմ շառավիղ։ Դա էլ Ախալքալաք չի հասնում։ Ախալքալաքի բնակիչը ի՞նչ պիտի աներ՝ անտեննաներ դներ ու միացներ ՀՀ հեռուստատեսությո՞ւն, ռադիո՞ և Ռուսաստա՞ն։ Այնտեղի բնակիչը ոչինչ չգիտի Վրաստանի մասին, միայն գիտի, որ Վրաստանի նախագահը Սահակաշվիլին է, իրենք արհեստականորեն կտրեցին իրենցից Ջավախքը, ասացին՝ Հայաստան, Ռուսաստան, վերցրու»։
- «Երբ որ Ջավախքում ցույցեր էին, մենք գնացինք։ Այստեղ ԶԼՄ-ն ասում էին, որ Ջավախքում մարդիկ ավտոմատներով են։ Բայց մենք գնացինք և տեսանք, որ այդպես չի. նրանք ուղղակի չեն ուզում կորցնել իրենց ինքնությունը։ Պետք է նրանց հետ նորմալ խոսել, ասել, որ ձեր հողերն են և դուք այստեղ ապրում եք պատմականորեն։ Այլ ոչ թե այստեղից ապատեղեկատվություն տարածողներ ուղարկել, որպեսզի նրանք էլ մշտապես տարածեն, թե շուտով կգան ՆԱՏՕ-ական և թուրքական զորքեր։ Ով էլ լսի նման արտահայտություններ, միտինգ կանի»։
- «Վրացերենի չիմացությունը ոչ թե հայ ժողովրդի հանցանքն է, այլ պետական քաղաքականության մեղքը»։
- Թիֆլիսահայ միջավայրում ակտիվ շրջանառվում է պատանդի գաղափարը. թիֆլիսահայ իրականության մեջ տարածված է մի տեսակետ, ըստ որի՝ թիֆլիսահայերը ջավախահայերի պատանդն են։ Մեջբերումներ հարցազրույցներից.
- «Ջավախահայերի համար տարբերություն չկա, թե մեզ հետ այստեղ ինչ կկատարվի։ Իրենց ի՞նչ կա, եթե իրենց վրա հարձակվեն՝ նկուղից ավտոմատը կհանեն, իսկ մենք ի՞նչ հանենք՝ շշե՞ր։ Ամեն ինչ Ղարաբաղից սկսվեց։ Ես չեմ ասում, որ Ղարաբաղում չպետք է սկսեին, ես ասում եմ, որ ոչ թե քաոսային ձևով էր պետք սկսել, այլ մեթոդական, գեղեցիկ՝ պետք էր սկզբից հայերին հանել Բաքվից, հետո... Ղարաբաղցիները սկսեցին, իսկ ադրբեջանցիները գազան են, 1905 թիվը հիշեցին։ Իսկ մեզ ոչ միայն 1905թ. կհիշեցնեն, այլև Աբխազիան, Օսիան, Ջավախքը, «Ծովից ծով Հայաստանի» քարտեզները։ Մենք այստեղից չենք հասցնի փախչել։ Այստեղի փախստականները ագահությամբ են նայում Հավլաբարում ու Մետրոստրոյում մեր կառուցած տներին։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորս էլ այստեղ հյուր ենք»։
- Հենց Ջավախքում խառնվում են, ասում ենք՝ «դե թողեք հանգիստ նստենք, էլի»։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ «Թիֆլիսահայությունը՝ որպես ջավախահայության պատանդ» ընկալումը հիմնականում շրջանառվում է առավել կենցաղային մակարդակում։ Այս շրջանակներում նաև անընդունելի են համարում Ջավախքում հայերենը որպես պետական լեզու հռչակելու մասին հնչած կոչերը (այս հարցի շուրջ Վրաստանում ՀՀ դեսպանի հնչեցրած տեսակետը տե՛ս ստորև1)։ Բացի այդ, խիստ քննադատության է ենթարկվում ջավախահայերի շրջանում վրացերենի՝ որպես պետական լեզվի չիմացությունը։
Փոխարենը՝ մի շարք մտավորականներ, քաղաքական գործընթացներին առավել ակտիվ հետևող անհատներ այլ կերպ են ընկալում ստեղծված իրավիճակը. նրանք ջավախահայությունը դիտում են որպես թիֆլիսահայության անվտանգության երաշխիք, որը, որպես այդպիսին, ցավոք, թիֆլիսահայերի կողմից գնահատված ու գիտակցված չէ։ Այսպես.
- «Մենք Վրաստանի համար վտանգավոր ենք, որտև մենք հողի խնդիր ունենք։ Մեկ-մեկ ասում են՝ ջավախահայերը որ ակտիվանում են, մեզ կարող է ճնշեն։ Բայց պարզ չի՝ ո՞վ է զալոժնիկ՝ թիֆլիսահայե՞րը, թե՞ ջավախահայերը։ Հարց է՝ ո՞վ ո՞ւմ է խանգարում կամ օգնում։ Կարող է՞ իրենք են մեր զալոժնիկը, քանի որ մենք այստեղ կանք, մեր անվտանգության մասին մտածելով իրենք շատ չեն ակտիվանում։ Եթե մեզ այստեղ մի քիչ ճնշեն, շատ հնարավոր է, որ Ջավախքը կորցնեն ավտոմատ կերպով» (նշենք, որ մեր զրուցակիցն այն քչերից է, որ հետևում է հայկական մամուլին)։
- «Փառք աստծո, որ Ջավախքի հայերն այդքան տոկուն են։ Քանի կա Ջավախք, մենք էլ այստեղ կանք»։
Այս մոտեցման կողմնակիցները գիտակցում են, որ շնորհիվ ջավախահայության պաշտոնական Թբիլիսին զգուշավոր մոտեցում ունի նաև թիֆլիսահայության նկատմամբ։
Այս մոտեցմանը մենք կարող ենք ավելացնել այն, որ ջավախահայության գործոնը կարևոր դեր է խաղում ոչ միայն Վրաստանի ներքին, այլև արտաքին քաղաքականության մեջ։ Ինչպես նշում է Ա.Այվազյանը, «Ջավախքի հայաբնակության գործոնը, Հայաստանի շահերին նրա բնական հավատարմությունն ու ազգային արմատները Թիֆլիսին զգալի չափով հետ է պահում Թուրքիայի և Ադրբեջանի հետ արդեն ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացնելուց։ Այդ գործոնի բացակայության պարագայում վրացական քաղաքականությունը տարածաշրջանում կընդունի արդեն բացահայտ հակահայկական ուղղվածություն»2։
Այսպիսով, ինչպես երևում է նյութերից, թիֆլիսահայ միջավայրում Ջավախքի հիմնախնդրի ընկալումը բավական աղճատված է, իջեցված կենցաղային մակարդակի, այն շրջանառվում է առանց խնդրի խորքային ըմբռնման և քննարկման։ Դա զարմանալի չէ, քանի որ, ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ3, Ջավախքի խնդրի մասին թիֆլիսահայությունը տեղեկանում է բացառապես վրացական լրատվամիջոցներից։ Այնուամենայնիվ, կարելի է լսել մի քանի սթափ և իրատեսական կարծիքներ նշված խնդրի շուրջ, բայց առավելապես այն անհատների կողմից, որոնք սերտ կապեր ունեն Հայաստանում կամ նրանց համար հասանելի է հայաստանյան մամուլը։
1 «Ինչ վերաբերում է Ջավախքում հայերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելուն, կցանկանայի նշել, որ տվյալ հարցի լուծումը՝ իր ամբողջ հրատապությամբ հանդերձ, մոտակա հեռանկարում նվազ հավանական է: Ներկայումս թերևս կարելի է, օրինակ, բարձրացնել Ջավախքում հայոց լեզվին աշխատանքային կամ գործավարության լեզվի կարգավիճակ տալու հարցը՝ վրացերենի հետ: Նման դեպքում Վրաստանի ղեկավարության համար էլ անհամեմատ ավելի դյուրին կլինի գտնել հայոց լեզվի կարգավիճակի լավագույն տարբերակ», տե՛ս Վրաստանում ՀՀ դեսպան Հ.Սիլվանյան, «Վրաստանում դիվանագիտությանն ավելանում է բարիդրացիության և հարազատության գործոնը», www.azg.am:
2 Այվազյան Ա., Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ կամ Հայաստանի աշխարհաքաղաքական գոյության աքսիոմները, Գլենդել, 2006, էջ 17։
3 Տե՛ս «Գլոբուս - 4»։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ[16.01.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]
- ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[23.06.2009]