Հրանտ Դինքն ու հայոց ազգային հերոսի կերպարը

Սույն թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքը։
Կատարված ողբերգությունն անմիջապես արձագանք գտավ և լայնորեն լուսաբանվեց արևմտյան լրատվամիջոցներում՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ Դա հասկանալի դարձավ սպանության հենց առաջին իսկ օրերից, երբ դեռ դիակը հողին չհանձնած և այդ ցնցումից ուշքի չեկած հասարակությանը հրամցվում էր այն թեզը, թե Հրանտ Դինքի սպանությունը նոր հեռանկարներ և հնարավորություններ է ընձեռում երկու կողմերին (հայերին ու թուրքերին) հաշտվելու և, ամենակարևորը, հայ-թուրքական սահմանը վերաբացելու համար։ Այդ մասին իր ելույթներում շեշտում էր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին՝ իր հրավիրած մամուլի ասուլիսում և անգամ Ազատության հրապարակում հունվարի 23-ին կայացած հանրահավաքում։
Տպավորությունն այն է, որ անհրաժեշտ էր նման մի ողբերգություն, որպեսզի հայությունը հասկանար, որ իր թշնամին ոչ թե թուրք ժողովուրդն է, որը դուրս էր եկել Ստամբուլի փողոցներ և վանկարկում էր «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք», այլ Թուրքիայի կառավարությունն ու փոքրաթիվ թուրք ազգայնամոլները, որ խոչընդոտում են երկրի դեմոկրատացմանն ու ազատ խոսքի արտահայտմանը։
Դեռ պետք է պարզել, թե Ստամբուլի փողոցներ դուրս եկած «հարյուր հազարանոց» երթի մասնակիցների որ մասն էր թուրք։ Չմոռանանք, որ Ստամբուլում ապրում է 50.000 – 70.000 հայ, կան հույներ, հրեաներ, քրդեր, որոնց մի մասն, անկասկած, պիտի այդ օրերին գտնվեր քաղաքի փողոցներում, այս ամենին գումարենք 13.000 ոստիկաններին, որոնք պետք է կարգ պահպանեին թաղման արարողության ընթացքում։ Չենք բացառում, որ այդ բազմության մեջ կային նաև թուրքեր, որոնք հավանաբար տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, ՀԿ-ների, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ կարող էին լինել: Կլինեին նաև որոշ ձախակողմյան ուժեր, որոնք Թուրքիայի ներքաղաքական կյանքում գերակայող դիրքեր, գոնե առայժմ, չեն գրավում։
Մի կողմ թողնելով խնդրի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հետևենք հայ հասարակության ներսում ընթացող գործընթացներին և այդ օրերին իշխող տրամադրություններին հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։
Այսօր ազգային խնդիրների լուծման ուղիների փնտրտուքի ճանապարհին հայ հասարակական-քաղաքական միտքը երկփեղկված է երկու հիմնական մարտավարական ուղղությունների հետևորդների միջև.
- Հակառակորդի հետ բանակցելու և երկխոսության միջոցով տանելի պայմաններ ստեղծել հայության համար, փորձել վերափոխել հակառակորդին, քաղաքակրթել և դարձնել մարդասեր՝ բարձրացնելով նրա ինքնագիտակցությունը։
- Օգտագործել հարմար առիթը հզոր ուժերի ուշադրությունը հայության հիմնախնդիրներին բևեռելու համար, որի արդյունքում վերջիններս ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, և հայերս որոշակի ձեռքբերումներ կունենանք։
Ահա այս երկու հիմնական մտայնություններն են իշխում հայկական լրատվական դաշտում։
Առաջին ուղղության ներկայացուցիչների ձայնն առավել լսելի էր, մանավանդ որ այդ ձայնին միանում էր ամբողջ արևմտյան մամուլը։ Այդ օրերին մեր հեռուստաընկերություններն ուղղակի մեջբերումներ էին անում արևմտյան մամուլի էջերից, որոնցում հիմնական գաղափարն այն էր, որ այս սպանությունը պետք է նպաստի հայ-թուրքական երկխոսությանը, սկիզբ դառնա բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և, ամենակարևորը, հայ-թուրքական սահմանի բացմանը։ Տպավորությունն այն էր, որ տեղի է ունեցել ոչ թե էթնիկ հիմքով մարդասպանություն, այլ առնվազն երկու երկրների առաջնորդների բարձր մակարդակի հանդիպում։
Այս գաղափարական դիրքորոշման հետևորդների ելույթները հիմնականում արտածվում էին այդ օրերին շրջանառվող «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» կարգախոսից, որը ծնունդ առավ Ստամբուլի փողոցներում, այնուհետև սահուն կերպով տեղափոխվեց Հայաստան։
Մի քանի օր շարունակ հայ հասարակությունը, Դինքի թաղման թափորի անընդհատ ցուցադրվող տեսարանի ազդեցության տակ, նորից հույսով լցվեց, թե այսօրվա թուրքերն այլևս այն ցեղասպան թուրքերը չեն, թե նրանք քաղաքակրթվել են, թե մենք պետք է գնանք նրանց ընդառաջ և այլն, և այլն։ Երբ հասարակական-քաղաքական զարգացումներն ակտիվանում են, ակամա մտովի փորձում ենք հիշողության մեջ վերականգնել պատմության այն էջերը, որոնց հետ կարելի է զուգահեռներ անցկացնել և դասեր քաղել (այլապես ինչի՞ համար է պատմությունը)։
Հայ հասարակության ընկալումներում ընթացող գործընթացները, թերևս, հիշեցնում էին 1908 թվականը։ Համիդյան վարչակարգի տապալումից հետո Կ.Պոլսի փողոցներում հայերը, քրդերը, հույները, թուրքերը գրկախառնվում էին, ողջագուրվում, որ վերջապես տապալել են արյունոտ վարչակարգը, որ իշխանության են եկել «նոր» թուրքեր՝ երիտասարդ, քաղաքակիրթ, եվրոպական համալսարաններում ուսանած, և բոլոր ազգային փոքրամասնություններն այլևս կապրեն հաշտ ու խաղաղ, այսօրվա տերմիններով՝ կստեղծեն քաղաքացիական հասարակություն։ Հետո եկավ 1909-ը՝ 30.000 հայերի կոտորածներն Ադանայում, հետո` 1915-ը…
Զավեշտալին այն է, որ այս անգամ մենք պետք է շնորհակալ լինենք հենց թուրք հասարակության ազգայնամոլ հատվածին, որ կարողացավ մի փոքր արթնացնել թաղման թափորի տեսարանի ազդեցության ներքո գտնվող հայ հասարակության բթացած զգոնությունը։ Սպանությունից հետո դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ Թուրքիան միայն Ստամբուլի փողոցներում ազատ խոսքի իրավունքի պաշտպանները չեն, այլ նաև հակահայկական պաստառներով ֆուտբոլային մրցախաղերին հայտնված ազգայնամոլները։ Այժմ արդեն հայ հասարակական-քաղաքական միտքն առաջադրեց այն տեսակետը, որ, թերևս, գործ ունենք երկու տարբեր Թուրքիաների հետ՝ ժողովրդավար և ազգայնամոլ։
Տեսականորեն, երբ քննարկում ենք հասարակության ներսում զսպվածության, երկու հասարակությունների միջև խաղաղ համակեցության ներուժը, նախ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել նշված սոցիումներում միմյանց հանդեպ հանդուրժողականության աստիճանը։ Այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ անհանդուրժողականության աստիճանը բարձր է, ի սկզբանե վտանգված է խաղաղ համակեցության գաղափարը։
Միևնույն ժամանակ, խաղաղ համակեցությունը վտանգավոր է դառնում նաև այն դեպքում, երբ այդ փոխընկալումները համարժեք չեն։
Այսօր արդեն ակնհայտ է, որ Հ.Դինքի սպանությունը թուրք հասարակության ազգայնական հատվածին դարձրել է առավել ագրեսիվ և ազգայնամոլ։ Մինչդեռ հայ հասարակությանը այն բաժանել է երկու հակադիր մասերի. գերակշռող հատվածը դարձել է ավելի հանդուրժող, նրանք կոչ են անում շարունակել Դինքի սկսած գործը և հեղեղել են մամուլը այդ ոգով գրված տարբեր հրապարակումներով, իսկ եթերը՝ հեռուստահաղորդումներով։ Իսկ հայ հասարակական-քաղաքական մտքի ազգայնական հատվածը փորձում է հնարավորինս օգտվել ստեղծված իրավիճակից Ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացման ուղղությամբ։
Այսպես, մինչև Դինքի սպանությունը 2006թ. անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թուրքիան որպես Հայաստանի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր էր համարում հայերի 27.6 %-ը, իսկ Հայաստանը որպես Թուրքիայի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող երկիր համարում էր թուրքերի 20.6%-ը։
Եթե հետևենք այս թվերին, ապա կտեսնենք, որ թուրք հարցվողներն առավել հանդուրժող են հայերի հանդեպ։ Բայց չմոռանանք, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Սփյուռքը (հատկապես Ստամբուլի հայ համայնքը) իրավամբ վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի նկատմամբ, թեկուզ դա լինի Թուրքիան։ Եվ այս տրամաբանությունն ասում է, որ այդ 20.6 % -ը նույնպես ծանրակշիռ թիվ է։
Կասկած չկա, որ սպանությունից հետո Թուրքիայի հանդեպ Արևմուտքի ճնշումները կխորացնեն թուրքական հասարակությունում Հայաստանի և հայերի՝ որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող պետության և ազգի, իմիջը, ինչն իր հերթին հրատապ է դարձնում Թուրքիայում ապրող հայերի անվտանգության խնդիրը։
Անդրադառնանք հայ հասարակական-քաղաքական մտքի երկրորդ ուղղությանը, որի համաձայն՝ պետք է որքան հնարավոր է մեծ աղմուկ հանել այս սպանությունից, որպեսզի աշխարհի հզորները, վերջապես, հասկանան, որ Թուրքիան այն ցեղասպան երկիրն է, որը մինչև այսօր չի ընդունում մարդկության և քաղաքակրթության հանդեպ իր կատարած հանցանքը։
Խոսում ենք այն մասին, որ վերջապես, Արևմուտքը համակվեց մեր խնդիրներով (մասնավորապես, «ԵվրոՆյուզի» հաղորդումից հետո, որը բազմիցս հեռարձակվեց մեր լրատվամիջոցներով) և այլն։ Սա նույնքան վտանգավոր մտայնություն է, որքան և առաջինը։ Մեծ տերությունները Թուրքիայի հետ իրենց հարցերը լուծելուց հետո հաճախ են մոռացել Հայկական հարցը։
Դառնանք Դինքին և նրա ողբերգական ճակատագրին։ Հայտնի է, որ նա իր գործունեությունը դիտարկում էր հանուն Թուրքիայի, այդ երկրի ապագայի ու ժողովրդավարացման և այս ճանապարհի մեջ էր տեսնում հայկական խնդրի լուծումը։ Եվ նա նահատակվեց իր այդ հայացքների (կամ ավելի պարզ ասած՝ մոլորությունների) համար, ինչը ապացույցն է այն բանի, որ նա մոլորված հայ մտավորական էր՝ անօգնական ու մշտապես ներողամիտ, լի քրիստոնեական հույսով ու հավատով։
Հայերիս անընդհատ հետապնդում է այն մտայնությունը, թե մեր պատմական առաքելությունը քաղաքակրթություն տարածելն է, և այդ առաքելության համար մենք անընդհատ պիտի նահատակվենք, թե մենք թուրքերի (նաև ադրբեջանցիների) ժողովրդավարացման վեհ գաղափարի համար պիտի մշտապես զոհաբերենք մեր կյանքը՝ հուսալով, որ մի օր առաջադեմ ու քաղաքակիրթ մարդկությունը կգնահատի ու կփոխհատուցի մեզ այդ կորուստները։
Հիշենք 20-րդ դ. սկզբի թաթար (ադրբեջանցի) առաջնորդ Ահմեդ բեկ Աղաևի խոսքերը. «Հայերը չափազանց առաջադիմելով՝ վազում են արագորեն և երբեք չեն մտածում իրենց հարևան թաթարների մասին։ Այդ հանգամանքը պետք է գիտակցեն իրենք՝ հայերը և աշխատեն քարշ տալ իրենց հետ թաթարներին, և կամ թաթարները պիտի կանգնեցնեն հայերի առաջխաղացումը այնքան ժամանակ, մինչև որ իրենք ևս կը հասնեն հայերին»։ Թե ինչ է նշանակում «կանգնեցնել հայերի առաջխաղացումը», պարզ է բոլորիս։
Ստամբուլի հայ մտավորական Հրանտ Դինքի մահը զգոնության ու սթափության ահազանգ պիտի լինի հայության այն հատվածի համար, որոնք այս օրերին փորձում են համայն հայության համար ազգային հերոսի նոր կերպարներ կերտել:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ[16.01.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]
- ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[23.06.2009]