• am
  • ru
  • en
Версия для печати
15.02.2007

Հրանտ Դինքի սպանությունը և քաղաքական զարգացումները

   

Սարգիս Հարությունյան

Եթե 2006թ. ընթացքում հարավկովկասյան քաղաքականության թիվ 1 հարցը կարելի էր համարել Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող զարգացումները, ապա այս տարի այդ կոչմանն արժանանալու բավական մեծ շանս ունեն հայ-թուրքական հարաբերությունները։ Ինչպես ղարաբաղյան զարգացումների պարագայում էր, ցանկացած լուրջ փոփոխություն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ի վիճակի է իր ազդեցությունն ունենալ ողջ տարածաշրջանի վրա։

Պատահական չէ, որ Հարավային Կովկասում ներկայացված միջազգային ուժի կենտրոններից առնվազն երկուսը ներկայումս տարածաշրջանային իրենց ջանքերը մի մեծ մասով կենտրոնացրել են հայ-թուրքական հարաբերությունների վերափոխման ուղղության վրա։

Վերոհիշյալի համատեքստում ակնհայտ է, որ 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը ոչ միայն առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին, այլև տեղավորվում է տարածաշրջանային զարգացումների հարթությունում։

Նոր միտումներ հայ-թուրքական հարաբերություններում

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, փաստորեն, դարձել է Հայաստանում ընթացող նախընտրական կամպանիայի տարրերից մեկը։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև Թուրքիայում, ուր այս տարվա մայիսին ու նոյեմբերին պետք է կայանան նախագահական ու խորհրդարանական ընտրություններ1։ Սակայն Հայաստանի մասով իրավիճակն առանձնանում է հետևյալ պատճառով.

  • հայտարարվել է, որ հարցը դարձել է հայկական քաղաքական վերնախավի ամենաազդեցիկ ուժերից մեկի արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը, ինչը չկար նախորդ առնվազն ինը տարիների ընթացքում,
  • զարգացումներն այդ ուղղությամբ պետք է դիտարկել Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Երևանի նոր մոտեցման համատեքստում։

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում պաշտոնական Երևանը երկու անգամ հրապարակավ դիմել է Անկարային՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ 2006թ. դեկտեմբերի 22-ին ամերիկյան «The Wall Street Journal»-ում և 2007թ. փետրվարի 1-ին Բրյուսելում հրապարակվող «European Voice»-ում2 լույս տեսան ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հոդվածները, որոնց հիմնական բովանդակությունը երկու երկրների միջև առկա հարաբերությունների նորմալացմանն ուղղված կոչն էր։

Քիչ հավանական է, որ մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ազդեցությամբ առանձնացող գործիչն այդպիսի կարճ ժամանակահատվածում հանդես գար իր համար աննախադեպ և ռիսկային բնույթ ունեցող հրապարակային նման ակցիայով՝ առանց որոշակի չափով հաջողության հասնելու երաշխիքների։

Ոչ պակաս կարևոր է այդ ակցիայի իրականացման մեխանիզմը։ Հայտնի է, որ արևմտյան հեղինակավոր մամուլում հայեցակարգային նյութի հրապարակումը հանդիսանում է հետխորհրդային (ու ոչ միայն) տարբեր երկրների և առաջին հերթին Ռուսաստանի վերնախավի արտաքին քաղաքական կարևոր նախաձեռնությունների ներկայացման մեխանիզմներից մեկը։ Ընդ որում՝ նման կերպ այդ նախաձեռնությունների ներկայացումը ենթադրում է համապատասխան մակարդակ ունեցող արձագանքի ապահովում, այդ թվում՝ արևմտյան վերնախավերի կողմից։ Հայաստանի պարագայում կարելի է ավելացնել, որ այդ նախաձեռնությունը չէր բխում միայն պաշտոնական Երևանից։

Եվ վերջապես, չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ թուրքական լրատվական դաշտը, ընդհանուր առմամբ, դրական արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարի հրապարակային կոչին։ Նկատենք, որ դժվար թե նման դիրքորոշումը խմբագիրների մակարդակով կայացված որոշման արդյունք էր։

Հրանտ Դինքի սպանության արձագանքը տեղեկատվական դաշտում

«Reporters without borders» կազմակերպության տվյալների համաձայն՝ 2006թ. ընթացքում աշխարհում սպանվել են 81 լրագրողներ և 32, այսպես կոչված, մեդիա օգնականներ։

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը միանգամից մեծ տեղ հատկացվեց միջազգային տեղեկատվական դաշտում։ Թեև հայկական ու թուրքական ԶԼՄ-ից բացի դեպքին անդրադարձան նաև եվրոպական, ռուսական ու մերձավորարևելյան բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «Ակոսի» գլխավոր խմբագրի սպանությունը միջազգային լրահոսի գլխավոր նորությունների շարքին դասեցին ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական լրատվամիջոցները։

Առնվազն երեք օր՝ սպանության օրը, հաջորդ օրը՝ հունվարի 20-ին և Հրանտ Դինքի հուղարկավորության օրը՝ հունվարի 23-ին, «Ակոսի» խմբագրի սպանության թեման CNN, BBC ու EuroNews հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների առաջին երեք նյութերից մեկն էր։ Օրինակ, CNN-ի հունվարի 20-ի լրատվական որոշ թողարկումներում Դինքի սպանությանն առնչվող տեսանյութը ոչ միայն թողարկման առաջին նյութն էր՝ առաջ անցնելով իրաքյան թեմայից, այլև Հրանտ Դինքի սպանությանն էին վերաբերվում առաջին երկու նյութերը։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ հատկապես ամերիկյան որոշ ԶԼՄ-ում «Ակոսի» խմբագրի սպանությանն անդրադառնում էին ԱՄՆ հեղինակավոր մեկնաբանները և լրագրողները։

Սակայն միջազգային տեղեկատվական հարթությունում Հրանտ Դինքի սպանության թեման հատկապես առանձնացավ բարձր մակարդակի քաղաքական արձագանքի արդյունքում։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցություններից բացի, սպանությունը դատապարտել ու Դինքի հարազատներին իրենց ցավակցություններն են հղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, ներքին գործերի նախարար և գալիք նախագահական ընտրություններում ֆրանսիական աջերի թեկնածու Նիկոլա Սարկոզին, արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին, Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին արտգործնախարարությունների մակարդակով՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան՝ նաև որպես ներկայումս Եվրամիությունում նախագահող երկիր, Հունաստանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը։

Հունվարի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամ Ջոզեֆ Քրոուլին Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացրեց Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, փետրվարի 1-ին նրա օրինակին հետևեց ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ նմանատիպ բանաձև ներկայացնելով Սենատի քննարկմանը, իսկ փետրվարի 2-ին ԱՄՆ 42 կոնգրեսականներ դեպքը դատապարտող նամակ հղեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Փետրվարի 1-ին Եվրամիության խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց «Ակոսի» գլխավոր խմբագրի հիշատակը։ Ավելի վաղ՝ հունվարի 26-ին, հայտնի էր դարձել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկման է ընդունել Հրանտ Դինքի հայցը, որը վերջինս ներկայացրել էր այն բանից հետո, երբ Թուրքիայում, համաձայն այդ երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի (թրքությանն անպատվելու համար)՝ իրեն դատապարտել էին վեց ամսվա ազատազրկման։

Ներքին զարգացումները Թուրքիայում

Հրանտ Դինքի սպանության առնչությամբ Թուրքիայում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ։

Աչքի զարնեց այն փաստը, որ «Ակոսի» գլխավոր խմբագրի սպանության մեջ մեղադրվող 17-ամյա Օղուն Սամասթի ձերբակալության հետ կապված՝ թուրքական ԶԼՄ-ն սկսեցին տարածել տեղեկություն այն մասին, թե նա կապված է թուրք ազգայնական մի կազմակերպության հետ: Նկատի ունենալով թուրքական առանձնահատկությունները` այդ օրերին նման տեղեկության հայթայթումը և ամենագլխավորը` այդ ծավալով տարածումը դժվար թե տեղի ունենար առանց թուրքական անվտանգության մարմինների մասնակցության և, ինչն էլ ավելի կարևոր է, առանց համապատասխան քաղաքական որոշման կայացման:

Հաջորդ ուշագրավ հանգամանքը հունվարի 23-ին Դինքի թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած բազմահազար3 հանրահավաքն էր և հատկապես «Ես հայ եմ» կարգախոսը՝ հազարավոր մասնակիցների ձեռքերին: Ավելի հավանական է դիտվում այն բացատրությունը, որ նման մասշտաբի միջոցառում չէր կարող տեղի ունենալ առանց պետական աջակցության։

Հունվարի 26-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն պաշտոնազրկեց Տրապիզոնի նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրին և այդ նահանգի ոստիկանության ղեկավար Ռեսաթ Ալթային4: Քիչ հավանական է, որ Աբդուլքադիր Աքսուն ինքնուրույն նման որոշում կայացներ: Հաշվի առնելով այս տարվա մայիսին և նոյեմբերին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունները` դժվար թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը առանց լուրջ պատճառների որոշեր «խառնել իրավիճակը» նահանգներից մեկի վերնախավում:

Եվ վերջապես, փետրվարի 2-ին թուրքական մասնավոր TGRT հեռուստաընկերություններից մեկը եթեր հեռարձակեց մի տեսանյութ, ուր պատկերված էր ձերբակալված Օղուն Սամասթը՝ Թուրքիայի պետական դրոշը ձեռքին և իրավապահների ընկերակցությամբ լուսանկարվելիս։ Փետրվարի 5-ի դրությամբ աշխատանքից արդեն ազատվել էին Սամասթի հետ պատկերված հինգ ոստիկաններ, ևս հինգը տեղափոխվել էին այլ աշխատանքի։ Հաշվի առնելով Թուրքիայում հատկապես հեռուստատեսության նկատմամբ առկա պետական վերահսկողությունը՝ ուշագրավ է, որ Թուրքիայի Սամսուն քաղաքի ոստիկանության հակաահաբեկչական կենտրոնում նկարահանված տեսանյութը հայտնվում է եթերում։

Հետևություններ

Հայ-թուրքական հարաբերությունները վերափոխման շեմին են։ Առնվազն այդ նպատակին են միտված հատկապես վերջին երկու տարիներին տեղի ունեցած զարգացումները։

Այդ տեսանկյունից պետք է դիտարկել դեռևս 2005թ. փետրվարի 19-ին Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերումը5։ Նույն տրամաբանության ներքո են ընկնում նաև հատկապես Էվանսի պաշտոնանկության ֆոնին Միացյալ Նահանգների Սենատի կողմից ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման ձգձգումը6, այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձևի շուրջ ծավալվող տեղեկատվական կամպանիան7 ու ավելի վաղ՝ 2006թ. հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը։ Այդ ամենը նախ և առաջ պետք է ընկալել որպես ճնշում Անկարայի նկատմամբ՝ վերանայելու հայ-թուրքական հարաբերությունները։

Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ ծավալված տեղեկատվական ակտիվությունը հարկ է դիտարկել որպես նույն ռազմավարության բաղկացուցիչ մաս։ «Ակոսի» գլխավոր խմբագրի սպանության առնչությամբ Թուրքիան հայտնվեց, ըստ էության, աննախադեպ միջազգային տեղեկատվական-հոգեբանական ճնշման ներքո, որի համատեքստում արծարծվում էին Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերանայման խնդիրները։

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Անկարայի նկատմամբ միջազգային տեղեկատվական-հոգեբանական ճնշման առումով կիրառվեց նույն տեխնոլոգիան, ինչ անցած տարի հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության և նոյեմբերի 24-ին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում պոլոնիումի իզոտոպի թունավորումից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան կապակցությամբ Մոսկվայի հանդեպ կիրառված տեղեկատվական-հոգեբանական ճնշումն էր։

Թուրքիայի նկատմամբ ընթացող դիվանագիտական-տեղեկատվական ճնշման գործընթացում որոշակի չափաբաժին ունի նաև Հայաստանը։ Մասնավորապես, հարկ է այդ հարթությունում դիտարկել Դինքի սպանության կապակցությամբ պաշտոնական Երևանի ակտիվությունը և ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերոհիշյալ հոդվածները։

Մյուս կողմից՝ կարծես թե ավելի հիմնավոր է դառնում այն տեսակետը, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ամենևին էլ անսպասելի չէին Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած զարգացումները։ Այստեղ հարկավոր է առանձնացնել երկու ասպեկտ.

  • չպետք է բացառել, որ Թուրքիայում «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությանը հետևած հակաազգայնական տեղեկատվական կամպանիան կարող է միտված լինել թուրքական հասարակության հոգեբանական-տեղեկատվական մշակմանը` նպատակ ունենալով բարելավել հայերի ու Հայաստանի իմիջը Թուրքիայում, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ընդառաջ (ինչպես հայտնի է, թուրք ազգայնականությունը նման հեռանկարի սկզբունքային հակառակորդն է)8,
  • Հրանտ Դինքի սպանության հետ կապված զարգացումները Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը, թերևս, օգտագործում է առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններում իր հիմնական հակառակորդի դեմ՝ թուրք քաղաքական վերնախավի աշխարհիկ հատված, որն ունի բանակի աջակցությունը և որի գաղափարախոսական հենքում լրջորեն ներկայացված է թուրք ազգայնականությունը9։

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների ու եվրոպական մի շարք երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող ճնշումը գլխավորապես ունի ռազմավարական մեկ նպատակ՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման միջոցով հասնել Հարավային Կովկասում արևմտյան ազդեցության ընդլայնմանը։ Վերջինս պետք է դիտարկել տարածաշրջանում արևմտյան ռազմաքաղաքական ներկայության ամրապնդման, Կենտրոնական Ասիայից ու Կասպիցից դեպի Եվրոպա ուղղված նավթագազային հոսքերի ապահովման, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կրճատման և վերջապես Իրանի հյուսիսարևմտյան սահմանների երկայնքով հնարավորինս վերահսկելի իրավիճակ ստեղծելու (կապված Իրանի միջուկային խնդրի հետ) համատեքստում։

1 Հատկանշական էր հունվարի 29-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ինքը չի բացառում, որ Հրանտ Դինքի սպանությունը կարող է կապված լինել մայիսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների հետ։

2 «European Voice»-ը պատկանում է բրիտանական ազդեցիկ «The Economist», «Economist Intelligence Unit» և այլ պարբերականներ հրապարակող «The Economist Group»-ին։

3 Որոշ գնահատականների համաձայն, մոտ 100 հազար մարդ էր մասնակցում Հրանտ Դինքի թաղման արարողությանը։

4 Փետրվարի 5-ին նրանց հետևեց Ստամբուլի ոստիկանության հատուկ ծառայության ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի պաշտոնազրկումը։

5 Չնայած տարբեր վարկածներին, քիչ հավանական է, որ տարիներով ԱՄՆ պետքարտուղարության համակարգում աշխատած Էվանսը արտաբերեր «ցեղասպանություն» բառը՝ առանց պաշտոնական Վաշինգտոնի թույլտվության։

6 Եթե 2006թ. աշնանը Հոգլանդի թեկնածությանը հրապարակավ դեմ էր հանդես գալիս միայն սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ապա այսօր արդեն նույն դիրքորոշումն ունեն Սենատում դեմոկրատ մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը և Չարլզ Շումերը։

7 Բազմաթիվ կարծիքների միջից, որոնց համաձայն՝ այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թերևս, պետք է առանձնացնել Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Փերիսի 2007թ. հունվարի 17-ին արած նույնաբովանդակ հայտարարությունը։ Փերիսի հայտարարությունը կարելի է ընկալել ոչ միայն որպես գնահատական, այլև՝ յուրատեսակ մեսիջ պաշտոնական Անկարային։

8 Հակաազգայնական տեղեկատվական կամպանիայից բացի, այդ կարող են վկայել Թուրքիայի կառավարության անդամների հայտարարությունները՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերանայման մասին։ Ի դեպ, եթե Հրանտ Դինքի սպանության հարցը դառնա նաև թուրքական նախընտրական կամպանիաների առարկա, ապա նման իրավիճակը, թերևս, պետք է ընկալել որպես հայ-թուրքական հարաբերությունների վերանայման ուղղությամբ տեղեկատվական լրացուցիչ կամպանիա ծավալելու մտադրություն։

9 Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իսլամիստական ուժերի և բանակի աջակցությունը վայելող աշխարհիկ ուժերի միջև հակասությունները հատկապես սրվեցին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր պետի գալստյամբ։ 2006թ. գարնանն ու ամռանը թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, գեներալ Յաշար Բոյուքանիթը՝ ցամաքային զորքերի հրամանատար եղած ժամանակ, ապօրինի զորաջոկատներ է ստեղծել քուրդ զինյալների դեմ պայքարելու համար։ Գեներալ Յաշար Բոյուքանիթը Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ դարձավ 2006թ. օգոստոսին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր