Թիֆլիսահայ իրականության շուրջ նոր դիտարկումներ

Թիֆլիսահայ իրականության շուրջ արդեն ավանդական դարձած մեր հրապարակումներում շարունակում են գերիշխել խնդրահարույց թեմաները, որոնք ուղղակիորեն (երբեմն՝ անուղղակիորեն) առնչվում են վրաց հասարակության վերաբերմունքին տեղի հայության նկատմամբ1։ Թիֆլիսահայ ներհամայնական կյանքի քննարկումը, որպես կանոն, սահմանափակվում է հենց վրացիների՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի քննարկամբ։ Միևնույն ժամանակ, նվազ ուշադրություն է դարձվում հայերի շրջանում առկա տրամադրություններին, վրացիների կամ տարբեր խմբերի (ըստ սոցիալական կամ ռեգիոնալ բաժանման) հանդեպ ունեցած դիրքավորմանը։ Այնինչ, այս հարցը նույնպես ուշադրության կարիք ունի և շատ խնդիրներում կարող է լույս սփռել ընդհանուր առմամբ նաև հայ-վրացական հարաբերություններին ամբողջովին։
Այս իմաստով է, որ թիֆլիսահայ համայնքը, նրանում տիրող տրամադրություններն ու հոգեբանական մթնոլորտը ինչ-որ տեղ կարող են ծառայել նաև որպես հայ-վրացական միջէթնիկ հարաբերությունների ներկա իրավիճակի ցուցիչ2։
Վերջերս վիրահայության շրջանում տեղի է ունենում երկարատև լճացման և անորոշությունների շրջանից անցում մի փուլի, երբ ձևավորվում է ստեղծված իրավիճակի համարժեք պատկեր։ Այս փուլը բնորոշվում է հստակ խնդիրների ձևակերպմամբ։ Այլ խոսքերով, եթե Վրաստանի անկախության առաջին տասնամյակում վիրահայերն առկա դժվարությունների պատճառները որոնում էին ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների հարթությունում և բացատրում անցումային շրջանին բնորոշ երևույթներով, ապա այսօր պատասխանները հստակ են և տանում են դեպի էթնոքաղաքական հարթություն։
Հետևենք վերջին զարգացումներին։
Վրաստանում արդեն երեք տարի շարունակ Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվում է խաղաղ ցույց՝ 1915թ. Ցեղասպանության ճանաչման պահանջով։ Այն կազմակերպվում է տեղի ակտիվ հայերի ջանքերով, որոնք հիմնականում միավորված են հասարակական կազմակերպությունների շրջանակներում և փորձում են հնարավոր միջոցներով բարձրացնել համայնքում ներքին ակտիվությունը, թուլացնել հոգեբանական ընկճվածությունն ու ազգային խնդիրների հանդեպ տիրող անտարբերությունը. այս վերջին մտահոգիչ երևույթներ, որոնց մասին մենք բազմիցս նշել ենք մեր հրապարակումներում, ցավոք, դարձել են թիֆլիսահայ համայնքի հիմնական ախտանիշները։ Միևնույն ժամանակ, վերջին շրջանի համար հուսադրող է այն փաստը, որ ստեղծված իրադրության հետևանքով առկա վտանգներն արդեն գոնե գիտակցված և ձևակերպված են թիֆլիսահայ որոշակի շրջանակներում։
Համայնքի ներսում (թեպետ թիֆլիսահայ իրականության համար «համայնք» եզրը պետք է կիրառել որոշ վերապահումներով) աստիճանաբար ձևավորվում է երիտասարդության մի փոքր հատված, որը, կարծես թե, պատրաստ է որոշակի ներդրումներ կատարել համայնքի վերազարթոնքի ուղղությամբ։
Այս առիթով, հարկ է նշել, որ այս տարի ապրիլի 24-ի ավանդական միջոցառումներն առավել կազմակերպված են անցկացվել։ Բայց նշանակալին այն է, որ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև խաղաղ ցույցն աննախադեպ էր մասնակիցների թվաքանակով՝ 450-500, ընդ որում՝ խիստ անբարենպաստ եղանակային պայմաններում (նշենք, որ անցած տարի մասնակիցների թիվը չէր գերազանցում 50-70-ը)։
Ինչո՞ւ է մեր կողմից կարևորվում այս փաստը։ Բանն այն է, որ ապրիլի 24-ին ավանդաբար անցկացվող միջոցառումները տեղի են ունենում Ս.Գևորգ եկեղեցում և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան Հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքում, որտեղ ներկա են գտնվում ոչ միայն տեղի հայության ակտիվ ներկայացուցիչները, այլև պետական պաշտոնյաներ, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, համայնքի աչքի ընկնող անդամներ։ Նման միջոցառումները, որպես կանոն, առավել ձևական բնույթ են կրում և հասարակության կողմից ընկալվում են որպես «վերևից» կազմակերպված միջոցառումներ։
Բոլորովին այլ ազդեցություն ունի վերոնշյալ խաղաղ ցույցը, քանի որ այն կազմակերպվում է հասարակականապես ակտիվ երիտասարդների կողմից, և ոչ մի պաշտոնյա, բնականաբար, ներկա չի գտնվում թուրքական դեսպանատան առջև կազմակերպվող խաղաղ ցույցին։ Եվ այս միջոցառումն ուշագրավ է այնքանով, որ կազմակերպված է «ներքևից» և ինքնաբուխ է, նաև մասնակիցները գիտեն, որ այս միջոցառումն այնքան էլ չեն ողջունվում վրացական իշխանությունների կողմից3։ Բացի այդ, նախորդ օրը՝ ապրիլի 23-ին, անցկացվել էր նաև ջահերով բողոքի խաղաղ ցույց՝ «Հիշատակի ու պայքարի հուրը», կրկին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև (կազմակերպվել էր տեղի ՀԿ-ներից մեկի՝ Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի (ՎՀՀԿ) ջանքերով)։
Ակնհայտ է, որ թիֆլիսահայ երիտասարդության (գոնե այն հատվածի, որն ամեն կերպ ձգտում է հավատարիմ մնալ ազգային արմատներին) շրջանում ներկայումս ակտիվացել են ներազգային համախմբող գործընթացները։ Եթե առաջներում ներքին ընդվզումը կրում էր առավել տարերային և հատվածական բնույթ, ապա այսօր արդեն կազմակերպված երիտասարդությունը ոչ միայն կշռադատված ու հետևողական է նույն խնդիրների նկատմամբ, այլև հստակ պատկերացնում է նաև իր ներուժը։ Իրականում այդ ներուժն այնքան էլ հզոր չէ, ավելին՝ այն բավական թույլ է, բայց կա դրա ուժեղացման անհրաժեշտության և նպատակային օգտագործման հստակ գիտակցություն։
Ցավալի է, որ նման հուսադրող ներազգային համախմբման գործընթացներն ընդգրկում են սահմանափակ շրջանակներ (ոչ միայն քանակական, այլև տարիքային իմաստով)։ Խնդիրն այն է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք քիչ թե շատ մտահոգված են համայնքի գոյապահպանման խնդիրներով, կամ միայնակ են գործում, կամ գտնվում են ստվերում, կամ էլ ակտիվություն ցուցաբերելու դեպքում հեռացվում են աշխատանքից։
Նման դեպք տեղի ունեցավ վերջերս Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան Հայկական պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, գրող Ռաֆայել Գրիգորյանի հետ։ Նա հանդգնել էր վրացական հեռուստաալիքով (Ռուսթավի-2) արտահայտել իր համաձայնությունն այն կարծիքին, որ Վրաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր են տեղի ունենում։ Հաջորդ օրը Ռ.Գրիգորյանին կանչում են հարցաքննության Վրաստանի Անվտանգության նախարարության Իսանի-Սամգորի բաժանմունք, ինչի հետևանքով Գրիգորյանը հայտնվում է «խաղից դուրս» իրավիճակում. հայկական թատրոնի հայազգի կոլեկտիվի որոշմամբ հեռացվում է աշխատանքից։
Անշուշտ, բավական ցավալի դեպք է տեղի ունեցել։ Խնդիրը ոչ այնքան վրացական իշխանությունների վարած հակահայկական ներքին քաղաքականությունն է։ Առավել մտահոգիչն այն է, որ նշված դեպքից հետո թիֆլիսահայ համայնքում տեղի որևէ բացահայտ վրդովմունք կամ կազմակերպված ընդվզում տեղի չունեցավ (բացի վերոնշյալ ՀԿ-ից, որը մամլո հաղորդագրություն էր տարածել և դատապարտել արարքը՝ միաժամանակ կոչ անելով վերականգնել Ռ.Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնում)։
Վրաստանի խորհրդարանի հայազգի հինգ պատգամավորներից և ոչ մեկը հանդես չեկավ քննադատությամբ։ Չլսվեց նաև դեսպանի ձայնը։
Ռ.Գրիգորյանի հետ կատարվածը ոչ միայն բացահայտում է Վրաստանում ազատ խոսքի և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցերում տիրող իրավիճակը։ Կատարվածն, անշուշտ, կունենա այլ բացասական հետևանքներ ևս։
Բնական է, որ արդյունքում ավելի կթուլանան պայքարի ոգին, հայկականության պահպանման պատրաստակամությունը, անարդարության դեմ ընդվզելու ցանկությունն ու կարողականությունը համայնքի ներսում։
Մյուս բացասական հետևանքն այն է, որ խնդրին տեղեկացված հայ հասարակությունը հոգեբանորեն կօտարվի հայկական թատրոնից, քանի որ թատրոնի անձնակազմի արարքը միայն հիասթափություն կարող է առաջացնել հայերի շրջանում։
Այսպես. այս ցավալի դեպքը դատապարտող հայ երիտասարդությունն արդեն իր գոհունակությունն է արտահայտել այն փաստից, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը ներկա չի գտնվել հայկական թատրոնի այս տարվա թատերաշրջանի բացմանը (թեպետ պաշտոնապես պարզ չէ, թե ինչու Սրբազանը ներկա չի եղել թատերաշրջանի բացմանը, բայց այստեղ կարևորը երևույթի ընկալումն ու գնահատումն է հասարակության կողմից, այլ ոչ Սրբազանի ներկա չգտնվելու իրական պատճառը)։
Անկասկած, նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ մինչև վերջերս մեր այն հարցին, թե եթե Թիֆլիսում որևէ հայ խնդիր է ունենում, ո՞ւր է գնում, ստանում էինք հետևյալ պատասխանը՝ հայկական թատրոն։
1 Նշենք, որ հայ ուսումնասիրողները, որպես կանոն, նշում են վրացական ընտրանու կամ իշխանությունների դիրքորոշման (քաղաքականության) մասին հայերի հանդեպ, բայց մենք օգտագործում ենք «վրաց հասարակություն» ձևակերպումը։ Պատմական առումով, իրավամբ հայ-վրացական հակասությունները, առավելապես դրսևորվելով Թիֆլիսում, սահմանափակվել են ազգայնական ընտրանու շրջանակներով և չեն ընդգրկել վրաց հասարակությունն ամբողջությամբ։ Բայց վերջին շրջանում մենք նկատում ենք այդ հակասությունների սոցիալական շրջանակների ընդլայնում ևս, որին մենք կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկում։
2 Եթե Ջավախքի խնդրի քննարկումն առավելապես արտահայտում է հայ-վրացական հարաբերությունները քաղաքական ենթատեքստով, ապա Թիֆլիսահայ համայնքի խնդիրը հարուստ նյութ է միջէթնիկ հարաբերությունների քննարկման համար։
3 Նշենք նաև, որ այս տարի ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել նաև Թբիլիսիի քրդական համայնքը, որի ներկայացուցիչները մինչև վերջ կանգնած են եղել դեսպանատան առջև իրենց դրոշներով, ինչպես նաև ռուսներ, վրացիներ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ[16.01.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]
- ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[23.06.2009]