• am
  • ru
  • en
Версия для печати
09.07.2007

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԳՈՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՇՈՒՐՋ

   

Թամարա Վարդանյան

Խնդիրները

Ս.թ. հունիսի 19-20-ը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, համագործակցելով Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի և «Երկիր» միության հետ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպեց «Հայկական համայնքներն արդի փուլում. գոյապահպանություն, հեռանկարներ» գիտագործնական կոնֆերանսը։

Կոնֆերանսի հիմնական նպատակն էր համապարփակ և բազմակողմ տեղեկատվություն հավաքել հայկական համայնքների վերաբերյալ, պարզաբանել տեղերում ընթացող զարգացումները, առաջարկություններ մշակել համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման և Հայրենիքի հետ կապերի հաստատման, համագործակցության նոր մեխանիզմների մշակման, նաև հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության ապահովման վերաբերյալ։

Չնայած այն իրողությանը, որ հայկական համայնքներում հայապահպանության գործն արդիական է ու առաջնային, այնուամենայնիվ, անկախացած Հայաստանում նման հարցադրմամբ կոնֆերանս դեռևս տեղի չէր ունեցել։ Հայկական համայնքներին նվիրված վերջին գիտաժողովը կայացել էր 1987թ.։

Կոնֆերանսի կազմակերպիչները հետապնդում էին հետևյալ խնդիրները.

  1. Կապեր հաստատել համայնքներում աչքի ընկնող հայազգի անհատների հետ։ Պետք է նշել, որ, ինչպես առաջներում, այսօր նույնպես հայապահպան գործառույթներ իրականացնող օղակները համայնքներում ինստիտուցիոնալացված չեն։ Թեև, մի կողմից, միջազգային իրավունքը նոր հնարավորություններ է ընձեռում էթնիկ փոքրամասնությունների շահերի պաշտպանության ոլորտում որոշակի գործունեության ծավալման համար, այնուամենայնիվ, ինչպես հուշում են փաստերը, այդ մեխանիզմները հետխորհրդային տարածքում դեռևս արդյունավետ չեն գործում։ Դրանք հաճախ հանդիպում են պետական կառույցների կողմից հարուցվող անհարկի խոչընդոտների, տեղերում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ծայրահեղ և ոչ կառուցողական ազգայնականության դրսևորումների և այլն։
  2. Համայնքներում շարունակում են գործել ավանդական ազգային կառույցները (եկեղեցի, դպրոց և այլն)։ Իրողությանը ծանոթանալիս՝ աստիճանաբար բացահայտվում է, որ հայապահպան գործառույթները համայնքներում իրականացվում են նախ և առաջ առանձին անհատների անձնվեր ու հետևողական աշխատանքների շնորհիվ։ Այս տեսակետից կարևոր ենք համարում տեղերում ազգային գործի առաջատարների հետ ուղղակի, անմիջական և երկարատև կապերի հաստատումը և, հնարավորության սահմաններում, նրանց հետ հետագա որոշ աշխատանքների կոորդինացումը։
  3. Կապեր հաստատել այլազգի հետազոտողների հետ, որոնք իրենց գիտամանկավարժական կամ վարչական գործունեության շրջանակներում առնչվում են մեզ հուզող խնդիրներին։ Այս խնդրին էր ծառայում երկու բանախոսների՝ Մ.Սավվայի (Կրասնոդարի մարզ) և Վ.Դյատլովի (Իրկուտսկ) հրավիրումը և նրանց ելույթ ունենալու հնարավորության ընձեռումը։ Նշված բանախոսները ոչ միայն տիրապետում են տեղերում ընթացող գործընթացներին, այլև կարող են հետագայում օգտակար լինել նաև ռուսաստանյան պաշտոնական շրջանակներում հայկական տեսակետների և դիրքորոշումների պարզաբանման ու առաջմղման առումներով։
  4. ՀՀ փորձագիտական-վերլուծական, քաղաքական շրջանակներում բարձրաձայնել և ձևակերպել մի խնդիր, որը ենթագիտակցաբար թեև կարևորվում է, սակայն համապատասխան օժանդակման բացակայության պատճառով հետաքրքրություն չի առաջացնում մասնագետների շրջանում, դուրս է մնում նրանց տեսադաշտից։
  5. Հիմքեր ստեղծել այս ուղղությամբ շարունակական աշխատանքային գործընթաց սկսելու և վարելու համար՝ ոչ միայն տեղեկատվության հավաքման և դասակարգման գործունեությունը շարունակելու, այլև խնդիրների արծարծումն առավելագույնս գործնական դաշտ տեղափոխելու ակնկալիքով։ Մեր կողմից կարևորվում է նաև կոնֆերանսում ընդգրկված համայնքների աշխարհագրական սահմանների ընդլայնումը՝ նպատակ ունենալով, որպես երկրորդ քայլ, մեր հետազոտական տիրույթում ներառել մերձավորարևելյան հայկական համայնքների բարդ և հրատապ հիմնախնդիրները նույնպես։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր