• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2007

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

   

Թամարա Վարդանյան

Tamara_Vardanyan (medium)Սփյուռքագիտությունը որպես հետազոտական ուղղություն հիմնված է թե ընդհանրությունների և թե տարբերությունների ուսումնասիրման վրա։ Հաճախ սփյուռքյան իրականությանը (լինի դա հայկական, թե այլ) բնորոշ հարցադրումները նման են իրար և՛ ձևի, և՛ բովանդակության առումներով, քանի որ դրանք արտածվում են նույնատիպ խնդիրներից՝ ինքնության պահպանման, մշակութային ինքնատիպության զարգացման, աճող սերնդի համար ազգային կրթության ապահովման և այլն։ Այսպես, ՌԴ-ի և Վրաստանի հայկական համայնքներում արդեն իսկ նկատելի են որոշ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են նրանց հետխորհրդային արեալի մաս կազմելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ, նշված համայնքներն էլ, անշուշտ, իրենց հերթին տարբերվում են բազմաթիվ այլ չափորոշիչներով։ Դրանք պայմանավորված են սկսած տվյալ համայնքում ազգային ներուժի և կարողականության աստիճանով ընդհուպ մինչև բնակություն հաստատած երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումներով։ Այս ամենը կարևոր նախապայմաններ են, քանի որ ազդում են համայնքի ներսում ընթացող գործընթացների վրա։

Այսպես, հետխորհրդային տարածաշրջանի հայկական համայնքներն ունեն մի շարք ուշագրավ ընդհանրություններ։ Կարելի է նկատել, որ զարգացման որոշ միտումներ ընդհանուր են, բայց և մտահոգիչ։

Դրանք են.

  • Ապրելով նախկին ԽՍՀՄ մաս կազմող տարածաշրջաններում՝ ներքին սփյուռքի1 ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ մինչև մեր օրերը պահպանել են հայրենիքի՝ Հայաստանի հետ մեկ պետականության շրջանակներում գտնվելու հոգեբանական ընկալումը։ Այս ընկալումը չկա, օրինակ, այն համայնքներում, որոնք ձևավորվել են արևմտյան կամ մերձավորարևելյան երկրներում, և ստիպված են եղել ապավինել սեփական ուժերին և ինքնուրույն մշակել ներէթնիկ ինքնակազմակերպման միջոցառումներ։ Այսպիսով, արտաքին սփյուռքում արդեն ձևավորվել են որոշակի մեխանիզմներ՝ քաղաքական կամ այլ կառույցների ձևաչափով, մինչդեռ ներքին սփյուռքում առավել մեծ էր պետության դերը, իսկ «ներքևից» կազմակերպված որևէ միջոցառում տարիներ շարունակ չէր խրախուսվում։
  • Հետխորհրդային տարածքի հայկական համայնքներում հայերը շարունակում են որպես հիմնական մրցակից մնալ տեղացիների ընկալումներում։ Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերի հայկական համայնքների մասին առկա նյութերում պարզ երևում է, որ տեղացիների պատկերացմամբ՝ իրենց հիմնական մրցակիցը հայերն են, հատկապես ռեսուրսների բաշխման և ներքին աշխատաշուկայում դիրքերի ձեռքբերման առումներով։ Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի դեպքում, որտեղ ևս ակնհայտորեն, վրացիների պատկերացմամբ, իրենց հիմնական մրցակիցը հայերն են։ Այսպիսով, տնտեսական առումով հայությունը բավական մրցունակ տարր է, բայց թե ինչպես է այդ իրողությունն անդրադառնում ընդհանուր առմամբ համայնքի ամրապնդման վրա՝ առանձին հարց է և լուրջ հետազոտության կարոտ։ Իսկ հայության շուրջ ձևավորվող անհանդուրժողականության մթնոլորտը, անշուշտ, մեր առջև ծառացած ներկայիս հրատապ խնդիրներից է։ Այն պետք է նաև որպես ձևակերպված խնդիր ընկալվի՝ դառնալով անհետաձգելի մտահոգության առարկա։ Այսօր արդեն կարելի է նկատել, որ ներքին սփյուռքում մեր հայրենակիցները կարող են վերածվել վրացական ազգայնականության և ռուսական շովինիզմի անառողջ դրսևորման հիմնական թիրախի։
  • ՌԴ տարածքի հայկական համայնքների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ համայնքները բազմաշերտ են, քանի որ դրանց ձևավորումն ընթացել է փուլերով։ Վերջին համալրումը եղել է 1990-ականների արտագաղթի արդյունքում. նոր գաղթածները հանդիպել են համայնքի «հին ալիքի» անդամներին, և նրանց միջև որոշակի հարաբերություններ են ձևավորվել։ Մինչխորհրդային և խորհրդային շրջանում այստեղ բնակվող և արտագաղթի վերջին՝ հզոր ալիքի հետևանքով այստեղ հայտնված հայության երկու հատվածների միջև առկա են տարանջատող գործոններ՝ ինքնանույնացման տարբեր բաղադրիչներ, որոնք ենթաէթնիկ են և չեն ընդհանրանում ազգայինի շրջանակներում։ Մյուս կողմից՝ նոր ալիքը նույնպես միատարր չէ. գործում է ինքնանույնացման ենթաբաժանում ըստ նախկին բնակության վայրի՝ ղարաբաղցիների, կիրովաբադցիների, գետաշենցիների, բաքվեցիների, երևանցիների և այլն։ Այսինքն՝ հայկական համայնքներում կղզիացումն ու ներքին տրոհումներն ընթանում են ոչ միայն ժամանակային սկզբունքով (այսինքն՝ ըստ բնակության նոր վայրում հայտնվելու պատմական ժամանակաշրջանի), այլև տարածական-աշխարհագրական (այսինքն՝ թե պատմական Հայաստանի կոնկրետ որ հատվածն է ներկայացնում անհատը)։ Սրանք նոր տարանջատող գործոններ են հայկական համայնքների համար։ Սակայն այս առանձնահատկությունը բնորոշ է առավելապես ՌԴ համայնքներին և նվազ չափով՝ վիրահայությանը, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ից կամ ԼՂՀ-ից Վրաստան արտագաղթի ալիք գրեթե չի նկատվել (գոնե այն քանակով, որը կարող էր որակական նոր երևույթներ առաջացնել)։ Այսպիսով, արտագաղթի վերջին ալիքի հետևանքով ՌԴ հայկական համայնքները կորցրել են միատարրությունը, ձևավորելով նոր՝ ներհամայնական համախմբման և ներքին տարաձայնությունների հաղթահարման խնդիրը։
  • Այսօր լուրջ վտանգ է սպառնում հայեցի կրթությանը։ Նախկինում որոշակի դերակատարություն ունեցող կիրակնօրյա դպրոցներն այսօր կորցրել են իրենց գրավչությունը։ Հետխորհրդային տարածքի պետություններում հատկապես երիտասարդները նախընտրում են հայերենի փոխարեն հաճախել օտար լեզուների և համակարգչային ուսուցման դասընթացներ։ Այն դեպքում, երբ ուծացման գործընթացներն ընթանում են արագ տեմպերով, մայրենի լեզուն օր օրի կորցնում է իր նախկին՝ պատմական հայապահպան գործառույթը։ Այսպիսով, հայոց լեզուն սրընթաց կորցնում է դիրքերը գրեթե բոլոր համայնքներում։
  • Հայ Առաքելական եկեղեցին դեռևս չի կորցրել իր պատմական ազգապահպան առաքելությունը և համայնքներում շարունակում է մնալ ազգային ինքնության հիմնական անկյունաքարը։
  • Ազգային թերթերն ու ամսագրերն ունեն մեկ հիմնական խնդիր՝ կայուն ֆինանսավորման։ Դրանք լույս են տեսնում տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ աղբյուրների ֆինանսավորման իսպառ բացակայության պայմաններում։ Այդ պարբերականները որպես կանոն հազվադեպ են վաճառքի կամ բաժանորդագրության միջոցով ապահովում հրատարակչական ծախսերը (իր ֆինանսական ծախսերը ծածկող սակավաթիվ պարբերականներից է Կրասնոդարի «Երկրամաս» թերթը, որն ունի նաև ինտերնետային կայք)։ Այսպիսով, ֆինանսավորման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ առանձին հայրենասեր անհատների ֆինանսական ներդրումները կամ հաճախ ուղղակի հրատարակչական անձնակազմի անհատույց ջանքերն ու ազգային գործին անհատույց տրամադրած աշխատաժամանակը։
  • Գրեթե բոլոր համայնքներում, թերևս, ամենակարևոր ազգային միջոցառումը Ցեղասպանության հիշատակի օրն է։
  • Վերջին շրջանում նկատվում է Արցախի խնդրի նկատմամբ ՌԴ-ում ապրող հայության ուշադրության նվազում։
  • Որպես ուծացման գործընթացի արագ տեմպերը կասեցնելու առաջին քայլ՝ կարևորվում է այն գործընթացների խթանումը, որոնց արդյունքում կձևավորվեն հայերով խիտ բնակեցված տարածքներ։ Ցաք ու ցրիվ բնակություն հաստատած հայերը ոչ միայն ազգային ինքնության պահպանման առավել լուրջ խնդիր ունեն, այլև ուղղակի անձի անվտանգության։ Իսկ կոմպակտ բնակված հայության առկայությունը, անշուշտ, կնվազեցնի ռիսկերը՝ կձևավորի հայկականության պահպանման և ընդհանուր անվտանգության համեմատաբար բարենպաստ միջավայր։

1 Դեռևս խորհրդային տարիներին կիրառվում էին արտաքին և ներքին սփյուռք եզրերը։ Ներքին սփյուռքը ներառում էր ԽՍՀՄ տարածքի համայնքները, իսկ նրա սահմաններից դուրս գտնվող համայնքներն անվանում էին արտաքին սփյուռք։ Թեպետ այսօր այդ եզրերն այլևս չեն կիրառվում, քանի որ ԽՍՀՄ գոյություն չունի, իսկ ՀՀ-ի համար բոլոր երկրներն էլ արտերկիր են, այնուամենայնիվ, մենք այն կիրառում ենք՝ դրանով իսկ ցույց տալով, որ անցյալի իրողությունները շարունակում են մեծապես ազդել ներկայիս զարգացումների վրա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր