ՀԿ սեկտորը` ժամանակակից գլոբալ քաղաքականության առանցքային դերակատար
Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կամ, ինչպես ընդունված է ասել, 3-րդ սեկտորի դերակատարումն օր օրի շոշափելի է դառնում։ Այդուհանդերձ, հայ իրականության մեջ, հատկապես քաղաքական որոշումների կայացման գործընթացում, դեռևս չկա մշակված մոտեցում, որի նպատակը կլինի ՀԿ-ների միջոցով առաջադրել և գտնել արտաքին և ներքին քաղաքականության հարթությունում առկա խնդիրների հնարավոր լուծումներ։ Մինչդեռ այսօր հենց այս սեկտորին է վերապահված, այսպես կոչված, «փափուկ ուժի» (soft power) կիրառմամբ քաղաքական խնդիրների առաջմղումը, ինչն իրագործվում է «Պետություն – ՀԿ սեկտոր» սերտ համագործակցությամբ՝ կոնկրետ ծրագրերի համատեքստում։
ՀԿ դաշտի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ՀԿ-ները հանդես են գալիս ոչ միայն գլոբալիզացիայի միջնորդի, այսինքն՝ ունիվերսալ արժեքների կրողի, արտահանողի կամ ներմուծողի դերում։ ՀԿ-ները, ունենալով ճկուն ցանցային կառուցվածք, կարևոր դերակատարում ունեն ազգային և այլ քաղաքական խնդիրների գործում։
Նման մոտեցումը նորություն չէ և լայնորեն կիրառվում է արևմտյան (ԱՄՆ, Եվրոպա) երկրների, ինչպես նաև այլ «ուժի կենտրոնների» կողմից1։
Այս մարտավարությունը բավական արդյունավետ է, քանի որ այն, ի տարբերություն միջնադարում կիրառվող քաղաքականության առաջմղման արյունալի ու բռնի մեթոդների, արտաքնապես մարդասիրական բնույթ է կրում և անցկացվում է «զարգացող երկրներին օժանդակության ծրագրերի» խորագրի ներքո։
Փորձենք Լեհաստանի օրինակով ներկայացնել պետության և ՀԿ սեկտորի միջև բավական արդյունավետ և անընդհատ զարգացող համագործակցությունն ու կիրառվող մեխանիզմները։ Այս օրինակն ուշագրավ է նաև այն առումով, որ Լեհաստանը ստանձնել է ոչ միայն Եվրոպայի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ Արևմուտքի ու հետխորհրդային երկրների միջև երկխոսության զարգացմանը նպաստող և առանցքային դերակատարությամբ հանդես եկող երկրի առաքելություն2։ Մեզ համար Լեհաստանի փորձն արժեքավոր է նաև արտերկրում գործող լեհական ՀԿ-ների հետ տարվող աշխատանքների առումով։
Լեհաստանի ՀԿ սեկտորը
2005թ. պաշտոնական տվյալներով՝ Լեհաստանում 3-րդ սեկտորը ներառում է շահույթ չհետապնդող 109 հազար սուբյեկտներ (հասարակական կազմակերպություններ, ֆեդերացիաներ, հիմնադրամներ, արհմիություններ, ծնողական կոմիտեներ և այլն)։
Վերջին շրջանում ակտիվացել են Լեհաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև կապերը թե՛ պետական մակարդակով, թե՛ հատկապես ՀԿ սեկտորի միջոցով։
Այսօր արդեն ակնհայտ է, որ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից (Վարշավյան համաձայնագրի երկրներ) Լեհաստանին տրված է առաքելություն. հետխորհրդային անցումային երկրներում տարածել լեհական հաջողված փորձը՝ ժողովրդավարությանն ու ազատ շուկայական տնտեսությանն այդ երկրների անցումն ապահովելու համար։
Հետաքրքիր է, որ այս առաքելությունն (կամ պետական–քաղաքական պատվերը) իրականացվում է մեծ մասամբ լեհական ՀԿ-ների կամ հիմնադրամների միջոցով, ինչը ձեռնտու է մի քանի առումներով։ Նախ՝ Լեհաստանի 3-րդ սեկտորը (համենայնդեպս այն հատվածը, որը դրամաշնորհներով իրականացնում է այդ ծրագրերը) դառնում է միջնորդ Լեհաստանի կառավարության և այլ երկրներում գործող ՀԿ-ների միջև, ինչը մի կողմից՝ նպաստում է բուն Լեհաստանում 3-րդ սեկտորի զարգացմանը, մյուս կողմից՝ լեհական ՀԿ-ների և հիմնադրամների դիրքերը՝ որպես դոնոր երկրի ներկայացուցիչ, զգալիորեն ամրապնդվում են, և երրորդ՝ Լեհաստանում ձևավորվում է պետականամետ ՀԿ-ների հզոր ցանց։ Այս մարտավարության հաջորդ դրական կողմն այն է, որ պետական սեկտորն իր պարտականությունների մի մեծ հատված, այն է՝ Լեհաստանի իմիջն արտերկրում (հատկապես Լեհաստանին սահմանակից երկրներում) բարձրացնելու, լեհական փորձը տարածելու, արևմտամետ (հաճախ՝ լեհամետ) գործիչներ պատրաստելու և շատ այլ խնդիրների իրականացումը և դրանց հետ կապված ամբողջ վարչարարությունը, դրվում է ՀԿ աշխատակիցների ուսերին։ Բացի այդ, այս ճանապարհով մեծ ֆինանսական հոսքեր են ապահովվում Արևմուտքից Լեհաստան, որոնք շրջանառվում են երկրի ներսում (բանկային փոխանցումներ, աշխատավարձերից գոյացած սոցվճարներ, հյուրանոցային բիզնես և այլն)։
Եթե հետևենք վիճակագրական տվյալներին, կտեսնենք, որ տարեցտարի ավելանում են Լեհաստանի կողմից արտերկրում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի թե՛ քանակը, թե՛ թեմատիկ և աշխարհագրական ընդգրկունությունը, թե՛ հատկացվող գումարների չափը։
Հատկանշական է, որ պետական դրամաշնորհային ֆոնդի զգալի մասն իրականացվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, ինչը փաստում է դրանց քաղաքական ենթատեքստի մասին։
Սակայն Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հիմնականում իրականացնում է համաֆինանսավորում և համագործակցում է այլ դոնորների հետ, որոնց մեջ ամենաակտիվն են Եվրախորհուրդը, Եվրամիությունը, ինչպես նաև ամերիկյան ու կանադական մի շարք հիմնադրամներ։
Միայն արտգործնախարարության կողմից լեհական ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ֆոնդը 2005 թ. համեմատ 2006-ին աճել է մոտ 3 անգամ (2005թ. կազմել է 10.6 մլն զլոտ՝ մոտ $3.5 մլն, իսկ 2006-ին՝ 30 մլն զլոտ՝ մոտ $10 մլն)։
2005թ. Լեհաստանի արտգործնախարարությունը հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնք գերակա են իրենց համար և գտնվում են իրենց հետաքրքրությունների ու շահերի տիրույթում։ Դրանք են Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Վրաստանը, Իրաքը, Աֆղանստանը, Անգոլան, Վիետնամը և Պաղեստինյան ինքնավարությունը։ Նախարարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը լեհական ՀԿ-ների միջոցով ուղղվում են նշված երկրներ՝ դրանցում բարեփոխումներ իրականացնելու համար։
2005թ. դրամաշնորհների առյուծի բաժինը հասել է Ուկրաինային՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացմանն աջակցող ծրագրերի շրջանակներում։ Միայն Լեհաստանի արտգործնախարարության խողովակներով Ուկրաինայում իրականացված ծրագրերի ընդհանուր գումարը 2005թ. կազմել է 7.41 մլն զլոտ (մոտ $2.47 մլն), որը կազմել է ընդհանուր դրամաշնորհային ֆոնդի մոտ 40%-ը։
Ինչպես տեսանք, գերակա երկրների ցանկում Հարավային Կովկասի հանրապետություններից ընդգրկված էր միայն Վրաստանը, որտեղ իրականացվել են 431.882 զլոտ (մոտ $144 հազ.) ընդհանուր արժողությամբ տարբեր ծրագրեր3։
Այդուհանդերձ, 2006-ին այդ ցանկը վերանայվել է, և ավելացել են մի քանի երկրներ՝ ՌԴ, Հայաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները։ 2006-ին կտրուկ աճել է նաև այլ երկրներում օժանդակության ծրագրերով նախատեսված դրամաշնորհային ֆոնդը՝ մոտ 5 անգամ (18 մլն զլոտից հասնելով 85 մլն զլոտի, այսինքն՝ մոտ $29 մլն)։
Ըստ նախնական դիտարկումների, 2007թ. Հարավային Կովկասում (մասնավորապես՝ Հայաստանում) կավելանան իրականացվող ծրագրերի թիվը և գումարային ներդրումները, քանի որ 2006թ. Լեհաստանի արտգործնախարարության համաֆինանսավորմամբ իրականացված մի շարք ծրագրերի շնորհիվ ակտիվացել են լեհական և հայաստանյան ՀԿ-ների փոխշփումները, լեհական մի շարք հիմնադրամներ պատրաստակամություն են հայտնել Հայաստանի ՀԿ-ների միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման, կրթության օժանդակության և այլ ուղղություններով։
Գործունեությունը լեհական համայնքներում
Մեզ համար առավել ուսանելի է Լեհաստանի պետական մակարդակով տարվող քաղաքականությունը լեհական համայնքներում, որը նույնպես իրականացվում է ՀԿ սեկտորի միջոցով։ Լեհաստանի բնակչությունը 38 մլն է, բայց լեհեր ապրում են նաև արտերկրում. տարբեր հաշվարկներով՝ 14-17 մլն։ Լեհաստանը (ինչպես և Հայաստանը) նույնպես արտերկրում ապրող լեհական համայնքներում լեհական ինքնությունը, լեզուն, մշակույթը, ազգային նկարագիրը պահպանելու խնդիր ունի։ Այս խնդրի առաջմղումն իրականացվում է Լեհաստանի սահմաններից դուրս գործող լեհական ՀԿ-ների կոալիցիայի միջոցով։
Այս ծրագիրը («Զագրանիցա Գրուպ») ֆինանսավորվում է «Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամի» կողմից, որը ստեղծվել է ԱՄՆ-ում և որի մշտական նստավայրը 2000-ից Վարշավայում է։ Հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմի մեջ են նշանավոր գործիչներ Զ.Բժեզինսկին, Լեհաստանում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ-ում Լեհաստանի նախկին և ներկա դեսպանները և այլք։ Իր գործունեության ընթացքում հիմնադրամն այս ուղղությամբ իրականացրել է $33 մլն արժողությամբ տարբեր ծրագրեր։ Դրանց հիմնական նպատակն է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության և Լեհաստանից դուրս գործող լեհական ՀԿ-ների միջև փոխհարաբերությունների անընդհատականության ապահովումն ու սերտացումը։ Այս համատեքստում իրականացվում են ակտիվ շփումներ, տեղեկատվության փոխանակում, մշակվում են ընդհանուր դիրքորոշումներ առանցքային հարցերի շուրջ, Լեհաստանի արտգործնախարարության կողմից այդ ՀԿ-ների աշխատանքները որոշակիորեն ուղղորդվում են, այսինքն՝ ծրագիրը հնարավորություն է տալիս Լեհաստանի պետական շահերի մշտական ներկայացվածություն ապահովել այն երկրներում, որտեղ լեհեր են ապրում։ Այս կոալիցիայի անդամ ՀԿ-ները պետք է ընդունեն մի քանի սկզբունքներ և իրենց գործունեության ընթացքում հետևեն դրանց. օրինակ՝ 10-րդ դրույթում նշվում է. կոալիցիայի անդամ ՀԿ-ները պետք է ձգտեն ձևավորել Լեհաստանի դրական իմիջն արտասահմանում և համագործակցեն արտերկրում Լեհաստանի դիվանագիտական պաշտոնյաների հետ։ Այս նպատակների իրագործման համար արտերկրի ՀԿ-ները ստանում են ֆինանսական աջակցություն հիմնականում Լեհաստանի դեսպանատների միջոցով (օրինակ, գործունեության միայն առաջին տարում՝ 2000թ., Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատան դրամաշնորհային ֆոնդը կազմել է ավելի քան $150 հազ.)։
Այսպիսով, կարելի է ասել, որ Լեհաստանն իր պետական շահերի համատեքստում կարողանում է սերտորեն համագործակցել ՀԿ սեկտորի հետ։ Դա հնարավոր է դարձել ոչ միայն շոշափելի ֆինանսական ներդրումների, այլև «Պետություն – ՀԿ սեկտոր» համագործակցության անհրաժեշտության և առավել արդյունավետության խոր գիտակցման ու մշակված ծրագրային մոտեցման շնորհիվ։
1 Օրինակ՝ Ռուսաստանը, որտեղ Վ.Պուտինի վարչակազմը մեծ ուշադրություն է դարձնում այս սեկտորին և տարեցտարի ավելացնում դրամաշնորհային գումարները, ծրագրային-թեմատիկ և աշխարհագրական ընդգրկունությունը։ Այլ հարց է, թե Ռուսաստանում այդ ամենն ինչպես է իրականացվում (առկա են բազմաթիվ խնդիրներ)։ Բանն այն է, որ այս դաշտում չափազանց կարևոր է նաև աշխատանքների կազմակերպման մի շարք սկզբունքներին հավատարիմ մնալը (օբյեկտիվություն, թափանցիկություն, արդարություն և այլն), այլապես հնարավոր է հակառակ էֆեկտ ունենալ։ Բայց Ռուսաստանի օրինակն առանձին քննարկման կարիք ունի և դուրս է այս հոդվածում քննարկվող խնդիրների շրջանակներից։
2 Առավել մանրամասն տե՛ս Government information on Polish foreign policy in 2006 presented at the session of the Sejm on February 15, 2006 by the Minister of Foreign Affairs of the Republic of Poland, Stefan Meller, http://www.mfa.gov.pl/Policy,2155.html
3 Նշենք, որ 2005թ. նախարարության հաշվետվության մեջ հիշատակվում են նաև Հայաստանը (որտեղից կազմակերպվել է լրագրողների ուսուցողական այց Լեհաստան՝ $13 հազ. արժողությամբ ծրագրի շրջանակներում) և Ադրբեջանը (փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ երիտասարդների այցելություն Լեհաստան)։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹԻՖԼԻՍԻ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 5-21-ՐԴ ԴԴ. (համառոտ ակնարկ)[24.10.2014]
- ԹԻՖԼԻՍՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[11.06.2012]
- ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ[16.01.2012]
- ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ[09.06.2011]
- ԹԻՖԼԻՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[11.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ[08.11.2010]
- ԵՐԿԼԵԶՈՒ (ԲԻԼԻՆԳՎԱԼ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ[07.10.2010]
- ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱԷԹՆԻԿ ՀԱՆՐՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[09.06.2010]
- ՎՐԱՑԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ[11.12.2009]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ[03.11.2009]
- ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[23.06.2009]