• am
  • ru
  • en
Версия для печати
07.05.2007

Ցեղասպանությունների ժխտումը եվ դատապարտումը

   

Սուրեն Մանուկյան

Ցեղասպանությունների ժխտման հարցը վերջին շրջանում դարձել է միջազգային քաղաքականության ակտիվ քննարկվող թեմաներից մեկը: Խնդիրը հստակորեն քաղաքականացվեց և մարտավարական նշանակություն ձեռք բերեց, և որոշ պետություններ բարոյական արժեքների վերականգնման միջոցով փորձեցին լուծել շատ իրատեսական խնդիրներ:

Սակայն դրա հետ մեկտեղ քննարկումներն ուրվագծեցին մի կարևոր միտում. խնդիրը դադարում է զուտ տեսական և գիտական քննարկման առարկա լինել և վերածվում է ավելի կենսական ու գործնական բովանդակություն ունեցող հարցի:

Ժխտողների համաժողով

2006թ. դեկտեմբերի 11-12-ին Իրանի ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների ինստիտուտում կազմակերպվեց «Հոլոքոստի ուսումնասիրություն, միջազգային հայացք» գիտաժողովը, որի նպատակն էր հետազոտողների համար սեփական հայացքներն ազատորեն արտահայտելու հնարավորության ստեղծումը: Թեհրանի համաժողովի մասնակից ավելի քան 30 երկրների գիտնականներ կարծիք հայտնեցին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ոչնչացված հրեաների թիվը զգալիորեն ուռճացված է, իսկ համակենտրոնացման ճամբարներում գազախցիկների գոյության հարցը՝ կասկածելի1:

Համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ արեց միջազգային հանրությանը Հոլոքոստի մանրամասն պատմական ուսումնասիրություն անցկացնել, ինչը կնպաստի այս հարցի շուրջ վեճերի դադարեցմանը և «վերջ կդնի Իսրայելի հանցագործություններին»: Ահմադինեժադը, Հոլոքոստը հրապարակայնորեն առասպել անվանելով, այն երկրներին, որոնք մեղքի զգացում ունեն հրեաների զանգվածային ոչնչացման համար, առաջարկել էր իրենց տարածքի մի մասը տրամադրել նոր հրեական պետության ստեղծմանը և դրանով լուծել պաղեստինյան հիմնահարցը2:

Պարզ է, որ Իրանի նման կեցվածքն ունի հստակ հաշվարկված նպատակներ: Սրանով Ահմադինեժադը նախ սադրանքի է ենթարկում Արևմուտքին և հակամարտության պայմաններում, արտաքին վտանգների պարագայում, երկրի հասարակությանը պահում զգոնության մեջ` մոբիլիզացնում այն: Բացի այդ, հակասեմիթականությունը մշտապես բավական դրական ընկալող մահմեդական աշխարհի պայմաններում3 Իրանը փորձում է նաև այդ ճանապարհով ստանձնել այդ աշխարհի առաջնորդի դերը:

Պետք է նշել, որ Իրանն առաջին անգամ չէ, որ օգտագործում է Հոլոքոստի թեման քաղաքական նպատակներով: 2006թ. փետրվարին, ի պատասխան արևմտյան ԶԼՄ-ում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության, Իրանի իշխանությունները նախաձեռնեցին Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ:

Համաժողովը դատապարտման մեծ ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը կոչ արեց Իրանի նախագահին, ցեղասպանության մեղադրանքով, հանձնել միջազգային դատարան՝ նկատի ունենալով Ահմադինեժադի բազմաթիվ արտահայտություններն Իսրայել պետության վերացման անհրաժեշտության մասին:

ՄԱԿ պատասխանը

Հունվարի 26-ին այս հարցին անդրադարձավ նաև ՄԱԿ Գլխավոր ասմաբլեան` ընդունելով Հոլոքոստի, որպես պատմական փաստի, ժխտումը դատապարտող բանաձև4:

Բանաձևը, որը հավանության արժանացավ ՄԱԿ 192 անդամ երկրներից 103-ի կողմից, կազմված է երկու պարբերությունից. առաջինն անվերապահորեն դատապարտում է «Հոլոքոստի ցանկացած ժխտումը», իսկ երկրորդում կոչ է արվում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին «անվերապահորեն բացառել այս պատմական փաստի նկատմամբ բոլոր մասնակի կամ ամբողջական կասկածները, ինչպես նաև այն փորձերը, որոնք նպատակ ունեն ապացուցել, որ Հոլոքոստը միֆ է»5:

Փաստաթղթում ոչ մի երկիր չի հիշատակվում, սակայն դիվանագետներից շատերն ուղղակիորեն նշում էին, որ բանաձևն անմիջականորեն կապված է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գործողությունների հետ:

Իրանական կողմը հրաժարվեց մասնակցել հարցի քննարկումներին՝ այն անվանելով քաղաքական խաղ, սակայն միաժամանակ ՄԱԿ-ում իրանական առաքելության երկրորդ քարտուղար Հոսեյն Ղարաբին իր ելույթում նշեց, որ Իրանը, ինչպես և շատ այլ երկրներ մերժում է ցանկացած ռասայի, էթնիկական կամ կրոնական խմբի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն՝ իբրև մարդկության դեմ իրագործված հանցագործություն:

Ընդհանրապես բանաձևի ամբողջ նպատակը նմանատիպ գործողությունների վտանգավորության ընդգծումն է, ինչը ժամանակակից պայմաններում բավական արդիական է դառնում՝ հաշվի առնելով, օրինակ, սուդանական Դարֆուր երկրամասի դեպքերը, որոնք շատերը հակված են որակել իբրև ցեղասպանություն: Բանաձևը հատուկ հղում է կատարում այն հանգամանքին, որ «Հոլոքոստի սարսափելի իրադարձությունների պատմական փաստի անտեսումն ավելացնում է դրանց կրկնվելու վտանգը»:

Պատահական չէ, որ վերջին տարիներին նման բանաձևեր մի քանի անգամ են ընդունվել: Այսպես, 2005թ. նոյեմբերին ընդունվել էր «Հոլոքոստի հիշատակի մասին» բանաձև, որը ոչ միայն հունվարի 27-ը6 հռչակում էր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր, այլ նաև մերժում էր Հոլոքոստի ժխտումը ցանկացած ձևով՝ լինի ամբողջական թե մասնակի ժխտում:

Բացի հիմնական համամարդկային նպատակից, բանաձևն ունի ևս մեկ հստակ նպատակ: Նոր բանաձևը գրեթե ամբողջությամբ կրկնում է նախորդը, և պարզ է, որ նրա ընդունումը նաև ժամանակին համահունչ քաղաքական ճնշում գործադրելու փորձ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը չունեն պարտադիր ուժ, սակայն բարոյական և խորհրդանշական մեծ նշանակություն ունեն, ինչպես նաև այն, որ բանաձևի հեղինակը հենց ԱՄՆ-ն է:

Եվրոպական բանաձև

Եվրապան այս պարագայում ավելի արմատական գտնվեց: Գերմանիան, որը 2007թ. Եվրամիության նախագահող պետությունն է, հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով Հոլոքոստի, ինչպես նաև վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում և Բալկաններում հակամարտությունների ընթացքում ցեղասպանությունների ու ռազմական հանցագործությունների փաստը ժխտողներին սպասում է երեք տարվա ազատազրկում: Եվրախորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում այն ուժի մեջ կարող է մտնել 2007թ. գարնանը: Այս օրինագիծը հստակ հայտարարում է. «ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն պետք է բոլոր միջոցները ձեռնարկի մարդկության դեմ գործած հանցագործությունների, ցեղասպանությունների կամ ռազմական հանցագործությունների հանրային արդարացման, ժխտման կամ կոպիտ պարզեցման փաստերը պատժելու համար»: Մինչ այդ, Եվրամիության մի քանի երկրներում (Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա) պատժվում էին միայն այն մարդիկ, ովքեր հստակ ժխտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների զանգվածային ոչնչացման, իսկ Ֆրանսիայում՝ նաև Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստերը: Ներկայումս գոյություն ունեցող բոլոր օրենքներով դատավարությունը կարող է իրականացվել միայն այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունը և որտեղ նախատեսված է պատասխանատվություն նմանատիպ իրավախախտման համար: Այսինքն՝ նախկինում օրենքը բավական կոնկրետ էր և դժվար կիրառելի, ինչը չի կարելի ասել նոր ներկայացված նախագծի մասին7:

Նույնիսկ այս առավել նեղ սահմանման պարագայում Եվրոպան կիրառում էր նմանատիպ օրենքներ: Օրինակ՝ բավական հայտնի է բրիտանական գրող Դեյվիդ Իրվինգի գործը, որը Վիեննայում հրապարակային ելույթների ժամանակ հերքել էր նացիստների կողմից գազախցիկների օգտագործման փաստը համակենտրոնացման ճամբարներում: Նա նաև պնդում էր, որ 1938թ. նոյեմբերի 9-ին իրականացված «բյուրեղապակյա գիշերը», որը դրեց Գերմանիայում հրեաների զանգվածային ոչնչացման հիմքը, Հիտլերի կողմից չի նախաձեռնվել, և վերջինս իրականում պաշտպանում էր հրեաներին, այլ ոչ թե բնաջնջում: 2005թ. նոյեմբերին նա ձերբակալվեց և դատապարտվեց երեք տարի ժամկետով8: 2006թ. դեկտեմբերին Իրվինգին վաղաժամկետ ազատ արձակեցին բանտից: Հետաքրքիր է, որ նույնիսկ դրանից հետո էլ նա շարունակեց իր գործելաոճը` ևս մեկ անգամ հայտարարելով իտալական STG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որ չի ժխտում նացիստների կողմից հրեաների ոչնչացումը, բայց համոզված է, որ Օսվենցիմում դա տեղի չի ունեցել և այնտեղ երբեք չեն եղել գազախցիկներ։ Համենայն դեպս, դրանց գոյության մասին ոչ մի հավաստի հիշատակություն չկա9:

Եթե նոր բանաձևն ընդունվի, անկասկած, կունենա ավելի մեծ կիրառություն: Առաջարկվող օրենքում «ցեղասպանություն» տերմինի մեկնաբանությունը շատ է ընդարձակվել: Բացի Հոլոքոստից, այստեղ հիշատակվում են ռազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են աֆրիկյան մայրցամաքում և նախկին Հարավսլավիայի տարածքում քաղաքացիական պատերազմների ու հակամարտությունների ժամանակ:

Բացի այդ, օրենքն ընդունվելու դեպքում կարելի է ազատազրկման ենթարկվել Եվրամիության ամբողջ տարածքում ցեղասպանությունները հրապարակայնորեն ժխտելու համար:

Նախագծի ընդունումը զարմանալիորեն համընկել է ՄԱԿ-ում ընդունված բանաձևի և, բացի այդ, հենց Գերմանիայի ներսում տեղի ունեցող նացիստական շարժումների ուժեղացման ալիքի հետ: Ըստ գերմանական մամուլի՝ Բեռլինի կենտրոնում տեղակայված Հոլոքոստի զոհերի հուշարձանը պարբերաբար անարգվում է նեոնացիստների կողմից, իսկ Հոլոքոստի հիշատակի միջազգային օրվա նախօրեին նրանք այրել էին վերականգնված այն գնացքը, որով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկանց տանում էին համակենտրոնացման ճամբարներ10:

Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ այս նախագիծը ծնվեց հենց Գերմանիայում, որտեղ մինչև այսօր շատ մեծ է հրեական ժողովրդի դեմ գործած հանցագործության հավաքական մեղքի զգացումը:

Խոսքի ազատությո՞ւն, թե՞ պատմական ճշմարտության պահպանում

Պատմական ճշմարտության վերականգնման և պահպանման փորձերը, թվում է, դառնում են եվրոպական հասարակությունների զարգացման կարևորագույն բաղկացուցիչը: Սակայն այս պարագայում այս գործընթացը բախվում է ոչ պակաս հիմնարար մի քանի այլ սկզբունքների հետ, որոնց հետ փոխհարաբերությունների հարցն անհասկանալի և անլուծելի է թվում.

  1. Նախ, անհասկանալի է, թե ինչ չափանիշներով և ինչ աղբյուրներով են իրականացվելու դատավարությունները, եթե այդպիսիք կլինեն: Այսինքն՝ դեռ ձևավորված չէ այն ամբողջ օրենսդրական հիմքը, որը թույլ կտա քննարկումը տեղափոխել իրավական դաշտ:
  2. Պարզ չէ, թե որ ատյանները պետք է իրականացնեն պատմական իրադարձությունների պատմականության փորձաքննությունը: Օրինակ՝ աֆրիկյան և բալկանյան հանցագործությունները մինչև վերջ դեռ ուսումնասիրված չեն և չեն արժանացել միջազգային հանրության գոնե որոշակի միանշանակ գնահատականի:
    Այսպես, նախկին Հարավսլավիայի գործերով Հաագայի միջազգային դատարանը ցեղասպանություն է ճանաչել միայն մահմեդականների զանգվածային սպանությունը Սրեբրինիցա քաղաքի մոտ՝ դրանում մեղադրելով բոսնիական սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչին և բանակի հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչին: Սակայն սերբերը, որոնց մի մասն ուղղակի չի ճանաչում Հաագայի դատարանի օրինականությունը՝ այն դիտելով որպես ԱՄՆ-ի կամակատար, համարում են, որ նույն բնորոշումը կարելի է տալ ալբանական Կոսովոյի ազատագրման բանակի կողմից Կոսովոյում և Մեթոխիայում բնակչության զանգվածային սպանություններին:
  3. Եվ վերջապես, այս օրինագիծն առաջին հայացքից հակասությունների մեջ է մտնում եվրոպական ամենահիմնարար հասկացություններից մեկի` խոսքի ազատության հետ: Պատահական չէ, որ դրան դեմ են հանդես եկել նաև եվրոպական իրավապաշտպանները: Նրանք նաև կարծում են, որ այս օրենքը կարող է որոշակի խոչընդոտ դառնալ պատմաբանների և պատերազմներն ուսումնասիրողների համար, որոնք այլևս չեն կարողանա կասկածի տակ դնել մինչ այդ գիտական բանավեճերի առարկա հանդիսացող փաստեր, օրինակ՝ սպանվածների թիվը: Նրանց խոսքերով, «անհասկանալի է՝ ով է գրելու այսուհետ պատմությունը` մասնագետ պատմաբաննե՞րը, թե՞ դատավորները»:

Հեռանկարներ

Իրականում, սակայն, այս ամենը բոլորովին էլ հակասություն չի ծնում:

1. Նմանատիպ օրենքը, ընդունվելու պարագայում, ինչն այնքան էլ հավանական չի թվում, կարող է խանգարել այն հետազոտողներին, որոնք գիտականության քողի տակ հիմնականում ծրագրված կերպով իրականացնում են ցեղասպանությունների ժխտման քաղաքականություն:

2. Այն վերջապես կհստակեցնի Եվրամիության դիրքորոշումը ցեղասպանությունների հարցի վերաբերյալ, քանի որ մինչև այսօր աչքի է ընկել իր իրարամերժ բնույթով: Օրինակ՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության պարագայում Եվրահանձնաժողովն անհամաձայնություն հայտնեց անցած տարվա աշնանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի ընդունման դեմ։ Սակայն միաժամանակ Եվրախորհրդարանը սեպտեմբերի 28-ին ընդունեց որոշում` պարտադրելով Թուրքիայի իշխանություններին ընդունել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, եթե երկիրը մտադիր է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ:

Վերջապես, նույնիսկ այս բանաձևով Գերմանիան, իր հերթին, փորձում է եթե ոչ ժխտել, ապա գոնե մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, որի մասին ոչ մի հիշատակություն չկա այս օրինագծում, իսկ Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերը նույնպես հաստատեց, որ այն չի հիշատակվելու իր երկրի կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնության մեջ:

3. Վերջապես, Եվրոպայի համար սրբություն համարվող խոսքի ազատությունը չի նշանակում, որ այն կարող է բացարձակացվել և փոխարինվել բացահայտ կեղծիքի և ստի ազատությամբ:

Այսօրվա Եվրոպան այդքան էլ չի գիտակցում ցեղասպանությունների սարսափը և վտանգը: Հոլոքոստի մասին հիշողությունները հետզհետե փոխակերպվում են և դառնում հեռավոր ավանդույթ, պատմական դժվարընկալելի իրողություն և այլևս չեն ընկալվում իբրև հնարավոր իրական վտանգ: Եվ այս պարագայում նմանատիպ բանաձևերն ու օրենքները կարևոր են ապագայում նոր աղետի բացառման տեսակետից:

Պատահական չէ, որ բանաձևի ընդունումը բարձր գնահատեց նաև ՄԱԿ նոր քարտուղար Պակ Գի Մունը, որը հույս հայտնեց, որ հիմնարար սկզբունքները կկատարվեն ոչ միայն խոսքով, այլ նաև գործով11: Նա նշեց, որ եվրոպական հրեականության մասին հիշատակը որոշիչ նշանակություն ունի ապագայում նման իրադարձությունները բացառելու համար, իսկ մարդկության պատմության այդ անվիճելի և ողբերգական էջը կասկածի տակ դնելու բոլոր փորձերն ավելացնում են նրա կրկնության վտանգը:

1 Иран открыл конференцию по Холокосту // http://news.bbc.co.uk/hi/russian/international/newsid_6167000/6167773.stm

2 Iran's Ahmadinejad calls for Jewish state in Europe - Reuters, 08.12.2005.

3 Սրա մասին է վկայում մահմեդական աշխարհում երբեմն նույնանման բովանդակությամբ համաժողովների անցկացումը: Այսպես, վերջինը 2006թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Կահիրեում և կրում էր «Հոլոքոստի առասպելը և պաղեստինցիների ցեղասպանությունը» անվանումը:

4 Генеральная Ассамблея ООН консенсусом одобрила резолюцию, осуждающую любые попытки отрицания Холокоста // www.un.org/russian/news/fullstorynews.asp?newsID=6935

5 daccessdds.un.org/doc/UNDOC/LTD/N07/218/56/PDF/N0721856.pdf?OpenElement

6 Օրն ընտրվել է խորհրդային բանակի կողմից 1945թ. հունվարի 27-ին առաջին և ամենամեծ համակենտրոնացման ճամբարի` Աուշվիցի (Օսվենցիմի) ազատագրման օրվա առիթով։

7 EU plans far-reaching 'genocide denial' law By Bruno Waterfield, 21 февраля 2007 http://www.telegraph.co.uk

8 Austria arrests Irving over Holocaust - Reuters, 17.11.2005.

9 www.fpp.co.uk - Դեյվիդ Իրվինգի պաշտոնական կայքը։

10 Неонацисты запугали власти Германии//MIGnews.com, 30.01.

11 Secretary-General, in message for holocaust victims memorial day, stresses importance of reasserting commitment to human rights// www.un.org/News/Press/docs/2007/sgsm10844.doc.htm


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր