• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2016

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

2015թ. նոյեմբերին Բաքվից 25 կմ հյուսիս ընկած Նարդարան ավանում շիա աստվածաբան Թալեհ Բաղիրզադեի կողմնակիցների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած արյունալի բախումներին հետևած ձերբակալությունները և հատուկ գործողությունները շարունակվեցին գրեթե ամբողջ դեկտեմբերին: Ձերբակալվածների թվում են «Մահմեդական միասնություն» շարժման և Նարդարանի ավագանու խորհրդի անդամներ, խորհրդի նախագահը, Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը և առաջին նախագահի որդին, Azadxeber.net կրոնական ուղղվածության կայքէջի խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարը, իսլամիստներ Գյանջայից և Բարդայի փախստականների ավանից (ընդհանուր թվով հինգ տասնյակից ավելի):

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, գրեթե բոլոր դեպքերում ձերբակալվածների տների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, թմրամիջոցներ և իսլամական արգելված գրականություն:

Ադրբեջանի իշխանությունները չսահմանափակվեցին Նարդարանի շիա բնակչության կրոնական ազատություններն արմատախիլ անելու նպատակով ձեռնարկված հատուկ գործողություններով և անցան ոլորտը կանոնակարգող նորմերը խստացնելու քաղաքականությանը: Ըստ կրոնական կառույցների հետ աշխատանքների պետական կոմիտեի նախագահ Մ.Գուրբանլիի, այսուհետև Նարդարանի մզկիթները պետք է պաշտոնապես գրանցվեն, իսկ այնտեղ կրոնական սպասավորներ նշանակվեն Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) կողմից, որը գտնվում է պետության վերահսկողության տակ1: Ադրբեջանի բոլոր մզկիթներում պետք է տեղադրվեն տեսախցիկներ՝ կրոնական սպասավորների վրա ծայրահեղականների ճնշումները կանխելու նպատակով:

«Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխություններով խստացվում են կրոնական ծայրահեղական գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների համար նախատեսվող պատիժները և կրոնական ծայրահեղականության դեմ անցկացվող հատուկ գործողությունների մասին հասարակությանը տեղեկատվություն հաղորդելու սահմանափակումները:

ԱՀ Միլի մեջլիսի մշտական հանձնաժողովներում շրջանառվող օրինագծերի համաձայն, արգելվում է արտերկրում կրոնական կրթություն ստացած անձանց կողմից իսլամական քարոզչության իրականացումը, խստացվում են անօրինական հավաքների, հանրահավաքների և երթերի կազմակերպման և անցկացման համար նախատեսված պատիժները:

Այսպիսով, վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վերջնականապես ամրագրելով քաղաքական ընդդիմության չեզոքացումը՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան պետական վերահսկողությունից քիչ թե շատ դուրս մնացած կրոնական առանձին օջախների և գործիչների լռեցման քաղաքականությանը: Նարդարանյան բախումների հրահրմամբ և կրոնական ծայրահեղականության դեմ մղվող պայքարի պատրվակով Բաքվի իշխանությունները բռնի ուժի կիրառման և օրենսդրական փոփոխությունների համադրման միջոցով փորձ են անում տոտալ վերահսկողություն հաստատել նաև կրոնական այլախոհության նկատմամբ:

Տնտեսական. Ադրբեջանի տնտեսության անկումն ի վերջո բերեց մանաթի կանխատեսվող փլուզմանը, որն արդեն երկրորդն էր 2015թ. ընթացքում (առաջինը՝ փետրվարին): ԿԲ-ն լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելը հիմնավորեց համաշխարհային տնտեսության երկարատև ճգնաժամով, ինչպես նաև արտարժութային պահուստների պահպանման և միջազգային շուկայում ազգային տնտեսության մրցունակության ապահովման անհրաժեշտությամբ: Ընդամենը երկու ամիս առաջ, սակայն, ԿԲ-ն բացառում էր մանաթի արժեզրկումը և հպարտությամբ նշում, որ ԱՊՀ տարածքում այն ամենակայուն արտարժույթն է: Եվ գրեթե մեկուկես տարի մանաթի փոխարժեքի պահպանման համար արտարժութային պահուստների մեծ մասը մսխելուց հետո ԿԲ-ն գնաց այս քայլին միայն 2016թ. բյուջեն Ի.Ալիևի կողմից հաստատելուց երկու շաբաթ անց: Ակնհայտ է, որ հակառակ դեպքում բյուջեն ԱՄՆ դոլարով արտահայտված կունենար շատ ավելի համեստ տեսք, ինչը որևէ կերպ չէր տեղավորվում «հզոր տնտեսության» մասին պետական քարոզչության տրամաբանության մեջ:

Իհարկե, Ադրբեջանի տնտեսական ճգնաժամի հիմնական «պատասխանատուն» նավթի գների անկումն է2, սակայն չի կարելի թերագնահատել նաև առկա կոռուպցիայի հասցրած վնասները:

Ամերիկյան Global financial integrity ընկերության անցկացրած հետազոտության համաձայն, երկրից կապիտալի անօրինական դուրսբերման ծավալներով Ադրբեջանը 148 զարգացող երկրների թվում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: 2004-2013թթ. ընթացքում Ադրբեջանից տարեկան դուրս է բերվել $9,5 մլրդ:

Transparency International կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը համարվում է պաշտպանական ոլորտում «կոռուպցիոն ռիսկերի շատ բարձր մակարդակ ունեցող երկիր». Ադրբեջանը հայտնվել է E նախավերջին խմբում3:

Տնտեսական ճգնաժամի հետևանքով վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը լքել են ֆրանսիական Geoservices S.A. (ծառայություններ նավթագազային ոլորտում), բրիտանական Amec Process & Energy Limited (էներգետիկ նախագծերի խորհրդատվական, ճարտարագիտական և այլ ծառայություններ), ավստրիական Austrian Airlines, գերմանական DEA Deutsche Erdoel AG (նավթային ոլորտ), ամերիկյան M-İ L.L.C (նավթագազային հանքավայրերի շահագործում) ընկերությունները:

1Վերջին շրջանում քաղաքական և կրոնական ոչ իշխանական գործիչները ԿՄՎ-ին և նրա նախագահ Ա.Փաշազադեին մեղադրում են առաջացած կրոնական խնդիրների մեջ և պահանջում են ընդհանրապես վերացնել այդ կառույցը։

2Նավթի գների անկման հետևանքով 2015թ. 11 ամիսների ընթացքում Ադրբեջանը կորցրել է $10.094 մլրդ։

3Դասակարգումը կատարվել է A-ից (ամենացածր ռիսկեր) մինչև F(ճգնաժամային ռիսկ)։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր