
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
Օգոստոսն այս տարվա կտրվածքով կարելի է աննախադեպ համարել ԱՀ իշխանությունների կողմից ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների ծավալով: Հարվածի տակ էին հիմնականում հայտնվել Ադրբեջանի ազգային ճակատ (ԱԱՃԿ) և «Մուսավաթ» կուսակցությունները, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈւԱԽ), REAL և NIDA քաղաքացիական շարժումները, որոնք հայտնել էին ԱՀ իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների դեմ պայքար սկսելու մասին:
ԱՀ իրավապահ մարմինները տարբեր ժամկետներով և մեղադրանքներով ձերբակալել են ԱԱՃԿ անդամներ Ֆաիգ Ամիրովին (ԱԱՃԿ նախագահի օգնական, «Ազադլիգ» թերթի ֆինանսական տնօրեն, բերման է ենթարկվել մեքենայում «գյուլենական գրականություն հայտնաբերվելուց հետո), Մասուդ Ռզալին, Ֆուադ Ահմեդլիին, Գադիմ Բեքիրովին, Վասիֆ Ֆաթիևին, Իլգար Ռասուլովին, REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիին, ակտիվիստներ Էլշան Հասիմովին, Թորգուլ Իսմաիլին, NIDA-ի անդամներ Էլգիզ Ղահրամանին, Թուրգութ Գամբարին, Իսմի Շահզադեին, Մասուդ Ասքերին, Սամիր Ասադլիին, բլոգերներ Մեհման Հուսեյնովին, Բահթիյար Հաջիևին, լրագրողներ Այնթաջ Ալիևային, Իլգար Վելիևին և այլոց:
Ակնհայտ է, որ ԱՀ իշխանությունների սանձազերծած բռնությունների նոր ալիքը նպատակ ունի հանրաքվեի նախաշեմին լռեցնել քաղաքացիական հասարակությանը:
Քարոզչությանը նախապատրաստվող բոլոր ընդդիմադիր ուժերը ենթարկվել են բռնությունների, որոնց արդյունքում REAL շարժումը դադարեցրել է նշված նպատակով սկսած ստորագրահավաքը: Քարոզարշավին նախորդող շրջանում գրանցված կոպիտ խախտումներն ընդդիմադիր ուժերին թույլ են տվել նախապես ոչ օրինակարգ համարել հանրաքվեն և նրա արդյունքները:
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները լայն արձագանք են ստացել միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպը մտահոգություն է հայտնել ԱՀ-ում ընթացող ձերբակալությունների կապակցությամբ և կոչ արել ազատել բոլոր ձերբակալվածներին, հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները հատկապես սեպտեմբերյան հանրաքվեի նախօրյակին: Պետդեպը միաժամանակ ԱՀ իշխանություններին կոչ է արել համատեղ քննարկման նպատակով սահմանադրական փոփոխությունները ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի միությանը և ԵԱՀԿ-ին, ինչն անտեսվել է պաշտոնական Բաքվի կողմից։
ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը նույնպես փաստում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, հատկապես կրոնական խմբերի նկատմամբ: Նշվում է, որ տեղական դիտորդների կարծիքով՝ քաղաքական շարժառիթներով բանտարկված կրոնական գործիչների թիվը հասնում է 46-ի (2014թ.` 52): Զեկույցն անդրադառնում է նաև Նարդարանի հայտնի դեպքերին, երբ ընդհանուր 14 ձերբակալվածների թվում էր նաև «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թ.Բաղիրզադեն:
Քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ հարցերով դեսպան Ա.Դունկանը, ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Ֆ.Մոգերինիի մամլո ծառայությունը, «Լրագրողներ առանց սահմանի», Amnesty International, Human Rights House Network միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան (կոալիցիայի կազմում հայտարարությունը ստորագրել է 20 կազմակերպություն): Գրեթե բոլոր հայտարարություններում մտահոգություն է հայտնվում քաղաքական շարժառիթներով իրականացված ձերբակալությունների, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումների կապակցությամբ և կոչ է արվում ԱՀ իշխանություններին` հարգել միջազգային կառույցների առջև ստանձնած սեփական պարտավորությունները, անհապաղ ազատ արձակել բոլոր ակտիվիստներին և ապահովել հասարակական կյանքին մասնակցելու, ազատ արտահայտվելու և հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները:
Միաժամանակ, Ադրբեջանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները խորհրդակցություններ են անցկացրել ընդդիմադիր գործիչների հետ՝ հյուրընկալելով «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին, ԱԱՃԿ նախագահ Ա.Քերիմլիին և Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիին:
ԱՀ իշխանությունները, ի դեմս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի, Արևմուտքին և միջազգային կառույցներին մեղադրել են Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ:
Տնտեսական. Մանաթի շարունակվող արժեզրկումը (այն պաշտոնապես հատել է 1,6-ի սահմանը 1 ԱՄՆ դոլարի դիմաց) կրկին խուճապ է առաջացրել երկրի արտարժութային շուկայում: «Respublika», «Атабанк», AFB, Nikoil բանկերն ամբողջությամբ դադարեցրել են ԱՄՆ դոլարի վաճառքը, իսկ մյուսները սահմանափակել են դրա ծավալները ($500 կամ $1000), ինչի արդյունքում կրկին աշխուժացել է արտարժութային սև շուկան: Փորձելով իրավիճակը շտկել ուժային միջոցներով՝ ԱՀ իրավապահ մարմիններն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել արտարժութային շուկայի չգրանցված խաղացողների նկատմամբ։ ԱՀ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հայտարարության համաձայն, ԱՀ Գլխավոր դատախազության և ԱՀ Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի հետ համատեղ իրականացված օպերացիայի արդյունքում սև շուկայից առգրավվել է արտարժույթի անօրինական փոխանակման նպատակներով օգտագործվող 320 հազար մանաթին ($197 հազար) համարժեք դրամային զանգված (մանաթ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի և այլն), հայտնաբերվել է նաև արտարժույթի փոխանակման երեք անօրինական կետ։
Ֆինանսական շուկայի տեղի փորձագետների կանխատեսումների համաձայն, մանաթի արժեզրկումը կշարունակվի՝ տարվա վերջին հասնելով 1 ԱՄՆ դոլար=2 մանաթ փոխարժեքին։ Իսկ ԱՀ ԿԲ-ն հանդես է եկել նման իրավիճակների համար սպասելի հայտարարությամբ՝ հավաստիացնելով, որ մանաթի արժեզրկման մասին լուրերն անհիմն են։ Հարկ է նշել, որ մանաթի վերջին երկու փլուզումներից առաջ ԱՀ ԿԲ-ն բազմիցս վստահեցնում էր, թե մանաթի կայունությանը ոչինչ չի սպառնում։
Երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու նպատակով ԱՀ իշխանությունները նախաձեռնել են լայնածավալ սեփականաշնորհում: Ներկայացված ցանկում կան նաև այնպիսի խոշոր ընկերություններին պատկանող օբյեկտներ, ինչպիսին են Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը (SOCAR), ԱՀ բաշխիչ ցանցերը, Ադրբեջանական ավիաուղիները (AZAL) և այլն:
Լայնածավալ սեփականաշնորհման իրականացման շրջանակներում վաճառքի է հանվել պետական ունեցվածքի 65 միավոր, այդ թվում 25 բաժնետիրական ընկերություն, 2 ոչ բնակելի տարածք, 10 տրանսպորտային միջոց և 28 այլ օբյեկտ:
Տնտեսական իրավիճակի շտկման ուղղությամբ իրականացվող առաջնահերթ քայլերի թվին են պատկանում նաև կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվող բարեփոխումները։ Հարկային օրենսդրությանն առնչվող փոփոխությունները ենթադրում են շահութահարկի և ավելացված արժեքի հարկի իջեցում:
Մեկնաբանելով հարկային քաղաքականությունում արված նոր քայլերը՝ ԱՀ հարկերի նախարարի տեղակալ Ի.Վելիևը նշել է, որ Tax free համակարգի ներդրման արդյունքում 45 երկրներից ժամանած զբոսաշրջիկներին վերադարձվել է 104 հազար մանաթին համարժեք գումար: Ներկայումս այդ համակարգերը գործում են միայն օդանավակայաններում, սակայն նախատեսվում է դրանք հետագայում օգտագործել երկրի բոլոր անցակետերում:
Միջազգային ֆինանսական կառույցներից էժան փողեր ներգրավելու նպատակով Ադրբեջանը դիմել է Ասիական բանկին՝ $200 մլն վարկի խնդրանքով: ԱՀ իշխանություններն ակնկալվող վարկը նախատեսում են ծախսել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման, մասնավորապես՝ Բաքու-Յալամա երկաթուղային հատվածի վերանորոգման, օպերացիոն և բեռնափոխադրող համակարգերի արդիականացման վրա։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանը համաձայն է նույն միջանցքի իրանական հատվածի շինարարության համար բարենպաստ պայմաններով $500 մլն վարկ տրամադրել Իրանին և ավելի բարձր տոկոսադրույքով վարկ ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից:
Ադրբեջանը միջազգային խորհրդատվական McKinsey & Company ընկերությանը ներգրավել է մինչև 2025թ. և հաջորդող տարիներին երկրի տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում։ Նախատեսվում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում պատրաստ կլինեն 2016-2020թթ. տնտեսության զարգացման ռազմավարությունը և միջոցառումների պլանը, մինչ 2025թ. ընկած ժամանակահատվածի համար երկարատև ծրագրի նախագիծը և 2025-ից հետո նպատակների ընդհանրական նախագիծը:
ԱՀ Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2016թ. հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանում արտերկրյա ներդրումները կազմել են 4,9 մլրդ մանաթ ($3 մլրդ)՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 27,1%-ով: Դրանց 88%-ը բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային, Թուրքիային, Մալայզիային, Շվեյցարիային, Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին և Ճապոնիային:
ԱՀ ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում կազմել է 32,1մլրդ մանաթ ($19,7 մլրդ), ինչը 3%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում 31% անկմամբ: ՀՆԱ 65%-ը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին, որն իր հերթին նվազել է 5,4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3340 մանաթ ($2000) նվազելով 4%-ով: Թվերը ԱՄՆ դոլարի վերածելու դեպքում պարզ է դառնում, որ նշված ժամանակահատվածում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափն ավելի քան երկու անգամ պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Միջազգային վարկանիշային Standard & Poor's գործակալությունը վերանայել է Ադրբեջանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումները, որոնց համաձայն 2017թ. սպասվում է ՀՆԱ 0.8% աճ (նախկին կանխատեսումներով՝ 2%), 2018թ.՝ 3% (4%), 2019թ.՝ 4% (4,5%)։ Գործակալությունը 2016թ. համար կանխատեսում է ԱՀ ՀՆԱ 3% կրճատում։
Եթե այս տարվա նշված կանխատեսման վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամը համակարծիք է Standard & Poor's գործակալության հետ, ապա հետագա տարիների մասով այն ավելի վատատեսական է. 2017թ.-1%, 2021թ.-1.8%: ԱՄՀ կանխատեսումների համաձայն, 2016թ. ընթացքում միջին տարեկան արժեզրկումը կկազմի 12,8% (2015թ. հոկտեմբերի կանխատեսումներով նույն ժամանակահատվածի համար սպասվում էր 6,2%)։
Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը նույնպես հաստատում է ԱՀ տնտեսության վերաբերյալ վատատեսական կանխատեսումները, որոնք հիմնականում պայմանավորված են նավթից տնտեսության կախվածության բարձր աստիճանով և թույլ բանկային համակարգով։ Գործակալությունը համարում է, որ հայտարարված բարեփոխումների և բիզնես միջավայրի բարելավման մտադրությունների արդյունավետությունը դեռ պետք է ապացուցել։ Fitch Ratings-ի փորձագետները վատատեսական կանխատեսումները կապում են նաև ԼՂ հակամարտության հետ՝ նշելով, որ ռազմական ռիսկերը չեն նպաստում տնտեսության զարգացմանը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[27.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)[25.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[19.09.2016]