
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական
ԱՀ-ի կողմից հռչակված երբեմնի հավասարակշռված արտաքին քաղաքականության հիմնական վեկտորների փոփոխություններն առավել ակնհայտ են դառնում հատկապես ուժային կենտրոնների նկատմամբ դիրքավորման համեմատական վերլուծության համապատկերում: Մասնավորապես, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացումը հետզհետե ավելի ընդգծված հակադիր համեմատական բնույթ է ստանում: Ռազմատեխնիկական ոլորտում և բազմակողմ ձևաչափերով ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց՝ խորանում են ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները, ամենաբարձր մակարդակով հնչում են մեղադրանքներ պաշտոնական Վաշինգտոնի հասցեին:
Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ թեև արվում են որոշակի քայլեր1, սակայն երկրի ներսում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումները դեռևս լուրջ բացասական ներուժ ունեն Եվրոպայի և Ադրբեջանի միջև լիակատար երկխոսության հաստատման առումով:
Իրանի հետ հետպատժամիջոցային ժամանակահատվածում ձեռք բերված համաձայնությունների իրագործման դանդաղ ընթացքը հետաձգում է դրական սպասումները, իսկ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն երաշխավորում Վրաստանում Ադրբեջանի ազդեցության հետագա աճի համար բարենպաստ պայմաններ:
Ադրբեջան-ԱՄՆ. Այս ամիս ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերին հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության հաղթահարման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմաններ դեռևս չեն ձևավորվել և ներկայումս հակամարտության կարգավորման հեռանկարներ չեն ուրվագծվում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դրան պատրաստ չեն: Այս հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի ԱՀ նախագահ Ի.Ալիևը վերջինիս մեղադրի «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանն աջակցելու» մեջ: Միաժամանակ, Ի.Ալիևը հույս է հայտնել, որ առաջիկայում ամենաբարձր մակարդակով կարվեն համապատասխան շտկումներ, հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը կարող է հայտնվել կասկածի տակ: Ջ.Քերիի հայտարարությունը ժամանակային առումով համընկել է Ի.Ալիևի այն խոստովանությանը, որ պաշտոնական Բաքվի վրա ճնշումներ են իրականացվում ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար: Ի դեպ, ԱՀ նախագահի կողմից ԼՂ կարգավիճակի մասին հրապարակային քննարկումը ողջունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքի կողմից:
Ադրբեջանի կողմից ԱՄՆ իշխանությունների հասցեին մերձիշխանական լրատվամիջոցների միջոցով մեղադրանքներ ներկայացնելու առիթ է հանդիսացել ամերիկյան The National İnterest հանդեսի «Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի» հրապարակումը, որում ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Ա.Բեգլարյանը նշում է C4ISR2 դիտարկման համակարգերով առաջնագիծը համալրելու մասին: Համադրելով ԱՄՆ-ի կողմից ԼՂ հակամարտության կողմերին սահմանափակ քանակով և պաշտպանական բնույթի զինտեխնիկա մատակարարելու մասին Ջ.Ուորլիքի հայտարարությունը և C4ISR համակարգերի հայտնվելը ԼՂՀ ԶՈւ-ում՝ ադրբեջանական լրատվամիջոցը ԱՄՆ-ին մեղադրում է ԼՂՀ-ին նորագույն հետախուզական-մշտադիտարկող համակարգեր վաճառելու մեջ:
Ադրբեջան-ԱՄՆ փոխհարաբերությունների ներկա վիճակին բնորոշ գնահատական է տվել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ԱՄՆ կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացված «Ադրբեջան. նշանակություն ունե՞ն արդյոք մարդու իրավունքները» թեմայով լսումների ընթացքում: Նախկին դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնի և Բաքվի փոխհարաբերությունները չեն կրում ռազմավարական բնույթ: Ըստ նրա՝ պաշտոնական Բաքուն սխալմամբ կարծում է, թե ԱՄՆ-ը ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան հակառակը: Ռազմավարական համագործակցության համար անհրաժեշտ են ընդհանուր արժեքներ, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդ առումով ավելի է հեռացրել կողմերին: Ռ.Կոզլարիչը գտնում է, որ Ադրբեջանի նկատմամբ «խաղաղ դիվանագիտությունը չաշխատեց, պետք է անցում կատարել ակտիվ քաղաքականության»: Դրա տակ ամերիկացի դիվանագետը հասկանում է այնպիսի քայլերի իրագործումը, ինչպիսին են ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հետկանչը և ԱՀ վարչակարգի ներկայացուցիչների ֆինանսական միջոցների սառեցումը:
Դժգոհ լինելով ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների ներկա զարգացման միտումներից և ԱՄՆ նախագահական ընտրություններում կանխատեսելով Հ.Քլինթոնի հաղթանակը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները WikiLeaks կայքի հրապարակումների հիման վրա տարփողում էին ադրբեջանական լոբբիստների կողմից Հ.Քլինթոնի քարոզարշավը ֆինանսավորելու մասին: Ի դեպ, ԱՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մ.Բրայզան գտնում էր, որ Հ.Քլինթոնն ավելի արդյունավետ կլինի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր կապերի կառուցման գործում:
Ադրբեջան-ՌԴ. ԱՀ իշխանությունների` ՌԴ-ին սիրաշահելու վերջին շրջանի քաղաքականության համատեքստում պետք է դիտարկել ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում Ի.Ալիևի ակնարկը հետագայում ԵՏՄ-ին միանալու հնարավորության մասին: Ի.Ալիևը նշել է, որ դրա համար պետք շարժառիթ լինի` տնտեսական, սոցիալական, քաղաքական կամ ցանկացած մեկ ուրիշ բնույթի:
ԵՏՄ-ին միանալու մասին անորոշ հայտարարություններով բավարարվելով հանդերձ՝ Ադրբեջանը զարգացնում է տարածաշրջանային նշանակություն ունեցող տրանսպորտային համագործակցությունը ՌԴ-ի հետ:
Ադրբեջանը և ՌԴ-ն հիմնել են երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնող АзРусТранс ՓԲԸ3 համատեղ ձեռնարկությունը, որի նախագահ Ջ.Գուլիևի հայտարարության համաձայն՝ մոտ ժամանակներս գործարկվելիք Բաքու-Թբիլիս-Կարս և Հյուսիս-Հարավ երկաթուղային նախագծերը թույլ կտան մեծացնել երկաթուղային բեռնափոխադրումները Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի միջև: Առավել հեռանկարային են համարվում հացահատիկի փոխադրումները ՌԴ-Իրան, ՌԴ-Վրաստան և ՌԴ-Թուրքիա ուղղություններով: Մասնավորապես, նորաստեղծ ընկերությունը 2020թ. նախատեսում է Ադրբեջանի տարածքով տարեկան փոխադրել 2 մլն տոննա բեռ:
Տնտեսական համագործակցության խթանման նպատակով Բաքվում անցկացվել է ադրբեջանա-ռուսական VII միջտարածաշրջանային ֆորումը, որին մասնակցել են ՌԴ և ԱՀ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ խորհրդարանների անդամներ, ինչպես նաև արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, խորհրդատվության, բեռնափոխադրումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և ոլորտների գործարարներ: Ֆորումի շրջանակներում քննարկվել են ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տարածաշրջանների և սահմանային համագործակցությանը, հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերին, համատեղ հումանիտար միջավայրի խնդիրներին և հեռանկարներին առնչվող հարցեր:
Ադրբեջան-Վրաստան. Ադրբեջանի և Վրաստանի փոխհարաբերություններին անդրադառնալիս, բացի միջպետական կապերից, պետք է հաշվի առնել նաև Վրաստանում ադրբեջանական տարաբնույթ ազդեցությունը, որի հիմնական բաղադրիչներից են միջազգային համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը, Վրաստանում ադրբեջանական տնտեսական զգալի դերակատարությունը և ադրբեջանական հոծ համայնքը: Բնականաբար, զուգակցելով ազդեցության բոլոր լծակները՝ Ադրբեջանը, առերևույթ չեզոք դիրք գրավելով հանդերձ, չէր կարող ձեռնպահ մնալ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում սեփական թեկնածուներին սատարելուց: Դրա առավել վառ դրսևորումներից էր Մառնեուլի շրջանում մեծամասնական ընտրակարգով ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ադրբեջանցի թեկնածու Ակմամեդ Իմամկուլիևի ստացած բավական մեծաթիվ ձայները մի տարածաշրջանում, որտեղ 25 տարի շարունակ միշտ և անվիճելիորեն հաղթել են իշխանական կուսակցություններն ու թեկնածուները: Այստեղ առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայն է հավաքել, քան իշխանության ներկայացուցիչը: Սա կարող էր հնարավոր լինել առավելապես պաշտոնական Բաքվի ուղղորդման արդյունքում՝ հաշվի առնելով, որ տեղի բնակչությունն ավելի շատ դիտում է Ադրբեջանից սփռվող հեռուստաընկերությունները և հաճախ են նշված տարածաշրջան այցելում ադրբեջանական հատուկ պատվիրակները: Բնականաբար, հնարավորության դեպքում ԱՀ իշխանությունները կցանկանային Վրաստանում կրկին իշխանության ղեկին տեսնել Մ.Սաակաշվիլուն և նրա կուսակցությանը, որի իշխանության տարիներին Վրաստանում ադրբեջանական քաղաքատնտեսական ազդեցությունը բազմապատկվեց: Ի պատիվ Վրաստանի ներկա իշխանությունների՝ հարկ է նշել, որ հաջողվեց կանխել ազգային ակնհայտ նրբերանգներ ունեցող հնարավոր խժդժությունները և խաղաղ պայմաններում անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև «Հայրենասերների ալյանս» ազգայնական կուսակցության հայտնվելը Վրաստանի խորհրդարանում: «Հայրենասերները» հատկապես վտանգավոր են համարում Վրաստանում թուրք-ադրբեջանական աճող ազդեցությունը և նախընտրական պայքարում հանդես են եկել իրավիճակը շտկելու կոչերով:
Միաժամանակ, Ադրբեջանը չի խորշում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Վրաստանին ներքաշելու և վրացական հանրությունում հակահայկական տրամադրություններ հրահրելու փորձերից: Այդ համատեքստում կարելի է դիտարկել «Ղարաբաղի ազատություն» կազմակերպության կողմից Թբիլիսիում ԼՂ հակամարտությանը նվիրված միջոցառման անցկացումը, որի ընթացքում Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի նախագահը հայտարարել է, որ երկրում բնակվող ադրբեջանցիները պատրաստ են անել ամեն հնարավորը Ղարաբաղի ազատագրման համար: «Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Իլգար Ալին և վրացի լրագրող Նինո Շալաբերիձեն նույնպես հանդես են եկել հակահայկական կոչերով՝ ընդգծելով «Հայաստանի դեմ Վրաստանի և Ադրբեջանի համատեղ պայքարելու անհրաժեշտությունը»:
Ադրբեջան-Իրան. ԱՀ նախագահը հաստատել է ս.թ. օգոստոսի 7-ին Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման ոլորտում համագործակցության մասին» և «Էլեկտրոնային անվտանգության ոլորտում համագործակցության մասին» հուշագրերը:
Ադրբեջանն Իրանի հետ հարաբերությունների զարգացման միջոցով փորձում է բարենպաստ պայմաններ ստեղծել նաև Նախիջևանի ԻՀ տնտեսության աշխուժացման համար: Այդպիսի նպատակ է հետապնդում Արաքս գետի վրա իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքներում հէկերի համատեղ կառուցման նախագիծը4, որը, ըստ «Ազերէներջի» ԲԲԸ ղեկավար Է.Փիրվերդիևի, կբարձրացնի Նախիջևանի ԻՀ էներգետիկ կայունությունը և արտահանման հնարավորությունները: Նախիջևանի և Իրանի կապերի զարգացմանը կնպաստի նաև Նախիջան-Թավրիզ-Մեշխեդ երկաթուղային գծի գործարկումը մոտ ժամանակներս, ինչի մասին հայտարարել է ԱՀ-ում ԻԻՀ դեսպան Ջ.Ջահանգիրզադեն:
Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և քաղաքական տարաձայնությունների հարթման միտումների համապատկերում հատկապես ուշագրավ է հնչում ԱՀ Միլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար Եվդա Աբրամովի հայտարարությունն այն մասին, որ 2012թ. Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության գործակալները Կասպից ծովում Իրանից դեպի Ադրբեջան ուղևորվող ահաբեկչական խումբ են չեզոքացրել: Ըստ նրա, նշված խումբը մտադրություն է ունեցել ահաբեկչություններ և զանգվածային սպանություններ իրականացնել Բաքվի Hilton Baku և Marriott հյուրանոցներում: Ըստ Ե.Աբրամովի, Իսրայելի հատուկ ծառայություններն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2015թ. Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի անվտանգության ապահովման գործում:
Ադրբեջան-Պակիստան. Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանը Պակիստանից մոտ $500 մլն-ի ժամանակակից և բարձրտեխնոլոգիական զենքեր է գնելու: Պակիստանն Ադրբեջանի` միջուկային զենք ունեցող ամենամոտ դաշնակիցն է և այն երկու երկրներից մեկը, որը պատրաստ է անվերապահորեն և գործուն կերպով աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Պակիստանը միակ պետությունն էր (նույնիսկ Թուրքիան ձեռնպահ մնաց նման քայլից), որը ՊՆ նախարարի մակարդակով հայտարարեց ԼՂ հակամարտության գոտի զորք ուղարկելու պատրաստակամության մասին: Նախկինում ևս Ադրբեջանը Պակիստանից մեծ քանակությամբ սպառազինություն է գնել, այդ թվում, պակիստանյան լրատվամիջոցների համաձայն, 750 կմ հեռահարությամբ Shahin-1 և դրա արդիականացված Hatf-1 տեսակի հրթիռներ:
Ընդլայնվող ռազմական համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են համատեղ զինավարժությունների և ռազմական արտադրության ծրագրերը: Պակիստանի վարչապետը ձեռնպահ չի մնացել նաև քաղաքական հայտարարություններից՝ նշելով, որ «քաշմիրյան և ԼՂ հարցերում փոխադարձ աջակցությունն ապացուցում է, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են: Պակիստանը կողմնակից է ադրբեջանական հողերի լիակատար ազատագրմանը, հայկական ուժերի դուրսբերմանը և փախստականների վերադարձին»:
1 ԱՀ Միլի մեջլիսը, չեղարկելով 2015թ. սեպտեմբերի 14-ին իր իսկ ընդունած օրինագծի որոշ հոդվածներ, վերականգնել է կապերը Եվրախորհրդարանի հետ:
2 C4ISR-ը դասվում է ապագայի ռազմական համակարգերի շարքին (Future Combat Systems) և թույլ է տալիս վերահսկել հակառակորդի զինուժի շարժը, մշակված է ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերության կողմից:
3 Ադրբեջանական կողմից հանդես է եկել «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն, իսկ ռուսականից`Русагротранс ՓԲԸ-ն:
4 Նշված հէկերի կառուցման մասին հուշագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերին, ինչից հետո Իրանի և ԱՀ խորհրդարանները հաստատել են այն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[27.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)[05.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[19.09.2016]