
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. նոյեմբեր)
Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական։
Ադրբեջանը և ռուս-թուրքական լարվածությունը - Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածության սրընթաց աճն իսկական մարտահրավեր է դարձել ադրբեջանական արտաքին քաղաքականության համար։ Թուրքիայի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով առաջնորդվող երկկողմանի բազմաշերտ հարաբերություններն առաջնային համարելով հանդերձ՝ Ադրբեջանը վերջին ժամանակներս սկսել է առավել մեծ տեղ հատկացնել ռուսական ուղղությանը, և ռուս-թուրքական ներկա հակամարտության պայմաններում հավասարակշռության պահպանումը լրացուցիչ ջանքեր է պահանջելու։
Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով առաջացած իրավիճակում ադրբեջանական փորձագիտական շրջանակները պաշտոնական Բաքվին հիմնականում վերապահում են միջնորդի դեր՝ լարվածությունը թուլացնելու և կողմերին մի սեղանի շուրջ նստեցնելու նպատակով: Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում Ի.Ալիևը հաստատեց միջնորդ դառնալու իր պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է ջանքեր ներդնել ռուս-թուրքական լարվածությունը թուլացնելու նպատակով»: Ադրբեջանը, սպասողական դիրք ընդունելով, փորձում է պահպանել նախկին հարաբերությունները երկու կողմերի հետ, սակայն ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրացման դեպքում դա անելը շատ ավելի դժվար կլինի: Իսկ ադրբեջանական հանրային համակրանքը միանշանակորեն Թուրքիայի կողմն է. համացանցում անցկացված հարցումների համաձայն՝ ադրբեջանցիների 70%-ը հակամարտության մեջ սատարում է Թուրքիային:
Ադրբեջան-Վրաստան - Նոյեմբերի սկզբին կայացավ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի պաշտոնական այցը Թբիլիսի, որի ընթացքում կողմերը ստորագրեցին երկու երկրների միջև հարաբերությունների խորացման մասին հռչակագիրը: Այն ենթադրում է գործընկերային հարաբերությունների զարգացում քաղաքականության, անվտանգության, առևտրի, տնտեսության, բեռնափոխադրումների, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Նախատեսվում է, որ կողմերը շարունակելու են ռազմավարական երկխոսությունը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերում, ամրապնդելու են համագործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՎՈւԱՄ-ի շրջանակներում։ Շեշտվում է Աբխազիայի, «Ցխինվալի տարածաշրջանի» և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուտափույթ կարգավորման կարևորությունը, պաշտպանության, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման և ռազմաքաղաքական հարցերով պարբերական խորհրդատվությունների անցկացման մտադրությունը:
Այս այցն անհրաժեշտ է դիտարկել վերջին շրջանում Վրաստանի կողմից Ռուսաստանից և Իրանից գազի գնման հնարավոր հեռանկարների մասին պաշտոնական հայտարարությունների համատեքստում: Թեև առերևույթ հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում, սակայն որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, կար: Վրաստանի՝ գազային առավել անկախ քաղաքականության նախնական դրսևորումներն անգամ անհանգստություն են առաջացրել Ադրբեջանում, որի մամուլը հեղեղված էր Վրաստանի «անշնորհակալ և ապերախտ» քաղաքականության մասին հրապարակումներով՝ հիմնական թիրախ ընտրելով Բ.Իվանիշվիլուն՝ որպես «Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների ջատագովի»։
Որ երկկողմանի հարաբերությունների ներկա փուլում գազի հետ կապված հարցերն առաջնային են, երևում է նաև պաշտոնական ելույթներում։ Հատկանշական է Ի.Ալիևի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանն ունի գազի մեծ պաշարներ և դեռ 100 տարի կարող է ապահովել գազով ոչ միայն իրեն, այլ նաև հարևաններին և Եվրոպային»։ Սա, ըստ էության, պատասխանն էր Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Քալաձեի այն հայտարարության, թե «Ադրբեջանը հնարավորություն չունի մեծացնել Վրաստան արտահանվող կոմերցիոն գազի ծավալները», որով և հիմնավորվում են Ռուսաստանից գազի գնման շուրջ բանակցությունները: Սրան ի պատասխան՝ Կ.Քալաձեն նշել է, որ «ԱՀ նախագահը նկատի չի ունեցել կոմերցիոն գազը»:
Ադրբեջանա-վրացական գազային համագործակցությանն է անդրադարձել նաև SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը՝ փորձելով միաժամանակ սիրաշահել և զգուշացնել վրացական իշխանություններին ադրբեջանական գազից կախվածության թուլացմանն ուղղված քայլերի դեպքում: Նա նշել է, որ ադրբեջանա-վրացական ռազմավարական համագործակցության արդյունքում գազը վրացի սպառողին երկու անգամ էժան է հասնում, քան Հայաստանում (սա չի համապատասխանում իրականությանը- հեղ.): Մեկնաբանելով ռուսական կամ իրանական գազ գնելու Վրաստանի ցանկությունը՝ Ռ.Աբդուլաևն ասել է. «SOCAR-ը Վրաստանում ունի 100 հատ բենզինի ու դիզվառելիքի և 20 հատ գազի լիցքավորման կայան, որտեղ մենք իրավունք ունենք վաճառք իրականացնել ցանկացած գնով: Ուզում են, թող ռուսական գազ գնեն, տեսնենք այն կարո՞ղ է մրցունակ լինել ադրբեջանականի հետ: Իսկ Իրանից գազ գնելը ընդհանրապես հեքիաթի է նման, քանի որ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունն ընդամենը տարեկան 300 մլն խմ3 է»: Ադրբեջանցի պաշտոնյան ակնարկում է վրացական շուկայում գերիշխող դիրքը պահպանելու համար դեմպինգի կիրառման պատրաստակամության մասին:
Նույն օրերին ադրբեջանական գազի արդյունահանման և արտահանման հարցերի հետ կապված լայնածավալ վերլուծական է հրապարակել ռուսական «Однако» պորտալը: Այն կասկածի տակ է առնում Ադրբեջանի գազի հայտարարվող մեծ ծավալները՝ հղում անելով նաև ԱՀ էներգետիկայի փոխնախարարին (վերջինս անցած ամիս նշել էր, որ Ադրբեջանից մինչ 2040թ. արտահանվող գազն արդեն վաճառված է)։
Այսպիսով, Ի.Ալիևի Վրաստան կատարած այցի արդյունքում գազային համագործակցությանը վերաբերող կոնկրետ պայմանավորվածությունների բացակայությունը խոսում է վրացական գազային քաղաքականության հետագա փոփոխության հնարավորության մասին։
Ի.Ալիևը տեղի ադրբեջանցիների հետ հանդիպման նպատակով այցելեց նաև Վրաստանի Մառնեուլի շրջան (Մառնեուլի շրջանում ադրբեջանական բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 83,1%-ը)՝ դրանով իսկ կարևորելով Վրաստանի ադրբեջանական համայնքը որպես պաշտոնական Թբիլիսիի նկատմամբ լրացուցիչ ազդեցության ևս մեկ լծակ։
Ադրբեջան-Իրան - Ադրբեջանի և Իրանի փոխհարաբերություններում փորձաքար են հանդիսանում Իրանի մեծաթիվ ադրբեջանական համայնքի հետ կապված խնդիրները, որոնք պարբերաբար առաջին պլան են մղվում: Անկախ սահմանի երկու կողմում ապրող ադրբեջանցի կոչվող էթնոսի ծագումնաբանական ընդհանրությունների մասին բազմաթիվ իրարամերժ կարծիքներից՝ իրենց որպես մեկ ազգ ինքնանույնականացնողների թիվը հասնում է միլիոնների: 1990թ. Իրանում Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման ստեղծմամբ օրակարգ մտած «ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցի» պարբերական սրացումների համար երբեմն բավական է լինում փոքր կայծը։ Այս անգամ այդպիսի առիթ հանդիսացավ Իրանի պետական IRIB հեռուստաընկերության «Fitileh» հեռուստահաղորդման ընթացքում ադրբեջանցիների ազգային ինքնասիրությունը վիրավորող հետևյալ արտահայտությունը. «...ադրբեջանցի երեխաներից և նրանց բերանից միշտ վատ հոտ է գալիս, քանի որ նրանք անընդհատ շփոթում են ատամի և զուգարանի խոզանակները»: Սրան հաջորդեցին բազմահազարանոց բողոքի ակցիաներ Իրանի ադրբեջանաբնակ մի շարք քաղաքներում, իսկ իրավապահների կողմից Ուրմիայի հանրահավաքի ցրման ընթացքում զոհվեց մեկ ցուցարար: Բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև արտերկրում Իրանի դեսպանությունների մոտ, այդ թվում նաև Բաքվում: Սակայն այս անգամ խնդիրը հաջողվեց արագ հարթել նաև այն պատճառով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանի ներքաղաքական խնդիրները մշտապես շահարկող այլ դերակատարներ շահագրգռված չէին տարածաշրջանի առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակին ևս մեկ օջախ ավելացնելու հարցում։
Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում մեծ տեղ է գրավում նաև տնտեսական բաղադրիչը, մասնավորապես՝ համագործակցությունն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնանք նոյեմբերին դրանց հետ կապված ուշագրավ որոշ զարգացումների։
Բաքվում էր գտնվում Իրանի Գիլյան տարածաշրջանի ղեկավար Մ.Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է ԱՀ տրանսպորտի նախարար Զ.Մամեդովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հետ կապված երկկողմանի աշխատանքները, ինչպես նաև Բաքվում միջազգային նավահանգստի կառուցումը, որը կմեծացնի Կասպից ծովի դերը երկկողմանի բեռնափոխադրումների իրականացման գործում։
Ըստ ԱՀ էներգետիկայի նախարար Ն.Ալիևի, Իրանը հետաքրքրված է սեփական էներգապաշարները միջազգային շուկա հանելու համար Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործմամբ: Այս հարցում շահագրգռվածություն է հայտնել նաև ՌԴ էներգետիկայի նախարար Ա.Նովակը, որն առաջարկել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հետ միավորման հարցերը քննարկելու համար վերականգնել եռակողմ հանձնաժողովի աշխատանքները:
Իրանական Iribnews հեռուստաընկերության կայքի համաձայն, Իրանի և Ադրբեջանի առևտրային կապերը զարգացնելու նպատակով, նախատեսվում է նոր կամուրջ կառուցել Ասլանդյուզ-Հորադիզ հսկիչ անցագրային կետում: Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցումը կկրճատի Իրանից Վրաստան ճանապարհը:
Ադրբեջան-Եվրոպա - ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառելու համար ս.թ. նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձևերի նախագծերին: Երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ և ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Այսպիսի բանաձևերի ծագումնաբանությունն անուղղակիորեն պարզաբանել է Նիդերլանդներում ԱՀ դեսպանության նախկին կցորդ Նահիդ Ջաֆարովը, որը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է վերադառնալ Բաքու: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վերջինս բացահայտել է Ա.Մամեդովի (ԵՄ-ում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նախկին դեսպան) պաշտոնանկության իրական պատճառը, այն է՝ նրա կողմից ԱՀ ԱԳՆ դիվանագետների հասցեին բազմիցս հնչեցված քննադատությունները ընդունող երկրների ներկայացուցիչներին կաշառելու համար: Ն.Ջաֆարովը պնդում է, որ Եվրոպայում ադրբեջանցի դիվանագետներին նայում են որպես գործարարների, իսկ դիվանագետների աշխատանքը դժվարացնում են ԱՀ-ում մարդու իրավունքների կոպիտ խախտումները (ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ներկայումս գոյություն ունի 79 քաղբանտարկյալ):
Դիվանագետների՝ հայրենիք վերադառնալուց հրաժարվելու հաճախակիացած դեպքերին Բաքվում արձագանքել են Ադրբեջանի «Դիվանագիտական ծառայության մասին օրենքում» արված փոփոխություններով, որոնցով խստացվում են ծառայողական պարտականությունների խախտումների կամ դիվանագիտական գործունեության հետ անհամատեղելի գործողությունների համար նախկինում սահմանված պատիժները: Փաստաթղթի ընդունումից հետո ԱՀ նախագահն արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանից զրկել է Արիֆ Մամեդովին, հետ են կանչվել Արգենտինայում, Պարագվայում, Բոլիվիայում, Չիլիում, Ուրուգվայում (նշված երկրներում ԱՀ-ը ներկայացված է մեկ դեսպանով), ԱՄԷ-ում, Էստոնիայում, Թուրքմենստանում, Ղազախստանում Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև Ստամբուլում ԱՀ գլխավոր հյուպատոսը, որը միաժամանակ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ԱՀ մշտական ներկայացուցիչն է:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[27.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)[25.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)[05.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[19.09.2016]