Թուրք-սիրիական հարաբերություններ

Թուրք-սիրիական հարաբերություններում արդարացիորեն նոր փուլի սկիզբ է համարվում 1998թ., երբ երկու երկրների միջև հարաբերություններն այն աստիճան լարվեցին, որ ստեղծվեց ռազմական բախման հավանականություն։
Պատճառը Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների ահաբեկչական գործունեության ակտիվացումն էր։ Անկարան ուներ տվյալներ, որ ՔԲԿ անդամների մեծ մասը ոչ միայն թաքնվում ու մարզվում էր Սիրիայի տարածքում, այլև օգտագործում էր սիրիական բանկերը Թուրքիայում իրենց գործունեության ֆինանսավորման համար։ Ավելին, այնտեղ էր թաքնվում ՔԲԿ առաջնորդ Աբդուլահ Օջալանը։ Մինչև 1987թ. Սիրիան մերժում էր Օջալանի ներկայության և կամ ՔԲԿ-ին աջակցության փաստը։ Սակայն 1987թ. հուլիսին Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի այցի ընթացքում երկու երկրները ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի` պարտավորվում էին չօժանդակել գործընկեր երկրի դեմ գործող կազմակերպություններին։ Սիրիան, սակայն, չպահեց այս խոստումը, ինչպես նաև հաջորդները, որոնք արվեցին 1988թ. օգոստոսին, 1992թ. ապրիլին, 1993թ. նոյեմբերին, 1994թ. ապրիլին։
Այդպես էր Դամասկոսը փորձում հակազդել Անկարային, որը կառուցելով մի շարք ամբարտակներ Տիգրիս ու Եփրատ գետերի վրա` վերահսկում էր ջրի հոսքը Սիրիա։ Թուրքիան կարող էր թե՛ նվազագույնի հասցնել այն, ինչպես բազում անգամ սպառնացել է, թե՛ հեղեղել Սիրիան։ Համաձայն Օզալի վերոհիշյալ այցի ընթացքում ստորագրված պայմանագրի` Թուրքիան պարտավորվում էր տրամադրել Սիրիային վայրկյանում 500 խորանարդ մետր ջրի հոսք, թեև վերջինս պնդում էր, թե ոռոգման կարիքները հոգալու համար այդ թիվը պետք է հասցնել մինչև 700-ի։ Ինչևէ, Անկարան ջրի հոսքն օգտագործում էր որպես ճնշման լծակ, և 1991թ. քրդերի պատճառով միջպետական հարաբերություններում ծագած ճգնաժամի հետևանքով հոսքի ծավալն իջեցրեց մինչև 165 խորանարդ մետրի։
1998թ. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում ընդունվեց ավելացնել զինվորական միավորումների համամասնությունը Սիրիայի հետ սահմանի վրա, ինչպես նաև ճշտել սահմանամերձ տարածքների ականադաշտերի քարտեզները` անհրաժեշտության դեպքում դրանք անցնելու համար։
Սակայն նույն` 1998թ. հոկտեմբեր ամսին, մի քանի փորձից հետո, կողմերին հաջողվեց հասնել դիվանագիտական համաձայնության։ ՔԲԿ առաջնորդ Աբդուլահ Օջալանն արտաքսվեց Սիրիայից։ Անկարան ու Դամասկոսը ստորագրեցին Ադանայի համաձայնագիրը, ըստ որի` սիրիական տարածքում փակվեցին ՔԲԿ մի քանի ռազմակայան ու մարզական ճամբար, արգելափակվեցին նրա ակտիվ անդամների բանկային հաշիվները։ Սա դրական արձագանք ունեցավ թուրքական հասարակական, քաղաքական ու գործարար շրջանակներում։ Որոշում ընդունվեց ականազերծել սահմանամերձ տարածքները, ինչը զարկ տվեց սահմանային առևտրի զարգացմանը։ Դյուրացվեց սահմանամերձ բնակչության վիզային ռեժիմը։ Տասնյակ հազարավոր ազգականներ բաժանված են եղել սահմանով 1939թ. ի վեր, երբ Ֆրանսիան` Ազգերի լիգայի մանդատի հիման վրա, Ալեքսանդրեթի սանջաքը Սիրիայի կազմից փոխանցեց Թուրքիային, որտեղ այն ստացավ Հաթայի վիլայեթ անունը։ Ջրի հոսքը Սիրիա հասցվեց վայրկյանում մինչև 900 խորանարդ մետրի։
Թուրքիայի կողմից այս ժեստը բերեց նրան, որ այլևս դադարեցվեց շեշտադրվել տարածքային հարցը Դամասկոսի կողմից, որը բոլոր սիրիական պաշտոնական քարտեզների մեջ ներառում էր նաև Հաթայի վիլայեթը։ Սիրիայի այս քայլը ոգևորությամբ ընդունվեց Իսրայելի վարչակարգի կողմից, քանի որ դա կարող է նախադեպ ծառայել Գոլանի բարձունքների խնդրում։
* * *
Միջպետական կապերն աննախադեպ կերպով զարգացան Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի մահվանից հետո։ Հանգուցյալի որդի Բաշար Ասադն օգտագործեց Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերի այցը թաղման արարողությանը` հարաբերությունները կարգավորել փորձելու համար։
2000-2005թթ. Թուրքիայի ու Սիրիայի միջև տեղի են ունեցել ավելի քան 55 պաշտոնական այց։ 2004թ. ապրանքաշրջանառությունը հասավ մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար ծավալի։
Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների ջերմացման քաղաքական հիմնական պատճառներից հանդիսացավ ամերիկյան զորքերի մուտքն Իրաք, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում քրդերի դերակատարության կարևորումը Վաշինգտոնի կողմից։ Թե՛ Թուրքիային, թե՛ Սիրիային անհանգստացնում է քրդական անկախ պետության հավանականությունը։ Երկու երկրներն էլ ունեն բավականաչափ ստվար քրդական տարր (մոտ 10 մլն Թուրքիայում և 4 մլն Սիրիայում), որի հետ խնդիրները կտրուկ կաճեն, եթե Հյուսիսային Իրաքում քրդերը ստանան անկախություն։
Տվյալ ժամանակաշրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը ևս նպաստեց Անկարա–Դամասկոս առանցքի ամրապնդմանը, քանի որ վերջինս Թուրքիա–Իսրայել համագործակցությունը դիտում էր որպես հակասիրիական։
2004թ. հունվարին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելեց Թուրքիա` դառնալով Սիրիայի անկախությունից հետո Անկարայում պաշտոնական այցով գտնվող առաջին նախագահը։ Թուրք-սիրիական հարաբերություններն արագացման նոր ազդակ ստացան։ Երկու երկրների նախագահները դատապարտեցին ԱՄՆ ինտերվենցիան Իրաք, ինչպես նաև արտահայտվեցին հօգուտ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման, այսինքն` ընդդեմ քրդական անկախ պետության։
Թուրք-ամերիկյան և թուրք-իսրայելական հարաբերությունների սառնությունը, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերությունների վերելքը տարածաշրջանային նոր առանցքի հնարավորություն ուրվագծեցին` Թուրքիա–Իրան–Սիրիա։ Երեք երկրներին էլ հույժ անհանգստացնում են քրդական հիմնահարցը, Իրաքի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Իսրայելի ու ԱՄՆ-ի աջակցությունը Հյուսիսային Իրաքի քրդերին։
Սիրիայի վարչապետ Մուհամեդ Նաջի Օթրին 2004թ. հուլիսին պաշտոնական այց կատարեց Անկարա, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին Թուրքիայի վարչապետը 17 տարի ընդմիջումից հետո պատասխան այց կատարեց Դամասկոս։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս այցի ընթացքում իր գործընկեր Մուհամեդ Նաջի Օթրիի հետ ստորագրեց պայմանագիր` Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայի վիլայեթում համատեղ հէկի շինարարության վերաբերյալ, ինչպես նաև Սիրիան դարձավ առաջին արաբական երկիրը, որը Թուրքիայի հետ ստորագրել է ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր։
Այցի դրական արդյունքները երկու կողմերին թույլ տվեցին անել համատեղ հայտարարություն, թե «Սիրիայի համար Թուրքիան բաց դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Թուրքիայի համար Սիրիան բաց դարպաս է դեպի արաբական աշխարհ»։
2005թ. հունվարին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը նշեց, որ Անկարան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Թեհրանի ու Դամասկոսի հետ. «Այդ հարաբերությունների զարգացումը հետաքրքրում է Թուրքիային տնտեսական, քաղաքական ու ռազմավարական տեսակետից, քանի որ դրանք նպաստում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը»։ Նա նաև ավելացրեց, որ այս երկրների հետ տնտեսական կապերի շահերն այնքան մեծ են, որ այլոց արձագանքները չեն կարող ստիպել Թուրքիային վերանայել դրանք։
Սրան անմիջապես հաջորդեց ԱՄՆ բարձրաստիճան ռազմադիվանագիտական գործիչների այցն Անկարա։ ԱՄՆ-ը փորձեց վերանայել իր սառեցված հարաբերությունները Թուրքիայի հետ` ձգտելով հետ պահել Անկարային Իրանի ու Սիրիայի հետ հարաբերությունների առավել ջերմացումից։
Ինչևէ, 2005թ. ապրիլի 13-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերի պաշտոնական այցը Սիրիա։ Վաշինգտոնը քանիցս պահանջներ ներկայացրեց, որպեսզի Սեզերը չեղյալ հայտարարի իր պատասխան այցը Դամասկոս` ձգտելով պահպանել Սիրիայի մեկուսացումը։ Թուրքական կողմը, սակայն, ցույց տալով իր անկախությունն արտաքին քաղաքականությունում, տեղի չտվեց Բուշի վարչակարգի ճնշումներին։ Միաժամանակ, Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Թույգանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԱՄՆ` իրավիճակը մեղմելու համար։
* * *
Թուրք-ամերիկյան հարաբերություններում Դամասկոսի հարցն ուրույն տեղ ունի։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ս.թ. հունիսին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում քննարկված թեմաներից մեկն էլ Սիրիայի խնդիրն էր։
Բուշի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիս հրավիրած Էրդողանի առանձնացրած կետերից առավել աչքի ընկավ Մեծ Մերձավոր Արևելք նախագծում Թուրքիայի ստանձնած «առաջին հանձնարարականների» նախանշումը, որոնցից է բազմակուսակցական համակարգի հիմնումը տարածաշրջանի երկրներում (հիմնականում ակնարկվում էր Սիրիան- Ա.Շ.)։ Սրանով, թերևս, Էրդողանը ցանկություն ուներ մեղմել Վաշինգտոնի` Անկարային ուղղված սուր քննադատությունը Դամասկոսի հետ սերտ համագործակցության համար։
Սիրիային ուղղված կոչերը շարունակվեցին «Նյու Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում, որտեղ Թուրքիայի վարչապետը, ակներևորեն արդեն իր նոր դերի մեջ մտնելով, կոչ արեց Սիրիային` վարչակարգի հարցում օրինակ վերցնել Թուրքիայից։
* * *
Թուրքիայի եվրոպական մշուշոտ ապագան հուշում է նրան` չանտեսել Մերձավոր Արևելքում առաջնորդի դերին հավակնելու այլընտրանքը։ Որպես այդ քաղաքականության արդյունք` ականատես ենք դառնում Թուրքիայի և իր հարևանների միջև հարաբերությունների ջերմացմանն ու Մեծ Մերձավոր Արևելք ամերիկյան նախագծում Անկարայի պատրաստակամ ներգրավմանը։
Առաջիկայում Թուրքիան կձգտի պահպանել Սիրիայի հետ հարաբերություններում առկա ջերմ մթնոլորտը` ձգտելով հասնել համագործակցության նաև Մեծ Մերձավոր Արևելք նախագծի շրջանակներում:
Որպես այդ նախագծի առաջնորդ երկիր` Թուրքիան կշարունակի առաջարկել իր միջնորդությունը սիրիա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև միջնորդ կհանդիսանա Վաշինգտոն-Դամասկոս երկխոսությունում:
Միաժամանակ, սակայն, ջրային և հողային խնդիրների հանգուցալուծման բացակայությունը, ինչպես նաև արտաքին հնարավոր ազդակները կարող են լրջորեն արգելակել թուրք-սիրիական հարաբերությունների հետագա զարգացումը։
«Հանրապետական», թիվ 8 (28), 2005թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- Ռուս-թուրքական համագործակցության արդի փուլը[27.07.2006]
- Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն[13.06.2006]
- Թուրքիայի ժողովրդավարացման ապագան[11.05.2006]
- Թուրքիայի միջուկային ծրագրերի շուրջ[06.04.2006]
- Կիպրոսի խնդիրը Թուրքիա–Եվրամիություն հարաբերություններում[02.03.2006]
- Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունների շուրջ[09.02.2006]
- Ասիական խաղացողները էներգակիրների շուկայում. հայացք ապագային[22.12.2005]
- Թուրքիայի դերը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծում[19.07.2005]
- Թուրք-իրանական հարաբերություններ[20.06.2005]