Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունների շուրջ

Թուրքիա–ԵՄ հարաբերությունները մշտապես ճգնաժամային են եղել. Անկարայի արած գրեթե բոլոր քայլերը մեծ բարդություններով են զուգակցվել։
Երբ 1987թ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը պաշտոնապես դիմեց ԵՄ-ին` լիիրավ անդամակցության հայտով, Թուրքիան դիտվում էր շատ հեռվում գտնվող մի երկիր, որը ո՛չ տնտեսական, ո՛չ էլ կոպենհագենյան քաղաքական չափանիշներով դեռ բոլորովին պատրաստ չէր։ Միաժամանակ, Եվրոպան հանձն առավ ցույց տալ Անկարային, որ ճանապարհն այնքան էլ հեշտ չի լինի. նույն՝ 1987թ. հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունեց որոշում, որով ճանաչեց հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և կոչ արեց Եվրախորհրդին ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա։
Այդուհանդերձ, երկու տարի անց՝ 1989թ. Թուրքիան մտավ նախապատրաստման գործընթաց։
1995թ. Թուրքիան դիմեց ԵՄ Մաքսային միությանը անդամակցության համար, և կրկին ԵՄ ներսում մեծ վեճ տեղի ունեցավ։ Թուրքիայի համար առավել խնդրահարույց կարող էր լինել պաշտոնական Աթենքի դիրքորոշումը, սակայն Հունաստանը չօգտվեց վետոյի իր իրավունքից՝ փոխարենը ստանալով ԵՄ անդամների համաձայնությունը Կիպրոսի հետ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ։
1997թ. Լյուքսեմբուրգում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ Թուրքիան պահանջեց, որ իրեն շնորհվի «լիիրավ անդամակցության թեկնածու երկրի» կարգավիճակ, ինչը երկար քննարկումների արդյունքում մերժվեց, քանի որ Թուրքիան ոչ մի կերպ դեռ չէր համապատասխանեցրել իր ներքին օրենսդրությունները կոպենհագենյան չափանիշներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների լոբբիստական մեծածավալ աշխատանքներն արդյունք տվեցին, ու 1999թ. Հելսինկիում տեղի ունեցած գագաթաժողովին կրկին քննարկման դրվեց Թուրքիայի դիմումը։ Թուրքիայի հանդեպ վարքագծի փոփոխության մեջ կարևոր էր նաև այն, որ Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններում պարտություն էին կրել Թուրքիայի անդամակցությանը դեմ արտահայտվող քրիստոնեա-դեմոկրատները և հաղթանակ տարել այս հարցում Անկարային աջակցող սոցիալ-դեմոկրատները։ Թուրքիային շնորհվեց թեկնածու երկրի կարգավիճակ։
Քանի որ 2002թ. Անկարան ԵՄ չափանիշներին բավարար չափով դեռ չէր համապատասխանեցրել իր քաղաքական համակարգը, Կոպենհագենի գագաթաժողովի ժամանակ եվրոպական երկրները հրաժարվեցին Թուրքիային հայտնել լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցությունների սկսման ամսաթիվը։
Թուրքիայում իշխանության անցած Արդարություն ու զարգացում կուսակցությունը 2002թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել էր Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում ճնշող մեծամասնություն։ Սրանից օգտվելով` սեղմ ժամկետներում ընդունվեցին գրեթե բոլոր բարեփոխումների վերաբերյալ օրինագծերը, որոնք պահանջվում էին ԵՄ կողմից։ Փաստաթղթային կողմով կոպենհագենյան չափանիշների մեծ մասն ապահովվեց։ Թեև ԵՄ-ում կասկածանքով վերաբերվեցին հապճեպ ընդունված այս օրենքների կենսագործման հավանականությանը, սակայն դա համարվեց ապագայի խնդիր։
2004թ. դեկտեմբերի 17-ին, Բրյուսելի գագաթաժողովում, երևաց, որ Թուրքիայի անդամակցության հարցը դարձել է շատ եվրոպական երկրների ներքաղաքական խնդիրներից մեկը։ Բացի այդ, Կիպրոսը, որն արդեն դարձել էր Եվրամիության լիիրավ անդամ, պահանջեց, որ Թուրքիան ճանաչի իր ինքնիշխանությունը։ Թուրքիան, հանդիսանալով Մաքսային միության անդամ, պետք է ստորագրեր նոր անդամների, այդ թվում նաև Կիպրոսի հետ հավելյալ պայմանագիր, ինչը նշանակելու էր այդ երկրի փաստացի ճանաչում, ինչից և խուսափում էր Թուրքիան։ Խնդրի լուծումը հետաձգվեց, և Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի աջակցությամբ բանակցությունների սկիզբ նշանակվեց 2005թ. հոկտեմբերի 3-ը։
2005թ. այդ օրը Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրները, երկարատև քննարկումներից հետո, ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի խոսքերով՝ «2005թ. հոկտեմբերի 3-ին Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը»։ Դրությունը, սակայն, դրանով չի հստականում, քանի որ եվրոպացի քաղաքական գործիչները հետքայլի հնարավորություն են թողել իրենց համար և Թուրքիայի հետ բանակցությունների գործընթացին վերջնաժամկետ չեն սահմանել։ Այսինքն՝ նույնիսկ եթե Անկարան կարողացավ «բարձրանալ գնացք», ոչ ոք չի երաշխավորում, որ 2015-2020թթ. այդ գնացքով նա կհասնի լիիրավ անդամակցության բաղձալի կայարան։
Թուրքիայի ստվար բնակչությունը, տնտեսության տխուր վիճակը, քաղաքական անկայունությունը, ժողովրդավարության ցածր մակարդակը միայն սկիզբն են այն ընդգրկուն ցուցակի, որի պատճառով Անկարան անցանկալի անդամ է Եվրամիության երկրների համար։ Թուրքիայի լիիրավ անդամակցությանը դեմ են հիմնականում այն երկրները, որոնք արդեն իսկ ունեն հոծ մահմեդական, մասնավորապես, Թուրքիայից ներգաղթած, բնակչություն։ Մտահոգման հավելյալ առարկա է այն, որ Թուրքիայի անդամակցությունն օժանդակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Իր մոտ 70 մլն բնակչությամբ Թուրքիան Եվրամիության որոշումների կայացման մեխանիզմում կարևոր դեր կզբաղեցնի, իսկ ԵՄ-ը լուրջ կասկածներ ունի, որ Անկարան հանդիսանալու է Վաշինգտոնի «տրոյական ձին»։
Եվրամիությունն ընդհանրապես, իսկ Ֆրանսիան ու Գերմանիան՝ մասնավորապես, Անկարայի ընթացքը դանդաղեցնելու համար օգտագործում են բազմաթիվ միջոցներ՝ այդ թվում նաև խաղարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև եվրոպական մի քանի այլ երկրներ, միայն վերջերս պաշտոնապես այս կամ այլ կերպ ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստն ու այժմ Թուրքիայից անդադար պահանջում են նույնն անել։ Թեև Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը, ԵՄ պահանջների ցուցակում չեն գտնվում, սակայն դրանք դեռ մնում են եվրոպացիների զինանոցում և կարիքի դեպքում կրկին գործի են դրվելու Անկարայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, ինչպես դա արվեց հոկտեմբերի 3-ի նախօրյակին՝ սեպտեմբերի 28-ին, երբ ԵՄ խորհրդարանն ընդունեց որոշում, որով կոչ արեց Անկարային ճանաչել XX դարասկզբին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը։
Այսուամենայնիվ, հոկտեմբերի 3-ը ցույց տվեց, որ եվրոպական երկրներն ամենևին միասնական չեն իրենց արտաքին քաղաքականությունում ու հնարավորության դեպքում առաջ են տանում իրենց նեղ շահերն ու վարում «սեփական խաղ»։ Սրա վառ օրինակն է Ավստրիան, որը Թուրքիայի հետ բանակցություններն սկսելու հանդիպումների ժամանակ խիստ դիրքորոշում որդեգրեց ու արգելակեց բանակցությունների գործընթացը։ Վիեննան այս մոտեցման արդյունքում կարողացավ Թուրքիայի հետ բանակցային փուլ մտցնել նաև դավանակից (կաթոլիկ) Խորվաթիային, որը հանդիսանում է եվրոպական տարածքում Ավստրիայի հովանավորյալը։
* * *
2006թ. հունվարի 1-ից ԵՄ նախագահությունն անցել է Ավստրիային։ Ավստրիայի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, թե «Ժամանակն է, որ Թուրքիան բարի կամք ցուցաբերի, որպեսզի հեշտացնի իր ուղին դեպի ԵՄ»։ Խոսքը Թուրքիայի կողմից Կիպրոսի ճանաչման մասին է։ Թուրքիայի այս խիստ դիրքորոշումն արգելակում է եվրոպական քաղաքականության ընթացքը, մասնավորապես՝ ԵՄ–ՆԱՏՕ բանակցությունները։ Անկարան հրաժարվում է բանակցությունների սեղանի շուրջ նստել Կիպրոսի հետ, ինչի հանդեպ արդեն սկսում են իրենց անհանդուրժողականությունը ցույց տալ եվրոպացիները։
Կիպրոսի ճանաչման խնդիրը կրկին սրվելու է 2006թ. սկզբին կայանալիք «Ապրանքների ազատ տեղափոխման» վերաբերյալ թուրք-եվրոպական բանակցությունների ժամանակ, քանի որ մինչև այժմ Թուրքիայի նավահանգիստները փակ են կիպրոսցիների առջև։ Այսպիսով, առաջիկա ամիսներին Անկարայի հանդեպ ճնշումները սաստկանալու են։ Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ թուրք-եվրոպական հարաբերություններում Կիպրոսի հարցը լինելու է այն ականը, որ պայթելու է Անկարայի սխալ քայլերի դեպքում։
Թուրքիային ներկայացվող առաջադրանքները չեն սահմանափակվում Կիպրոսով։ Հոկտեմբերի 3-ից հետո Եվրահանձնաժողովն Անկարային ներկայացրեց 150 պահանջներից կազմված մի ցանկ, առանց որոնց իրականացման Թուրքիան լիիրավ անդամակցության հույս չի կարող ունենալ։ Պահանջներն ունեն խիստ բնույթ և վերջնաժամկետ` 2 տարի։ Ըստ այդ փաստաթղթի պահանջների` 2007թ. վերջին Թուրքիան պետք է հրաժարվի մահապատժից, սահմանի խղճի ազատություն, քաղաքացիականների վերահսկողություն զինվորականության նկատմամբ, ստեղծի անկախ դատարանների համակարգ և այլն։ Այս առումով բարդ խնդրի առջև է կանգնած զինվորական վերնախավը, որը մշտապես երկրում եղել է աշխարհիկության ու եվրոպականացման ուղեծրի պահապանը։ Թեև այժմ եվրոպական բարեփոխումները Թուրքիան տանում են դեպի Արևմուտք, սակայն մի կողմից՝ ձգտում են նվազագույնի հասցնել զինվորականության վերահսկողությունը, մյուս կողմից՝ գործելու լայն ազատություն են տալիս իսլամիստներին և քրդերին։
Ի հաստատումն վերոհիշյալի` վերջերս հայտնի «Foreign Affairs» ամսագրում հրապարակվեց մի հոդված, որն արտահայտում է Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) պաշտոնական կարծիքը թուրք-եվրոպական հարաբերությունների շուրջ։ Հոդվածը վերնագրված է «Թուրքական բանակի երթը դեպի Եվրոպա» և մեծ կարևորություն ու լրջություն ունի՝ հաշվի առնելով թե՛ հրապարակման վայրը, թե՛ ստորագրությունները։
Թեև հոդվածում շեշտվում է, որ ԹԶՈՒ-ն կողմ է ԵՄ-ին և ոչ մի արգելք չի ստեղծում Թուրքիայի եվրոպական առաջընթացի համար և որ այդ որոշումը հավանության է արժանացել Թուրքիայի Գլխավոր սպայակույտի ղեկավարի կողմից, սակայն նաև նշվում է, որ`
- ԹԶՈՒ սպասումը լիիրավ անդամակցությունն է. այլ արդյունքի դեպքում առկա խնդիրները միայն կխորանան:
- Գործընթացում առկա մարտահրավերներն են Կիպրոսի ճանաչումը, իսլամիստների հզորացումը և քրդական անջատողականությունը, որոնք դեռ երկար ժամանակ կշարունակեն ցավոտ լինել:
- Եթե ԹԶՈՒ թուլացման գործընթացը շարունակվի, իսկ քուրդ անջատողականները, իսլամիստները փորձեն լցնել այդ դատարկությունը, ապա եվրոպական բարեփոխումներին բանակի աջակցությունը կդադարի:
Իրավամբ, սպասելի է, որ քրդերի հետ կապված խնդիրը նույնպես լայն արձագանք ստանա ապագայում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը բազմիցս ընդգծել է, որ «Թուրքիան չի նախապատրաստվում ընդունել «նոր ազգային փոքրամասնությունների» վերաբերյալ սահմանումը, և այդ կետը Թուրքիայի հետ բանակցային փաստաթղթում ընդգրկելու դեպքում Անկարան կհրաժարվի մասնակցել բանակցային գործընթացին»։ Ակնհայտ է, որ Հյուսիսային Իրաքում անկախ Քրդստանի ստեղծման հեռանկարը, Թուրքիայում խոսքի ազատության, դատարանների անկախության, ինչպես նաև Եվրոպայի առավել համակ ուշադրության պարագայում` քրդերն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերեն ու այլևս բարդ կլինի նրանց հեռու պահել երկրում որոշումների ընդունման գործընթացից։
Այսպիսով, կարելի է ամփոփել, որ Թուրքիան դեռ հեռու է ԵՄ լիիրավ անդամակցությունից։ Բանակցությունների սկիզբն ամենևին էլ չի նշանակում Անկարայի հաղթանակն այս խնդրում, իսկ ընթացքը լի է ճգնաժամային իրավիճակներով, խնդիրներով, որոնք միտում ունեն ավելի ու ավելի սրանալու։ Թուրքիան ձգտելու է առավելագույնս մոտենալ անդամակցության կարգավիճակին` հնարավորինս քիչ զիջումների գնով, իսկ ԵՄ-ը` ձգձգել Անկարայի լիիրավ անդամակցությունը` առաջադրելով նորանոր պայմաններ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- Ռուս-թուրքական համագործակցության արդի փուլը[27.07.2006]
- Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն[13.06.2006]
- Թուրքիայի ժողովրդավարացման ապագան[11.05.2006]
- Թուրքիայի միջուկային ծրագրերի շուրջ[06.04.2006]
- Կիպրոսի խնդիրը Թուրքիա–Եվրամիություն հարաբերություններում[02.03.2006]
- Ասիական խաղացողները էներգակիրների շուկայում. հայացք ապագային[22.12.2005]
- Թուրք-սիրիական հարաբերություններ[06.10.2005]
- Թուրքիայի դերը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծում[19.07.2005]
- Թուրք-իրանական հարաբերություններ[20.06.2005]