Աշխարհատնտեսական մրցակցություն


Նախորդ դարի վերջերին ազգային անվտանգության ոլորտի ամերիկյան փորձագետները շրջանառության մեջ դրեցին «աշխարհատնտեսություն» եզրը` դրա տակ նկատի ունենալով աշխարհաքաղաքական նպատակներին տնտեսական միջոցներով հասնելու գաղափարը։ Նման մոտեցումն, անշուշտ, նորություն չէր. տնտեսական գործոնի նշանակությունը մշտապես կարևորվել է անցյալի բոլոր ստրատեգների կողմից, իսկ բրիտանացիները վերջին աշխարհամարտի տարիներին անգամ ստեղծել էին տնտեսական պատերազմի նախարարություն։ Սակայն պետք է ընդունել, որ ամերիկացիները կարողացան համակարգել նախկինում եղած պատկերացումները և, ինչն ամենագլխավորն է, աշխարհատնտեսական մոտեցումները դարձրին, այսպես կոչված, ռեալ քաղաքականության անքակտելի մաս։ Միաժամանակ, ռազմավարական խնդիրներ լուծելիս` տնտեսական տեխնոլոգիաները լայնորեն կիրառել սկսեցին նաև ԱՄՆ մրցակիցները։
Նավթը և դոլարը. ԱՄՆ տնտեսական հզորության ամենաշոշափելի արտահայտություններից է դոլարի գերակայությունն այլ տարադրամների հանդեպ։ Ինչպես հայտնի է, 2-րդ աշխարհամարտից հետո, 1945թ. Բրեթոն-Վուդում կնքված համաձայնագրերի հիման վրա ամերիկյան դոլարը այլ երկրների կառավարությունների համար դարձավ ոսկով կոնվերտացվող և այդպիսով վերածվեց համաշխարհային ռեզերվային արտարժույթի։ Սակայն երբ 70-ականների սկզբին որոշ երկրներ պահանջեցին իրենց ունեցած դոլարները վերածել ոսկու (այդ պահին աշխարհում արդեն կուտակվել էին դոլարի զգալի պաշարներ), ապա ամերիկյան կառավարությունը հրաժարվեց դա անել և իր պարտավորությունների հանդեպ դեֆոլտ հայտարարեց։ Այդպիսով դոլարի նկատմամբ ԱՄՆ-ը որևէ պարտավորություն չունի, սակայն շնորհիվ ամերիկյան ռազմաքաղաքական գերակայության, դոլարը մնաց որպես համաշխարհային ռեզերվային արտարժույթ։
Դոլարի գերակայությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես պայմանավորված է նրանով, որ ածխաջրածնային վառելիքի հետ կապված գործարքները կատարվում են Նյու Յորքի ապրանքային, Լոնդոնի Միջազգային նավթային (մասամբ նաև Սինգապուրի, Տոկիոյի) բորսաներում ու միմիայն դոլարով։ Նման պայմանները ստիպում են նավթ ներկրող երկրներին այդ բորսաներում գործարքներ կատարելու համար կուտակել դոլարային ակտիվներ և դրանով իսկ ամրապնդել ԱՄՆ տնտեսությունը։ Վերահսկելով գոյություն ունեցող նավթային բորսաները` ԱՄՆ-ը ի վիճակի է իրագործել գնային այն քաղաքականությունը, որը համընկնում է իր սեփական շահերին։ Համաձայն տնտեսագետ-փորձագետների, այս ամենը հանգեցնում է հետևյալ իրավիճակի. տարածելով և ողջ աշխարհին պարտադրելով օգտագործել ամերիկյան պետության կողմից չապահովված և արժեզրկվող դոլարը` ԱՄՆ-ը փաստորեն այլ երկրներից ապրանքները գնում է ավելի էժան գնով, քան դրանք իրականում արժեն։ Նման երևույթը երբեմն համեմատում են անուղղակի հարկերի հետ, որոնք ԱՄՆ-ը հավաքում է այլ երկրներից։
Մինչև վերջերս վերոհիշյալ կանոնները խախտելու փորձերն անգլո-ամերիկացիները կարողացել են կանխել կոշտ մեթոդներով։ Օրինակ, համաձայն մի վարկածի, ԱՄՆ` Իրաքի վրա հարձակման պատճառներից է եղել այն, որ Սադամ Հուսեյնը, «Նավթ պարենի դիմաց» ծրագրի սահմաններում, փորձելով խուսափել արժեզրկվող դոլարից, նավթի մի մասը որոշել էր վաճառել ոչ թե դոլարով, այլ եվրոյով (գործարքն արժեցել է մոտ $10մլրդ)։
Սակայն այսօր տեղի է ունենում ամերիկյան մենատիրության աստիճանական նվազում, որն ընթանում է նաև արտարժույթի ոլորտում։ Շանհայի համագործակցության կազմակերպության հզորացման, ԱՄՆ ռազմաքաղաքական հայտնի կորուստների և հատկապես Իրաքում կրած անհաջողությունների հետևանքով Ամերիկայի ամենակարողության պատրանքը մասամբ վերացել է։ Այսօր նավթի համաշխարհային պաշարների մոտ 10%-ին տիրապետող Իրանը և Ռուսաստանը (չնայած այդ երկրում, ընդհանուր առմամբ, գտնվում է աշխարհի օգտակար հանածոների մոտ 30%-ը, սակայն մինչև վերջերս դրանց միջազգային գնագոյացման գործում Ռուսաստանը էական դերակատարում չուներ) արդեն իսկ բացել են բորսաներ, որտեղ գործարքները կատարվում են ոչ թե դոլարով, այլ համապատասխանաբար` եվրոյով և ռուբլով։ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը, իր հերթին, հայտարարել է, որ իր երկրում նույնպես ստեղծվելու է նավթային բորսա, որտեղ գործարքները կկատարվեն եվրոյով։
«Այլընտրանքային» նավթային բորսաների հայտնվելը նոր երևույթ է և արտացոլում է այն սուր պայքարը, որն ընթանում է ԱՄՆ-ի և «մնացյալ աշխարհի» միջև։ Նշենք նաև, որ նավթային խոշոր պաշարներ չունեցող Չինաստանը նույնպես «պայքարում» է դոլարի դեմ. նա իր հսկայական արտարժութային պաշարների մոտ 45%-ն արդեն վերածել է եվրոյի, իսկ յուանի` 10%-ը, ինչն էապես նպաստում է դոլարի հեղինակության անկմանը։
Թեհրանի նախաձեռնությունը. Իրանի նավթային բորսան (ԻՆԲ) ենթադրվում էր բացել ազատ առևտրային գոտի հանդիսացող Քեշ կղզում, դեռևս 2002թ., երբ Մերձավոր Արևելքի նկատմամբ ամերիկյան հարձակողական ծրագրերը դարձան ակնհայտ։ Սակայն պատահական չէ, որ ԻՆԲ-ն սկսեց գործարկվել ս.թ. մայիսին, այսինքն` Ահմադինեժադի իշխանության օրոք, երբ հակասությունները ԱՄՆ-ի հետ հասան իրենց գագաթնակետին։ Այս համատեքստում տեղին է նշել, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայում, այսպես կոչված, «վեցյակի» կողմից ձևավորված կոմպրոմիսային առաջարկությունները (որոնք, չնայած իրենց գրավչությանը, դեռևս վերջնականորեն չեն ընդունվել Թեհրանի կողմից) վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել իր հայտնի ծրագրերի իրագործումը և հաշտության եզրեր փնտրել գաղափարախոսական թշնամի Իրանի հետ։ Նկատենք, որ Վիեննայում կատարվածը, ԱՄՆ-ի կողմից 2005թ. Ուզբեկստանում հրահրված հեղափոխական զարգացումների տապալումից հետո, ամերիկացիների երկրորդ լուրջ նահանջն է (ԽՍՀՄ փլուզումից հետո), ինչը պետք է ընկալել որպես բազմաբևեռ աշխարհակարգի անցման ռեալ արտահայտություն։ Հարկ է նկատել, որ ԱՄՆ նահանջի հիմքում, ի թիվս այլ ռազմավարական գործոնների, ընկած է Իրանի ղեկավարության ամուր քաղաքական կամքը, և ԻՆԲ-ի հիմնումը դրա արտահայտություններից է։
Ռուսաստանի նախաձեռնությունը. Դեռևս 2002թ. գարնանը (այսինքն` նույն ժամանակային փուլում, երբ հայտնվեցին առաջին տեղեկությունները ԻՆԲ-ի ստեղծման մասին), ԶԼՄ-ում շրջանառության մեջ դրվեցին լուրեր, թե Ռուսաստանը և Գերմանիան պատրաստվում են Ֆրանկֆուրտում համատեղ նավթային բորսա բացել։ Խոսվում էր նաև այն մասին, որ ռուսաստանյան քաղաքներից մեկում հիմնվելու է այդ բորսայի մասնաճյուղը։ Ծրագիրը բավական մտածված էր, քանի որ պետք է համատեղվեին գերմանացիների կապիտալը և գործարար ունակություններն ու ռուսաստանյան բնական ռեսուրսները։ Այդ նախագիծը, ըստ ամենայնի, արդյունք էր անթաքույց գերմանական կողմնորոշում ունեցող Պուտինի և Շրյոդերի համագործակցության։ Այդ երկու գործիչներին միավորում էին հակաամերիկանիզմը, Մոսկվա–Բեռլին աշխարհաքաղաքական առանցք ձևավորելու նպատակաուղղվածությունն ու էներգետիկ գործոնի կարևորության ըմբռնումը։ Նման մոտեցումների ամենավառ արտահայտությունը Բալթիկայի տակով անցնող գազամուղի նախագիծն է, որն, ի դեպ, շարունակաբար քննադատության է ենթարկվում պրոատլանտյան ուժերի (հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարությունների) կողմից։ Սակայն անգլո-ամերիկացիներին հաջողվեց քաղաքական և տնտեսական ճնշումների միջոցով տապալել Շրյոդերի կաբինետը և Գերմանիայում իշխանության բերել հյուսիսատլանտյան կողմնորոշում ունեցող քրիստոնեա-դեմոկրատ Անգելա Մերկելին։ Վերջինս պարտավորված է շարունակել արդեն ավանդական դարձած ռուս-գերմանական ծրագրերը տնտեսական և հատկապես էներգետիկ ոլորտում, սակայն թվում է, թե այդ համագործակցությունը մոտ ապագայում չի հասնի այն բարձր մակարդակին, ինչը գոյություն ուներ Շրյոդերի օրոք։
Ռուսական նավթային բորսայի վերաբերյալ քննարկումները վերսկսվեցին միայն 2005-ին։ Մասնավորապես` այդ թեման շոշափվում էր այն դժգոհությունների առիթով, որ, այսպես կոչված, Սիբերյան լայթ մակնիշի ռուսական հում նավթի բարելը Լոնդոնում և Նյու Յորքում $6-8 ավելի էժան է վաճառվում, քան նույն որակի ամերիկյան նավթինը։
Վերջերս ռուսաստանյան կառավարության որոշմամբ Մոսկվայում բացվեց և սկսեց գործել նավթային բորսա։ Այն ավելի լայն նպատակներ է հետապնդում, քան ԻՆԲ-ն. մոսկովյան բորսայում գործարքներ են կատարվում ոչ միայն նավթի, այլև ոսկու հետ կապված։ Թվում է, թե մոտ ապագայում այնտեղ կսկսեն վաճառել նաև այլ հանածոներ (առաջին հերթին` նիկել, քրոմ և գուցե անգամ ադամանդներ, որոնց պաշարները մեծ են), և այդպիսով Ռուսաստանը, առաջին անգամ վերջին հարյուրամյակում, կփորձի անմիջականորեն մասնակցել իր բնական հարստությունների իրացմանը։
Մոսկովյան բորսայի գործարքների ծավալները դեռևս մեծ չեն, և խոշոր նավթային ընկերությունները դրանց առայժմ չեն մասնակցում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի հումքային գրեթե բոլոր խոշոր ընկերություններն այսօր անցնում են Պուտինի թիմի վերահսկողության տակ։ Իր հերթին, եվրոպական ներկրողների համար եվրոյի կոնվերտացիան ռուբլու ձեռնտու պետք է լինի։ Այսինքն` կարելի է սպասել, որ մոսկովյան բորսան մոտ ապագայում թափ կհավաքի։
Նավթային բորսայի բացումը համընկավ ռուբլին կոնվերտացվող տարադրամի վերածելու որոշման հետ (այդ կապակցությամբ փոխվարչապետ Դ.Մեդվեդևն անգամ հայտարարեց, որ ռուբլին կարող է դառնալ ռեզերվային տարադրամ, ինչպես դոլարը)։ Նշենք նաև, որ 2005-ին առաջին անգամ կապիտալի ներհոսքը դեպի այդ երկիր գերազանցում է արտահոսքին։
Անգլո-ամերիկյան նախաձեռնությունները. Վերոհիշյալ տնտեսական մարտահրավերներին անգլո-ամերիկացիները փորձում են համարժեք պատասխաններ փնտրել։
Եվրոպայի այս տարվա ամենանշանակալի տնտեսական իրադարձություններից էր Ամստերդամի, Բրյուսելի և Փարիզի բորսաների միաձուլումը, որի արդյունքում ստեղծվեց «Եվրոնեկստ» անունը կրող առաջին եվրոպական միացյալ բորսան։ Այդ բորսան կատարվող գործարքների ծավալով և քանակով գրավեց աշխարհում 3-րդ հորիզոնականը (առաջին տեղը գրավում է Նյու Յորքի բորսան, իսկ երկրորդը` Լոնդոնի)։ Հետագայում «Եվրոնեկստ»-ին միացավ նաև Լիսաբոնի բորսան։ Թվում է, թե եվրոպական այդ բորսաների միաձուլումն անգլո-ամերիկյան և հրեական կապիտալի նախապես հաշվարկված քայլ էր, քանի որ միավորմանը շատ արագ հետևեց Նյու Յորքի բորսայի առաջարկությունը` «Եվրոնեկստ»-ին միաձուլվելու վերաբերյալ։ Հատկանշական է, որ «Եվրոնեկստ»-ը համաձայնություն է տվել ամերիկյան առաջարկին, մինչդեռ մերժել է Ֆրանկֆուրտի բորսայի համանման ա-ռաջարկը։ Ավելին. վերջերս ֆրանկֆուրտյան բորսան մի նոր, նախկինից շատ ավելի ձեռնտու առաջարկություն ներկայացրեց «Եվրոնեկստ»-ին, սակայն նորից մերժում ստացավ։ Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը փորձում է իր վերահսկողության տակ առնել եվրոպական բորսային գործարքները, որով և արգելակել իր համար անցանկալի տնտեսական զարգացումները, որոնց հատկապես հակված են գերմանացի ձեռնարկատերերը։
Հետևություններ. Դիտարկված զարգացումները լրացուցիչ վկայում են այն մասին, որ տնտեսական մրցակցային դաշտում ԱՄՆ-ը աստիճանաբար զիջում է միանձնյա առաջատարի դիրքերը։ Միևնույն ժամանակ, ըստ տնտեսագետ-փորձագետների, դոլարային համակարգի փլուզումը էական ցնցումներ կառաջացնի համաշխարհային տնտեսությունում և կհանգեցնի գլոբալ տնտեսական ճգնաժամի։ Թերևս, դա է պատճառը, որ ԱՄՆ մրցակից տերություններն այդ ոլորտում փորձում են գործել հաշվենկատ։ Մինչդեռ, միաբևեռից բազմաբևեռ աշխարհակարգի անցման ներկայիս պայմաններում տնտեսական գլոբալ գործընթացների վերահսկումը միշտ չէ, որ հնարավոր է։ Ելնելով դրանից` այն երկրները, որոնք էական դերակատարում չունեն ԱՄՆ–մնացյալ աշխարհ տնտեսական մրցակցությունում, պետք է փորձեն դիվերսիֆիկացնել իրենց արտարժութային ակտիվները` հիմնական շեշտը դնելով նյութական ռեսուրսների (թանկարժեք մետաղներ, քարեր և այլն) կուտակման վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»[24.07.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ[12.10.2015]
- ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[28.04.2011]
- PAX AMERICANA-2, ԹԵ՞ GOOD BYE, AMERICA[17.12.2009]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ԵԿԵՂԵՑԻ–ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ[20.10.2008]
- ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ[04.10.2007]
- Հոգևոր-կրոնական գործոնի դերը քաղաքական դաշտում[19.02.2007]
- ԱՄՆ -ի և Իրանի ռազմավարությունների նոր երանգները Հարավային Կովկասում[06.11.2006]
- Պատերազմի տեղեկատվական ենթատեքստը[25.09.2006]
- Միացյալ Նահանգներ. նոր հիմնախնդիրներ[22.06.2006]