• am
  • ru
  • en
Версия для печати
17.12.2009

PAX AMERICANA-2, ԹԵ՞ GOOD BYE, AMERICA

EnglishРуский

   

Գագիկ Տերտերյան

Արդի տնտեսական անկումը, ըստ որոշ նախանշանների և պետական գործիչների լավատեսական հայտարարությունների, կարծես թե հասել է «հատակին», և գլոբալ տնտեսությունը վերականգնման միտումներ է ցուցաբերում։ Միևնույն ժամանակ, համաձայն ամենատարբեր կողմնորոշումներ ունեցող փորձագիտական կենտրոնների, տնտեսական անվտանգության արդի գլոբալ համակարգը շարունակում է մնալ ավելի քան անկայուն և խոցելի։ Մասնավորապես, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսության բնագավառում Նոբելյան դափնեկիր Ջոզեֆ Սթիգլիցը համոզված է, որ ԱՄՆ տնտեսության վերականգնման հետ կապված հույսերն արդարացված չեն, և որ արդի ճգնաժամն առաջին հերթին նշանակում է ամերիկյան կապիտալիստական համակարգի փլուզում։ Ըստ նրա` այլ երկրները պետք է կողմնորոշվեն ոչ թե դեպի ԱՄՆ, այլ ուշադրությունը կենտրոնացնեն սեփական հնարավորությունների վրա1։ Սթիգլիցի տեսակետին համամիտ է նաև մեկ այլ ամերիկյան Նոբելյան դափնեկիր՝ Ջեյմս Բյուքենենը։ Կարելի է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում հնարավոր են ֆինանսա-աշխարհատնտեսական զարգացումներ, որոնք կարող են էապես փոխել վերջին տասնամյակներում արդեն կարծրացած աշխարհաքաղաքական պատկերացումների ողջ համալիրը։

Հատկանշական է, որ դեռ վերջերս հոռետեսական կանխատեսումներում գլխավորապես դիտարկվում էին միջուկային զենքի անվերահսկելի տարածումը (որն արդեն իրողություն է դարձել) և հնարավոր միջուկային հակամարտությունների աղետալի հետևանքները (օրինակ, Հնդկաստանի և Պակիստանի միջև)։ Մինչդեռ այսօր տեղեկատվական դաշտում սկսել են գերակայել գլոբալ ֆինանսատնտեսական համակարգի փլուզման և դրա, երբեմն ոչ պակաս աղետալի, հետևանքների վերաբերյալ սցենարների քննարկումները։

Նկատենք, որ նման սցենարների ստեղծումը և հետագա քննարկումները (որոնք կարելի է ընդունել որպես այդ սցենարների յուրահատուկ «զարգացման» փուլ) հանդիսանում են քաղաքական մշակույթի կարևոր բաղադրամասերից և այսօր հիմնավորված քաղաքական-տնտեսական պլանավորումը դժվար է պատկերացնել առանց սցենարային տեխնոլոգիաների օգտագործման։

Սցենարային պլանավորում

Համարվում է, որ այս մեթոդի տեսական հիմունքները մշակվել են նախորդ դարի 60-ականներին, իսկ առաջին կիրառական նշանակության սցենարային պլանավորումն իրագործել են 1971թ. Royal Datch Shell նավթային ընկերության վերլուծաբանները. նրանք այդպիսով փորձում էին հաշվարկել այդ տարիներին խիստ հրատապ դարձած` ՕՊԵԿ-ի կողմից նավթի գների բարձրացման հնարավոր տարբերակները և կանխատեսել դրանց հետևանքերը։ Պետք է ընդգծել, որ սցենարային մշակումները պարունակում են փորձագիտական կանխատեսումներ կատարելու բազմաթիվ տարրեր2։ Միևնույն ժամանակ, սցենարային պլանավորումն ուղղված չէ միայն ապագայի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորմանը։ Այն գլխավորապես թույլ է տալիս ենթադրել, թե այս կամ այն իրադրությունում (որը կարող է պատահել ապագայում կամ էլ առկա է արդեն այսօր) ինչպիսի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի զարգացումներ կարող են ընթանալ, և ինչպիսի հետևանքներ կունենան այդ գործընթացները։

Սցենարային մտածելակերպը թույլ է տալիս ավելի ազատորեն ուրվագծել լոկալ կամ գլոբալ զարգացումների հնարավոր, երբեմն իրարամերժ և ծայրահեղ թվացող տարբերակները։ Հատկանշական է, որ սցենարային պլանավորում կատարելիս խիստ արժևորվում է փորձագետների երևակայությունը, և պատահական չէ, որ նման մշակումներին հաճախ ներգրավում են ոչ միայն տվյալ խնդրի նեղ մասնագետներին, այլև ֆանտաստ գրողների, շախմատիստների և այլ, այսպես կոչված ստեղծագործ-«կրեատիվ» անհատականությունների։ Նման «ազատ» մոտեցումը հնարավոր զարգացումների նկատմամբ, ի թիվս այլ առավելությունների, թույլ է տալիս նախապես պատրաստվել ամենաանսպասելի ռազմաքաղաքական կամ տնտեսական շրջադարձերին։ Նշված հանգամանքների շնորհիվ «սցենարային տեխնոլոգիաները» մեծ տարածում են գտել ոչ միայն պետական կառույցներում կամ դրանց հովանավորության տակ գործող «ուղեղային կենտրոններում», այլև խոշոր կոմերցիալ ընկերություններում։

Գոյություն ունեն սցենարային մշակումների տարբեր մեթոդներ, սակայն, որպես կանոն, դրանք ենթադրում են հետևյալ քայլերի կատարումը.

  • հնարավորինս հստակեցվում է իրադրության զարգացման ընդհանուր ֆոնը, և այդ ենթատեքստում առանձնացվում են այն իրադարձությունները, որոնք իրագործվելու մեծ հավանականություն ունեն,
  • որոշվում են այն գործոնները և պարամետրերը, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն տվյալ իրադարձության զարգացման վրա,
  • հնարավորության սահմաններում որոշվում են վերոնշյալ գործոնների և պարամետրերի ծայրագույն նշանակությունները կամ, այլ խոսքերով, դրանց հնարավորինս մեծ և հակառակը՝ փոքր ներգործման չափերը,
  • հիշատակված պարամետրերի և գործոնների որոշակի տրամաբանական համադրումների արդյունքում ձևավորում են այն հնարավոր սցենարները, որոնց իրագործման հավանականությունը գնահատվում է առավել բարձր կամ, առնվազն, տեսականորեն չի բացառվում։

Դոլարի արժեզրկման հետ կապված սցենարներ

Սցենարային պլանավորումը նախկինում հանդիսանում էր արևմտյան փորձագետների մենատիրությունը, մինչդեռ ներկայումս կարելի է հանդիպել նաև այլ, օրինակ, ռուսաստանյան հետազոտությունների։ Մասնավորապես, մասնագիտական շրջանակներում լուրջ հետաքրքրություն է առաջացրել Դ.Մոտորինի և համահեղինակների3 վերջերս հրապարակած աշխատությունը, որտեղ ներկայացված են դոլարի արժեզրկման հնարավոր մեխանիզմներին և հետևանքներին նվիրված սցենարներ։ Դրանք համարվում են բավական իրատեսական և ներկայումս լայնորեն քննարկվում են այլ, այդ թվում` ամերիկյան, վերլուծաբանների կողմից։ Համաշխարհային հիմնական արտարժույթի արժեզրկման վերաբերյալ հիմնադրույթի հենքում, մասնավորապես, դրված են հետևյալ թեզերը.

  • դա չի հակասում տնտեսական կամ հասարակական զարգացման որևէ օրինաչափության,
  • այդ բնույթի գործընթացները, ինչպես ցույց են տալիս հատկապես վերջին ճգնաժամին նվիրված բազմաթիվ վերլուծությունները, մեծ հավանականությամբ նախապես պլանավորվում և իրագործվում են ուժի որոշակի կենտրոնների կողմից:

Pax Americana – 2, Կղզի Ամերիկա և «Չիմերիա»

Այս անունները կրող սցենարներից առաջինի դեպքում համառոտ դիտարկենք այն տարբերակը, երբ ԱՄՆ-ը, ելնելով որոշակի հանգամանքներից, ինքն է հարուցում դոլարի արժեզրկումը։

Ինչպես հայտնի է, այսօր գլոբալ տնտեսության գրեթե բոլոր դերակատարներն իրենց արտարժութային ակտիվները պահում են դոլարով կամ ԱՄՆ գանձարանի փոխառություններով (այսպես կոչված UST)։ Բնական է, որ այդ դերակատարները շահագրգռված են, որպեսզի համաշխարհային տնտեսական համակարգի հենք հանդիսացող դոլարը չփլուզվի։ Օգտագործելով այս իրողությունը` ԱՄՆ-ը տեղեկատվական և ֆինանսական որոշակի մանիպուլյացիաների միջոցով հրահրում է, որպեսզի բոլորը սկսեն տենդորեն գնել դոլար և UST` այդպիսով իսկ առկա ֆինանսական համակարգը պահպանելու նպատակով։ Բավարարելու համար իրենց կողմից ձևավորված պահանջարկը` ԱՄՆ-ը «ստիպված» սկսում է հսկայական քանակությամբ դոլար տպել, ինչն էլ արժեզրկում է այդ արժույթը մի քանի անգամ` էապես նվազեցնելով ԱՄՆ արտաքին պարտքերը և միաժամանակ սնանկացնելով միջազգային ֆինանսական հանրության բոլոր մասնակիցներին։ Դրան զուգահեռ` ԱՄՆ-ը, ղեկավարելով այդ ողջ գործընթացը, տիրապետելով իրադրությանը և դոլարային հաստոցին, հասցնում է էժան գներով ձեռք բերել կարևորագույն արտադրական ակտիվները ողջ աշխարհում։ Գործողությունների այդ համալիրի արդյունքում ԱՄՆ-ը վերականգնում է համաշխարհային գլոբալ մենատիրությունը և այդպիսով վերահաստատում միաբևեռ աշխարհակարգը. սկսվում է «երկրորդ ամերիկյան աշխարհի» (Pax Americana – 2) դարաշրջանը։

Վերոնշյալ սցենարի մեկ այլ ճյուղավորումում իրենց մտադրություններն իրագործելիս ամերիկացիները հանդիպում են այլ տերությունների (հատկա-պես՝ Չինաստանի և Եվրոպական Միության) լուրջ դիմադրությանը և չեն կարողանում լիովին իրագործել իրենց մտահղացումը, մասնավորապես, գնել ակտիվներ արտերկրում։ Որպես հետևանք` ԱՄՆ-ը մասամբ կլուծի միայն իր ներքին խնդիրները և կվերածվի զարգացած ու փոքր-ինչ մեկուսացած պետության, սակայն առանց գերտերության հավակնությունների (Կղզի Ամերիկա սցենարը)։ Հատկանշական է, որ ամերիկյան տնտեսագետներ Չարլզ Ռաուլին և Նաթանիել Սմիթը զարգացման նմանատիպ մի սցենարն անվանում են «Արգենտինա»` նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը իր կարգավիճակով կարող է հավասարվել լատինաամերիկյան այդ երկրին։

Ուշագրավ է այն տարբերակը, երբ այսպես կոչված «դոլարային փոշեկուլը» միացնում են ԱՄՆ-ը և Չինաստանը համատեղ։ Նման պարագայում «արժեզրկում» գործողությունը հաջողությամբ է պսակվում։ Հիշենք, որ Պեկինի և Վաշինգտոնի կողմից աշխարհի համատեղ «ղեկավարման», այսպես կոչված «Չիմերիայի»4 վերաբերյալ սցենարների քննարկումներն աշխուժացան այս տարի հունվարից, երբ ԱՄՆ նախագահի խորհրդատու Զբիգնև Բժեզինսկին Պեկինում փաստորեն կոչ արեց ԱՄՆ-ին և ՉԺՀ-ին միասին լուծել գլոբալ հիմնախնդիրները։ Նշենք, որ զարգացման նման միտումն առաջնահերթ սպառնալիք է Ռուսաստանի համար, և պատահական չէ, որ Չիմերիայի սցենարային ճյուղավորումներում դիտարկվում է, մասնավորապես, Չինաստանի կողմից Ռուսաստանի օգտակար հանածոներով և այլ ռեսուրսներով հարուստ սիբիրյան և հեռավորարևելյան տարածքների օկուպացիան։

«Չիռուսիա» և Good bye, America

Թերևս, վերոնշյալ հանգամանքն է, որ թելադրում է Ռուսաստանի ղեկավարությանն ընդհանուր և հաճախ հակաամերիկյան բնույթի ընդհանրություններ փնտրել ՉԺՀ-ի հետ իր հարաբերություններում։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից երկու տերություններին էլ հատկապես անհանգստացնում է ԱՄՆ դիրքերի ամրապնդումը Կենտրոնական Ասիայում, և այդ անհանգստության նյութականացված արտահայտություն կարելի է համարել ՇՀԿ ստեղծումը։ Ելնելով այդ իրողություններից` փորձագիտական հանրությունում այսօր դիտարկվում է նաև այդ տերությունների մերձեցումը, որը որոշ մեկնաբաններ անվանում են Արջի և Վիշապի միություն։ Այդ միությունը, ինչ-որ չափով նմանեցնելով Չիմերիա հաջող արտահայտության հետ, մենք կանվանենք, օրինակ՝ Չիռուսիա։

Արդի «սցենարիստները» հնարավոր են համարում, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն, կատարելով համապատասխան նախապատրաստական աշխատանքներ և կանխելով ամերիկյան գործողությունները ֆինանսական շուկայում, կտրուկ սկսում են շուկա նետել իրենց կուտակած դոլարները և UST-ները5` զուգահեռաբար «միացնելով» դոլարային «փոշեկուլն» ու գնելով հումքային ակտիվները ողջ աշխարհում։ Համաձայն սցենարային ճյուղավորումների, ԱՄՆ-ի պատասխանը կարող է արտահայտվել ռազմական գործողությունների տեսքով, որին, սակայն, դաշնակիցները նախապատրաստվել էին։ Նոր աշխարհակարգում տիրում են ամենամեծ մարդկային-տնտեսական (ՉԺՀ) և տարածքային-նյութական (ՌԴ) ռեսուրսների տիրապետող տերությունները։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը կարող է կորցնել գլոբալ առաջատարությունը ոչ միայն Չիռուսիայի գործողությունների շնորհիվ։ Մի շարք սցենարներում (որոնք, ի դեպ, դիտարկվում են նվազագույնն արդեն 2000 թվականից), այդ գերտերության ինքնափլուզման տարբերակը կհրատապանա հատկապես այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չկարողանա կանխել ներկայիս համակարգային բնույթ կրող տնտեսական անկման գործընթացները և դրանք անկառավարելի դառնան։ Օրինակ, պետական պարտքի աճման (մինչև $17 տրլն) հետ կապված` սկսվում են հիպերինֆլյացիա, սնանկացումներ և այլն։ Արդյունքում` երկրում սկսվում են զանգվածային խլրտումներ և բախումներ, քաոտիկ իրավիճակի պատճառով բնակչությունը խուճապահար փախչում է երկրից և այլն։ Ինչ-որ տեղ ԽՍՀՄ փլուզումը հիշեցնող այս սցենարը ստացել է Good bye, America անվանումը։

Որոշ հետևություններ

Ներկայացված զարգացումներն, անշուշտ, չեն ընդգրկում հնարավոր բոլոր տարբերակները։ Չպետք է բացառել նաև, որ տեղեկատվական դաշտում քննարկվող սցենարների մի մասը նպատակ ունի ընդամենը ապակողմնորոշելու միջազգային հանրությանը։ Դրան զուգահեռ` գլոբալ դերակատարներն իրենց գործողություններով ձգտում են նպաստել իրենց համար դրական սցենարների իրագործմանը և կանխարգելել բացասականները։ Նման բարդ իրադրությունում, հատկապես ՀՀ-ի նման ոչ մեծ երկրներին, խիստ դժվար է կողմնորոշվել և արդյունավետ գործել։ Հասկանալի պատճառներով մեր վերլուծաբանական հանրության ճնշող մեծամասնությունը մտահոգված է տարածաշրջանային գործընթացներով, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգությանը։ Միևնույն ժամանակ, թերևս, անհրա-ժեշտ է ստեղծել ենթակառույցներ, որոնք կփորձեն հետևել գլոբալ զարգացումներին և դրանց համատեքստում կատարվող սցենարային մշակումներին։ Այս համատեքստում ակտուալանում են Հայության մտավոր ռեսուրսների համակարգումը և ուժի գլոբալ կենտրոններում (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա) հայկական համայնքների ռեսուրսների միջոցով ցանցային մեթոդներով գործող հետազոտական կենտրոնների ձևավորումը։ Թերևս, նման կառույցներից ստացված վերլուծությունների համադրումն է, որ թույլ կտա առավել ադեկվատ գործել ներկայիս խիստ բարդ և դինամիկ իրավիճակում։

1http://fintimes.km.ru/59870

2Տե´ս, մասնավորապես, Գագիկ Հարությունյան, «Ապագայի ձևավորումը», Գլոբուս. ազգային անվտանգություն, #4(8), էջ 3, 2009։

3Денис Моторин, Валентин Бианки, Александр Серавин, Сергей Сычев, «После WC: мир после кризиса», Санкт–Петербург, 2009.

4Chine և America բառակապակցությունից:

5Նշենք, որ Չինաստանի դոլարային ռեզերվներն այսօր կազմում են մոտ $2 տրլն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր