• am
  • ru
  • en
Версия для печати
02.07.2007

«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

Դավիթ Հովհաննիսյան

Հունիսի 6-8-ը գերմանական ամառանոցային Հայլիգենդամ քաղաքում կանցլեր Անգելա Մերկելն ընդունել էր աշխարհի 8 ամենահարուստ եւ զարգացած պետությունների ղեկավարներին: Գերմանիայի ղեկավարի համար այս հանդիպումը չափազանց կարեւոր նշանակություն ուներ, քանի որ նա պետք է ապացուցեր իր հայրենակիցներին, որ սկզբունքային կերպով հետամուտ է լինում իր նախընտրական ծրագրում կարեւոր տեղ զբաղեցնող հարցերի լուծմանը: Դրանցից հիմնականը վերաբերում էր շրջակա միջավայրի պահպանման միջազգային ծրագրերի ստեղծմանը եւ համաշխարհային մթնոլորտն աղտոտելու հանցանքում ամենամեծ լուման ունեցող Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելուն, որպեսզի վերջինս վերանայի իր դիրքորոշումն այս հարցում:

Բացի այդ, տիկին Մերկելի համար մեծ նշանակություն ուներ այն, որ իր երկիրն առաջնորդող դեր է կատարում աղետալի վիճակում գտնվող աֆրիկյան մայրցամաքի բնակչությանն անհապաղ օգնություն կազմակերպելու հարցում: «Ութնյակի» կողմից (նաեւ «վեցնյակ» եւ «յոթնյակ» ձեւաչափերում) բազմիցս խոստումներ են տրվել «սեւ» մայրցամաքին կազմակերպված եւ մշտական օգնություն տրամադրելու վերաբերյալ, սակայն տարբեր պատճառներով այդ ծրագրերի միայն չնչին մասն է իրականացվել:

Կարելի է ասել` Գերմանիայի ներկայիս ղեկավարի համար շատ կարեւոր էր նաեւ հրապարակայնորեն ցույց տալ, որ նախկին վեճերը Միացյալ Նահանգների հետ կորցրել են իրենց սրությունն այն պատճառով, որ Գերմանիան եւ Միացյալ Նահանգներն այսօր նույն կարգավիճակի մեջ գտնվելով` քննարկում են, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հիմնախնդիրը եւ միասին որոշումներ ընդունում այս հարցի վերաբերյալ:

Հավանաբար, տան տիրուհու այս նպատակամղված դիրքորոշման հետեւանքով հերթական հանդիպումը կարելի է գնահատել որպես շատ գործնական եւ ժամանակի խնդիրներին համահունչ: Դրանով այն տարբերվեց նախորդներից, որոնք ավելի շուտ միտված էին լինում հորիզոնում դեռ հազիվ նշմարվող նոր երեւույթների եւ թեական սպառնալիքների շուրջ կարծիքների փոխանակմանը:

«Ութնյակի» նախորդ հանդիպումից հետո անցած ժամանակաշրջանը հատկանշական էր Ռուսաստան–ԱՄՆ եւ Ռուսաստան–ԵՄ հարաբերությունների աճող լարվածությամբ: Այդ ակնհայտորեն դրսեւորվող միտման հիմքում մի քանի հիմնական պատճառներ կան:

Առաջինը կապված է Մոսկվայի նավթագազային քաղաքականության հետ, որի էական բաղադրյալները թույլ են տալիս թե՛ «հին Եվրոպայի» եւ թե՛ «նոր Եվրոպայի» երկրների ղեկավարներին մեղադրել ռուսներին «Էներգետիկ շանտաժի» համար: Երկու կողմերին բավարարող պայմանավորվածությունների հասնելու բոլոր փորձերը, իսկ դրանցից վերջինն արվեց անմիջապես «ութնյակի» գագաթաժողովի նախօրեին Սամարայում կայացած Ռուսաստան–Եվրամիություն հանդիպման ընթացքում, տապալվեցին, ինչը, բնականաբար, չէր նպաստում Հայլիգենդամում համերաշխ մթնոլորտի նախապատրաստմանը:

Չափազանց սկզբունքային եւ միեւնույն ժամանակ` զգացմունքային բնույթ ունի Կոսովոյի անկախության հիմնախնդիրը: Այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալի պատճառներով կտրուկ կերպով տարբերվում էր ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների դիրքորոշումներից: Ռուսական լրատվամիջոցներում բազմիցս հրապարակվել է իշխանամետ դիրքորոշում ունեցող փորձագետների կարծիքն այն մասին, որ եթե Արեւմուտքի կողմից Կոսովոյին անկախություն տրվի, ապա Ռուսաստանն անմիջապես կճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, ինչը չափազանց ծանր վիճակի մեջ կդնի ԱՄՆ դաշնակից Վրաստանին եւ աննախադեպ լարվածություն կառաջացնի ռուս-վրացական սահմանի վրա` ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Երկու կողմերի` այս հարցում ունեցած մոտեցումների անհամատեղելիությունը, այսպիսով, ակնհայտ էր:

Ուշագրավ է շահերի բախման հաջորդ կետը, որը կապված է Միացյալ Նահանգների` Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային կայաններ տեղադրելու ծրագրերի հետ, ինչը, համաձայն ռուսաստանյան բարձրագույն ղեկավարության հայտարարությունների, նրանց կողմից գնահատվում է որպես իրենց երկրի դեմ ուղղված քայլ եւ անմիջական սպառնալիք:

Ճիշտ է, թե՛ արեւմտյան եւ թե՛ ռուսական մի շարք վերլուծաբաններ փորձում են ապացուցել,1 որ եվրոպական այդ երկրներում տեղադրվելիք հրթիռները չեն կարող գնահատվել որպես սպառնալիք Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, ՌԴ նախագահ Վ.Պուտինը եւ Կրեմլի այլ ներկայացուցիչներ չափազանց կարծր դիրքորոշում են որդեգրել այս խնդրի վերաբերյալ` փաստարկելով, որ հակահրթիռային կայանների տեղադրումը Ռուսաստանի սահմանների մատույցներում սկիզբ է դնում նոր բաժանարար գոտիների ստեղծմանը եւ այսպիսով ստեղծում պայթյունավտանգ գոտիներ, ինչը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի:

Այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ կողմերի միջեւ համաձայնություն չկա, չի սահմանափակվում միայն այս երեք հիմնախնդիրներով, սակայն, առաջին հերթին, դրանք են այսօր դրված բանակցությունների սեղանին, ուստի հենց այս կետերի վերաբերյալ ռուսաստանյան ղեկավարությունը պետք է մշակեր այնպիսի դիվանագիտական քայլեր, որոնք թույլ կտային նվազեցնել անցանկալի լարվածության աստիճանը:

Կոսովոյի հարցի քննարկումները, դատելով մամուլի հրապարակումներից եւ բանակցությունների մասնակիցների հայտարարություններից, անցել են բավական լարված մթնոլորտում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կզիջի այս խնդրում` պահանջելով (հեղինակությունը սերբերի եւ մյուս բոլորի մոտ վերջնականապես չկորցնելու համար), որպեսզի արագացվի Սերբիային ԵՄ ընդունելու բանակցային գործընթացը, որը վերսկսելու վերաբերյալ որոշում արդեն կայացվել է:2

Ինչ վերաբերում է Եվրոպայում տեղակայվելիք հակահրթիռային կայանների հարցին, ապա ռուսական ղեկավարությունը հետաքրքիր դիվանագիտական քայլ էր նախապատրաստել: Վ.Պուտինն առաջարկեց Միացյալ Նահանգների նախագահին համատեղ շահագործել Ադրբեջանի սեփականություն հանդիսացող եւ Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, որը ծածկում է ամբողջ Միջին Արեւելքը, Եվրոպայի մի մասը, իսկ կատարելագործումից հետո կարող է ապահովել նաեւ ամբողջ Եվրոպայի տարածքի հսկումը:

Հետաքրքիր են ամերիկյան պաշտոնական եւ ոչ պաշտոնական մեկնաբանությունները Ռուսաստանի այս առաջարկի կապակցությամբ: Դրանք հստակորեն բաժանվում են երկու խմբի, ընդ որում` ռազմական մասնագետներն այն լուրջ չեն համարում, քանի որ Գաբալայի կայանը շատ մոտ է տեղակայված Իրանին, որն, իրենց տեսակետից, վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար: Վարչակազմի մյուս ներկայացուցիչները դրական են գնահատում այն, քանի որ, ինչպես նշել է, օրինակ, Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեդլին, «մենք դիմեցինք Ռուսաստանին, որպեսզի այն մեզ հետ համագործակցի հակահրթիռային պաշտպանության ոլորտում, եւ Ռուսաստանը ցուցադրեց իր բարի կամքը»:

Այլ կարծիքներ են արտահայտում գիտնականներն ու փորձագետները: Նրանք գտնում են, որ շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում Պուտինն այս առաջարկը ներկայացնելիս:

Ընդհանուր պատկերացումն այն է, որ Պուտինի այս առաջարկով երկու նախագահները, փոխադարձ համաձայնությամբ, կհետաձգեն հակահրթիռային կայանների տեղադրման հետ կապված հարցերը` մինչեւ իրենց նախագահական ժամկետների ավարտը: Սպիտակ տան տեր դառնալու հավակնող դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ ներկայացրել են հակահրթիռային անվտանգության հետ կապված մի քանի ծրագրեր, որոնք ենթադրում են նոր խարիսխների կառուցում եւ նոր ստորաբաժանումների ստեղծում ցամաքում եւ ծովում: Նման գաղափարներ կան նաեւ հանրապետական մի քանի թեկնածուների թղթապանակներում:

Երկրորդ գնահատականն այն է, որ Վ.Պուտինը լուծեց իր համար խիստ արդիական խնդիր. նա ապահովեց լարվածության նվազեցում առանց իրական զիջումների, ընդ որում` դա արվեց գերազանց PR-ային պայմաններում:

Երրորդ` արեւմտյան մասնագետների կարծիքով, Ռուսաստանն այս առաջարկությամբ փորձում է ռազմավարական ոլորտի հետ կապված հարցերում ձայնի իրավունք ստանալ:

Կան նաեւ հարցեր, որոնք, ըստ նրանց կարծիքի, պետք է ճշտվեն.

ա) որքանո՞վ է ռազմական տեսակետից արդարացված Ադրբեջանում տեղակայված կայանի համատեղ շահագործումը,

բ) արդյո՞ք Գաբալայի կայանի համատեղ շահագործման մասին առաջարկը նշանակում է, որ ՌԴ նախագահն այլեւս դեմ չէ Չեխիայում եւ Լեհաստանում տեղադրվելիք հրթիռներին այն պայմանով, որ դրանք իրականացվեն զուգահեռ, թե՞ նրա առաջարկը նախատեսում է միայն Գաբալայի կայանի օգտագործումը,

գ) արդյո՞ք դա փորձ է սեպ խրել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ,

դ) գուցե այս առաջարկն արվել է միայն մի նպատակով` ավելի հանգիստ տոնայնության մեջ բանակցել ամերիկյան վարչակազմի հետ, հատկապես այն պայմաններում, երբ հայտնի է, որ Բուշը չի ուզում մեղադրվել «Ռուսաստանը կորցնելու» համար:

Հարկ է նշել, որ ռուսական դիվանագիտության այս քայլը, ինչ մեկնաբանությունների եւ գնահատականների էլ որ արժանանա, փայլուն էր եւ երկուստեք նոր խաղի հնարավորություններ է տալիս: Եվ Հայլիգենդամի հանդիպումն, անշուշտ, կարեւորվեց նաեւ այս դիվանագիտական մանեւրներով:

Ինչ վերաբերում է քննարկվող մյուս հարցերին, ապա պետք է նշել, որ տիկին Մերկելը տարավ կարեւոր հաղթանակ: Նրա ջանքերի եւ բերված փաստարկների շնորհիվ3 Ջ.Բուշը, որը սկզբում կտրականապես հրաժարվում էր քննարկել Միացյալ Նահանգների կողմից մթնոլորտն աղտոտող նյութերի կրճատման հարցը, ի վերջո ստորագրեց մի փաստաթուղթ, համաձայն որի` ԱՄՆ-ը պարտավորվեց մինչեւ 2050թ. կրճատել այդ քանակը 50 տոկոսով, ինչն աննախադեպ է եւ բանակցություններից առաջ գնահատվում էր որպես ցանկալի, բայց գրեթե անհնարին արդյունք:

Բացի այդ, որոշվեց 60 մլրդ ԱՄՆ դոլար տրամադրել աֆրիկյան մայրցամաքում իրավիճակը շտկելու նպատակով, որի համար նախատեսվում է հատուկ կառավարման եւ հսկման համակարգեր ստեղծել:

Եվս մեկ անգամ հաստատվեց միասնական կոշտ դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ «ութնյակի» հերթական հանդիպումն իր նշանակությամբ առանձնանում է այս ձեւաչափի մյուս հանդիպումներից: Այն դարձավ իրոք կարեւոր խնդիրների քննարկման հարթակ, եւ բանակցությունների արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթերը կարող են ունենալ չափազանց կարեւոր նշանակություն մոլորակի հետագա զարգացման համար:

1 Օրինակ` ռուսական «Կոմերսանտ» հեղինակավոր թերթը նշում է, որ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Ջ.Բուշի, այն հակահրթիռային համակարգը, որը պետք է տեղադրվի Եվրոպայում, վտանգավոր չէ Ռուսաստանի համար: Նրա գլխավոր փաստարկն այն է, որ Լեհաստանում տեղադրվող որսացող հրթիռները մեկ միջցամաքային հրթիռից ավելի չեն կարող վնասազերծել, այն դեպքում, երբ Ռուսաստանն ունի միջուկային հրթիռների հսկայական զինանոց, որն այդ համակարգն ուղղակի ի վիճակի չէ որսալ:

2ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի եվրոպական հարցերով փորձագետ, հայտնի վերլուծաբան Չարլզ Կապչանը այսպես է գնահատում Ռուսաստանի շահերը Կոսովոյի հարցի վերաբերյալ. «Իրականում ես կարծում եմ, որ Ռուսաստանն առանձնապես անհանգստացած չէ Կոսովոյի վերաբերյալ: Այն գաղափարը, որ գոյություն ունի ինչ-որ միասնական Սլավոնական աշխարհ եւ որ սերբերը կիսում են ուղղափառության նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունները, այլեւս չկան պահոցում: Եվ եթե դուք հարցնեք` լավ, իսկ ո՞րն է Ռուսաստանի ձեռք բերելիքը Կոսովոյում, պատասխանը կլինի` առանձնապես ոչինչ: Ռուսաստանն առեւտուր չունի Կոսովոյի հետ, Կոսովոյում նավթ չկա, Ռուսաստանն այնտեղ ատոմակայան չի կառուցում»: Չ.Կապչանը բացատրում է Վ.Պուտինի կոշտ դիրքորոշումը երկու հիմնական հանգամանքներով, նախ` էթնիկական սկզբունքով անկախության ձեռքբերումը վտանգավոր է Ռուսաստանի համար որպես նախադեպ, եւ ապա` Պուտինը միշտ ձգտում է «Արեւմուտքի առջեւ իր մկանները խաղացնել», որպեսզի ամերիկացիների եւ եվրոպացիների համար պարզ լինի, որ նրանք պետք է հաշվի նստեն Ռուսաստանի շահերի եւ դիրքորոշման հետ:

3Հիշեցնենք, որ իբրեւ գիտնական տիկին Մերկելը երկար տարիներ զբաղվել է մթնոլորտի աղտոտման հիմնահարցերով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր